Վահագն Հակոբյան | Բանաստեղծություններ

Վահագն Հակոբյան | Բանաստեղծություններ

1783
Կիսվել
******
Ես հեռանում եմ`քեզ Այնտեղ սպասեմ,
Որ լուռ նորոգեմ քո ավերածը,
Որ Այնտեղ նորից արևներ վառեմ,
Նորից հավատամ`մոտ է քո դարձը:
 
Երբ որ դու թակես դուռն այդ աշխարհի,
Քո դեմ վեր հառնի մի լուսե հեքիաթ,
Տեսնես՝ վառվում է ջահը խոստումի,
Որ միշտ պահել եմ հավատն իմ անհաղթ:
 
Ես հեռանում եմ`քեզ Այնտեղ սպասեմ,
Որ լցված սրտով երբ ինձ մոտ դառնաս,
Ես բանամ հոգիդ, վերքդ ամոքեմ,
Ու կյանքդ մորմոք դարձնեմ երազ:

******

Հոգիս մի հողմոտ անապատ ասես,
Գերի է դարձել քամու քմայքին,
Հույսիս քարավանն անցնում է անտես,
Ձուլվում հեռավոր՝ անծայր մշուշին:
 
Եվ անապատում՝ լոկ մի մորենի,
Մենակ ու մոլոր բազմել թառամած,
Պայքարում է, որ հողմերին հաղթի,
Չդրժի թաքուն երդումն իր տված :
 
…Բայց վառվե՜ց, վառվե՜ց մորենիս անկեզ,
Եվ մոխիրն անհետ քամին տարածեց,
Ու մի մոխրակույտ հասավ գուցե քեզ,
Եվ պատուհանիդ մեղմորեն փարվեց:
 
Պատուհանը քո գուցե աղտոտեց.
Եվ դու անտեղյակ մաքրել կշտապես,
Չես էլ գիտակցի, որ լույսն իմ հանգեց,
Որ դա հավատիս մոխիրն էր հրկեզ:
 
 
 

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն