«Լ. Ս.-ին». Վահագն Հակոբյան

«Լ. Ս.-ին». Վահագն Հակոբյան

1312
Կիսվել
Երբ խաչվում են մեր ուղիներն անխոս,
Ու հանդիպում են աչքերը մեղմիկ,
Քեզ համար օտար հույզերս բոլոր
Իսկույն դառնում են ահեղ փոթորիկ:
Ու ավերվում է հոգիս անհատակ՝
Շուրջս ամեն բան իսպառ մոխրանում,
Ճչում է սիրտս կարոտով անհագ՝
Անզուսպ տենչերով դեպի քեզ ձգտում:
…Դու հեռանում ես լուռ ու անտարբեր՝
Թողնելով հեռվում մի ավեր աշխարհ,
Ոտնակոխ անում խորտակված հույսեր
Ու նորից մատնում մենության թշվառ:

 

 

 

***************

 

 

Մի վերջին անգամ թույլ տուր քեզ համար
Հյուսեմ ցնորքը անհայտ աշխարհիս,
Բոլորից թաքուն՝ գիշերով վարար,
Բանամ քո առջև գաղտնիքը սրտիս:
Ու մինչ կորչես անտես խավարում,
Թույլ տուր քեզ ամուր գրկումս զգամ,
Ազատ արձակեմ տենչերս անհուն
Ու լուռ անձրևեմ մի վերջին անգամ:
Մի վերջին անգամ նայիր աչքերիս՝
Նրանք թարգմանն են իմ ավեր հոգու,
Թեկուզ անհաղորդ խենթ երազներիս,
Գիտեմ, էլ երբեք դու չես դառնալու:
Մի վերջին անգամ թույլ տուր շշնջամ
Սրտիս անամոք թախիծը անլուր,
Թույլ տուր փոթորկվեմ, թեկուզ՝ խենթանամ,
Չէ որ գնում ես, հեռանում ես լուռ:
Գոնե գնալիս սրտիս հետ խոսիր,
Քեզ է անընդհատ տենչում, անրջում,
Առ, քո ձեռքերով քնքուշ փայփայիր.
Մի վերջին անգամ այրվիր իմ գրկում:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն