Գայանե Սիմոնյան. բանաստեղծություններ

Գայանե Սիմոնյան. բանաստեղծություններ

604
Կիսվել
Անթև աշնան մեներգ
Ու լռությունդ սարսափահար մատներս գրկեց,
Որ հետո, շա՜տ հետո ես չլինեի (ինձ չունենայի՜ր)
Որ ներքև ընկներ վերջին ինքնաթիռը,
Իմ հիշողությունների հուշամատյանից սարքված:
Որ առանց քեզ սպասեմ ձմռանը,
Բայց ա՜խր, առանց քեզ ձմեռս ձմեռ չէ,
Ու անգամ ձմռան արևը տանելի չէ:
Պատշգամբին թափված կարոտի փշուրները
Մահի պես ճերմակ սավանի վրա.
…………..Անտե՜ր մնացին…………..
Երբ դու գնացիր,
Եվ ես այլևս ես չեղա,
Չեղա քո սրտի մեջ այնքան,
Որքան որ կայի հրաժեշտիդ մեջ:
Ու յուղաներկով կտավդ մնաց անտեր,
Բնորդը կորավ ուրիշ անտառում,
Ու իմ ձմեռը ինքնասպան եղավ:
Մի ծանոթ Ուրիշի
Սևծով աչքերս էլ լույս չեն քամում,
Հարբեցող կյանքի շուրթերի համից,
Արևդ գնաց… էլ քեզ չեմ պաշտում,
Երգս լռել է… ծնկած կարոտից:
Ու քամում եմ լոկ անցյալից մի շող,
Ձեռագործ սիրո ծիածանից մեծ,
Քարի ու փշի հորձանքից մի դող,
Երբեք չվանվող Աստծուց մեծամեծ:
Թող ծաղկեն դաշտում կարմիր կակաչներ,
Սգան անտառի վիշտը շշուկով,
Թափվեն քնքշաթով, թափառ երազներ,
Ծածկեն մոռացման քաղցր սավանով:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն