Պաուլ Ցելանի «Մահվան ֆուգան». բանախոս՝ Սերգեյ Ստեփանյան

Պաուլ Ցելանի «Մահվան ֆուգան». բանախոս՝ Սերգեյ Ստեփանյան

395
Կիսվել
Սերգեյ Ստեփանյան/Պաուլ Ցելան, գրականություն

«Գրական-երիտասարդական» ակումբն ու «Գոյ» կենտրոնը դեկտեմբերի 16-ին՝ ժամը 18:00-ին, բոլոր ցանկացողներին հրավիրում են Բաղրամյան 50գ՝ մասնակցելու Պաուլ Ցելանի «Մահվան ֆուգա» բանաստեղծության վերաբերյալ բանախոսությանը, որը վարելու է Սերգեյ Ստեփանյանը:

ՄԱՀՎԱՆ ՖՈՒԳԱ
Սև կաթ վաղորդայնի մենք այն խմում ենք երեկոյան
մենք խմում ենք կեսօրին և առավոտյան խմում ենք գիշերը
խմում ենք և խմում
մենք օդերում գերեզման ենք փորում այնտեղ ազատ կարելի է պառկել
Տանը մի մարդ է ապրում նա խաղում է օձերի հետ նա գրում է
երբ մթնում է նա գրում է Գերմանիա քո ոսկյա մազերը Մարգարետ
նա գրում է այսպես և ելնում է տան դեմ և աստղերն են շողում նա սուլելով կանչում է իր գամփռներին
նա սուլելով դուրս է կանչում իր հրեաներին ստիպում է հողում մի գերեզման փորել
նա մեզ հրամայում է իսկ հիմա մի պարեղանակ փչեք
Սև կաթ վաղորդայնի մենք քեզ խմում ենք գիշերը
մենք քեզ խմում ենք առավոտյան և կեսօրին մենք քեզ խմում ենք երեկոյան
խմում ենք ու խմում
Տանը մի մարդ է ապրում նա խաղում է օձերի հետ նա գրում է
երբ մթնում է նա գրում է Գերմանիա քո ոսկյա մազերը Մարգարետ
Քո մոխրե մազերը Սուլամիթ մենք օդերում գերեզման ենք փորում այնտեղ ազատ կարելի է պառկել
Նա գոչում է բահերը ավելի խոր խրեք հողը դուք այդտեղ և դուք այնտեղ երգեք և նվագեք
նա քաշում է ատրճանակը գոտու տակից ճոճում է այն նրա աչքերը կապույտ են
բահերը խոր խրեք դուք այդտեղ և դուք այդտեղ շարունակեք պարեղանակ փչել
Սև կաթ վաղորդայնի մենք քեզ խմում ենք գիշերը
մենք քեզ խմում ենք կեսօրին և առավոտյան մենք քեզ խմում ենք երեկոյան
խմում ենք ու խմում
Տանը մի մարդ է ապրում քո ոսկյա մազերը Մարգարետ
քո մոխրե մազերը Սուլամիթ նա խաղում է օձերի հետ
Նա գոչում է ավելի քաղցր նվագեք մահը գերմանացի վարպետ է
Նա գոչում է ջութակները ավելի մռայլ հնչեցրեք ապա ծխի պես ելեք օդ
այնտեղ դուք ձեզ մի գերեզման կգտնեք ամպերի մեջ այնտեղ ազատ կարելի է պառկել
Սև կաթ վաղորդայնի մենք քեզ խմում ենք գիշերը
մենք քեզ խմում ենք կեսօրին մահը գերմանացի վարպետ է
մենք քեզ խմում ենք երեկոյան և առավոտյան խմում ենք ու խմում
մահը գերմանացի վարպետ է նրա աչքերը կապույտ են
նա դիպչում է քեզ արճիճե գնդակով նա քեզ ինչ դիպուկ է դիպչում
տանը մի մարդ է ապրում քո ոսկյա մազերը Մարգարետ
նա մեզ վրա է բաց թողնում իր գամփռներին նա մեզ մի գերեզման է նվիրում օդում
նա խաղում է օձերի հետ և երազում մահը գերմանացի վարպետ է
քո ոսկյա մազերը Մարգարետ
քո մոխրե մազերը Սուլամիթ

Թարգմանությունը` Հակոբ Մովսեսի

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն