«Ինչ- որ տեղ չկա՞ն»․ Համո Սահյան

«Ինչ- որ տեղ չկա՞ն»․ Համո Սահյան

1097
Կիսվել
Ես եմ, գիշերը, քարափն ու քամին․․․
Խելք-քելքի տվել, նստել այս ժամին,
Լսում ենք այսպես
Այս վաղանցավոր հավիտենության
Խորհուրդը լռին
Եվ անորսալի շշուկներն՝ անհուն
Անսահմանության։
Ու միտք ենք անում, թե այս անսահման
Անհունության մեջ, ամենահեռու
Միգամածության աչքից էլ հեռու,
Ինչ-որ տեղ չկա՞ն
Այսպիսի քարափ, այսպիսի քամի,
Այսպիսի գիշեր և այսպիսի ես։
Որ նստել հիմա, լսում են այսպես
Այս վաղանցավոր հավիտենության
Խորհուրդը լռին։
Եվ անորսալի շշուկներն՝ անհուն
Անսահմանության։
Եվ, ո՞վ իմանա, գուցե թե նաև
Այսքան ներդաշնակ
Շնչառությունը մեր չորրորդության։

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն