«Գալիքի նկատմամբ հավատով. Գուրգեն Խանջյան». էսսե Արայ Զարգարեան

«Գալիքի նկատմամբ հավատով. Գուրգեն Խանջյան». էսսե Արայ Զարգարեան

954
Կիսվել
Մի քանի ամիս էր արդեն, ինչ վարպետին չէի տեսել: Վերջին անգամ ամանորյա տոներից առաջ էի գնացել նրա մոտ, այն էլ չկարողացանք կարգին զրուցել, քանի որ մարդ կար սենյակում: Երկար չմնացի:
Չնայած այն բանին, որ գարուն էր, եղանակը ձմեռային էր: Ցուրտն էր գերակշռում: Ներքին անհանգստություն կար, որ այս անգամ ևս նրա մոտ մարդ կլինի, ու չեմ կարող հանգիստ զրուցել նրա հետ: Գրողների միության շենքը շարունակում էր պահպանել իր վանող էներգիայի գոյությունը: Ներս մտա, ու նորից անտարբերություն: Կարծես ամիսների ընթացքում ոչինչ բացարձակ չէր փոխվել: Քայլեցի այն ուղղությամբ, որին սովոր էին եռանդուն ոտքերս: Ցուրտ էր, ու ձեռքերս կապտավուն էին դարձել: Տեսնես տարեց գրողներն ինչպե՞ս են մնում այս մամռապատ ու խոնավ խցում… Կարծես Երևանի չարենցյան ժամանակաշրջանի ուղղիչ տներից լիներ: Հասա դռների մոտ ու տեսա, որ սենյակում շինարարական աշխատանքներ են տեղի ունենում: Սիրտս սկսեց ծավալով փոքրանալ: Այն դարձավ հազիվ մի մատնաչափ: Թախծոտ աչքերով նայեցի մտքի սենյակին, որը վերանորոգվելու ընթացքում կարծես կորցնում էր իր նախկին ուժը: Ետ շրջվեցի, որ փնտրեմ վարպետին: Այդ ժամանակ դիմացս հայտնվեց մի տղամարդ, ով բանվորներից էր ու կլիներ մոտ երեսուն տարեկան: Փոշոտ շորերի մեջ էր պահպանում իր գոյությունը:
— Գուրգեն Խանջյանի սենյակի տեղը գիտե՞ս,-հարցրի այն վստահությամբ, որ նրա պատասխանը հույս կներշնչի ինձ:
-Ո՞ր Գուրգենի, բանվո՞ր Գուրգենի հետ ես,- պատասխանեց նա իր բանվորական ձայնով:
Տխրեցի ու մի փոքր բարկացա: Հուսահատվեցի: Առանց պատասխանելու շրջանցեցի նրան: Ուրեմն Խանջյանը տանն է , ու սպասում է մինչև ավարտվեն այս աշխատանքները: Հավատը լավ բան է, վստահեք ինձ, ու հավատով ցած նետեք ձեզ կամուրջից: Քայլեցի մյուս կողմ: Հազիվ էի հասել աստիճանների մոտ, երբ նկատեցի Խանջյանական ոտնահետքերի ձայները: Նա էր. աստիճաններից իջնում էր ներքև: Հանդարտ էին քայլերը ու վստահ: Մտածմունքների մեջ էր: Երևի նոր ստեղծագործություն է տեսնում կամ մտածում է կյանքի մասին: Երկու դեպքում էլ գրական վեհ տողեր էին պտտվում նրա գլխուղեղում: Սկզբում չճանաչեց ինձ, քանի որ երկար ժամանակ չէինք հանդիպել, իսկ ես արտաքնապես շատ էի փոխվել: Աստիճանների կողքի սենյակներից մեկում էր հիմա: Ասաց, որ մի քանի օր առաջ է տեղափոխվել: Մտանք ներս ու նորից հարազատ պատը, որտեղ ժամանակակից գրողների նկարներն էին փակցված: Ասաց, որ սպասում է իմ պատմվածքներին, որ տպագրի թերթում: Սկսեցինք զրուցել: Հաճելի ու հավիտենական րոպեներ էին մաշվում: Աչքերիս առաջ պատմական սլաքներն էին քայլում առաջ: Ափսոս, որ ժամացույց չկար: Ներքին հպարտությունը դեմքիս ժպիտ տպագրեց: Սկսեց պատին նոր նկարներ փակցնել: Չեմ հիշում, թե ինչ նկարներ էին, քանի որ ուշադիր հետևում էի նրա ձեռքերի կատարած շարժումներին: Հետո սկսեցինք միասին փնտրել իմ նկարը: Վերջապես գտանք, շատ հին նկար էր, զինվորական համազգեստով էի: Որոշեցինք մյուս անգամ նոր նկարով թարմացնել պատը: Իր նոր գիրքը նվիրեց ինձ : Աչքի պոչով դիտում էի, թե ինչպես է մակագրում: Գրիչը տարիների ուժով ու վստահությամբ էր տեղաշարժվում: Նոր վեպից խոսեցինք: Ասաց, որ մի քանի օր առաջ է վերչակետ դրել ու պատրաստվում է մի քանի ամիս ոչինչ չանել, որ հեռանա վեպից: Երկրորդ անգամ ևս ժպտացի: Սիրում եմ, երբ ժպիտս անկեղծ է լինում: Գնալու ժամանակն էր արդեն: Ժամանակն ինքը որոշեց այդ իրադարձության կատարման ճիշտ պահը: Իսկ եթե սենյակում ժամացույց լիներ… Սեղմեցի նրա ձեռքն ու դուրս եկա: Դուռը կիսաբաց էր, երբ Խանջյանն ասաց, որ կարող եմ իր նվիրած գիրքը և չկարդալ, քանի որ նա չի նեղանա: Ասաց, որ սիրով է նվիրում: Այդ բառերին հաջորդեց նրա բարի ժպիտը: Կյանքում շատ քիչ անգամներ էի տեսել բարության արտաքին պատկեր: Ժպտացի ու փակեցի դուռը: Մնացի դռների ետևում կանգնած: Չէի ցանկանում տեղաշարժվել: Միգուցե նորից ետ գնամ ու փաթաթվեմ նրան, քանի որ շատ փոքր եմ զգում ինձ նրա առաջ ու ուզում եմ ապացուցել, որ ես անպայման կարդալու եմ այդ գիրքը: Մի տեսակ տագնապ կար իմ մեջ, որ հորդառատ անձրևի նման վարար էր: Ոտնաձայներ լսեցի: Կասկածում էի, որ աստիճաններից նոր Խանջյան ներքև կիջնի:
«Նա շարունակում էր նկարները փակցնել»,- մտածեցի ես:
Քայլելու ժամանակն էր, իսկ ոտնաձայներն ուղղակի միֆ էին: Բացեցի գիրքը:
«Արա Զարգարյանին` գալիքի նկատմամբ հավատով։
Բարեկամաբար Գ. Խանջյան»:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածըՀամաշխարհային ճանաչում ունեցող գրողներ, ովքեր չեն ստացել բարձրագույն կրթություն
Հաջորդ հոդվածըԽուլիո Կորտասար | Փոքրիկ դրախտ
Արայ Զարգարեան ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 10-ին Եղվարդ քաղաքում:Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում,ապա 2008 ից մինչև 2012 թվականը Մխիթարեան կրթահամալիրում: Ծառայել է հայոց բանակում: Այժմ սովորում է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում: Ստեղծագործում է, գրում է պատմվածքներֈ Ունի տպագրված մի քանի գործեր: Կայքում զբաղվում է գրական հետաքննության բաժնի ղեկավարմամբ և գրական նորություններով: