«Երկու լուսինն անջատված լամպի փոխարեն»․ Լիլ Հովհաննիսյան

«Երկու լուսինն անջատված լամպի փոխարեն»․ Լիլ Հովհաննիսյան

490
Կիսվել
Հաստատ չեմ հիշում իմ՝ այնտեղ գնալու դրդապատճառը, և չի էլ բացառվում, որ մտքիս ծայրին եկածը անպատճառ ձգողությունն էր, որն ինձ միշտ նման դռներ է բացել տալիս, ուր չկամ, բայց ուզում եմ լինել, քանզի ես կամ։ Այս դեպքն էլ բացածս դռներից բխող հերթականություն էր, մի պարզապեսություն, որի մասնակիցը դարձա վարպետության առքուվաճառքի ժամանակ, երբ լսեցի Ոչ մեկին ։
«Վերջօրյա արարողակարգս՝ անկողին մտնելս, խաբանվեց, երբ Մաքրագործվելու վաճառասեղանի կողքին պատահեց Ոչ մեկը։ Վաճառասեղանին էի մոտեցել խելք ու միտք առնելու և օրվա ամփոփագիրս հանձնելու համար, որպեսզի ընդունելի լիներ ինձ հատկացված չափաբաժնով քունը։ Հերթ էր․ մարդկանց քանակն ավելացել էր։ Այս գիշեր նրանք երևի պիտի ավելի շատ խոսովանագրերի, հանձնաթղթերի գործեր ներկայացնեին, քան նախորդող օրերին, քանի որ մարդկային խիղճը գնալով արժեզրկվում էր ու բոլորն ուզում էին շութափույթ գնել՝ չհասկանալով, թե էլ ինչներին է պետք անարժեք խիղճը։
-Խիղճ է էլի, թող լինի, ինչ կարևոր է կաշխատի, թե չէ, էժանով տալիս են, ու ըստ օրակարգի ամեն մարդ պիտի ունենա,- ականջովս սողաց այս ձայնարձակումը, երբ ձանձրացած այսուայն կողմ էի շուռումուռ գալիս անկողնումս, մինչ իմ հերթը կգար։
Ապշահար եղա, երևի ապուշ էի կամ էլ չգիտեմ, թե ինչու, բայց ինձ զարմանք պատեց այն մտքից, որ կարողանում եմ իմը թողած տարբերակել ուրիշի, հերթի մեջ բլբլացող մի անծանոթի մտքի սխալը։Մարմինս թողած վերմակի տակ՝ ես վերևից տեսա, թե ինչպես է նա տանջահար շարժվում ու սպասում ինձ, որ վերջապես քնի։ Ցավալի էր տեսնել տանջանքս, բայց առանց քնի չափաբաժինը ստանալու, անկարող էի վերադառնալ։ Սպասել էր պետք։
Շատ չանցած՝ զարմանալիորեն հնչեց իմ անունը, որին ես սպասում էի մոտավորապես տասը հոգու անվանականչից հետո։ Մոտեցա վաճառասեղանին՝ մտքում կարծելով, որ վերևից հերթապահները հավանաբար տեսել են իմ խեղճ մարմնի՝ անքնությունից առաջացած գալարումները և որոշել շուտափույթ ստուգել թղթերս, խելք ու միտքը տալ ու եթե մնացած լիներ, խղճից էլ մի պատառ ինձ վաճառել։ Մինչ բարվոք կարգավիճակս էի վերլուծում վաճառասեղանի առջև, կողքից մեկը ձայն տվեց։ Անակնկալի եկած թեքվեցի ձայնի ուղղությամբ։ Այդ Ոչ մեկն էր․
-Այս կո՛ղմ արի, արտահերթ մուտքն արգելվում է։
-Բայց ինձ ձայնեցին։
-Այդ ես էի։
-Իմ անու՛նը հնչեց քիչ առաջ, իսկ նոր կանչը պարզից էլ պարզ է, որ քոնն էր։
-Ես եմ տվել քո անունը, քիչ առաջ էլի ես էի ու ես կլինեմ անգամ հետո։
Շառագունած մոտեցա նրան՝ տեղս զիջելով մի տատիկի, ով դժգոհ սպասում էր, թե երբ պիտի ինձ դուրս շպրտեն շարքից՝ իր տեղը զբաղեցնելու համար։ Նա ձեռքերով որքան էլ ջանաց թաքցնել ամոթագիրը, որ հավանաբար ստացել էր անցյալ շաբաթ՝ թոշակից թոռներին պաղպաղակի փող չտալու համար, միևնույնն է տեսա և եթե անգամ չտեսնեի էլ, պարզից էլ պարզ էր․ նա վերևում մշտական սպասողներից էր։
Ոչ մեկն ինձ ուղեկցեց դեպի մտքերի պահոցն ու մի աթոռ մեկնելով՝ ասաց․
-Այնտեղից օգուտ չկա, տես քանի մարդ է հերթի տակ, մինչ բազմության կեսը սպասարկվի, կլուսանա, և մյուսներն առանց քնի բաժնի գլխիկոր հետ կգնան անկողին, դեպի իրենց մարմինները ։ Անքնությունից լոկ մի հորանջ կարձակեն, կհագնեն կոշիկները, կշտապեն աշխատանքի՝ մոռանալով գիշերվա տասներկուժամյա սպասման, մեղքերից ազատվելու ցանկության ու քնի մասին։ Դու կարող ես խելոք լինել ու․․․
-Բայց ես դեռ չեմ գնել խելք ու միտք,- ընդհատեցի։
-Ինքդ էլ տեսար, թե որքան է ամեն բան էժանացել, բոլորը գնում են գայթակղության ետևից։ Ու՞մ է պետք այն խելքը, որի միայն անունը պիտի գնեն, ավելի լավ է չլինի։ Լա՛վ, տե՛ս, թե ինչ եմ ասում քեզ։ Քանի գիշեր է, ե՛տ գնա, թո՛ղ այս տխմարների շարքերը, միացի՛ր մարմնիդ ու դու՛րս արի, գիշերը պետք է ապրել․․․ թղթերդ էլ ի՛նձ թող, մեկ է՝ ողջ գիշեր այստեղ եմ․ պետք է հերթին հետևեմ, անունդ լսելուն պես քո փոխարեն կներկայանամ, գլխի չեն ընկնի, որ դու չես, հավատա՛, կհանձնեմ բոլորը, պետք եղածը կառնեմ, կպահեմ ինձ մոտ, մինչ վաղը լավ նորություններով վերադառաս։ Այնպես որ, գնա՛։ Մաքրագործվելու վաճառասեղանը բացակայությունդ չի նկատի․․․
Ես լուռ ենթարկվեցի․․․ Ոչ մեկն այն բացառիկն էր, ում լսում էի առանց կշռադատելու, առանց որևէ հակասման։ Նրան դեռ գիտեի վաղուց, հանդիպել էինք․․․ ը՜, չեմ մտաբերում, թե երբ, բայց մի բան հաստատ է՝ վաղուց գիտեմ նրան, գուցե միշտ էլ իմացել եմ, ի՜նչ կարևոր է, թե ինչքան ժամանակ։ Նա խոսում էր իմ փոխարեն, ավելորդ էի համարում ինքս մի բան ավելացնել, որովհետև մեր երկուսի քննարկումը տեղի էր ունենում իր մեջ, և ես լոկ կատարողն էի ,ու հարկ էլ չէր լինում մտածելու ավելորդ ժամանակ վատնել։ Ասաց, ուրեմն անելու եմ, քանի որ մարմինս նրա խորհուրդներից միշտ գոհ էր լինում։ Այսպիսով՝ ես վերադարձա տուն, կարոտով գրկեցի մարմինս, արթնացա, թեև քնած էլ չէի։ Արդեն երկուսով էինք՝ ես և իմ գոյության կենդանի ապացույցը՝ մարմինս։ Րոպեներ առաջվա տեսածս երազի վերագրեցի այն պատճառով, քանի որ չգտա ամփոփագիրը. Ոչ մեկը հիշողությունիցս վերացրել էր թուղթն իրեն հանձնելու դրվագը»։
Քունս չէր տանում։ Դուրս եկա քաղաք։ Մութ էր ու քամոտ( քաղաքից այսքանը)։ Ասում էին՝ այսօր երկնքում Խավարակին( հին հայերենում գիշերվա ժամը մեկը) պիտի երկու արծաթյա սկավառակ սավառներ՝ երկու լուսին։ Ամեն տարի օգոստոսի քսանյոթին մարդիկ անհամբեր սպասում էին «երկրորդ լուսնին», որն այդպես էլ չէր երևում։ Խոսում էին, թե Մարսն այնքան կմոտենա Երկրին, որ կնմանվի լիալուսնի։ Անհամբեր էի․․․ ոտքերս տարան դեպի Նրա դուռը։ Ի տարբերություն Ոչ մեկի, հիշում էի ծանոթությունս Նրա հետ։ Հանդիպել էինք ասֆալտին նստացույցերից մեկի ժամանակ։ Իմ բացած դռները հաջողությամբ էին պսակվել միշտ։ Այս մեկն ինքը բացեց ու հրավիրեց ներս․․․․ բազմոցին նստած՝ մենք ուսումնասիրում էինք բազում թերթեր, ընթեցում ժամանակակից գրողների մտքերը, համեմատականներ տանում գրական քննադատների դեդուկտիվ եզրահանգումներին գեղարվեստական երկերի կամ հրապարակախոսական ելույթների վերաբերյալ։ Ընթեցում էր նամակներ, որ տարիներ շարունակ երեխաները գրել էին իրեն․ այստեղ տարատեսակվում էին ռեալ ու երազային գամմաները։ Որքա՜ն բան կար սովորելու անփորձ երեխայի գրչի թանաքումից։ Հարցեր՝ պատասխան, հարցեր՝ պատասխան ու վերջ․ հարբեցի։
-Դուրս գանք պատշգամբ․ժամն է։ Հիմա ուր որ է լուսինը կերևա․ չնայած չեմ հավատում։ Ամեն դեպքում դիտենք,- գինովցած ասացի ես։
-Եթե չհայտնվի էլ, կնկարենք,- խորամանկ մի բան մտածելով՝ պատասխանեց։
-Այդ ինչպե՞ս։
Առանց որևէ բան ասելու՝ ուղեկցեց պատշգամբ։ Երկար ժամանակ մութ տարածության մեջ մենք փորձում էինք գտնել գոնե մեկ լուսին։ Անճարակության ծիծաղը համակեց մեզ։ Շրջակա շենքերը թույլ չէին տալիս ամբողջությամբ տեսնել երկինքը, ուր մնաց, թե լուսի՜նը․․․
-Սկեպտիցիզմ է պետք ներարկել քեզ,- կատակով ասաց Նա, երբ որոնումներից հիասթափված՝ իրանով հենվել էի պատշգամբի մետաղաձողերին։
-Բայց չէ՞ որ սկեպտիկներն ամենուրեք անվստահություն ու կեղծիք են տարածում։
-Այո՛, հենց դրա համար էլ քեզ մոտ բացակայում է նրա անհրաժեշտությունը։ Նրանք գտնում են, որ մարդը պետք է կասկածի իր ճանաչողության մեջ։ Եթե դու էլ այդպիսին լինեիր, բազմոցին թողած գինին որբ չէր մնա, ու մենք էլ ասյտեղ լուսին չէինք փնտրի։
Գլուխս կախեցի՝ հասկանալով, որ անհեթեթ էր անգամ մտածել լուսնի մասին։ Իրականում, թե պատկերայնության մեջ( դժվար էլ կարողանայի տարբերակել) ես զգացի օտար մի գիրկ, ուր իմ իրանն էր։ Լուռ հետևում էի շարունակությանը, ասես մասնակից էլ չէի, ընդամենը դիտորդ։ Մի բան կատարվեց, որ նախկինում չէի ունեցել, անծանոթ ջերմություն էի կրում ինձ վրա։ Արդյո՞ք պետք էր կրել․ դա իմ խելքի բանը չէր։ Նախապես որոշված էր կատարել, բայց թե ո՞վ էր որոշել, ես դա չէի մտաբերում։ Երբ պոկ եկավ դեմքիցս, ավարտուն գրկեց ու ասաց․
-Ասում էի չէ՞՝ կնկարենք։
Փաստորեն մենք նկարեցինք օրվա գլխավորը՝ լուսինը։ Գուցե նա այդպես էլ չհայտնվեց ու երկուսը չդարձավ, որ մենք երկուսով մեկը դառնանք։ Անկարող էի տարբերակել Նրան ու ինձ, էլ ուր մնաց՝ ճիշտն ու սխալը։
Բարձրացանք վերև։ Բազմոցին թողած շիշն էլ դատարկվեց, որի ապակյա մարմինն իջեցրի հատակին, հարմար տեղավորվեցի Նրա կողքին՝ լսելով ինչ-որ տողեր, որ այժմ չեմ մտաբերում։ Լամպը, որ միակն էր սենյակի լուսավորության գործում, անջատվեց այն պահին, երբ լսվեց դռան թակոցը։
-Ո՞վ կլինի,- զարմացած հարցրի։
-Մի քանիսը կան, հարևանությամբ են ապրում, եկել են զրուցելու։
-Դե՛, բացի՛ր, հաճելի կլինի զրուցել։
-Մոռացի՛ր թակոցը,- ասաց ու միացրեց դանդաղ մեղեդի, ձեռքս բռնեց, խնդրեց ավելի մոտ նստել իրեն, որպեսզի կարողանամ լսել։ Ավելի մոտեցա, խնդրեց էլ ավելի, ու ես էլի կատարեցի։ Ձեռքս ափի մեջ առավ, մակերեսորեն ինչ-որ գծեր տարավ, սկսեց ինքն իրեն խոսել, ապա դարձավ ինձ․
-Ափդ պատմվածք կդարձնեմ, բայց մի բան է պակասում։ Միայն թե թողնես․․․
Թողեցի․․․
«Այս անգամ մարդիկ շատ չէին, ու չգիտես՝ ինչու, իրենց տեղն ինձ էին զիջում հոժարակամ ։ Օրացուցակում ավելացել էր վաճառքի ենթակա մի քանի թարմ բան՝ անունը, որն ամենաթանկն էր, բայց գնորդների թիվը չէր պակասում,եսի վերլուծությունը, որի կողմը դեռ չէին էլ նայել, և եթե աչքերս չէին դավաճանում, ապա մյուս նորույթն էլ այն էժանագին խիղճն էր, որն այսօր թանկն արժեր։ Ի՞նչ էր կատարվում, ի՞նչ էր փոխվել իմ բացակայության ընթացքում։ Մինչ փորձում էի մտքերս ի մի բերել ճիշտ դատողություններ անելու համար, լսեցի ինձ ծանոթ մի ձայն, որ միշտ հնչում էր ճիշտ այն պահին, երբ մոտենում էի Մաքրագործվելու վաճառասեղանին․ Ոչ մեկն էր։
-Թո՛ղ դատողությունդ, դու այդ չես կարող, գրպանումդ անգամ մի գրոշ չկա մտածելուն պիտանի մի բան գնելու համար։ Զուր մի՛ փորձիր, ինձ մո՛տ արի,- ասաց՝ ուղղվելով պահոցի կողմը։
Հերթս զիջելուց՝ տեսա այն թոշակառու տատիկին, որը մինչև հիմա դեռ չէր խրատվել անգամ ամոթագրեր ստանալուց հետո։ Վազեվազ գալիս էր տեղս գրավելու։ Ծիծաղից խուսափելու համար գլուխս կախեցի, և Ոչ մեկի ուղղությամբ գնալիս՝ տեսա մի հանգիստ տեսարան, որ ինձ սարսափեցրեց․ մարմինս անշարժ ընկած էր անկողնուն։ Սրտխփումներիս թիվն անհաշվելի էր, երբ մտքիս ծայրով անցկացրի, թե մեռել եմ, ողջությունս երերաց, սառսուս անցավ միջովս։ Բայց այդ տևեց մի քանի վայրկյան։ Քիչ անց ես տեսա, թե ինչպես նա անհոգ թեքվեց աջ կողմի վրա ու վերմակը գրկելով՝ խորը քնի մեջ թաղվեց։ Ի՞նչ էր կատարվում։ Ինչպե՞ս կարող էր նա այդքան խաղաղ լինել, երբ ես չէի վերցրել ինձ հատկացված քնի չափաբաժինը։ Մի՞թե նա այնքան էր անկախ դարձել, որ անիմաստ էր համարում ցավից գալարվելով սպասել ինձ, իսկ գուցե նա ցա՞վ անգամ չէր զգում և գալարվելու կարիք էլ չկա՞ր․․․ շտապեցի Ոչ մեկի մոտ․ միայն նա կարող էր բացատրել․․․
Ի զարմանս ինձ՝ այսօր նա չառաջարկեց նստել աթոռին, քաշեց պահոցի մի գաղտնի անկյուն ու ասաց․
-Ինչպե՞ս անցավ նախորդ գիշերը։
-Լամպն անջատվել էր, փոխարենը երկու լուսինն էին տեղ-տեղ լուսավորում։ Ես, իհարկե, չտեսա նրանց, միայն լույսն էր երևում, բայց այնքա՜ն մութ էր, լույսն այնքա՜ն աղոտ էր։ Իսկ դու կտա՞ս իմ երեկվա խելքն ու միտքը, հիմա կվճարեմ։
-Կտամ, բայց մինչ այդ պատմի՛ր․․․
-Շատ բան չեմ հիշում, հնարավոր է նաև, որ չեմ ուզում հիշել։ Ականջիս տևական մի երգ էր, հետո օտարացում տեղի ունեցավ, չհասկացա, թե ինչ էր, բայց մի բան եղավ։ Նա իմը չէր, չէ՛, իմն էր այդ երեկո, միայն մի քանի ժամ ու վերջ։ Դժվարանում եմ անգամ ասել իմը, որովհետև Նա մարմնինս էր։ Ես ու մարմինս արդեն մեկը չենք, ահա՛, նայի՛ր,-ասացի՝ ցույց տալով ներքևում ննջող այն գոյացությունը,- նա ու ես տարբեր ենք, առանձին մարդիկ ենք, որ միայն իրար հետ լինելիս ենք լեզու գտնում։ Մենք երբեք ընդհանուր մտքի չենք եկել, միշտ նա է գործել, ու ես լռել եմ, որ իր սրտով լինի, թեև տվյալ պարագայում սիրտն իմն էր։ Կարծում էի՝ առանց ինձ ոչինչ է, շունչը կփչի, բայց տե՛ս, թե ինչքան հանգիստ է, աչքերն անհոգ փակ են, քիթն էլ բավականին հաջող է օդ մատակարարում։ Երեկ լավ է կերակրվել, էլ ի՞նչ կարիք կա սպասել մեկին, ով եկել է մաքրագործվելու, ազատվելու օրվա աղտից ու խիղճը հանգիստ՝ քունը ձեռքին վերադառնալու։
-Խիղճը մի կո՛ղմ, դու այն չես գնել։
-Իսկ ի՞նչ հարկ է գնել։ Ինքս էլ ունակ եմ խղճալու։
-Խղճալ գուցե և կարող ես, բայց խիղճն ուրիշ է․․․ դու խղճում ես քեզ, որ այստեղ ես, իսկ մարմինդ այնտեղ վայելում է քունը, բայց խիղճ չունես, հասկանու՞մ ես։
-Ո՛չ։
-Չես հասկանում, որովհետև խելք ու միտքդ էլ դեռ ինձ մոտ է, դեռ չեմ վաճառել։ Դա թողնենք մի կողմ։ Պատմի՛ր ինձ երեկվա շարունակությունը։ Դու դժվարանում էիր Նրան անվանել քոնը, ինչու՞։
-Սոսկ այն հիմունքով, որ իմը չէր։ Նա նրանն էր՝ այնտեղ քնող այն մարմնինը, ով ինձ օտար է։ Ինչպե՞ս կարող էի այսքան տարի ապրել նրա հետ ու ենթարկվել իր կամայականությանը՝ կարծելով, թե ինքս էլ այդ եմ ուզում,- մի փոքր շունչ քաշեցի, ապա շարունակեցի՝ դառնալով երեկվա կատարվածին,- Ես լսեցի, թե ինչպես մեղեդուն հաջորդեց Նրա խռմփոցը․․․ անկարող էի քնել։ Մի քանի կաթիլ արցունք, անհանգիստ շարժումներ, ու վերջապես լուսացավ։ Չնայած անտանելի խումարին, մարմինս քարշ տվեցի դուրս, դուրս բոլոր այն վիճակներից, որ ունեցա անջատված լամպի պատճառով։
-Եվ Նա ոչինչ չասա՞ց։
-Ասաց, իհա՛րկե, ասաց․․․ երեք բառ ասաց ամբողջ գիշերվա դիմաց։ Միայն թե չեմ հիշում ինչ․․․ գուցե տվեց երկու լուսնի ու անջատված լամպի անունները․ չէ՞ որ, նրանք էին բեմադրել մեզ։ Գրկեց, ասաց, որ գրել է խոստացված պատմվածքը, որ երկուսով ենք գրել։ Հետո խնդրեց մի փոքր էլ մնալ, որ ձվածեղ պատրաստի, որ նախաճաշենք, որ ֆիլմերի վերջաբաններին հատուկ գեղեցիկ ավարտ ունենա երկու լուսնի պատմությունը։ Բայց ես անկարող էի արևածագին բախվել այլանդակ դիմապատկերիս, անկարող էի լվացվել հայելու առջև, իսկ առանց լվացվելու ձվածեղն ուտել չէի կարող․․․
Ոչ մեկը լուռ, առանց որևէ խոսքի հայացքն ուղղեց Մաքրքգործվելու վաճառասեղանի կողմը, որտեղ մարդկանց շարքերն ավելի ու ավելի էին համալրվում ամոթագրերի, հանձնարարագրերի ու օրվա ամփոփաթերթիկների կույտերով։ Առանց նրա առաջարկի, ես մոտեցրի աթոռն ու վերջապես նստեցի։ Հոգնել էի․․․
-Կտա՞ս խելքն ու միտքը, գնալուս ժամն է,- մի քանի րոպե շունչ քաշելուց հետո դիմեցի նրան։
-Ինձնից պահանջել պետք չէ, այն արդեն քեզ մոտ է․․․»։

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն