Հայագիտության ամենաողբերգական ու խայտառակ էջը. հատված 1-ին

Հայագիտության ամենաողբերգական ու խայտառակ էջը. հատված 1-ին

1526
Կիսվել
Մերուժան Հարությունյանի «ԿՈՄԻՏԱՍԻ ՈՒ ԱԲԵՂՅԱՆԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՈՒ ՄԵՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ» գրքից
ՀԱՏՎԱԾ 1-ԻՆ
*************************************************
Չ ո ր ր ո ր դ    մ ա ս ը
ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՈՒ ԽԱՅՏԱՌԱԿ ԷՋԸ – 1
(Ճշմարտությունը հայերենի էսօրվա քերականության մասին, կամ հայ ազգի ողբերգություններից երրորդը)
 ******************************
 Մարդ արարածը խորամանկությունը գերադասում է խելքից:
ՄԻԹՐԱԺԱՆԱՅԻ ՕՐԵՆՔԸ
*******************************************************
Նախորդ գլխում ասել եմ, որ հնամոլները երբեք ու երբեք լուրջ խնդիրներից չեն խոսում, եթե նույնիսկ դրանք չափազանց կարևոր ու հրատապ են: Չեն խոսում, որովհետև դրանցից խոսելու համար լուրջ գիտելիք է պետք: Մեր հայ երգի ու երգապարի ողբերգական խնդրից հետո թերևս երկրորդ կարևորագույնն ու հրատապը էսօրվա հայերենի քերականության խնդիրն է: (Գուցե սա հենց առաջինն է, որովհետև մեր երգ ու պարի կորուստը, շատ հնարավոր է, որ անդառնալի է): Էս ներքևի հոդվածը տպել եմ ՙՉորրորդ իշխանություն՚ (= ՉԻ) թերթում, 2006 թվի ապրիլի 18ի ու 21ի համարներում: (Ուրիշ թերթ չտպեց, բանասիրական հանդեսների մասին էլ չեմ ասում: Սրանք իմ գրածները, առհասարակ, չեն տպում): Բերում եմ էդ հոդվածը, համարյա առանց փոխելու (մի երկու աննշան բան եմ կրճատել, մի երկու հնացած թվական եմ փոխել, ու մի երկու ոճական բան էլ ավելացրել եմ):
             ԱՆԵԿԴՈ՞Տ, ԹԵ՞ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 
Խավարամոլության պահպանվելու երկրորդ օրենքը
Մաքս Պլանկը (18581947), ով Գեորգ Կանտորի ազգակից ու քվանտային ‎ֆիզիկայի հիմնադիրն է, Կանտորի ասածից ավելի թունդ բան է ասում.
ՙԻսկական գիտական տեսությունը ոչ թե է´ն պատճառով է հաղթում, որ դրա հակառակորդները համոզվում են, որ հենց է´դ տեսությունն է ճիշտ ու լուսավորվում են, այլ միայն է´ն պատճառով, որ էդ հակառակորդները կամացկամաց մեռնում վերանում են, իսկ նոր սերունդն էդ տեսությունը (բառացի) մոր կաթի հետ է յուրացնում՚:
**************************
Սրանից մի 20-30 տարի առաջ, Սովետի օրերին, մի անեկդոտ կար: Անեկդոտն ասում էր, թե մի հայ մարդ գալիս է Միջին Ասիայի խուլ գյուղերից մեկն ու ասում, որ ինքը անգլերենի ուսուցիչ է, բայց էս մարդն անգլերեն մի բառ անգամ չի իմանում: Էս գյուղում էլ անգլերեն իմացող չի լինում, ու գյուղի դպրոցի դիրեկտորն էս հային վերցնում է իրենց դպրոցի անգլերենի ուսուցիչ: Հայն էլ, տասը տարի շարունակ, դպրոցի աշակերտներին անգլերենի տեղը հայերեն է սովորեցնում: Էս խարդախությունը բացվում է էն ժամանակ միայն, երբ էս դպրոցն ավարտողներից մեկը գնում է մայրաքաղաք ու համալսարանում անգլերենի քննություն է տալիս: Ես չգիտեմ, թե էս անեկդոտն ինչքան է ճիշտ (ասում են, որ սա իրոք է եղել), բայց ես էս անեկդոտը հիշեցրի, որ ընթերցողին մի հարց տամ: Ի՞նչ եք կարծում« հնարավո՞ր է, որ էս տեսակ մի բան Հայաստանո´ւմ լինի: Իհարկե, ընթերցողը կասի՝ չէ: Բայց հարցս շարունակում եմ:Հնարավո՞ր է, որ մայրաքաղաք Երևանո´ւմ լինի էս տեսակ բան: Ընթերցողը, անկասկած, կասի՝ չէ: Բայց մի հարց էլ եմ տալիս: Հնարավո՞ր է, որ սա լինի Երևանի Պետական Համալսարանում:Ընթերցողն էլի կասի` չէ, երբեք, ոչ մի անգամ, բնավ ևն: Ու կսխալվի: Չարաչար կսխալվի: Էս անեկդոտից շատ ու շատ ավելի մի խայտառակ բան կա´ ու գոյություն ունի ողջ Հայաստանում, թե´ բոլորբոլոր դպրոցներում ու համալսարաններում, թե´ ամեն տեղ, ու արդեն՝ 82 երկար ու ձիգ տարի:
Արդեն 82 տարի է, ինչ հայերն ունեն երկու քերականություն (ուրեմն՝ նաև երկու լեզվաբանություն), ու էս երկու քերականությունը լրիվ իրար հակառակ են, իրար լրի´վ են հակասում, իրար ուղղակի ջնջում են, իրար սպանում են: Ու եթե սրանցից մեկն ընդունես, այսինքն, համարես ճիշտ, ուզես՝ չուզես, մյուսը պիտի համարես սխալ:Բայց անհավատալին հենց է´ն հանգամանքն է, որ էսօրվա հայ լեզվաբանները, իմանալով, որ սրանցից մեկը սխալ է, անհեթեթ է, հակագիտական է, էս երկու քերականությունն էլ հայտարարում են ճիշտ:
Ու մեր լեզվաբաններն էս երկու իրար հակասող քերականությունից ընտրել են հենց սխալ, անհեթեթ, անտրամաբանական ու հակագիտական քերականությունն ու 82 տարի է, ինչ սա´ են սովորում ու սովորեցնում, ՙուսումնասիրում ու հետազոտում՚: Բայց, վերի անեկդոտին հակառակ, արդեն 82 տարի է, ինչ էս խայտառակությունը չի բացվում:
Էս սխալ քերականությունը հորինվեց 1934 թվին: Հորինողը Արարատ Ղարիբյանն էր: Իսկ 1936ին Աբեղյանն անառարկելի ապացուցեց, որ Ղարիբյանի էս քերականությունը տգիտություն է, ապացուցեց Ղարիբյանի ու էն օրերի բոլոր հայագետների ներկայությամբ, ու դրանցից ոչ մեկը ծպտուն չհանեց:
Մյուսը, գիտական ու ճշմարիտ քերականությունը, Մանուկ Աբեղյանինն է, ինչը շարադրված է, օրինակ՝ Աբեղյանի Հայոց լեզվի տեսության մեջ, ու գործում էր 1906 թվից մինչև 1934ը, կամ 1936ը:
Ի՞ՆՉ ԳԻՏԵՆՔ, ՈՐ ԱԲԵՂՅԱՆԻ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԻՇՏ Է, ԻՍԿ ՂԱՐԻԲՅԱՆԻՆԸ` ՍԽԱԼ
 Ջրափոսի խորությունը երբեք չես իմանա, մինչև ոտդ չդնես մեջը:
ՄԻԼԼԵՐԻ ՕՐԵՆՔԸ
****************************
Ասել եմ արդեն, որ 1931 թվին Մանուկ Աբեղյանը հեռացավ Համալսարանից, որովհետև մի անասելի հալածանք էր սկսվել իր դեմ: Ու ոչ միայն համալսարանից հեռացավ, այլև մոտ մի 50 տարի դասավանդելուց հետո, ստիպված, դասավանդելը թողեց:
Հալածողները ջահել ՙլեզվաբաններն՚ էին՝ Արարատ Ղարիբյանն ու Գուրգեն Սևակը, ովքեր իրենց պես ՙլեզվաբաններով՚ բանակ կազմած` հարձակվել էին Աբեղյանի քերականության ու գրականագիտության վրա:
Արարատ Ղարիբյանը Աճառյանի ասպիրանտն էր, Գուրգեն Սևակը՝ Ղափանցյանի: Ու սրանք, անընդհատ ու ամեն տեղ, ժողով էին անում ու թերթերում էլ անընդհատ հոդված էին տպում, հայտարարելով, թե ՙԱբեղյանի քերականությունը բուրժուական է, մախիստական է, իդեալիստական է, հակադիալեկտիկական է, մետաֆիզիկական է, իմպերիալիստական է, ”բերկլինականէ (սխալն իրենցն է  Մ. Հ.), ֆորմալիստական է՚ ևն, ևն: Էս ջահել ասպիրանտների պրոֆեսորները լռում էին: Ժողովներն ու հոդվածները ոչ միայն Հայաստանում էին, այլև Թիֆլիսում ու նույնիսկ Բաքվում: Էս ասպիրանտները պահանջում էին, որ Աբեղյանը հրաժարվի իր քերականությունից ու գրականագիտությունից ու ՙմեղա գա, ուղղվի՚Աբեղյանն առարկելու ոչ մի հնարավորություն չուներ: Աբեղյանին ձայն չէին տալիս, ու նրա գրած պատասխանները ոչ մի անգամ չէին հրատարակում, նույնիսկ երբ դիմում էր հանրապետության ազդեցիկ դեմքերին: Ու Աբեղյանը, ինչպես ասվել է, հասկացավ, որ էս ջահելները համալսարանում իրեն օր ու արև չեն տա, հասկացավ, որ եթե մնա Համալսարանում, իր վերջը երևի աքսորը կամ գնդակահարությունը լինի, ինչն էն ստալինյան մղձավանջային օրերին սովորական բան էր, ու թքեց ու համալսարանից թողեց գնաց: Արարատ Ղարիբյանը, ով հայտարարում էր, թե ինքը պիտի գրի հայերեն լեզվի նոր, ՙդասակարգային, պրոլետարական քերականությունը՚, 1934 թվին հրատարակեց իր էս ՙդասակարգային, պրոլետարական քերականության՚ գիրքըԳրքի որակի մասին քիչ հետո կասվի, բայց նշեմ, որ ԷՍՕՐՎԱ ՄԵՐ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԲՈԼՈՐՆ ԷԼ ԱՆԽՏԻՐ՝ ՂԱՐԻԲՅԱՆԻ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՌԱՆԳՆԵՐՆ ԵՆ, ու Ղարիբյանի քերականությունից տարբերվում են միայն սխալների ավելի մեծ քանակով ու ՙբառային ահավոր աղմուկով՚Ի վերջո, ստեղծված գիտական ու սրա հետ կապված հասարակական շփոթը վերացնելու համար, Աբեղյանը, 1936 թվին, գրում է «Մի քանի քերականական խնդիրների մասին» 144 էջանոց իր փայլուն աշխատությունը: Հայաստանի լուսժողկոմատը (էն օրերի Կրթության ու գիտության նախարարությունը) Աբեղյանի էս գործը դնում է հրապարակային քննության: Հայաստանի էն օրերի բոլոր նշանավոր լեզվաբաններով, Աբեղյանի քննադատներով ու չսիրողներով, գրողներով, լրագրողներով ու ուրիշ մտավորականներով լեփլեցուն դահլիճում, երեք օր շարունակ, Աբեղյանը կարդում է իր էս գիրքը՝ որպես զեկույց:
Էս երեք օրվա ընթացքում դահլիճում ոչ ոք ոչ մի ծպտուն չի հանում, միայն մի անգամ Աճառյանը տեղից ասում է, թե ՙընդհանուր քերականության մեջ այդպես չէ՚, բայց Աբեղյանը գլուխը բարձրացնում է ու կտրուկ շպրտում. ՙԸնդհանուր քերականություն չկա աշխարհում. քերականությունը միշտ եզակի է՚: Ու վերջ, ոչ մի առարկություն: Ծպտուն չի հանում նաև Արարատ Ղարիբյանը, նույնիսկ երբ Աբեղյանն ասում է, որ սրա ՙքերականության գիրքը գրել է քերականորեն տգետ մի մարդ՚Աբեղյանն իր էս ելույթի մեջ Ղարիբյանի քերականության քարը քարի վրա չի թողնում ու անառարկելի ապացուցում է, որ էս քերականությունն անհեթեթ է ու հակասական, լի է տգիտությամբ ու չի բավարարում տրամաբանության ու գիտության տարրական պահանջներին:
Աբեղյանի էս վերլուծությունը, Աբեղյանի փաստարկներն ու բոլոր դրույթները, գիտական ու տեսական առումով էնքա´ն խորն էին ու էնքա´ն լուրջ էին հիմնավորված, որ նրա ելույթից հետո ոչ ոք, ոչ մեկը՝ մի բառ անգամ չի առարկում, չնայած նախագահողը, էն օրերի լուսժողկոմը (այսինքն` նախարար Ա. Եղիազարյանը) երկար ժամանակ հորդորում է, որ ելույթ ունենան ու մի բան ասեն: Ու էն մարդիկ, ովքեր վերջին հինգը երկար ու ձիգ տարին փնովում ու հայհոյում էին Աբեղյանի քերականությունը, ծպտուն չեն հանում, չեն առարկում:
Աբեղյանն իր էս ելույթով պաշտպանեց իր քերականությունը, հայոց լեզվի ի´ր տեսությունը, ու քանի որ էս ելույթին (հիմնավորված, գիտական մեթոդով) առարկող չի եղել, թե´ էն օրերին, թե´ դրանից հետո՝ մինչև էսօր, ուրեմն, մեր էսօրվա բոլոր լեզվաբանները, ուզեն՝ թե´ չուզեն, պիտի ընդունեն, որ Աբեղյանի քերականությունը ճիշտ է, իսկ ղարիբյանական բոլոր-բոլոր քերականությունները, ուրեմն, նաև ՄԵՐ ԷՍՕՐՎԱ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՍԽԱԼ ԵՆ, ԱՆՀԵԹԵԹ, ՀԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՈՒ ՀԱԿԱՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ:
Ասել եմ արդեն, որ Աբեղյանի 1936 թվի էս զեկույցից հետո, ինչքան էլ էսօր տարօրինակ թվա, հաղթեցին ՙասպիրանտները՚, Ա. Ղարիբյանը, Գ. Սևակն ու իրենց համախոհները: Հաղթանակը կատարյալ էր ու բացարձակ: Ու չնայած Աբեղյանի համառ պնդումներին՝ Աբեղյանի էս գործը չհրատարակեցին, ու ժողովրդից թաքուն պահեցին՝ մինչև 1985 թիվը, այսինքն՝ 51 տարի: Զեկույցը հրատարակվեց Աբեղյանի մահից 41 տարի հետո միայն:
Մանուկ Աբեղյանը մահացավ 1944 թվին: Ո՞վ իմանա, ինչքան դառնացած է հեռացել կյանքից Աբեղյանը, է´ն մարդը, ով իր ողջ կյանքն անմնացորդ նվիրել էր հայոց լեզվին ու հայագիտությանն առհասարակ:
Աբեղյանին նույնիսկ մեկ-երկու ասպիրանտ չտվեցին, որ հայոց լեզվի տեսության գոնե մեկ-երկու մասնագետ պատրաստեր: Ու հայ պաշտոնական լեզվաբանության մեջ ոչ մեկը Աբեղյանի հետևորդը չի, ոչ մեկը, չնայած Աբեղյանն անառարկելի է ապացուցել, որ իր քերականությունը ճիշտ է, իսկ Ղարիբյանինը սխալ:
Մինչև էսօր էլ ոչ մի լուրջ, գիտությամբ հիմնավորված առարկություն չկա: Կան միայն մերկապարանոց հայտարարություններ, թե ՙԱբեղյանն ուրիշ կարծիք ունի՚, թե ՙԱբեղյանի որոշ տեսակետները հնացած են՚, բայց ոչ միայն երբեք չեն ասում ի՞նչ է էդ ուրիշ կարծիքը, կամ ինչո՞ւ է դա հնացած, այլև դա թաքցնում են ժողովրդից:
 Էս պատմությունը հայ լեզվաբանության պատմության, ու առհասարակ, հայ գիտության պատմության ամենաողբերգական ու ամենախայտառակ էջն է: Ու սա ողբերգական ու խայտառակ էլ կմնա, քանի ճշմարտությունը թաքցնում են մեր աշակերտներից ու ուսանողներից, մեր մտավորականներից ու մեր ողջ ժողովրդից, ու քանի հայ ժողովուրդը հակագիտակա´ն քերականությունն է համարում գիտական, ու սա´ է սովորեցնում իր մանուկներին ու պատանիներին:
Ի՞նչ է ասել մեր ԳԱԱ լեզվաբանության ինստիտուտը: Ի՞նչ է ասել ԳԱԱ գրականության ինստիտուտը, ինչը, իմիջիայլոց, կրում է Մանուկ Աբեղյանի անունը: Ի՞նչ է ասել մեր Լուսավորության կամ Կրթության ու գիտության նախարարությունը, ի՞նչ է ասել Լեզվի տեսչությունը (ոստիկանությո՞ւնը):
Ի՞նչ է ասում Երևանի պետական համալսարանն ու ի՞նչ է ասում մեր էսօրվա մոտ 60 համալսարանը, ի՞նչ է ասում հայոց լեզվի ու գրականության 100ից ավել ամբիոնը՝ գիտության իրենց բազում թեկնածուով, դոկտոր-պրոֆեսորով ու ակադեմիկոսով: Սրանք ինչո՞ւ ծպտուն չեն հանում: Մի՞թե սրանց համար մեկ է՝ հայ ժողովուրդը գիտությա՞մբ կկրթվի, թե՞ տգիտությամբ:
Սրանք իրավունք չունեն ասելու, թե իրենք տեղյակ չեն էս պատմությունից, որովհետև Աբեղյանի զեկույցը հրատարակվել է 1985 թվին, Աբեղյանի երկերի ՙԸ՚ հատորի մեջ, ու իմ շարադրած փաստերն է´դ գրքից են:  Ով չի հավատում, թող վերցնի կարդա ու տեսնի, ճի՞շտ եմ ասում, թե՞ չէ:
Ուրեմն՝ արդեն առնվազն 31 տարի է, ինչ մեր լեզվաբաններն ու ասածս հիմնարկները գիտեն, որ մեր քերականությունը հակագիտական է ու վնասակար:
Բա ինչո՞ւ են լռում:
Շարունակելի

Մերուժան Հարությունյան

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն