Հայագիտության ամենաողբերգական ու խայտառակ էջը | Հատված 2-րդ | Հայերենի էսօրվա քերականությունը...

Հայագիտության ամենաողբերգական ու խայտառակ էջը | Հատված 2-րդ | Հայերենի էսօրվա քերականությունը գիտություն չի

1307
Կիսվել
ՀԱՅԵՐԵՆԻ ԷՍՕՐՎԱ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՉԻ
(Բնաբանները կատակային են)
************************************
Տրված երևույթը բացատրող հիպոթեզների թիվն անսահման է:
ՊԵՐՍԻԳԻ ՊՈՍՏՈՒԼԱՏԸ
Մարդիկ տրված երևույթը բացատրող հիպոթեզներից ընտրում են ամենասխալը:
ՊԵՐՍԻԳԻ ՊՈՍՏՈՒԼԱՏԻ ՄԻԹՐԱԺԱՆԱՅԻ 1-ԻՆ ՀԵՏևԱՆՔԸ
************************************
Էսօրվա մեր հայ քերականությունը, ուրեմն` նաև լեզվաբանությունը, լեզվին վերաբերող իր ասածների ճիշտ ու սխալը ջոկելու ոչ մի գիտական, օբյեկտիվ, մարդուց անկախ չափանիշ չունի:
(Թերևս բացառություն արվի ստուգաբանությանը, լեզվի պատմությանը, աղբյուրագիտությանն ու սրանց պես բնագավառներին, բայց թերևս):
Եթե կա էդ չափանիշը, թող լեզվաբաններն ասեն:
Չկա´:
***
Էս ողբերգական հայտարարության ամենափայլուն ապացույցը հենց մեր երկու քերականության գոյությունն է` Աբեղյանի քերականության ու ղարիբյանական քերականության գոյությունը: Սրանք, էս քերականությունները, իրար լրի´վ են հակառակ, էնքա´ն են հակառակ, որ եթե մեկն ընդունես, մյուսը, ստիպված, պիտի դեն շպրտես: Բայց մեր լեզվաբանները զորություն չունեն որոշելու, թե էս երկու քերականությունից որն է ճիշտ:
Ուրեմն` մեր էսօրվա լեզվաբանությունն իր ասածների ճիշտ ու սխալը ջոկելու գիտական չափանիշ` իրո´ք չունի:
Բա մեր լեզվաբանները ո՞նց են որոշում, թե ինչն է ճիշտ, ինչը` սխալ:
Քվեարկելով կամ հեղինակությունների կարծիքներին հենվելով:
Հանգուցյալ ակադեմիկոս Գևորգ Բեգլարի Ջահուկյանն ինձ մի անգամ ասաց, թե հայոց լեզվի ընդունելության մեր հանձնաժողովները, ամեն քննությունից առաջ (sic!), քվեարկելով են որոշում, թե ուղղագրական կամ կետադրական ո´ր մի կանոնը համարեն ճիշտ:
Սա լավ գիտեն էն դժբախտ ծնողները, ովքեր երբևէ բողոքարկել են հայոց լեզվի քննության արդյունքները, որովհետև շատ է պատահում, որ հանձնաժողովի անդամները նրանց ասեն. ՙՄենք որոշել ենք, որ սա սխալ է, իսկ թե գրքերում ինչ է գրված կարևոր չէ՚:
Հաճախ էլ, իրենց ասածները ՙապացուցելու՚ համար, մեր լեզվաբանները վկա են կանչում եղինակություններին. ասում են, ՙսա ճիշտ է, որովհետև Աճառյա´նն է էսպես ասել, Ջահուկյա´նն է էսպես ասել՚, ևն:
Սա նույնն է, ինչ որ Արիստոտելին կամ Անանիա Շիրակացուն վկայակոչելով` ուզածիդ պես ծռմռես էսօրվա ֆիզիկան, քիմիան ևն:
Պատկերացնո՞ւմ եք, որ ֆիզիկայի հանձնաժողովն էլ քվեարկեր ու որոշեր, որ, օրինակ` Նյուտոնի օրենքները մի երկու շաբաթով ճիշտ չեն, իսկ մաթեմատիկոսներն էլ որոշեին, որ Պյութագորասի թեորեմն է սխալ:
Մեր էսօրվա լեզվաբանները, նույնիսկ քվեարկությամբ, ի վիճակի չեն որոշելու, թե հայերենը քանի՞ հոլովաձև ունի` հինգ թե յոթ:
Ասում են, թե Սովետի օրերին լեզվաբանները դիմել են Կոմունիստական Կուսակցության Կենտրոնական Կոմիտեին, որ սա´ որոշի` հոլովները հի՞նգն են, թե՞ յոթը: Կենտկոմն էլ իբր ասել է. ՙՎեցի վրա բարիշեք, պրծնի էթա՚: Էս փաստը կամ անեկդոտը ծիծաղելի կլիներ, եթե ողբերգական իրականություն չլիներ: Մեր համաշխարհային, փայլուն ազգը՚, 21րդ դարում, հինգից մինչև յոթը հաշվելու ունակություն չունի:
(Հայերենի հոլովաձևերի թվի հարցը լուծել եմ, ու սրա չափազանց կարճ բովանդակությունը, ավելի ճիշտ, սրա արդյունքը, գրել եմ իմ «Թարգմանելու արվեստը» գրքում ու ավելի մանրամասն` «Գարուն» ամսագրում):
Մեր էսօրվա լեզվաբանները բայը գոյականից տարբերելու ոչ մի միջոց չունեն:
Սրանք ասում են. ՙԲայը գործողություն ցույց տվող բառն է՚: Սա իհարկե` սխալ է, որովհետև, եթե սա շրջենք (այսինքն, բառ-ենթակայի ու բառ-ստորոգյալի խմբերի տեղերը փոխենք), մեր լեզվաբանները կրակը կընկնեն, քանզի պարտադիր է, որ սահմանումը շրջելիս` ասելիքը չփոխվի:
Իրոք` շրջենք էս սահմանումը ու ասենք. ՙԳործողություն ցույց տվող բառը բայ է՚: Բայց լիքը գործողություն ցույց տվող բառ կա, օրինակ` ՙհուզմունք, կռիվ, վեճ, պատերազմ, տուրուդմփոց, երկրաշարժ, հրաբուխ, գործողություն, հոսանք, հոսք, պտույտ, շարժում՚ ևն, որ բայ չի:
ՙՏուրուդմփոց՚ բառից էլ լավ գործողություն ցույց տվող բա՞ռ: Երբ ասում ենք. ՙերկրագնդի հավերժական պտույտը՚, մի՞թե ՙպտույտ՚ բառը ՙպտույտ՚ ցույց չի տալիս: Եթե ցույց չի տալիս, բա ի՞նչ է ցույց տալիս: Բայց ախր էս բառերը բայ չեն. բոլորս էլ գիտենք, որ սրանք գոյական են: (Սա Աբեղյանից եմ սովորել, միայն օրինակներն եմ ավելացրել):
Բայի հասկացությունը լեզվաբանության մեջ արմատական է, հիմնական է, կենտրոնական է (ինչպես, օրինակ` ֆունկցիայի սահմանի հասկացությունը մաթեմատիկայում): Հենց բայի հասկացության վրա է հիմնված լեզվի ողջ տեսությունը: Ու եթե սա սխալ է (տեսանք, որ իրոք է´լ սխալ է), ուրեմն, սխալ ու հակագիտական է ողջ տեսությունը:
Գիտեմ, լեզվաբանները կասեն, թե բայի իմ հենց նոր բերած սահմանումը Ղարիբյանինն է, որ իրենք հիմա իբր ճշտել են էդ սահմանումը: Բայց էս առարկությունը ճիշտ չի:
Հա, մեր լեզվաբանները, 1936 թվից սկսած, մանավանդ 1985 թվից հետո (երբ հրատարակվեց Աբեղյանի ասածս գիրքը), ղարիբյանական քերականության անհեթեթ սահմանումները շտկելու հուսահատ փորձեր են անում, բայց սխալը չի վերանում: Ավելանում է միայն բառային ՙաղմուկը՚, իսկ անհեթեթությունն անընդհատ ու անընդհատ խորանում է:
Ու էսօրվա լեզվաբանության ո´ր մի սահմանումին ձեռ տվեցիր (օրինակ, գոյականի, նախադասության, ստորոգելու, ստորոգյալի, ևն), բայի էս ասածս սահմանումի պես փուլ է գալիս, այսինքն, պարզվում է, որ հակասական է, ու չի բավարարում տրամաբանության պահանջներին:
Սրա համար էլ էսօրվա մեր լեզվաբանությունը սքոլաստիկա է, ու սա փաստ է: Սրա´ համար է, որ մեր բոլոր աշակերտները, ուսանողները, ուսուցիչները, գրողներն ու լրագրողները, ու նույնիսկ հենց իրենք` լեզվաբաններն իրենց հոգու խորքում, բոլորն էլ զզվում են էս քերականությունից, ուղղակի ատում են էս քերականությունը: Զզվում են սրանից ու ատում են սա, որովհետև անհնար է, որ էս քերականությունը տրամաբանությամբ հասկանաս:
Սա պիտի միայն անգիր անես, քննությունդ հանձնես ու մոռանաս, որովհետև սա էլ ուրիշ ոչ մի բանի պետք չի: Սա անօգուտ է, անպտուղ է ու ա´նպայման է վնասակար, որովհետև սպանում է մեր մանուկների, պատանիների ու ջահելների մտածողությունը:
(Ես ուսումնասիրել եմ էս անհեթեթ ու վնասակար քերականությունները, որովհետև չէի հավատում, որ 20-21րդ դարերում էս տեսակ արտառոց բան լինի: Ու ես ասածներիս տերն եմ ու գիտական ցանկացած լուրջ քննարկության ժամանակ կապացուցեմ, որ էսօրվա քերականությունը կրկնել ու խորացրել է Ղարիբյանի հակագիտական բոլոր թեզերը):
Լեզվին վերաբերող մեր էսօրվա բոլոր վեճերը, լինեն դրանք ուղղագրության ռեֆորմի մասին, թե` գրական լեզվով խոսելու կամ չխոսելու մասին, կամ էլ` հայոց լեզվի քննական հարցերի կամ շտեմարանների անճոռնի բովանդակության մասին, հոլովաձևերի թվի մասին, լեզուն մաքրելու ու լեզվի տեսչության անհեթեթ գործունեության մասին, թարգմանության` ու մանավանդ թատրոնի ու կինոյի լեզվի ու թարգմանության մասին, ու իհարկե` էսօրվա մեր գրականության վիճակի ու ապագայի մասին, մեր դասագրքերի սարսափելի լեզվի մասին, ևն, ևն, անպտուղ են ու անհեթեթ, ու որևէ ձևով երբևէ չեն լուծվի, քանի դեռ մեր լեզվաբաններն ու գրականագետները ճիշտ ու սխալը ջոկելու գիտական չափանիշ չունեն:
Բոլոր էս վեճերը, համարյա առանց բացառության, անհիմն կարծիքներն են միայն, իսկ կարծիքը երբեք էլ գիտություն չի եղել ու չի էլ լինի: Կարծիքը շատ-շատ դառնա դոգմա կամ կրոն:
ՄԵՐ ԷՍՕՐՎԱ ԼԵԶՎԱԲԱՆՆԵՐԻ ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՄ ԷՍՕՐՎԱ ԼԵԶՎԱԲԱՆՆԵՐԸ Մ. ԱԲԵՂՅԱՆԻ ՄԱՍԻՆ
*********************************
Տգետ անհատների խմբային իմաստնությանը չեմ հավատում:
ԹՈՄԱՍ ԿԱՌԼԱՅԼ
Կեղծ տեսության գովազդի մի միլիգրամի քաշը հավասար է գիտական  գործի մի տոննային:
ՊԻՏԵՐԻ ՊԼԱՑԵԲՈՆ (անվնաս, բայց սուտ դեղը)
********************************
Մանուկ Աբեղյանը 1936 թվի իր երեք օրանոց ելույթի մեջ ապացուցեց նաև, որ Ա Ղարիբյանն ու Գ. Սևակը ՙնենգափոխում են՚ իր, այսինքն, Աբեղյանի գրվածքները:
Աբեղյանի ասածները նենգափոխելու էս ՙավանդույթը՚ շարունակվում է մինչև հիմա էլ (ուղղագրության մասով սա ցույց եմ տվել երկրորդ մասում), բայց խորամանկ ձևով:
Մեր լեզվաբանները Աբեղյանին հիշատակում են իրենց աշխատություններում ու դիսերտացիաներում, բայց երբեք, երբեք չեն ասում, թե Աբեղյանն իրականում ինչ է ասում, չեն ասում, որ Աբեղյանն իրենց քերականությունը համարում էր տգիտություն, իսկ իրենց արածը` ՙկոկոզաբանություն՚ (Աբեղյանի ասածով, էջ 635), ու որ Աբեղյանն ասում էր նաև, որ ՙկոկոզաբանությունը գիտության թշնամին է (նույն տեղը)՚:
Լրիվ հակառակը:
Մեր լեզվաբաններն էսօր մեծագույն երկերեսանությամբ փառաբանում են Աբեղյանին, որ մարդիկ մտածեն, թե հենց իրե´նք են Աբեղյանի գործի շարունակողը: Հա´, էսօրվա մեր լեզվաբանները հենց իրե´նք են խոստովանում, որ Աբեղյանը լրի´վ է ճիշտ, բայց քանի որ ճշմարտությունը կործանարար է իրենց համարյա բոլորի բոլոր գործերի համար ու նաև իրենց տիտղոսների ու կոչումների համար, չեն ասում, որ Աբեղյանի քերականությունը բացարձակ ու լրիվ է ժխտում էսօրվա քերականությունը:
Ահա էդ երկերեսանության մի քանի ապացույցը` Մանուկ Աբեղյանի Հայոց լեզվի տեսությունը գրքի (1965, ՙՄիտք՚) առաջաբանից, ինչը գրել է Երևանի Պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնը (sic!):
ՙ…քերականագիտական իր աշխատություններով (թվարկված են – Մ. Հ.) Աբեղյանը նոր էջեր է բացել հայ լեզվաբանական մտքի պատմության մեջ:…հմուտ հետազոտմամբ` նա գիտականորեն լուսաբանել…է լեզվական օրինաչափություններն ու առանձնահատկությունները` ստեղծելով ներքնապես ամրակուռ (sic!) մի համակարգ՚:
ՙ<Աբեղյանի> ՙԱշխարհաբարի շարահյուսությունը՚ և ՙՀայոց լեզվի տեսությունը՚… տալիս են հայոց լեզվի ամբողջական ու ճշգրիտ (sic!) պատկերը և կազմում են ներդաշնակ ու սերտ միասնություն՚:
ՙ…մեծատաղանդ գիտնականը խորագույնս (sic!) բացահայտել է հայոց լեզվի մեջ իրապես գոյություն ունեցող օրենքներն ու օրինաչափությունները՚:
ՙԱկադեմիկոս Մ. Աբեղյանի աշխատության մեջ, բնականաբար, կան նաև վիճելի, ինչպես նաև հնացած որոշ կետեր, բայց դրանք ամենևին (sic!) չեն նսեմացնում (sic!) նրա գիտական ու ճանաչողական (sic!) բարձր արժեքը: <Աբեղյանի> ՙՀայոց լեզվի տեսությունը՚ եղել է և մնում է (sic!) իբրև հայոց լեզվի ուսումնասիրության մի լավագույն (sic!) ձեռնարկ ու ուղեցույց՚:
ՙՄ. Աբեղյանի ՙԱշխարհաբարի քերականությունը՚ (1912 – Մ. Հ.) ժամանակին բարձր է գնահատել աշխարհահռչակ գիտնական Անտուան Մեյեն, նշելով, որ սա ՙանտարակույս (sic!) լավագույնն է, որ երբևէ գրվել է հայերենի վերաբերյալ: Սա իսկական գիտական աշխատություն է (թեև գրվել է որպես դպրոցի դասագիրք – Մ. Հ.): Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրվում են ժամանակակից հայերենով, պետք է անպայման ուսումնասիրեն էս գիրքը՚՚:
(Պիտի ուսումնասիրեն բոլորը, բացի հայերի՞ց, որովհետև էսօրվա հայկական դպրոցներում ու համալսարաններում սա ոչ միայն չեն ուսումնասիրում, այլև եթե աշակերտը կամ ուսանողն Աբեղյանի ասածները հետեվողական շարադրի, անպայման ՙերկու՚ կստանա:
(ՙԵրկու՚ կստանա, եթե պատմի Աբեղյանի ՙներքնապես ամրակուռ (ուրեմն` ճիշտ ու անխոցելի – Մ. Հ.) համակարգը՚ ու ներկայացնի ՙհայոց լեզվի ամբողջական ու ճշգրիտ պատկերը՚, ինչը ՙկազմում է ներդաշնակ ու սերտ միասնություն՚:
(Ընդ որում, երկու կստանա, չնայած այն հանգամանքին, որ Աբեղյանի ՙՀայոց լեզվի տեսությունը՚ ՙեղել է և մնում է իբրև հայոց լեզվի լավագույն ձեռնարկն ու ուղեցույցը՚ (գիտական հետազոտության համար)):
Բայց մեր լեզվաբաններից ոչ մեկը չի ասում, որ Մանուկ Աբեղյանն անառարկելի ապացուցել է, որ օրինակ` հայերենի անորոշ դերբայը բայ չի, ոչ մի տեսակ բայ չի ու բայական ո´չ մի պաշտոն (ֆունկցիա, կիրառություն) չունի:
Աբեղյանն ապացուցել է, որ հայերենի անորոշ դերբայը միայն ու միայն գոյական է, որովհետև ունի գոյականի բոլոր բոլոր հատկությունները, ու չունի բայի բոլոր հատկությունները, բացի բայիմաստից:
Այնինչ, մեր լեզվաբանները, լրիվ հակառակ սրան, պնդում են, թէ հայերենի անորոշ դերբայն անդեմ բայ է:
Հայերենի համար անդեմ բայը նույնն է, ինչպես ՙկաթնասուն սարդը՚:
Մեր էսօրվա քերականությունների հակասությունները մնում են, որովհետև մեր քերականները երբեք (հիմնավոր ու տրամաբանության պահանջներին համաձայն) չեն ասում, թե հայերեն լեզվի մեջ ի´նչ է ստորոգելը, ստորոգյալն ու բայը:
Էս ՙնորագույն՚ շարադրանքների բառային աղմուկն ու սքոլաստիկան ուղղակի ահավոր է ու դժոխային: Ու էս քերականությունները ոչ մի բանի պետք չեն, բացի դիսերտացիա պաշտպանելուց ու մեր էրեխեքին երկու նշանակելուց:
Մեր էսօրվա քերականների տեսությունները հորինվում են մասամբ ռուս (երբեմն էլ` եվրոպական) քերականներին կապկելով, բայց նորից ու նորից Մ. Աբեղյանի գործերը ծռմռելով ու աղավաղելով` մինչև զառացանքի աստիճանը (զառացանքի ապացույցը տես հետո):
Ու մեր լեզվաբանները, էս ողբերգական ու խայտառակ խնդիրը թողած, հայրենասերի կեցվածք ընդունելով, անընդհատ ՙպայքարում են» օտար բառերի դեմ` իբր «հանուն հայերենի մաքրության կամ անաղարտության՚ (ինչը հակագիտական ու անհեթեթ է, որովհետև չկա, չի եղել ու չի էլ լինի մաքուր կամ անաղարտ լեզու), բայց համարյա երբեք չեն պայքարում օտար քերականության դեմ:
Կամ էլ, վերը շարադրածիս պես, քափ ու քրտինք մտած, վիճում են ուղղագրական ռեֆորմի մասին, բայց այս վեճը միշտ էլ մակերեսային է, ու փաստերն էլ աղավաղ (ինչի մասին մանրամասն պատմել եմ նախորդ գլխում):
Ի՞նչու: Որ ցույց տան, թե իբր իրոք մի կարևոր ու ազգանվեր գործ են անում: Թէ որ սա չի երկերեսանությունը, բա էլ ո՞րն է:
Հիմա Ձե´զ եմ դիմում, պարոնայք լեզվաբաններ ու գրականագետներ ու հայագետներ: Դիմում եմ մեր Ակադեմիային, ու Կրթության ու գիտության նախարարությանը, Լեզվի տեսչությանն ու հայոց լեզվի մեր բոլոր ամբիոններին ու մեր բոլոր համալսարաններին, դիմում եմ Աճառյանի անվան Հայոց լեզվի ինստիտուտին ու Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտին.
Ինչո՞ւ եք լռում: Ինչո՞ւ չեք պատասխանում Մանուկ Աբեղյանի ՙՄի քանի քերականական խնդիրների մասին՚ գործի սպանիչ քննադատությանը: Ու եթե դո´ւք չեք պատասխանում, բա էլ ինչի՞ համար եք:
«Չորրորդ իշխանություն» ապրիլի 18ի ու 21ի համարները, 2006, Երևան:
***
Հաջորդ հոդվածը, որ առաջինի օրգանական շարունակությունն է (ինչպես ընթերցողն ինքն է´լ կտեսնի) ՉԻ-ն չտպեց: Ավելի ճիշտ, տպեց սրա միայն առաջին վերնագիրը` ՙԻ՞նչ էի ասել կամ ՙփայլո՞ւն՚ ազգ ենք՚: Հետագայում սա թեթևակի փոխեցի ու տպեցի ՙԱռավոտ՚ օրաթերթի 2009 թվի օգոստոսի 26ի ու 27 ի համարներում, հետևյալ վերնագրով. ՙԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻՇՏ ԱՆԱՐԴԱՐ՚:
Էս հոդվածն էլ, իհարկե, մնաց անպատասխան, ու սրան չարձագանքեցին ո´չ հնամոլները, ոչ է´լ որևէ մեկը: Էս հոդվածի ՙԱռավոտում՚ տպած տարբերակի սկիզբն ու մի քանի կարևոր միտք դրել եմ ներքևի շարադրանքի վերջը:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ
Լուսանկարում՝ Մերուժան Հարությունյանը
Լուսանկարում՝ Մերուժան Հարությունյանը

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն