Հայագիտության ամենաողբերգական ու խայտառակ էջը. հատված 3-րդ

Հայագիտության ամենաողբերգական ու խայտառակ էջը. հատված 3-րդ

1743
Կիսվել
ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՈՒ ԽԱՅՏԱՌԱԿ ԷՋԸ – 2 (հատված Մերուժան Հարությունյանի «Կոմիտասի և Աբեղյանի անձնական ու մեր ընդհանուր ողբերգությունը» գրքից)
Խավարամոլության պահպանվելու երրորդ օրենքը

*******

Ավստրիացի տնտեսագետ ու իրավագետ, պրաքսեոլոգիայի հիմնադիր` Լյուդվիգ ‎ֆոն Միզեսը (ով համարվում է մեր քաղաքակրթության մեծագույն փիլիսոփաներից մեկը, ու ով մարդկության թերևս ամենախոշոր մտածողի` Ֆրիդրիխ Ավգուստ ‎ֆոն Հայեկի ուսուցիչն է) իր Anticapitalistic Mentality գրքում ասում է.
«Մտածելու ունակություն ունեցող մարդու ու էդ ունակությունից զուրկ մարդու արանքը անանցանելի անդունդ կա»:
*****
Ի՞ՆՉ ԷԻ ԱՍԵԼ, ԿԱՄ «ՓԱՅԼՈ՞ՒՆ» ԱԶԳ ԵՆՔ
********************
Տգետ ու հարատև կեղծարարը անընդհատ փառաբանում է ճշմարտությունը:
ՄԻԹՐԱԺԱՆԱՅԻ ՕՐԵՆՔԻ 4-ՐԴ ՀԵՏևԱՆՔԸ
*****
–    Ամեն սև բան Օթելլո չի, տղա´ս:
(ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆԸ` ՖՐՈՒՆԶԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ,
երբ վերջինն ասել է, որ ինքն է´լ է ուզում Օթելլո խաղա):

***************

Մամուլում էս հոդվածին ոչ մի պատասխան չեղավ, չնայած հոդվածի ասելիքը, ինչպես ընթերցողն ինքն է´լ է տեսնում, արտակարգ սկանդալային էր, թե´ հայագիտության, թե´ մեր կրթական-գիտական համակարգի մի զգալի մասի համար: Սկանդալային էր հոդվածի հենց վերնագիրն ու մանավանդ դրանից հետո գրված հայտարարությունը.
«Մեծանուն լեզվաբան Մանուկ Աբեղյանը, 1936 թվին, ապացուցել է, որ հայերենի էսօրվա քերականությունը սխալ է ու հակագիտական: Էս սխալ ու հակագիտական քերականությունը հայերը սովորում են ամենաքիչը` 70 տարի»:
Հոդվածով դիմել էի մեր բոլոր լեզվաբաններին, գրականագետներին, հայագետներին, մեր ակադեմիային, Գիտության ու կրթության նախարարությանը, Լեզվի տեսչությանը, հայոց լեզվի բոլոր ամբիոններին ու մեր բոլոր համալսարաններին, Հրաչյա Աճառյանի անվան Հայոց լեզվի ինստիտուտին ու Մանուկ Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտին: Կրկնում եմ, սրանցից ոչ մեկը (հրապարակով ու հենց ինձ) ոչ մի պատասխան չտվեց ու չի տվել մինչև հիմա:
(Էս լռությունն ինձ չզարմացրեց, որովհետև փորձ ունեի:
(Սրանից առաջ, 2005 թվի աշնանը,«Նոր աշխարհ» ամսագրի 1(6) համարում 33 էջանոց մի սկանդալային հոդված է´լ էի հրապարակել` «Արտեմիզմն ու հայ պոեզիայի ողբերգությունը» վերնագրով, ինչին էլ ոչ ոք չարձագանքեց:
(Տարօրինակ էր ու ցավալի, բայց  մեր բազում թերթ ու ամսագրի ժուռնալիստներից ոչ մեկը չարձագանքեց էս երկու հոդվածին, թեև դրանք բոլորն էլ, տեղն էկած տեղը, կուրծք ծեծելով հայտարարում են, թե հույժ շահագրգիռ են հայ գիտությամբ, արվեստով ու մշակույթով, ու ահավոր հաճույքով են տպում մեր հնամոլների«խեղագրությունները», միայն թե դրանք հայագովություն լինեն):
Ուրեմն,«ՉԻ»-ի համարներում տպված հոդվածի հիմնական թեզերը սրանք էին:
  1. Էսօրվա հայերենն ունի երկու քերականություն` Մանուկ Աբեղյանի քերականությունը, ինչը շարադրված է Աբեղյանի «Հայոց լեզվի տեսությունը» գործի մեջ, ու Արարատ Ղարիբյանի ու Գուրգեն Սևակի ու սրանց հետևորդների հորինած հետաբեղյանական` ղարիբյանական քերականությունները, ու սա փաստ է, իրականություն է:
Փաստ է նաև, որ Մ. Աբեղյանի քերականությունն ու ղարիբյանական քերականություններն էնքա´ն են հակասում իրար, որ իրար բացառում են:
  1. Հոդվածում գրել էի, թե ՀԱՅԵՐԵՆԻ ՄԵՐ ԷՍՕՐՎԱ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՉԻ, ՈՐՈՎՀԵՏև ԼԵԶՎԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԻՐ ԱՍԱԾՆԵՐԻ ՃԻՇՏ ՈՒ ՍԽԱԼԸ ՋՈԿԵԼՈՒ ՈՉ ՄԻ ԳԻՏԱԿԱՆ, ՕԲՅԵԿՏԻՎ, ՄԱՐԴՈՒՑ ԱՆԿԱԽ ՉԱՓԱՆԻՇ ՉՈՒՆԻ:
Ու սրան ավելացրել էի, որ թե էդ չափանիշը կա, թող լեզվաբաններն ասեն:
Իմ էս հայտարարությունն ապացուցել էի, նշելով մեր երկու (աբեղյանական ու ղարիբյանական) քերականության գոյությունը (նույնիսկ ամենաբծախնդիր մաթեմատիկոսը չի ասի, թե սա ապացույց չի): Չէ՞ որ սրանք լրի´վ են իրարամերժ, լրի´վ են` ժխտում իրար:
Բայց մեր էսօրվա լեզվաբանները չգիտեն, թե սրանից ո´րն է ճիշտը, ո´րն է սխալը, որովհետև ասում են, թե էս երկուսն է´լ ճիշտ են:
  1. Ասել էի նաև, որ մեր էսօրվա լեզվաբանները իրենց ասածների ճիշտ ու սխալը կա´մ քվեարկելով են որոշում, կա´մ հեղինակություններին վկա կանչելով: Ավելացրել էի, որ շատ հաճախ էլ` մերակապարանոց հայտարարություններովմենք կարծում ենք, որ…, մեր կարծիքով էսինչը ճիշտ չէ…, ևն»):
Ու մի քանի օրինակ էի բերել, որ ցույց տամ մեր լեզվաբանության գիտություն չլինելը:
Առաջինը, որ մեր լեզվաբանները մինչև հիմա զորություն չունեն գիտական մեթոդով որոշելու, թե հայերենը քանի հոլով ունի` հինգ, վեց, թե յոթ:
Երկրորդը` բայի սահմանումն էր. Աբեղյանն ասում է, թե բայ է այն բառը, ինչը միաժամանակ ունի դեմքի, թվի ու ժամանակի գաղափարը, ուրեմն, նաև իր իմաստը վերագրում է (ստորոգում է) իր իսկ դեմքին, նշելով թիվն ու ժամանակը:
Մեր քերականներն ասում են, թե «բայը գործողություն կամ լինելություն ցույց տվող բառն է»: Հետո ասել էի, որ սա սխալ է, որովհետև էս սահմանումը շրջելի չի:
Եթե բայի էս ղարիբյանական սահմանումը շրջենք ու ասենք, թե «գործողություն կամ լինելություն ցույց տվող բառը բայ է», կրակը կընկնենք, քանզի լիքը գործողություն կամ լինելություն ցույց տվող բառ կա, որ բայ չի: Օրինակ, «հուզմունք, կռիվ, վեճ, պատերազմ, տուրուդմփոց, երկրաշարժ, հրաբուխ, գործողություն, հոսանք, պտույտ, շարժում, վազող, շարժվոր, գործող, նստած, պառկած, սատկած» ևն:
Մի քանի բան էլ ավելացնեմ, որովհետև գուցե ոմանք առարկեն, թե «սրանք գործողություն չեն ցույց տալիս, այլ երևույթ կամ էլ` ինչոր մի ուրիշ բան»: Բայց էս առարկությունն ու սրա պեսերը զուտ էսենցիալիստական են ու սնանկ:
Թող որևէ մեկը ցույց տա «վազք» ու «վազել» բառերի «իմաստային, փիլիսոփայական» տարբերությունը, եթե կարող է: Մենք սրանք գործածում ենք լրիվ համարժեք ձևով: Ահա օրինակները` զույգերով. «Վազքը լավ բան է, վազելը լավ բան է: Սա վազք չի, սա վազել չի: Վազքի ընթացքում, վազելու ընթացքում: Վազքից առաջ, վազելուց առաջ: Վազքով առա´ջ, վազելով առա´ջ» ևն:
Դե թող մեկնումեկն ապացուցի, որ սրանցից առաջինների մեջ վազքը երևույթ կամ մի ուրիշ բան է, իսկ երկրորդների վազելը` գործողություն):
(Դե թող մեր լեզվաբաններն ասեն, որ «կատուս սատկած է» նախադասությունը ցույց է տալիս «սատկած կատվի գործողությունը» կամ «սատկած կատվի լինելիությունը»):
Ասել էի նաև, որ մեր ղարիբյանական լեզվաբանները մոտ 70 տարի է, ինչ անընդհատ «կարկատում» ուղղում են էս ղարիբյանական քերականությունները, բայց սրանց կարկատանները միայն խորացնում ու շատացնում են էդ քերականությունների սխալներն ու հակասությունները ու մեր լեզվաբանությունը դարձնում են մի իսկական մղձավանջ:
Հոդվածի չորորդ կետում ասել էի, որ Աբեղյանը պնդում է, թե անորոշ դերբայը հայերենում միայն ու միայն գոյական է (ինչն ապացուցվում է փակագծերի մեջ վերը բերածս օրինակներով. էդ օրինակներից երևում է, որ վազել բառը գոյական է, որովհետև լրիվ փոխարինում է վազքին:
Իրոք, վազել բառն էդ օրինակներում ունի չորս հոլովաձև` վազելը, վազելու, վազելուց, վազելով, դառնում է բառ-ենթակա ու բառ-ստորոգյալ ևն), ու «հայերենում բայական ոչ մի ֆունկցիա  չունի»(Մ. Աբեղյան, Երկեր, Ը հատոր, էջ 538, տես նաև էջ 537541, 1985 ՀՍՍՀ ԳԱ Հրատ.):
Այնինչ` ղարիբյանական քերականությունները բոլորն էլ միաբերան պնդում են, թե հայերենի անորոշ դերբայը «անդեմ բայ է»:
Ըստ էության, իմ էս հոդվածն էնքան էլ ինքնուրույն չէր, է´ն իմաստով, որ ես ընդամենն ասում էի. «Աբեղյանի ասածներին ի՞նչ եք ասում: Դուք Աբեղյանին գովում ու երկինք եք հասցնում, բա Աբեղյանի քերականությունն ինչո՞ւ եք դեն շպրտել: Պատասխա´ն տվեք»:
Ուրեմն, իմ էս հոդվածում ե´ս չէի կարևորը, այլ Աբեղյա´նը: Ի´մ ասածները չէին կարևորը, այլ Աբեղյանի´նը:
Աբեղյանն ուրիշ շատ ու շատ բան էլ է ասել (ասել է գիտության մեթոդներով):
Օրինակ.
Աբեղյանն ասում է, թե հայերեն նախադասության գլխավոր անդամը բայն է, իսկ մնացած բոլոր բառերը (չհաշված կապերն ու ձայնարկությունները) միայն ու միայն բային (կամ իրար) են լրացնում:
Ղարիբյանականներն ասում են, թե նախադասության գլխավոր անդամները ենթական ու ստորոգյալն են:
Աբեղյանն ասում է, թե հայերենում անդեմ նախադասություն չկա, ղարիբյանականներն ասում են, թե կա:
Աբեղյանն ասում է, թե առհասարակ` բայն ու ստորոգյալը նույն բանը չեն, ղարիբյանականներն ասում են, թե նույնն են:
Աբեղյանն ասում է` եթե բայ չկա, ուրեմն նախադասություն էլ չկա, սրանք ասում են, որ կա ու հլը եզրակացնում են, թե իբր հնարավոր է, որ հայերենի բոլոր բառերն ու բառակապակցություններն էլ լինեն նախադասություն:
(Տես, օրինակ, Հրանտ Պետրոսյան, «Հայերենագիտական բառարան», Երևան, «Հայաստան», 1987, կամ ՀԱԱՀ ԳԱ, Պետրոսյան Հ.Զ., Գալստյան Ս.Ա., Ղարագյոզյան Թ. Ա., «Լեզվաբանական բառարան», Երևան, «ՀԱԱՀ ԳԱ», 1975. սրանցից տես` բայ, նախադասություն, ստորոգում, անորոշ դերբայ և այլ հոդվածները: Տես նաև Հայկական հանրագիտարանը):
Աբեղյանն իր էս ասածները, ու հլը հազար ու մի ուրիշ բան էլ հետը, հիմնավորում է գիտական մեթոդով ու տրամաբանությամբ:
Ղարիբյանականները (իրար ցիտելով) միայն մերկապարանոց հայտարարություններ են անում ու անհեթեթ բաներ են ասում. ևն, ևն, ևն:
Ասածներս ստուգելի են, ու ովքեր ինձ չեն հավատում, թող կարդան արդեն մեջ բերածս գրքերը:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ
Լուսանկարում՝ Մերուժան Հարությունյանը
Լուսանկարում՝ Մերուժան Հարությունյանը

 

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն