«Ճամպրուկում պահեք հուշերից բոլորը»․ Լիլ Հովհաննիսյան

«Ճամպրուկում պահեք հուշերից բոլորը»․ Լիլ Հովհաննիսյան

1135
Կիսվել
Պահ առաջին
Տանիքների վրա մեկը լռում է, երկար էր սպասել վազքին, բայց գորշ հատակին կանգնած, որ մյուսների համար տանիք է՝ լռում է․ չկա շարժման նշույլ։ Ծու՜խը, հա՛, ծուխն է տարածվում։ Հիշու՞մ ես, բարեկա՛մս, այդ նույն ծուխն է, նույն ինքը, որին տարիներ առաջ քիթդ թունավոր էր շնչում, աչքդ քայքայող դատարկություն տեսնում, իսկ ականջներդ շարունակ մարսում էին հետևյալը՝ «Ծխելը վնասակար է առողջությանը»։ Հիմա նա անհրաժեշտություն է։ Դու զիջել ես, բարեկա՛մ, իջել ես, որ սկզբից բարձրանաս, անգամ օդն է զիջել իր տեղը խաղաղ ցունամու նմանվող այս ծխին։ Ընկերացել եք․ նա քեզ ազատություն է տալիս, քո փոխարեն վազում է տանիքով, իսկ դու վայելում ես թռիչքը․․․ գեղեցիկ եք միասին։ Ամենաիսկական գեղեցիկը։ Նախքան ընկերանալը գիտեիք իրար լիարժեք, գիտեիր, որ քայքայելու է քեզ, որ վերանաս այն մսե ապարատից, մեկ է՝ պետքդ չէ․ անկե՛ղծ ընկերներ․․․
Հերթական հանդիպումն էր Կենտրոնում՝ ծանոթացել էին ֆեյսբուքով, երկու ամիս օրը կիսող ընկերներ խաղալուց հետո վերջապես որոշել հանդիպել ու նորից ծանոթանալ։
Անցորդների մեջ աղջիկը հեշտությամբ գտավ տղային․ այո՛, նա էր, նույն ինքը՝ մի փոքր գեր, աղջիկն այդ էլ գիտեր։
-Հե՜յ, բարև։
-Բարև,- ասաց տղան ու համբուրեց աղջկա այտը։
-Քայլե՞նք։
-Սպասի’ր, դեռ ուսումնասիրում եմ քեզ։
Աղջիկն ամբողջ պտույտ կատարեց, որ տղան լավ նայի ու ծիծաղելով ասաց․
-Դե ի՞նչ, հիմա կարող ենք քայլել։
Քայլեցին։ Գնացին Կարապի լիճ, ուր կոկետուհին հաճախ էր լինում, թե նոր ծանոթությունների ժամանակ ու թե պարզապեզ նա լինում էր այնտեղ՝ քնում, ընկերուհու հետ սնվում ընդմիջման ժամերին, մտածում, հիշում, մոռանում․․․ այս արարողակարգը ուղեկցվում էր կողքի կրպակում վաճառվող պաղպաղակով։ Այս անգամ այլ էր․
-Չենք կարող ուտել․ կոկորդս այն չէ։
-Լավ։
Մի երկու խոսք կենսագրականից, որ աղջկան այդքան էլ չհետաքրքրեց․ ի վերջո ճանաչում էր նրան երկու ամիս՝ ամեն օր, ճանաչում էր այնքան, ինչքան թույլ էր տվել տղան ու ինչքան ինքն էր կարողացել ճանաչել։ Լճի մոտակայքում նստարաններ կային, բայց աղջիկն անկեղծորեն ուղեկցեց տղային խոտերի կողմը։
-Այստե՞ղ ենք նստելու,- զարմացած հարցրեց տղան, ում առանձնապես հարմար չէր թվում տարածքը․ հերիք չէ թաց խոտածածկույթ, մի բան էլ ՝ տեսարան չկա․ միայն մարդիկ էին անցուդարց անում կամ էլ լցվում առջևի սահադաշտը (ձմռանը լիճը սահադաշտ էր ծառայում)։
-Իմ տեղում հիմա աղջիկներ կան նստած, այստեղ էլ վատ չէ,- ասաց մատնացույց անելով աջ կողմում խոտերին ծխող մասսային։
-Չեմ սիրում նման տեսարաններ,- ասաց տղան, երբ աղջիկներից մեկը ծխելով իջավ իրենց կողմը։
-Տեսարան չէ, Երևույթ «դու դա չես հասկանա, նրան Երևույթ ենք կոչում, ա՜հ, ի՞նչ կլիներ, եթե հիմա կանչեի հենց այդ նույն աղջկան ու ծանոթացնեի, եթե իմանայիր, որ ընկերուհիս է, որ հատուկ է եկել քեզ տնտղելու։ Բա մյու՜սը, մեռավ հայաքցով կուլ տալով, այնպես էլ տեղավորվել է խոտերին, ոնց կսպանեի նրանց, ախր ասել էի, որ գալու ենք․․․»
-Գնանք, լա՞վ։
-Քեզ դուր չի գալիս իմ տարածքը։
-Գնանք որևէ փաբ մի բան խմելու։
-Չեմ ուզում։ Մնա՛նք։
-Վե՛ր կաց, գնացինք։
Չաթերից մեկի ժամանակ տղան խոստացել էր հյուրասիրել տաք գարեջուր, որն ինքը չէր հավանել։ Դե, իսկ հիմա նրանք Գարեջրի ակադեմիայում էին։
Առաջին մի քանի րոպեներ՝ տղայի գիտակցությունը ոչ բարվոք վիճակում, գուցե տոթից է, աղջիկն առաջարկում է դուրս գալ մաքուր օդի, վերջինս փորձում է բացատրել՝ անհաջող միջադեպ էր, որ աղջիկը չկարծի, թե հիվանդոտ է, իսկ այդ մասին նա անգամ չէր էլ մտածել։
-Վերջ։ Արդեն լավ եմ։ Մեզ երկու տաք գարեջուր ու դրա հետ որևէ հարմար բան։
-Բարի,- ասաց մատուցողն ու հեռացավ։
-Դու նույնն ես, ոնց նկարներում տեսել էի, իսկ երեկ․․․ երևի սխալ ռակուրսից էի նայել։
Երեկ տղան մեքենայից տեսել էր աղջկան, ով անպատրաստ իջել էր քաղաք դեղի՝ քնաթաթախ, կիսախառը մազերով, ինչ-որ զոմբիացած անհասկանալի տրամադրությամբ, ինչպես լինում է անկողնուց նոր վերկացած ու գիշերը առավոտվա վեցին քնածների մոտ։
-«Միայն երեկվա թեման էր պակաս, խայտառակություն, էլի հիշեցի»։ Արի խմե՛նք։
-Ծանոթության կենացը։
Գնա՜ց, երկրորդը, երրորդը․․․
-Դուրդ եկա՞վ գարեջուրը։
-Վատը չէ։
-Լու՞րջ։ Հավանեցի՞ր։ Մեղր ու դարչինով է,- զարմացած նորից հարցրեց տղան։
-Անհարմար է, ես համարյա վերջացնում եմ, իսկ դու դեռ մի քանի կում ես արել։
-Արի խմե՛նք գեղեցկության, քո գեղեցկության․․․ քո կենացը,- հիացմունքով ասաց տղան, ու աչքերը փայլեցին։
Թե աղջիկը ոնց էր ուզում այդ պահին բարձրաձայնել, որ ինքը հիմա խմում է ոչ թե իր, այլ նրա կենացը, որովհետև իր աչքերն էլ նրա գեղեցկությունն էին որսում։ Անցավ․․․
-Մի կենաց էլ դու ասա, ես կարծես այն չեմ ասում,- ասաց տղան ու մեկնեց բաժակը։
-Իմ տեսակն ապրում է պահով։ Պահն է դառնում կյանք, իմաստ, ապրելիք։ Պահի կենացը։
Սա էլ գնաց, և մի վերջինն էլի պիտի խմվեր։ Աղջիկն առաջարկեց ուղղակի խփել բաժակներն իրար ու խմել։
-Չեղա՛վ, ես այդքան ասացի, իսկ դու առաջարկում ես առանց ասելիք խմե՞լ։
-Ի՞նչ գիտես, հը՞, ի՞նչ գիտես, թե ինչ պահեցի մտքումս կենացի պահին։ Կարող էիր ուղղակի խփել ու ոչ ուղղակի պահել,- ժպտաց ու խմեց։
-Ի՜նչ սուր լեզու ունես։
-Իսկ դու ֆեյսբուքում ավելի համարձակ էիր․․․մի՛ խառնվիր,- ու էլի ժպտաց։
-Այստեղ ծխում են, դու էլ կարող ես։
-Դեռ չեմ ուզում, դրսում․․․,- պատասխանեց՝ լավ հասկանալով, որ նա սպասում է րոպե առաջ տեսնել, թե շուրթերից ոնց է անջատվում սպիտակ աղտը։
Այս տեսակ հանդիպումներին երկու կողմն էլ փորձում է հնարավորինս լավ ներկայանալ, ինչը չէի ասի աղջկա դեպքում։ Անընդհատ պատասխանում էր ընկերների զանգերին, ովքեր ուզում էին ամեն տեսակ հիմար հարցերով հարամել։ Այ, օրինակ լճում ծխող աղջիկը, զանգել է հարցուփորձ անելու՝ ուր են, ինչպես թե ակադեմիայում, ինչքան պիտի չափչփի փողոցները, մինչև վերջացնեն, ու այսպես մինչև՝
-Գնում եմ Տաշիր թեյ խմելու, կգաս հաշիվս կփակես։ Կապի վերջ։
-«Սա էր ինձ պակաս, միայն թե ձե՛ռքս ընկնեիր, ապու՛շ»։ Վերջացնենք ու գնանք քայլելու,- ասաց աղջիկն ու մի կտոր ապխտած լավաշ գցեց բերանը, որ գարեջրի հետ էին բերել։
Տղան մատը մոտեցրեց նրա շուրթերին՝ մաքրելու լավաշից մնացած փշրտանքները։ Աղջիկը հանգիստ հետ քաշվեց, մաքրեց բերանն ու շնորհակալություն հայտնեց նկատելու համար։ Այս ժեստը նրան ծանոթ էր դեռ ֆիլմերից․ պիտի մատով հպվեր շուրթերին, հետո ուղիղ աղջկա աչքերին նայելով՝ նույն մատը մոտեցներ իրեն ու շուրթով որսար փշրտանքը` ի նշան համբույրի։ Դրա ժամանակը չէր․․․
Քայլեցին Կարապի լիճ( այս անգամ տղան ցանկացավ)։ Աղջիկներն արդեն տեղում չէին, նստեցին, երկար-բարակ խոսելուց հետո սկսվեց խոտերի արարողակարգը( բնական ընթացք լռության մեջ, երբ երկուսն էլ հատակից պոկոտում են խոտերն ու ցած նետում)։
-Արի օրվա տրամաբանական ավարտը տանք,- դիմեց աղջկան։
-Փաստորեն այսքանը նախաբան էր համբույրի,- մի տեսակ խոժոռվելով պատասխանեց:
Չէ որ նա տանը շարունակ կրկնում էր՝ չհամբուրվել, չհամբուրվել, չէ՛, միայն թե կարողանամ։ Ու հիմա հենց ինքն է ուզում, ուզում է ուղղակի, առանց ցանկության, բայց ուզում է՝ պետք է։ Եղավ։ Փորձում է փորձառու խաղալ, բայց ներսը տակնուվրա է լինում, սառն է ձևանում, բայց աչքերն ինքնակամ փակվում են, ու սկսվում է վայելքը։
«Բարև՛, աչքե՛ր, բարև՛, ժպի՛տ, բարև՛, շուրթե՛ր, բարև՛, պա՛հ»։
-Շուրթերդ ուղղակի․․․բառեր չեմ գտնում,- բարձրաձայնեց տղան։- Սայաթ-Նովան ո՞նց էր ասում։
-Լիզուդ՝ շաքար, պըռօշըդ՝ ղա՞նդ,- հարցրեց և առանց պատասխան լսելու շարունակեց:- Չէ՛, միայն ոչ այդ տողը, շատ կոպիտ է ասում ախր։
-Գեղեցիկ է համբույրից հետո աչքերդ դանդաղ բացելու տեսարանը։
Համբուրվեցին։ Հիմա աղջիկն առավել համարձակ հանեց ծխախոտն ու ընկավ մտքերի գիրկը։ Տղան նայում էր սպասված պահին և քանի որ պայման էր կապել ընկերոջ հետ մինչև հունիս չծխել, ընդամենը նայում էր։ Ծխախոտը վերցրեց կոկետուհու ձեռքից, սկսեց ինքը մոտեցնել շուրթերին։
-Գուցե փորձե՞ս,- հարցրեց աղջիկը՝ տեսնելով ինչպես է տանջվում իր ամեն ծխարձակումից,- մեկ է՝ ընկերդ չի իմանա։
-Չէ։
Կոկետուհին իրականում դեմ չէր լինի միասին ծխելուն, բայց տղայի հրաժարումն ավելի հպարտալի մտքերի բերեց նրան․
-Ի՜նչ կամքի տեր ես, բռո՛։
Բռո․․․ այսպես էին դիմում իրար չաթի ժամանակ։ Բռոն սրտից եկած բառ էր, այն հավաստում էր երկու կողմերի իրար կողքի լինելը՝ մարդը մարդուն, ուժը ուժին հավասար։ Բռո-ն տալիս էր այն ազատությունը, որ բացակայում էր զույգերի մեջ, սեր չկար, միայն բռոյություն էր՝ օգնելու, զգալու, օրը կիսելու բռոյության արվեստը։
-Կուզե՞ս պառավոզ անենք։
-Դա ի՞նչ է,- ու էլի աղջիկը հերթական միամիտ հարցով քանդեց կոկետուհու իր կերպարը։
-Ես հիմա կանեմ, իսկ դու ընդամենը նե՛րս քաշիր։
-Լավ։
Տղան որոշ ծուխ հավաքեց բերանում, ապա փոխանցեց աղջկան։ Թվում էր՝ վերջինս տղայի հոգին էր շնչում․․․ խոտերը դադարեցին ուղղահայաց հսկել տարածքը, պառկեցին հատակին, հյուսվեցին իրար՝ գիրկն առնելով գիշերվա մթության մեջ թաքնված երկու աննպատակ ուրվականի։
Հետաքրքիր փաստեր ուրվականների մասին՝
Ամերիկացի գիտնականները հնամյա առանձնատներում ուրվականներին հանդիպելու պատճառ են անվանել բորբոսային սնկերի ազդեցությունն ուղեղի վրա:
Մարդիկ ուրվականների են տեսնում փակ տարածքներում օդի վատ որակի պատճառով:
Հետազոտության շրջանակներում գիտնականները այցելել են այն վայրեր, որոնցում մարդկանց պնդմամբ՝ իրենք ուրվականների են տեսել: Ընդհանուր առմամբ` գիտնականները փորձել են այս հետազոտությամբ ապացուցել տեսությունն այն մասին, որ մարդիկ ուրվականների են տեսնում… բորբոսի պատճառով:
Ըստ գիտնականների՝ բորբոսային սնկերի թունավոր գոլորշիացումները հալյուցինացիաներ են առաջացնում:
Ըստ այդմ` ամերիկացի հետազոտողները արձանագրել են, որ ուրվականների մասին ամենից շատ հաղորդումները ստացվում են հին տներից` այնպիսի տարածքներով, որոնցում ոչ հազվադեպ կարելի է բորբոսային սնկեր գտնել:Իսկ դրանց արձակած թունավոր նյութերը մարդու մոտ կարող են առաջացնել նաև հոգեգարություն, ատելության նոպաներ, տագնապի ուժեղ զգացողություն, աղավաղել իրականության ընկալումը:
Բորբոսային սնկերի և ուրվականների միջև եղած կապի հիպոթեզի ուսումնասիրության համար, պրոֆեսոր Շեյն Ռոջերսը և իր ուսանողները սկսել են Նյու Յորք նահանգի տարբեր շենքերի օդի վիճակի մոնիտորինգ: Գիտնականը որոշել է համեմատել այդ առանձնատներում և հասարակ տներում վերցված օդի նմուշները, որպեսզի ստուգի, թե որքանով է տարբերվում բորբոսի տեսակների բազմազանությունը:
Այս հետազոտությունը շարունակվում է, գիտնականները խոստանում են վերջնական եզրակացություններ ներկայացնել աշնանը:
Մեր տունը՝ կյանքը, միլիոնավոր բորբոսներ է զեղում հասարակության մթնոլորտից դուրս մնացած մի քանի կաթիլ օդի մեջ․․․ ու դառնում ենք ուրվական, ու դարձնում են ուրվական։
Պահ երկրորդ
-Օ՛յ, ներեցե՛ք,- ասաց անծանոթուհին, երբ երթուղայինի հանկարծակի շարժումից պայուսակը դիպավ աղջկա ուսին:
-Ոչի՛նչ, իսկ Դուք ծամոն ունե՞ք,- հարցրեց աղջիկը:
Անծանոթուհին զարմացած նայեց նրան:
-Պարզապես իմ երկրորդ հանդիպումն է:
-Աա..այո՛, իհա՛րկե,- շփոթված պատասխանեց ու սկսեց փորփրել պայուսակը,- ահա՛, խնդրեմ, բայց քաղցր է:
-Դա էլ կանցնի,- գոհունակությամբ վերցրեց ու սկսեց տարածել ատամնաշարի ողջ երկայնքով:
Բոլորը ապշած նրան էին նայում:
Հեռախոսը զանգեց։ Աղջիկն արդեն մի անգամ չէր պատասխանել զանգին․ խոստացել էր ներկայանալ ճիշտ ժամին, իսկ պայմանավորվածությունից անցել էր տասը րոպե.
-« Գրո՛ղը ձեզ տանի, օր էին գտել միտինգի: Մարիտի մեկն է, ոնց կարող էի անտեսել այս հանգամանքը», Չմտածես՝ ուշանում եմ. խցանում է:
-Փաստն այն է, որ ուշանում ես,- պատասխանեց տղան ու շարունակեց:- Ու՞ր ես, ընդառաջ եմ գալիս:
Էլի խոտերը արթուն սպասում էին, թե տղան երբ է հանդիպման հերթական համբույրը կորզելու, որ անգործ մնային ու հանգիստ քնեին հատակին։ Բայց երկու թափառական շուն, ում հանդիպելիս կոկետուհին հաճախ էր կերակրում, եկան տեղավորվեցին խոտերին, թաթերով հրմշտեցին իրար, հաղթողը մնաց, իսկ մյուսը գլխիկոր հեռացավ։
-Միայն սա էր պակասում,- փնթփնթաց տղան։
Աղջիկը, նոր թեմա մեջբերելով, փոխեց մթնոլորտը․
-Այսօր բակի երեխաներն էին եկել տուն, համոզում էին խաղալ իրենց հետ։
-Ու քանի՞ տարեկան էին նրանք։
-Հինգից մինչև տասը հազիվ լինեին։
-Ա՜հ, իսկական լուրջ ու պատասխանատու անձնավորություննե՜ր․․․
-Դե՜, հերի՛ք հեգնես,- ասաց ու շոյեց շանը, որի ոտքը քիչ առաջ պատահաբար տրորել էր։
-Գուցե շանը հանգիստ թողնես վերջապես․․․
Աղջիկն ուզեց խոսել, բայց անգամ շան ներկայությունը չխանգարեց տղային ճաշակել վերջինիս շուրթերը։
-Հա, հա, հա,- բարձր ծիծաղով համակվեց կոկետուհին։
-Ի՞նչ է։
-Տե՛ս, գլուխը դրել է ոտքերիս ու երազկոտ նայում է երկնքին,- ասաց՝ ցույց տալով շանը։
-Ով էլ լիներ իր փոխարեն նույնը կաներ, եթե ոչ ավելին։
-Մի հարց՝ խմե՞լ ես,- վերջապես հարցրեց աղջիկը։
-Զգացի՞ր, հա՞,- տխուր ասաց տղան,- քեզ մոտ գալուց առաջ յոթ ծամոն էի ծամել։ Դե ախր առիթ կար․․․
Կոկետուհին հիշեց երթուղայինի իր միջադեպը, թեթև ժպտաց ու էլի համբուրեց տղային։ Անկեղծության համբույր էր։
-Ուզում եմ քեզ։
-Վերջացրու՛։
-Արի մի անգամ փորձենք։
-Մի՜․․․
-Դու ինձ իմպոտենտ ես դարձնելու։ Ընդամենը ուզում էի զգալ քեզ․․․
— — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — —
-Մրսու՞մ ես։
-Մի քիչ, դու էիր ասել բարակ հագնվեմ, որ վերարկուդ գցես վրաս, սիրում էիր չէ՞ այդպես։ Այդպես ռոմանտիկ է։
-Բռո՜, առավոտյան տաք էր, ես էլ հետո տուն չմտա ու․․․ արի գրկե՛մ քեզ։
Հիմա էլ անորոշներով նստած նայում են անորոշ կետի ու զրուցում ու զրուցում։
-Ի՞նչ կենդանի ես սիրում,- հարցրեց տղան։
-Ը՜հ, չէի մտածել, գիտե՞ս, բայց շուն-կատու հարաբերություններում՝ շուն։
-Գիտե՞ս, երբ մարդիկ կատուներին են նեղացնում, վերջիններս գալիս քսմսվում են այնքան, մինչև շոյես, իսկ երբ շներն են վիրավորվում, այ այդ ժամանակ ինքդ պիտի հաշտվելու ուղիներ որոնես։ Նրանք կատուների պես չեն։ Ա՜հ, ի՜նչ հարց տվեցի,- իրեն հեգնեց տղան,- քեզ հետ պետք է օրվա հոսքով ընթանալ և ոչ՝ այսպես։
-Բայց սպասի՛ր,- միտքն ինչ-որ բան բերելով ասաց աղջիկը,- մենք էլ կարծես շուն ու կատու լինենք։ Դու կատուն ես քսմսվող, իսկ ես՝ շունը։ Ա՜հ, լավ ասացի։
Մոտենում էր հանդիպման ավարտը, աղջիկը պիտի շտապեր տուն։ Տղան խնդրեց նրան ծխել նոր գնալ։
-Այ այսպես, սպասի՛ր, մի քիչ այսկողմ, ահա պատրաստ է, կարող ես ծխել,- ասաց տղան՝ կոկետուհու պարանոցը տարածության մեջ որոշակի դիրքում պահելով։
Աղջիկն ամաչում էր, որն էլի հակասում էր իր հորինած կոկետուհու կերպարին։

«Գնա՜, գնա՜ սավսալինյո․․․տեսնեմ ինչքան հեռուն կգնաս»։

Հետաքրքիր փաստեր կատուների մասին՝
Կատուները չեն զգում քաղցր համը։
Հիմնականում կատուներն ունեն ավելի քիչ IQ, քան շները, բայց կարող են լուծել ավելի բարդ խնդիրներ, եթե նրանց հետաքրքրում է դա։
Պահ երրորդ
-Ահա և Վան Գոգը, խոստացել էի՝ կգնանք, դե արի մտնենք։
Այս փաբն առանձնապես երևելի տեղ չէր, սակայն երբ ինչ-որ տեղ ինչ-որ բան ես թողնում, այն հետո դառնում է հարազատ։
Նստեցին պատային հատվածում, հետո տեղափոխվեցին մեկ այլ սեղան, ու լսվեց կոկետուհու անունը։ Աղջիկը զարմացած շուրջը նայեց։
-Ո՞վ է, ճանաչու՞մ ես,- խոժոռված հայացքով հարցրեց տղան։
-Չէ՛, բայց սպասի՛ր մոտենամ։
Մի քանի քչփչոցից հետո աղջիկը բախվեց հերթական մտածելու առիթ տվող հարցին, որ հնչեց նախկին անծանոթուհու կողմից․
-Ընկե՞րդ է։
-Չէ՜․․․ ուղղակի․․․
Եկան իրենց սեղան, ծանոթացրեց տղայի հետ, խոսեցին ու հանկարծ՝
-Այո՞, լա՛վ, հիմա՞ պիտի գանք, լավ, արդեն դուրս ենք գալիս,- հեռախոսն ականջին դնելով խոսեց տղան,- Վազգենն էր, ասաց՝ արդեն պետք է գնանք։
-Արդե՞ն։ Լավ,- համաձայնեց աղջիկն ու նախկին անծանոթուհուց ներողություն խնդրեց, ու հեռացան։
Արդեն դրսում էին, երբ աղջիկը ծիծաղելով հարցրեց․
-Վազգենն ո՞վ է, բռո՛։
-Վազգե՞նն ով է,- ժպտալով պատասխանեց հարցին։
Քայլեցին դեպի Սիրահարների այգի, որի անունից երկուսն էլ խուսափում էին։
-Արի այն նստարանի կողմը գնանք,- ուրախ արձագանքեց տղան, երբ վերջապես ոչ մարդաշատ կողմում գտավ ազատ նստարան։
-Այդտեղ Իվետայի հետ էինք գալիս մինչև այն բանը, երբ իմացա, որ լեսբի է։
Կոկետուհին սիրում էր խաղալ տղայի հոգու հետ, երբ զգում էր՝ մոտենում է համբույրի պահը։ իսկ Իվետան նրա ընկերուհին էր, ով մի տարի առաջ սիրահարվել էր իրեն, ու աղջիկը նրա հետ անցկացրած ամենը մի կողմ թողնելով հեռացավ՝ քաջ գիտակցելով, որ նրա կողքին մնալով՝ ավելի կցավեցներ։
-Ուրեմն գնանք մյուսին նստենք,- բարկացած շարունակեց տղան։
-Ուրիշ անգամ էլ այդտեղ ենք նստել։
Տղան կրկին բարկացավ։
-Դե լավ, կատակում եմ, գնանք ա՜յ այնտեղ,- ասաց ցույց տալով աջ կողմում գտնվող փայտե սեղանով ու նստարաններով տաղավարը։
— — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — —
-Մրսի՛ր։
-Ի՞նչ,- զարմացավ աղջիկը։
-Մրսի՛ր, որ վերարկուս քեզ տամ։
-Չեմ մրսում։
-Ասում եմ, մրսի՛ր։ Միշտ երազել եմ՝ աղջիկը մրսի ու վերարկուս գցեմ իր վրա։ Նախորդ հանդիպմանը չեղավ, հիմա կգցեմ։
-Տե՛ս, երբ սովորեմ տաքությանն էլ հետ չեմ տա,- ասաց աղջիկն ու ուսերը ծածկեց տղայի վերարկույով։
Համբուրվում էին ու զրուցում, տղան երբեմն ներողություն էր խնդրում համբույրը կիսատ թողնելու ու պարբերաբար որևէ հարց մեջբերելու համար, իսկ դա իրականում բավականին հաճելի էր։
-Հենց սիրահարվես, ասա՛,- աղջկան հանկարծակիի բերելով ասաց տղան։
-Ե՞ս, սիրահարվե՞լ,- հեգնեց կոկետուհին։
-Մի ֆիլմ կա, Թիմբերլեյքն է խաղում, զուգընկերուհու հետ որոշում են լինել զուտ սեքսընկերներ, բայց վերջում սիրահարվում են։
-Շուտով այս ամենը կվերջանա․․․
-Երբ բաժանվենք լաց կլինե՞ս․․․
-Չգիտե՜մ․․․բայց մեկ-մեկ կգնաս Կարապի լիճ, կհիշես, կծխես ու իմ փոխարեն էլ( այդ ժամանակ արդեն գրազդ ավարտված կլինի), հետո ես կգամ պատահական ու մենք կհանդիպենք էլի,- սառը ժպիտով պատկերացրեց աղջիկը։
-Բռո՛, արի կոնկտետ մի օր որոշենք, որ պատահական հանդիպումը տեղի ունենա,- ծիծաղով հավելեց տղան։
-Հա, չէ՞։
-Պատկերացնու՞մ ես վերջում սիրահարվենք։
-Չի կարող լինել այդպիսի բան, բռո՛։
Էլի կարճատև լռություն։
-Դու ինչու՞ ինձ հետ հարսանիքներից կամ շոփինգից չես խոսում։
-Ես քո կաբլուկով ընկերուհիներից չեմ որովհետև․․․
-Ինչպես դու էիր ասում, ոչ մի տղայի մոտ չես թողել քեզ, իսկ ինձ․․․ չեմ հասկանում։
Օրն ավարտվեց Ազգային ժողովի դարպասների մոտ համբույրով, ընտրվեց երգը, որը պիտի պատկաներ միայն իրենց ու որի տակ պիտի շարունակ հիշեին իրար, հիշեին հետո ու վերապրեին․ հզո՜ր Ռայմշտայն։
-Ուզում եմ գրկել քեզ․․․
-Ես էլ ուզում եմ ա՜յ այսպես գրկել ու քնել,- ասաց՝ ձեռքերի մեջ խեղդելով աղջկան։
Հետաքրքիր փաստեր գրկելու մասին՝
Գրկելը բնական հակասթրեսային միջոց է։
Գրկելով շատ ավելի լավ ենք հասկանում միմյանց։
«Մարդն, ով կարողանում է անկեղծ գրկել, չի կարող վատ մարդ լինել» ասացվածքը գիտականորեն հիմնավորված է։
Պահ չորրորդ
Չգիտեմ, գուցե խորը փիլիսոփայություն կար այս տեսակ սառը ցինիզմի մեջ, ամեն ինչ ցինիզմով սկսեց ու վերջացավ։ Անհասկանալի մնաց՝ ինչ էին ուզում, սե՞քս՝ չէ, սե՞ր՝ պիտի բացառվեր, ու մնաց միայն անորոշությունը․․․ է՜խ, երկվորյակությու՛ն, դու քո գործն արեցիր։ Հորոսկոպն էապես իշխող էլ չէր, բայց աղջիկը հավատում էր սեփական եսի տատանողականությանը։ Դա էլ բավարար էր խաղաքարտերը աստղերի առաջ հենց այնպես սփռելուն։ Կատարվեց գրվելու համար կամ գրվեց, քանի որ կատարված էր։ Փաստ է՝ տխուր է, դե չէ, նորմալ է, սցենարն է պահանջում․ պիտի տխրի, գլխակորույս բռնի կործանվող մարդու ուղին, տառապի, տառապի, ասես աշխարհը սկսում և վերջանում էր նրանով․․․ էջը պիտի լցվեր հուզազգայական անհաշիվ երգերով, զղջողական ստատուսներ ու ակնկալվող ինչ-որ հետադարձի քայլ։ Չէ՛, իմ կինոն այլ է՝ անբովանդակ։ Կոկետուհին ավարտեց իր ստեղծած պատմությունը, հիմա ուզում է փոքր-ինչ հանգստանալ( իրավիճակի երկարություն,անհատի երկակիություն, հարաբերությունների տևողունակություն․․․ որքա՜ն ձանձրալի է)։ Իրականում ձանձրույթը փախուստի դիմակավոր ձևն էր, փախուստ, օտարացում ու նման մի քանի փշրվող դատարկությունների շարք։ Համեմունքից ոչնչով չեմ տարբերի այս պահերով հանգուցված կապը․ մի պտղունց լցվեց կյանքի մեջ, թողեց համն ու վերացավ։
«Դու այն սխալն ես, որ ուզում եմ կրկնել։ Անվերջ սխալվելով երջանիկ լինել։ Իսկ ի՞նչ է, երջանկությունը՝ ցավի բացակայություն և կամ ինչ է ցավը։ Երկուսն էլ վերացական անշոշափելիք, բայց արի՛ ու տե՛ս, որ ճանկոտում են, խրվում կենցաղական մարմնի մեջ։ Կարոտում եմ պատառոտված անձեռոցիկները, որ սկայպի խոսակցությունների ժամանակ հաճախ նետում էիր ինձ վրա, կարոտում եմ երեկոն, երբ սկայպով գինի էինք, խմում, դու՝ կարմիր, ես՝ սպիտակ, իսկ իրականում՝ դու՝ կարմիր գինի, ես՝ դեղձի կոմպոտ։ Կարոտում եմ բանավեճերը կրոնական դոգմաների, քաղաքական ծաղրուծանակության ու առհասարակ այն ամենի մասին, ինչ նյութական ու ռելյատիվիստական էր( հարաբերականություն)»։
Հորինում ենք պաշտոններ, պիտակվում ինչ-որ դերերի մեջ, որ իրականում գոյություն չունեն, համենայն դեպս իմ իրականության մեջ։ Գիտեմ, չարաշահում եմ հեղինակային միջամտությունս, ինքս էլ կողմ եմ եղել չոր ներկայացնել փաստային դրվագները, որ իրար վրա դարսվելուց հետո գուցե ցանկանաք պատմվածք կոչել, բայց հիմա ես էլ ձեզ նման հերթական ընթերցողն եմ, կարդում եմ ու զգում։ Միջամտությունս ընդունե՛ք վերջաբան, անքննելի կարծիք կամ ինչպես հարմար է․ մեծ հաշվով բան չի փոխվի։ Պատմության ավարտը՝
-Եթե քնեիր ինձ հետ, կհիասթափվեի,- ինչ-որ սենյակում մի ինչ-որ պահի շշնջաց տղան։-Առաջին կամ երկրորդ հանդիպումներին աղջիկները սովորաբար չեն թողնում, բայց հետո հանձնվում են հեշտորեն․․․ իսկ դու՜․․․ այդպես էլ չհասկացա՝ քեզ ինձ էր պետք ինձնից։
«Մենք հիմա գրկել ենք իրար, ուզում եմ քնել, որ շուտ վերջանա․ կոկետուհու խաղն իմը չէր ամեն դեպքում, համբուրվում ենք անվերջ, որովհետև վերջն է․ ես եմ այդպես որոշել։ Չէ՛, կամայապաշտ չեմ, բայց սիրում վարվել հենց այնպես, առանց պառճառաբանության։ Մի խոսակցության ժամանակ առաջ էի բերում իմ սիրելի դերասաններից մեկի կյանքը, որ կուզեի նրան գլխավոր դերում տեսնել, իսկ նա ասաց, որ իր համար անգամ մի բան չեմ ցանկացել կամ մտածել, ես էլ հավելեցի, որ ինքն արդեն ի՛մ կինոյում է խաղում, իրեն ուրիշ դերեր պետք չեն։ Ու հիմա ես թողեցի նրան անդեր․․․մատս տարածվում է շուրթերի եզրով, նկարում եմ, ներկում, գունազրկում․․․ իսկ վերջում՝ խոտերի արհեստական արարողակարգը Ռայմշտայնի ուղեկցությամբ, համբույր, կապրոնե հոգեվիճակ՝ բթացած, ցավ չընկալող։ Քայլում ենք դեպի վերջաբանը»։
-Արի նկարվե՛նք, որպես հուշ,- առաջարկեց տղան։
-Արի՛։
-Դե՜, բռոյի նման քեզ պահի՛ր,- շարունակեց տեսնելով աղջկա ծուռումուռ դիրքափոխությունները նկարվելիս։
Սկզբում տղան ասել էր.
-Որոշումը քոնն է, եթե ասես ցտեսություն, մենք էլի կապ կունենանք, իսկ եթե հաջողություն, ապա անգամ սիրահարվեմ էլ, ուզեմ էլ, հետ չեմ գա։ Աղջիկները սովորաբար վերջ դնելուց հետո էլի սպասում են ինչ-որ քայլերի, բայց հիշի՛ր, այդպես չի լինելու։ Վերջին խոսքը քոնն է ամեն դեպքում։
Հասել էր վերջը, գրկեցին իրար, կոկետուհին լցրեց աչքերը, թեթև ձեռքսեղմումով բաժանվեցին։
-Տասներկուսին չորս է պակաս, օրն առանց իրար կսկսենք։
-Դե՞,- հարցրեց տղան։
-Պակա։
-Սկզբում ասել էի, որ․․․
-Ա՜հ, հիշեցի՝ ․․․հաջողություն։
-Լավ մնա։
-Դու էլ։ Նկարները կուղարկե՜ս․․․
Գարեջու՜ր, գարեջու՜ր ու էլի գարեջու՜ր․․․ խմում է այնքան, մինչև կոկորդում հավաքված ջուրը կուլ գնա, մինչև փողոցը կորցնի իր տեսանելիությունն աչքերում, ու ժա՛մը վերանա, միևնույնն է տուն չի գնա։ Քաղաքը կորցրել էր լույսերի մեջ պճնված նախկին արտաքինը, սահադաշտը դատարկվել էր, շիշը փոխել էր ամեն տեսարան․ փողոցները ճեպընթացի պես սլանում էին ոտքերի տակ, մարդիկ քաոսային դիմակներով հայտվում էին ուրվականի պես ու դատարկաբանում։ Իսկ թե ովքեր էին երկու անծանոթները, ում հետ նա հիմա գնում է տանիք, ինքն էլ չի մտաբերում ու մեծ հաշվով թքած ունի։ Ամեն ինչ ուրիշ է, հիմա է, որ դառնում է կոկետուհի և ո՛չ այն ժամանակ․․․
«Մի շիշ էլ ու կքնեմ, սպասվող երանությու՜ն է քունը, ուր իմ իրականն է․․․
Բռո՜․․․ մեր երեք տառը, մեր հազարավոր բառերի փոխարենը։ Անգամ սեր ասվածը չուներ այսչափ անկեղծ նվիրում, որչափ մեր Բռոն էր։ Ժպտում եմ, ուղղակի անցավ, ու պետք չէ մեկ օրվա բաժանումով ներկել նախորդ բոլոր ժպիտների օրերը, նրանք առավել էին, առավել զորեղ։ Դե ի՞նչ, կինոն վերջացավ, սկսնակ ռեժիսոր եմ, կախավ հայցում եմ ձեր ներողամտությունը կաղացող սյուժեիս համար։ Սա փորձ էր, որ զուտ կիսվեցի, նկարեցի, որ հետագայում, ի հակադրություն սրա թերությունների, նոր ֆիլմս հաջող լինի։ Չնայած ինքս էլ չգիտեմ, կշարունակեմ վարել ռեժիսորի պաշտոնը, թե իմ երկվորյակությունն էլի գլուխ կբարձրացնի։ Դե ի՜նչ, մնա՛ք բարով, խոտե՛ր, մնա՛ք բարով, աչքե՛ր, մնա՛ք բարով, շուրթե՛ր, մնա՛ս բարով, պա՛հ։ Այո՛, ճիշտ այնպես, ինչպես Սենյակը ֆիլմում, բայց այն տարբերությամբ, որ իմ խաղի դիմաց տխմարի տիտղոսն էլ բավական էր․․․
Թեթև՛ ապրեք, ծանրաքաշնե՛ր, դրե՛ք ճամպրուկում հուշերից բոլորը, բայց մի՛ հագեք երբեք, ուղղակի պահե՛ք ճամպրուկում և ո՛չ երբեք՝ ձեր հագին»։
Կասկադի աստիճաններով անօթևան որբուկի պես վազում էր դատարկ գարեջրի շիշը․ տիրուհին մենակ էր թողել․․․
-Տը՛կ, տը՛կ, տը՜կ․․․

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածըԴիսնեյի արքայադստրերը իրական կյանքում
Հաջորդ հոդվածըՀայագիտության ամենաողբերգական ու խայտառակ էջը. հատված 1-ին
Արայ Զարգարեան ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 10-ին Եղվարդ քաղաքում:Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում,ապա 2008 ից մինչև 2012 թվականը Մխիթարեան կրթահամալիրում: Ծառայել է հայոց բանակում: Այժմ սովորում է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում: Ստեղծագործում է, գրում է պատմվածքներֈ Ունի տպագրված մի քանի գործեր: Կայքում զբաղվում է գրական հետաքննության բաժնի ղեկավարմամբ և գրական նորություններով: