«Սա իմ փորձն է ինքս իմ մեջ նայելու, ինքս ինձ ճանաչելու, արմատներս...

«Սա իմ փորձն է ինքս իմ մեջ նայելու, ինքս ինձ ճանաչելու, արմատներս հասկանալու». Տիգրան Համասյան

826
Կիսվել
Տիգրանի նախնիները Կարսից են։ Նրա նախապապը՝ Ալեքսան Հայրապետյանը, Կարսի Բաշքադիկլար գյուղից է, նախատատը՝ Հռիփսիմե (Հոռոմսիմ) Ալեքսանյանը, Կարսի Փիլվարի գյուղից։ Հայաստանի ազգային արխիվում պահպանվում է Կարսի Բաշքադիկլար գյուղի 1902թ. Չափաբերական մատյանը, որում նոյեմբերի 28-ին գրանցված է 21-ամյա Ալեքսանի և 19-ամյա Հռիփսիմեի ամուսնությունը, իսկ 1907-ի հունիսի 1-ին՝ նրանց առաջնեկի՝ Ցոլակի ծնունդը։Ջարդի տարիներին թուրքերը սպանել են Ալեքսանին, և Հռիփսիմեն մենակ է մնացել երեք երեխաների հետ։ Անհայտ է, թե ինչպես, սակայն 1917-1918թթ. Հռիփսիմեն կարողացել է երեխաների հետ Կարսից փախչել Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի)՝ իր հետ տանելով նաև իր եղբոր և տեգոր որբ մնացած երեխաներին։«Երբեք չի պատմել մանրամասներ.երգում էր ու լացում: Միայն մի դրվագ եմ հիշում, որ ասում էր «փախեփախի» ժամանակ երեխեքը սոված էին, ստիպված էի դիակների վրայով գնալ-բարձրանալ դարման բերել, երեխեքին կերակրել»,- հիշում է Տիգրանի տատը՝ Մելանյա Ցոլակի Հայրապետյանը։35-ամյա Հռիփսիմեն՝ չկարողանալով պահել իր հոգածության տակ մնացած 8 երեխաներին, իր ամենափոքր աղջկան՝ Սալաթին թողել է Ալեքսանդրապոլի որբանոցներից մեկում. կարճ ժամանակ անց Սալաթը մահացել է որբանոցում։ «Հիմա եմ մտածում, թե ոնց է կարողացել իր սեփական երեխուն տալ որբանոց ու պահել եղբոր ու տեգոր որբերին: Սուգ ուներ հոգում, միշտ սևի մեջ էր: Հետո իր տղաներից մեկն էլ անվերադարձ գնաց պատերազմ, մորս մահից հետո փոքր եղբորս էլ տատս մեծացրեց»,- մտորում է Տիգրանի տատը՝ տիկին Մելանյան։Հռիփսիմե Ալեքսանյանը կրթություն չի ստացել, բայց ժողովրդական բանահյուսության մեծ գիտակ է եղել, թոռների դաստիրակությամբ ինքն է զբաղվել. «Այնքան առակներ, խրատներ, ոտանավորներ ու հեքիաթներ՝ ամբողջն անգիր ասում էր: Մեր՝ իր թոռների դաստիարակությամբ ինքն է զբաղվել, ես մորս ինձ հետ անցկացրած ժամանակը չեմ հիշում, տատիկս է մեզ մեծացրել-դաստիարակել»,- պատմում է տիկին Մելանյան։Տիգրան Համասյանի մյուս մեծ տատը՝ Անժելա Օլթեցյանը, նույնպես Կարսից է։ Ջարդերի ժամանակ նրա աչքի առաջ ամբողջ ընտանիքին սպանել են՝ միայն ինքն ու երկու քույրերն են կարողացել փրկվել։«Սկեսուրս իր երկու քույրերի հետ Ալեքսանդրապոլի Պոլիգոնի որբանոցում է հայտնվել (այդ տարիներին Ալեքսանդրապոլում գործող Ամերիկյան նպաստամատույցի որբանոցներից մեկը-հեղ): Երկու քույրերին որբանոցից ուղարկել են Ամերիկա: Իսկ իրեն հետագայում որդեգրել է իր քեռին՝ տալով իր Բիշարյան ազգանունը»-պատմում է տիկին Մելանյան։Չնայած Օլթեցյան քույրերը Ամերիկայից հարցումներ են ուղարկել Անժելային փնտրելու համար, սովետական տարիներն ու վախի մթնոլորտը խոչընդոտել են միմյանց գտնելը։Տիգրան Համասյանը ցեղասպանությունից փրկված նախնիների պատմությունից շատ բան չգիտի. «Տատս պատմում է, որ մեծ տատս՝ Հռիփսիմեն, երբ մենակ էր լինում «Կռունկն» էր երգում ու լացում, նա ամբողջ կյանքում սև գլխաշորը չի հանել գլխից, իսկ մյուս տատս՝ Անժելան, էդպես էլ չի իմացել, որ իր քույրերն իրեն փնտրել են»:Տիգրանի վերջերս թողարկված «Ծաղրարմատ» սկավառակը տարբերվում է իր մնացած ալբոմներից, այստեղ շատ է իր պատմությունը՝ «Յասամանը»՝ Տիգրանի մանկության տան բակի յասամանն է, «Երգ Մելանին և Ռաֆիկին»՝ տատին ու պապին է նվիրված, «Կարս»՝ դարերի վերքերը («Կարս 2»):«Սա իմ փորձն է ինքս իմ մեջ նայելու, ինքս ինձ ճանաչելու, արմատներս հասկանալու: Պետք է բնությանը մոտ լինենք, փորձենք ճանաչել մեզ, մեր էությունը. բնությունը միշտ հաղթում է մարդկային բարդույթները: Այս ալբոմը մի տեսակ կարոտ ու կարոտախտ է մարդկայինի՝ դեպի հոգևորը, դեպի սիրառատը, դեպի արմատները. այն մի տեսակ զոհաբերություն ունի իր մեջ, զոհաբերություն հանուն մարդակայինի ոգեշնչման»,-ասում է ֆոլկլորային իմպրովիզների վարպետ 28-ամյա Տիգրան Համասյանը։

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածըՀոլիվուդի ամենահմայիչ հայրիկները
Հաջորդ հոդվածըԳաբրիել Գարսիա Մարկես
Արայ Զարգարեան ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 10-ին Եղվարդ քաղաքում:Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում,ապա 2008 ից մինչև 2012 թվականը Մխիթարեան կրթահամալիրում: Ծառայել է հայոց բանակում: Այժմ սովորում է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում: Ստեղծագործում է, գրում է պատմվածքներֈ Ունի տպագրված մի քանի գործեր: Կայքում զբաղվում է գրական հետաքննության բաժնի ղեկավարմամբ և գրական նորություններով: