«Մարդու համար ոչ մի բան այնքան անտանելի չի եղել երբեք, որքան ազատությունը»....

«Մարդու համար ոչ մի բան այնքան անտանելի չի եղել երբեք, որքան ազատությունը». Ֆյոդոր Դոստոևսկի

1093
Կիսվել
1881 թվականի հունվարի 26-ին (փետրվարի 7-ին) Դոստոևսկու քույրը՝ Վերա Միխայլովնան, եկավ եղբոր մոտ, որպեսզի խնդրի նրան հրաժարվել իրենց մորաքույր Ա․ Կումանինայից ժառանգություն ստացած ռյազանյան կալվածքի իր բաժնից՝ հօգուտ քույրերի։ Լյուբով Ֆյոդորովնա Դոստոևսկայայի պատմելով, բուռն վիճաբանություն տեղի ունեցավ՝ բացատրություններով և արցունքներով, որից հետո Դոստոևսկու կոկորդից արյուն եկավ։ Հնարավոր է՝ այդ տհաճ խոսակցությունը նրա հիվանդության (էմֆիզեմայի) սրացման խթան հանդիսացավ. երկու օր անց գրողը վախճանվեց։Դոստոևսկու մահվան լուրը տարածվելուց հետո բնակարանը լցվեց մարդկանց խմբերով, որոնք գալիս էին հրաժեշտ տալու մեծ գրողին։ Հրաժեշտ տվողների մեջ շատ էին երիտասարդները։ Նկարիչ Իվան Կրամսկոյը մատիտով և ստվերաներկով նկարեց գրողի հետմահու դիմանկարը։ Նա կարողացավ փոխանցել Ա. Դոստոևսկայայի հիշողության մեջ դրոշմված զգացողությունը. «Հանգուցյալի դեմքը հանգիստ էր, և թվում էր՝ նա չի մահացել, այլ քնած է և երազում ժպտում է իր կողմից նոր բացահայտված մի ինչ-որ «մեծ ճշմարտության»։ Գրողի այրու այս խոսքերը հիշեցնում են Պուշկինի մահվան կապակցությամբ Դոստոևսկու արտասանած ճառի տողերը. «Պուշկինը մահացավ ուժերի բուռն ծաղկման շրջանում և, անկասկած, իր հետ այն աշխարհ տարավ մի մեծ գաղտնիք։ Եվ ահա մենք այժմ առանց նրա բացահայտում ենք այդ գաղտնիքը»։ Պատգամավորությունների թիվը գերազանցում էր հայտարարված թիվը։ Թաղման թափորը ձգվում էր վերստերով։ Դագաղը տանում էին ձեռքերի վրա։ Դոստոևսկու գերեզմանի վրա ելույթ ունեցան Ալեքսանդր Պալմը, Գրողի առաջին կենսագիր Օրեստ Միլլերը, Պավել Գայդեբուրովը, Կոնստանտին Բեստուժև-Ռյումինը, Վլադիմիր Սոլովյովը, ուսանող Պավլովսկին, Պյոտր Բիկովը։Դոստոևսկին թաղվեց Սանկտ-Պետերբուրգի Ալեքսանդր Նևսկու մայր տաճարի Տիխվինյան գերեզմանատանը։Չնայած կյանքի վերջում ձեռք բերած ճանաչմանը, իրական, անանցողիկ համաշխարհային փառքը վրա հասավ միայն գրողի մահից հետո։ Մասնավորապես, Ֆրիդրիխ Նիցշեն խոստովանում էր, որ Դոստոևսկին միակ հոգեբանն էր, ումից նա կարող էր ինչ-որ բան սովորել («Կուռքերի անկումը»)։
«Կարամազով եղբայրներ»
Դու ուզում ես գնալ աշխարհ և գնում ես դատարկ ձեռքերով, ազատության ինչ-որ խոստումով, որը մարդիկ, իրենց պարզությամբ ու բնածին իրենց անկարգությամբ, չեն կարող նույնիսկ ըմբռնել, որից վախենում են նրանք ու սարսափում, քանզի մարդու և մարդկային հասարակության համար ո՜չ մի բան այնքան անտանելի չի եղել երբեք, որքան ազատությունը: Իսկ տեսնու՞մ ես սույն քարերն այս մերկ ու շիկացած անապատում: Հացի վերածիր սրանք, և քո ետևից մարդկությունը կվազի ոչխարների հոտի նման, շնորհակալ ու հնազանդ, թեև հավիտյան դողալով այն վախից, թե կհեռացնես դու ձեռքը քո և կդադարի քո տված հացը: Բայց դու չուզեցիր մարդուն զրկել ազատությունից և մերժեցիր առաջարկը, վասնզի ի՞նչ ազատություն, մտածեցիր, եթե հացով պետք է գնվի հնազանդությունը:Դու առարկեցիր, թե ոչ հացիվ միայն կեցցե մարդ, բայց գիտե՞ս արդյոք, որ հանուն երկրային այդ հացի՝ քո դեմ կծառանա երկրի ոգին և կմարտնչի քո դեմ ու կհաղթի քեզ, և բոլորը կհետևեն նրան, բացականչելով. « Ո՞վ է նման սույն գազանին, նա մեզ հու՜ր տվեց հերկնից»:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածըՈւմբերտո Էկո. Ինչպես ճիշտ օգտագործել ժամանակը
Հաջորդ հոդվածը«Պախմել». Գուրգեն Խանջյան
Արայ Զարգարեան ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 10-ին Եղվարդ քաղաքում:Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում,ապա 2008 ից մինչև 2012 թվականը Մխիթարեան կրթահամալիրում: Ծառայել է հայոց բանակում: Այժմ սովորում է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում: Ստեղծագործում է, գրում է պատմվածքներֈ Ունի տպագրված մի քանի գործեր: Կայքում զբաղվում է գրական հետաքննության բաժնի ղեկավարմամբ և գրական նորություններով: