Աննա Կուլե (Վարդազարյան). «Իմ մոխրագույն քաղցկեղը»

Աննա Կուլե (Վարդազարյան). «Իմ մոխրագույն քաղցկեղը»

903
Կիսվել
 -Արնասի՞րտ,- մի անգամ տետրիս վրա անուն-ազգանվանս փոխարեն սա տեսնելով՝ հարցրեց ուսուցչուհիս:
-Այո,- անտարբերությամբ…չէ, չէ, ներքին ուրախությամբ, թե վերջապես մեկն ամեն ինչ հասկացել է,պատասխանեցի ես, բայց երբ տեսա, որ տետրն առել է ձեռքին ու առաջը եղածը աչքերի մութ ապակում ուրվագծելով՝ նայում է դեմքիս, հիասթափության հառաչանքով ապտակեցի ունկերին:
-Այս անմիտները…
-Լեո,հիմարություններիդ դիմաց «վարձատրվելուց» չե՞ս հոգնել,- փորձեց պատասխան հարվածը հասցնել՝ ավելի մոտ գալով ու պահարանանման կազմվածքով տեսադաշտս փակելով:
-Ես ատու՛մ եմ մանուշակագույն կուրությունը, հեռու՛ ինձնից,- ասացի ես մոլեգնած ու ձեռքերս սեղանին հպելով՝ վեր նայեցի (հերթական անգամ մանուշակագույն կուրությանը հանդիպել չէի ուզում): Հիսունամյա կնոջ համար անկանկալ չէր իմ կողմից նման պահվածքը, բայց անսպասելիորեն ետ գնաց, ու սպիտակ, մանուշակաձև նախշերով, երկարավուն շրջազգեստի փեշը ընկավ հնամաշ սեղանիս պայուսակ կախելու բռնակին, և ոչ ճիշտ պահին արգելակումն ու պահարանակշիռ մարմնի հետընթացքը անխղճաբար քրքրեցին փեշերի վրայի մանուշակագույնը: Այ թե հրճվանք ապրեցի՝ ամենը տեսնելով: Սա էլ կարմրին տվեց, դուրս ելավ սենյակից՝ զայրութը դառնորեն կուլ տալով: Գնացի տուն անմիջապես նրանից հետո (թեև լավ գիտեի մտքինը), հաջորդ օրը երբ մտա դասարան, հետն էլ այն նեռատուր վարդագույնին էր բերել:
-Բարև ձեզ,- թեթևաձայն պատասխանեցի ես ու նստեցի վերջում:Աչքերով զննում էի ափերս,զգում էի մոտալուտ պոռթկումը.տաքացնում էի դրանք աչքերով:
-Քեզ նմանը սրտից զատ ուղեղ էլ չունի,տղա,-լաքե կոշիկները ականջ թակող տկտկոցով ուղեղիս վրայով անցան(հետո էլ կասեն՝ չունեմ):
-Վաղը առանց ծնողներիդ չներկայանա՛ս դասի: «ԾնողՆԵՐԻ՞,- մտածեցի ես,-երևի դիտմամբ է անում,այդ վարդագույնները այդպիսին են»: Վեր կացա ու դուրս գնացի. նախավերջին անգամ էի տեսնում վարդագույնին… Մեր չորս պատերը ավելի էին սեղմվել, երևի մի օր կդառնամ դրանցից հինգերորդը (հիմարաբար հաշվի չէի առել, որ բոլորն իրենց տեղը վաղուց ամրագրել են, ես պատերի կյանքում էլ տեղ չունեի):
-Փոլի, ինձ մոտ արի, բարեկամս, քեզնից ուզում եմ խորհուրդ հարցնել,- տեսնելով խոհանոցի կլորավուն գորգին պառկած մոխրագույն կատվիս՝ հառաչանքախառն սպասումով ասացի ես,իհարկե, նա ինձ միանգամից հասկացավ ու մոտ վազեց, նա էլ հո այն գունեղներից չէր, ընդամենը մոխրագույն էր՝ տեղ-տեղ սև մազափնջերով, բայց ճակատի սպիտակն ուրիշ էր. ձեռքս դրան հպելիս ամենաշատն էի զգում ավելորդությունս: Այդքան սևի ու մոխրագույնի մեջ սպիտակն ի՞նչ գործ ուներ… Փոլին երևի գիտակցում էր ամեն ինչ (ափսոս, որ խոսել չգիտեր, ինչպիսի հաճույքով այն վարդագույններից մեկից կվերցնեի խոսելու կարողությունն ու կտայի նրան,թեև գուցե այդպես ամեն ինչ փչանար…), որովհետև միանգամից մոտս վազեց ու հպվեց հոգնած ոտքերիս: Երբ հայրս առաջին անգամ մեզ տեսավ խոսելիս (ըստ իրեն՝ ինքնս ինձ հետ խոսելիս), դոնկիխոտության կրող կարծեց, մինչև հիմա հիշում եմ՝ ինչպես ձեռքի շիշը վար ընկավ՝ օդում օղու կաթիլներ պարեցնելով, ինչի համար ես՝ պարոն Կիխոտս, մի լավ քոթակվեցի, իսկ Փոլին մռռալով ընկավ վրաս: Այն ժամանակ մայրս դեռ ողջ էր, դրա համար մինչև ցավերի թուլացմանը ու ընկերոջս մռռոցը վայելելու բավարարվածության հագեցմանը սպասելու ժամանակ չունեի,ստիպված էի վեր կենալ, ոտնահետքերը վրայիցս թափ տալ (թե ցավն ո՞վ պետք է թափ տար,չգիտեմ, բայց հաստատապես կարող եմ ասել՝ ճշտապահ չէր): Արդեն երկու տարի է, ինչ շտապելու կարիք չկա, երանելի ժամանակապահը ինձ ազատություն շնորհեց, իսկ «մամ» արտահայտությունը մտքիս կաշվից անդին չանցավ…
* * *
-Փոլի, գորշերանգս, այսօր կրկին մռռոցդ եմ ունկնդրելու, տիկին վարդագույնը ո՜նց էր կարմրել (տեղ-տեղ ինքս իմ ասածի վրա հռհռալով), նման էր… ուշագնացությունից հետո մայրիկի քթին չորացած կարմրին, երևում է՝ կարմիրը շատ էր սիրում (չգիտեի,որ շատ շուտով այն իմ սիրելին էլ է դառնալու, չհագենալու չափ սիրելի, թե՛ այն ինձնից չէր հագենում և թե՛ ես դրանից)… Դեռ չէի հասցրել պատմել ամեն ինչ Փոլիին, երբ դռան ճռռոցը կանգնեցրեց ինձ. հայրիկն էր, ձեռքին ինչ-որ ծրար կար (զարմանալի էր՝ ինչու է այս անգամ թղթի կտորը փոխարինել ապակե շշին), որը ներս մտնելուն պես նետեց բազկաթոռին ու սովորականի նման հարձակվեց վրաս (վարդագույնների թերությունն էլ չափազանց ընթեռնելի լինելն էր): Խփելուց որոշ ժամանակ անց, երբ արդեն մաշկս մի տեսակ թուլանում էր, զգում էի նրա ամեն մի ոսկրի անհարթությունը վրաս. լրիվ գնացքագծի էի վերածվել, այնքա՜ն տհաճ էր երկաթի նման եռ գալ ու առանց կռվելու, այդպես անհարթությամբ էլ պաղել: Նորից նույն պրոցեսը, մեկ-մեկ երազում էի, որ ինչ-որ բան փոխվի, թեկուզ խոհանոցի աթոռներից մեկը պակասի, բայց ընթացքը փոխվի. ցավի նույնունթյունը բթացնել գիտեր: Կրկին կիսասառը հատակ, մոխրագույն Փոլի, մռռոց, տնքոց, կարմիր… Սովորականի նման պառկել էի ու արևի ճառագայթները լկտիությամբ փռվել էին ծեծված դեմքիս. անգամ դրանց ծանրությունն էր ցավեցնում: Գլուխս թեքեցի ընկերոջս գտնելու համար ու նկատեցի բազկաթոռի վրայի ծրարը, որն այն աստիճանի հետաքրքրական էր ,որ ցավերս մոռացած, սողալով առաջացա ու վերցրի: Շաղված աչքերս լարել էի,որ կարդալ կարողանայի, այդ պատճառով ամենը հասկանալու համար կրկին կարդացի… Օրեր առաջ դպրոցում ուշագնաց էի եղել, ես ի՞նչ, ինձ բան չէր եղել, բայց նստարանից մի քանի տաշեղներ իմ պատճառով գետնին էին ընկել, վախկոտները միանգամից հիվանդանոց էին տարել՝ իմանալով հանդերձ, որ մայրիկից հետո դրանք տանել չէի կարողանում:
-Մամ,-առաջին անգամ նրա մահվանից հետո բարձրաձայնեցի ես- փաստորեն քեզնից ազատություն եմ ժառանգել, միայն ափսոսում եմ, որ ավելի վաղ չեմ իմացել այդ մասին: Հորս հարվածները ավելի էին սրել ամենը, ինչ-որ արնագնդիկների կուտակում էր եղել գլխումս, շատ բան չէի հասկանում, միայն գիտեի, որ ազատ եմ, ինչից աչքերիս սևը կրկնակի փայլ էր ստանում. ի՜նչ մտքեր էին հղանում խոկմունքումս…
Ինչպես մտածել էի, հայրիկը ծրարի մասին չէր էլ հիշում,այդ օրվանից սկսեցի գրի առնել քայլերս ու մի անգամ անտանելի գլխացավից քնեցի հենց դրա վրա, արթնանալով կիսախավարի մեջ ինչ-որ քողավորի տեսա, տարուբերեցի գլուխս՝ մտածելով՝ պատրանք է, բայց բաց պատուհանից ներս ընկնող քամին ավելի ու ավելի ահագնացող ուժգնությամբ էր այն տարուբերում, լույսի մեջ դրա թափանցիկ սև քողը հիշեցնում էր լուսնին փակել փորձող ամպափնջերին. դրանից հետո այն միշտ ինձ հետ էր. մինչև հիմա էլ չեմ պարզել՝ ոտքեր ուներ, թե ոչ, բայց երբեք ինձնից ետ չէր ընկնում:
Օրեր անցան, դպրոցից եկած զանգերն անատանելիորեն շատ էին, գլխիս ցավն ուժգնանում էր, բայց այս ընթացքում հասկացել էի անելիքս… Երբ հասա տիկին վարդագույնի տուն,բավականին մթնել էր, դրսում միայն ես ու հավատարիմ քողավորս էինք, թակեցի դուռը, զարմացավ ինձ տեսնելով, բայց հետս բերել էի այն անիծված ծրարը ու միանգամից պատմեցի ամեն ինչ: Խղճաց, երևի զղջաց արածների համար. որքա՜ն հեշտ է այս վարդագույնների գործուղությունները նախապես հասկանալը: Քողավորս էլ էր գլուխը հրճվանքով ու ինքնագոհությամբ տարուբերում: Կինը անընդհատ խոսում էր, ինչ-որ անիմաստ բաներ ասում փրկվելուս մասին. քիչ էր մնում՝ քնեի, երբ վերջապես թեյ առաջարկեց, ժամանակն էր, վերջապես պահը եկավ… Կանգնեցի, երբ թեքվեց դեպի խոհանոցը: Պատից կախված սև շրջանակով նկարներին նայեցի ու հասկացա, որ իսկական անշնորհք եմ, որովհետև իմ կողմից նվեր չէի բերել, բայց նրա համար շրջանակ բերող հաստատ կլիներ, հոգ չէ: Մինչև հիմա հիշում եմ՝ ինչպես թեյով լի բաժակները մեծ աղմուկով գետնին ընկան (հիշեցի հորս), քիչ անց ոչ պակաս աղմուկով ինքն էլ վար ընկավ, բայց բաժակների նման չմասնատվեց, միայն զարմացնող շիթով արյունը վրաս ոթեց, անգամ քողավորիս էր բաժին հասել. այնքա՜ն գրավիչ էր նա այդպես,որ մի պահ ափսոսացի, որ աներևույթ է, ոչին՜չ, շուտով ես էլ կլինեմ… Վերջացավ, առաջին անգամը պատկերացրածիցս էլ հեշտ էր, սկզբում զգացի՝ ինչպես արյանս հոսքը մի պահ կանգ առավ (հետ գնալու ցանկություն ուներ գուցե, բայց չհամարձակվեց), ոտքերիս տակից հատակը սահեց ու գլուխս շոյելով կրկին վար իջավ. սիրեցի կարմիրը…
Ես գնալով նվաղում էի, բայց հայրս այդ չէր նկատում,այսօր նկատելու է անպայման ,այսօր օղին հեղվելու է հատակին, գիտեմ. չէ՞ որ ես արդեն կարմրամոլ էի դարձել, իմ մոխրագույն քաղցկեղը ինձ ազատ էր դարձրել, միայն Փոլին սկսել էր խուսափել ինձնից, ինչի պատճառը այդպես էլ չհասկացա.ես դեռ քսաներեք օր ունեի, քսաներեք ընտրություն …այնքա՜ն բարդ էր, բայց հաստատապես որոշել էի լսել կոտրվող օղու շշի ձայնը…
Դուռը ճռռաց. մահերգը շուտով կամբողջանար…

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն