Ջոն Մաքսվելլ Կուտզե | «Անպատվություն»

Ջոն Մաքսվելլ Կուտզե | «Անպատվություն»

1549
Կիսվել
— Ես չեմ կարող քննությունը հանձնել, ես չեմ հասցրել ոչինչ կարդալ:
Այն, ինչ որ ինքը կցանկանար ասել, արտահայտել, պահպանելով պատշաճության սահմանները, անհնար է: Ինքը միայն կարող է նրան նշան տալ և հուսալ, որ կհասկանա:
— Դու միայն հանձնիր քննությունդ, Մելանի, ինչպես դա անում են մյուսները: Կարևոր չէ` պատրաստ ես, պատրաստ չես, կարևորը` թոթափիր այդ բեռը ուսերիցդ: Արի օր նշանակենք: Երկուշաբթի` ընդմիջման ժամին, ի՞նչ կասես: Ամբողջ հանգստյան օրերին կկարողանաս կարդալ:
Մելանին բարձրացնում է գլուխը, աչքերում ընդվզում կա: Նա կամ չի հասկացել նշանը, կամ չի ցանկանում դրանից օգտվել:
— Երկուշաբթի, իմ սենյակում, — կրկնում է նա: Նա կանգնում է, պայուսակն ուսին գցում:
— Մելանի, ես որոշակի պատասխանատվություն ունեմ: Գոնե ձևացրու, որ կհանձնես քննությունը: Ամեն ինչ էլ ավելի մի բարդացրու:
Պատասխանատվություն. նա չի բարեհաճում պատասխանել այդ բառին: Նույն երեկո` համերգից վերադառնալիս, նա կանգ է առնում կարմիր լույսի տակ: Նրանից մի քիչ առաջ դողդղալով կանգ է առնում արծաթագույն «դուկատին»` սև հագուստով երկու ձիավորով: Երկուսն էլ սաղավարտով են, այնուամենայնիվ նա ճանաչում է նրանց: Մելանին ետևի նստատեղին է` լանց բացած ոտքերով ու հետևը ցցած: Ցանկասիրության արագ դողը ցնցում է նրան:
«Ես եղել եմ այնտեղ»,-մտածում է նա: Ապա մոտոցիկլը պոկվում է տեղից` տանելով նրան:

Թարգմանությունը՝ Մարի Ռաֆյանի 

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն