ԵՊՀ Ուսանողական խորհուրդը՝ «առաջ գնալու» ու «հանրապետկանացվելու» օջախ

ԵՊՀ Ուսանողական խորհուրդը՝ «առաջ գնալու» ու «հանրապետկանացվելու» օջախ

3409
Կիսվել
Համալսարանական առաջին կուրսեցին, երբ ռոմանտիզմից հրաբորբոք սրտով բարձրանում է այն վեհապանծ աստիճաններով, որոնցով մի ժամանակ խոյացել են աբեղյաններն ու սևակները, հենց սեպտեմբերի 1-ից իրեն դիմավորում են ժպտադեմ ու խորախորհուրդ պատկառանքով ջահել ուսանողներ, որոնք տարբերվում են մյուսներից։ Նրանք ավելի ինքնավստահ են, ավելի համարձակ։ Նորաթուխ համալսարանականը միանգամից զգլխվում է այդ երիտասարդների հմայքով և ցանկանում անցնել նրանց շարքերը։ Նրանց կոչում են ուսխորհրդականներ։ Այո՛, ԵՊՀ-ում գոյություն ունի  այդպիսի մի կառույց, որի համացանցային կանոնադրությունը կարդալով` բացարձրակապես հիացմունքի խոսքեր է միայն կարողանում արտաբերել լեզուդ։
Այպիսով՝

2.Նպատակները և գործունեության հիմնական ուղղությունները
2.1. ԵՊՀ ՈւԽ-ի նպատակն է՝
ա) պաշտպանել ուսանողների շահերն ու իրավունքները,
բ) ապահովել ուսանողների մասնակցությունը համալսարանի կառավարմանը,
գ) համալսարանի կառավարման համապատասխան մարմիններին ներկայացնել ուսանողությանն առնչվող հարցեր

#պաշտպանել ուսանողների շահերն ու իրավունքները
Իսկ հիմա մի կողմ թողնենք սատիրան ու փորձենք իրատեսական գնահատական տալ այս կառույցին, որն  իր բնույթով համալսարանի ամենանողկալիներից է, որն առաջնորդվում է միմիայն ոհմակայնությամբ ու քաղաքական կողմնապահությամբ։ Խոսքս կարող է հաստատել ցանկացած համալսարանական, ով առաջին կուրսում խաբվելով՝ մտել է այս կառույցի շարքերը և կարճ ժամանակ հետո դուրս եկել (մեծամասնության հետ հենց այդպես էլ լինում է)։
Սկսած դեռ «սաքուլիկների» ջրի երես ելնելուց՝ հայ ուսանողները, մասնավորապես՝ ԵՊՀ ուսանողությունը ոչ միայն չի ստանում Ուսանողական Խորհրդի աջակցությունը, այլև հենց այդ կառույցի կողմից է հոշոտվում։  Այպիսով՝ այս հղումով կարող եք ծանոթանալ ԵՊՀ ուսանողական խորհուրդների նախագահներին և ինքներդ պատկերացում կազմել՝ արժե՞ արդյոք հույս դնել նրանց օգնության ու աջակցության վրա, թե հենց նրանցից պետք է առաջինը փախչել։
#ապահովել ուսանողների մասնակցությունը համալսարանի կառավարմանը
Այստեղ կա մի խիստ մարազմատիկ հակասություն․ եթե ուսանողական խորհրդի նախագահները ընտրվում են փակ քվեարկությամբ, և ընտրում են ոչ թե ուսանողները, այլ այսպես կոչված պատվիրակները, ապա կարելի է ենթադրել, որ հասարակ ուսանողը, ով ծնունդ է առել մարզերից ինչ-որ մեկում և չի յուրացրել մերօրյա մոդայիկ շողոքորթությունն ու պնակալիզությունը կմնա անտեղյակ և չի կարող իր մասնակցությունը ներդնել ուսանողական այս կառույցի մեջ։
#համալսարանի կառավարման համապատասխան մարմիններին ներկայացնել ուսանողությանն առնչվող հարցեր
Հենց երեկ համացանցում հայտնվեց մի տեղեկություն, որի համաձայն ուսանողին հեռացրել էին համալսարանից առանց հիմնավորման։ Այս խնդրի շուրջ ուսանողական կառույցի ոչ մի ներկայացուցիչ ոչ մի քայլ չձեռնարկեց, այն դեպքում, երբ հեռացված ուսանողի շատ համակուրսեցիներ կոչ էին անում բոլորին միանալ պայքարին։
Իրականում այս կառույցի օգնությունը խիստ սուբյեկտիվ է․ կառույցի բարիքներից օգտվում են միայն հաշված մարդիկ, ովքեր անցել են բարձրագույն շողոքորթման դասընթացներ և կարող են առանց ջանքերի ներթափանցել ցանկացած ծակուծուկ։

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն