«Տաբատը մարդու՝ երկու ոտքերի վրա կանգնելու հետևանքն է». Միգել դե Ունամունո

«Տաբատը մարդու՝ երկու ոտքերի վրա կանգնելու հետևանքն է». Միգել դե Ունամունո

787
Կիսվել
1891-ից՝ Սալա մանկայի համալսարանի պրոֆեսոր, 1901-ից՝ ռեկտոր։ 1924-ին բռնապետության դեմ ուղղված ելույթների համար աքսորվել է Կանարյան կղզիներ, որտեղից փախել է Ֆրանսիա (տարագիր՝ մինչև 1930-ը)։ Հանրապետության տարիներին եղել է կորտեսների դեպուտատ, 1932-ից՝ ակադեմիկոս։ Հանդես է եկել հանրապետության դեմ, գտնելով, որ այն չի կարող ապահովել քաղաքացիական խաղաղություն և ազգային միասնություն, սակայն արդեն 1936-ին դատապարտել է ֆաշիստական խռովությունը։ Ֆաշիստական բռնապետության հաստատումը խորացրել է Ունամունոյի հոգևոր ողբերգությունը, Սալամանկայի համալսարանի ռեկտորի պաշտոնից հեռացվելուց շատ չանցած նա վախճանվում է հոգևոր լիակատար մեկուսացման վիճակում։Ունամունոն որպես հրապարակախոս քննադատական դիրքորոշում է ունեցել իսպանական բուրժուա-կալվածատիրական հասարակարգի նկատմամբ։ Հետաքրքրվել է սոցիալիզմի գաղափարներով (Բակունին, Լասալ, Մարքս), հետագայում հեռացել է սոցիալիզմից և մշակել փիլիսոփայական ըմբռնում՝ նախանշելով պերսոնալիզմի ու էկզիստենցիալիզմի մի շարք դրույթներ։ Ունամունոյի փիլիսոփայության հիմնական պրոբլեմն անձնավորության հոգևոր կյանքն է։ Ունամունոն մուծում է «հոգևարք» հասկացությունը՝ բանականության ու հավատի անհաշտելի դուալիզմի հարուցած կյանքի հատուկ ողբերգական ընկալումը («Կյանքի ողբերգական զգացումը…», 1913, «Քրիստոնեության հոգեվարքը», 1924)։Ստեղծագործությունը, սերը, բարեկամությունը, մայրությունն ուրույն միջոցներ են, որոնցով մարդը հաղթահարում է գոյության վերջավորությունը («Դոն Կիխոտի և Սանչոյի կյանքը», 1905, «Աբել Սանչես», 1917 և այլն)։ «Աշխարհը պատերազմի ժամանակ» (1897) առաջին վեպից հետո անցել է փորձարարական գեղարվեստական պատումի («Մառախուղ», 1914)։ Այնուհետև վերադարձել է ռեալիզմին, սակայն «ներքին իրականությունը» հակադրել է «արտաքին իրականությանը»՝ ձգտելով արտացոլել սոսկ առաջինը («Խրատական նովելներ», 1920)։Ունամունոյի բանաստեղծական հարուստ ժառանգությունն աչքի է ընկնում հումանիստական ճոխ թեմատիկայով, դասական պարզությամբ, իսպանական ոտանավորի անթերի իմացությամբ, խոստովանանքի անկեղծությամբ («Երգարան», հրատարակվել է ետմահու)։ Ունամունոյի գրական և փիլիսոփայական ստեղծագործության մեջ կարևորագույն տեղ է գրավում Իսպանիայի ժողովրդի ու մշակույթի ճակատագիրը։ Ունամունոյի հսկայական ազդեցություն է գործել XX դ. իսպանական մշակույթի վրա։
«Մառախուղը»
Սկզբում մարդիկ, այսինքն՝ թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք նույն հագուստն էին կրում, բայց ավելորդ շփոթմունքից խուսափելու համար նրանք ստիպված եղան տարբերություններ հորինել կանանց և տղամարդկանց հագուստի մեջ: Տաբատը մարդու՝ երկու ոտքերի վրա կանգնելու հետևանքն է:
Ի՜նչ տարօրինակ արարած է մարդը: Նա երբեք այնտեղ չէ, որտեղ պետք է լինի, այսինքն՝ այնտեղ, որտեղ գտնվում է իր մարմինը, լեզուն նրան ծառայում է խաբելու համար, նա նաև հագուստ է կրում: Խե՜ղճ տեր: Որոշ ժամանակ հետո նրան կթաղեն իր համար նախատեսված վայրում: Մարդիկ պահում կամ թաքցնում են իրենց մահացածներին՝ չթողնելով, որ շներն ու ագռավները խժռեն նրանց: Իսկ հետո մնում է միայն այն, ինչ մնում է մարդուց, կամ ցանկացած կենդանի արարածից. մնում են միայն ոսկորներ: Նրանք պահպանում են իրանց մահացածներին: Կենդանի, որը խոսում է, հագնվում և հսկում մեռածներին: Խե՜ղճ մարդ: Իմ խե՜ղճ տեր, խե՜ղճ: Նա մարդ էր, այո, ընդամենը մարդ:Բայց նա իմ տերն էր: Բայց նա որքան բան էր ինձ պարտական, թեև չէր գիտակցում: Որքա՜ն, որքա՜ն բան եմ սովորեցրել նրան իմ լռությամբ, լիզելով, երբ նա շարունակ խոսում էր:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածըՍեյրան Գրիգորյան. «Հայաստանի պոեզիան անկախության շրջանում»
Հաջորդ հոդվածըԱննա Կուլե (Վարդազարյան). «Իմ մոխրագույն քաղցկեղը»
Արայ Զարգարեան ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 10-ին Եղվարդ քաղաքում:Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում,ապա 2008 ից մինչև 2012 թվականը Մխիթարեան կրթահամալիրում: Ծառայել է հայոց բանակում: Այժմ սովորում է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում: Ստեղծագործում է, գրում է պատմվածքներֈ Ունի տպագրված մի քանի գործեր: Կայքում զբաղվում է գրական հետաքննության բաժնի ղեկավարմամբ և գրական նորություններով: