Թոմաս․ Ս․ Էլիոթ․ բանաստեղծություններ «Մեռյալ երկիրը» գրքից

Թոմաս․ Ս․ Էլիոթ․ բանաստեղծություններ «Մեռյալ երկիրը» գրքից

1577
Կիսվել
Գրիշկինան լավն է, աչքը ռուսական
Հատուկ մի գծով շեշտված է մի քիչ․
Առանց կորսետի՝ լանջքը մտերմիկ
Խոստանում է մեզ կիրք օդամղիչ։
Բրազիլական պառկած հովազից
Երկչոտ կապիկը փախչում է արագ
Կատվային ճարպիկ արտահոսումով
Գրիշկինան ունի փոքրիկ մի տնակ։
Ծառաբնակ է հովազը ողորկ,
Խավարի միջից նա չի արձակում
Կատվային նման զազիր կծվահոտ,
Ինչպես Գրիշկինան՝ հյուրասենյակում։
Եվ Վերացական Գոյերն ամաչկոտ
Պատում են նրա հմայքն իսկական։
Մենք սողոսկում ենք չոր կողերի միջև՝
Ջերմ պահելու մեր մետաֆիզիկան։
* * *
Սև սքեմավոր երեցներն ահա
Ապաշխարանքի պարտեզ են մտնում․
Կարմիր, պզուկոտ ջահելներն այնտեղ
Թողության փողն են մատուցում մթնում։
Ապաշխարանքի դռների ներքո
Մի սերովբե է նայում շարունակ,
Անդ հոգիները բարեպաշտների
Վառվում են աղոտ ու աներևակ։
Պարտեզի պատի ամբողջ երկայնքով
Ժիր ու թավամազ մեղուներ պես-պես
Փոշին առէջից վարսանդ են տանում՝
Որպես ընդհանուր սեռի օրհնյալ ծես։
Սուինին ջրի մեջ թաղել է հիմա
Ազդրերը մարմնեղ ու զարհուրելի,
Նենգ դպրոցների տերերը բոլոր
Ամենագետ են և շատ վիճելի։
Թարգմանությունը՝ Սամվել Մկրտչյանի

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածը«Դու դեռ անփորձ ես ոգով, դեռ թույլ ես, Չարե՛նց»․ Եղիշե Չարենց
Հաջորդ հոդվածը«Լոնդոն»․ Էմիլ Վերհարն
Արայ Զարգարեան ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 10-ին Եղվարդ քաղաքում:Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում,ապա 2008 ից մինչև 2012 թվականը Մխիթարեան կրթահամալիրում: Ծառայել է հայոց բանակում: Այժմ սովորում է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում: Ստեղծագործում է, գրում է պատմվածքներֈ Ունի տպագրված մի քանի գործեր: Կայքում զբաղվում է գրական հետաքննության բաժնի ղեկավարմամբ և գրական նորություններով: