Դասախոսերի ու «դասախոզերի» ժամանակներում

Դասախոսերի ու «դասախոզերի» ժամանակներում

602
Կիսվել
Վերջին կուրսում եմ։ Դասերին գրեթե չեմ մասնակցում։ Դե՜հ, առաջնահերթ մտածում եմ տարիքն առած, անպարտաճանաչ ու փնթփնթան ուսանողի կարիք ոչ ոք չունի,  համենայն դեպս, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետը՝ հաստատ: Եթե որոշում եմ ութսուն րոպե անցկացնել դեղին ու էգահոտ ունեցող լասարաններում, ապա միայն յոթանասունյոթ տարեկան պարոն Կիմ Աղաբեկյանի դասախոսությունները ունկընդրելու ցանկությունից դրդված, այդ էլ այն պատճառով, որ պարոն Աղաբեկյանը արդեն տասը տարի է ինչ կորցրել է ժամանակի զգացողությունը և չի տարբերում, թե որ կուրսում է դասավանդում։ Ինձ էլ ամեն անգամ հարցնում է․ «Ջանի՛կս, այս կուրսի՞ց ես» (ասեմ, որ երկու ամիս առաջ լայանաշունչ ռեֆերատ եմ գրել իր իսկ առաջադրանքով)։ Ինչևէ, չշեղվեմ ասելիքիցս։
Սկսած 2009 թվականից, երբ ռոմանտիզմի դավաճան բոցից վառվող սրտով ավարտեցի հանրակրթական դպրոցը և բարձրացա համալսարանի աստիճաններով, հակասական հիասթափությունների տարբեր քամիներ «նավիս» առագաստը տարահուն ուղղություններով մակընթացեցին՝ դասադուլ, ակցիաներ, լրագրություն, լրագրություն՝ հանուն հանրային շահի, լրագրություն՝ հանուն անձնական շահի, գործազրկություն, գրական փորձեր, նահանջ, ցինիզմ։ Վեց տարիների ընթացքում իմ անձնական մետոմորֆոզին զուգահեռ համալսարանը գրեթե ոչ մի փոփոխություն չկրեց. ԵՊՀ խորհրդի նախագահը մնաց երկրի նախագահը, ուսանողական խորհուրդները՝ ԵՊՀ խորհրդի նախագահի վասալության տակ, ուսանողների մեծամասնությունը՝ նույնպես։ Լավ, քաղաքական աստառ չտամ ասելիքիս, միայն ցանկանում եմ խոսել դասախոսների մասին։
Երբ այդ նույն պարոն Կիմ Աղաբեկյանի հարցաշարը սովորելու համար կարդում էի Ակսել Բակունցի «Խաչատուր Աբովյան» անավարտ վեպը, որի գեղարվեստական արժեքը, ըստ իս, անգնահատելի է հայ արձակի համար, սկսեցի առաջին անգամ տեսնել ուսանողների և դասախոսների իրական, անկաշկանդ, առաջադեմ ու դասական կերպարներ։  Հետո սկսեցի հարց ու փորձ անել իմ այն ընկերներին, որոնք ուսում են ստացել արտասահմանի այնպիսի համալսարաններում, որոնք դուրս են քաղաքական ստրակտիրությունից։
Հետո միանգամից աչքիս առաջ եկավ Ջորջ Օրուելի «1984» սկանդալային վեպը, ու հասկացա, որ հետբոլշևիկյան, աշոտյանական զինանշաններով դասախոսներից այսքանից ավելին պահանջել հնարավոր  չէ, նրանք ինչ էլ անեն, տարփողելու են հանուն իրենց կուսակցության, հանուն իրենց խորհրդի նախագահների։ Ու հետո սկսեցի հետևել արդյունքներին։ Տեսա որ քաղաքագիտության, բանասիրության, լրագրության, պատմության, սոցիալոգիայի և այլ ֆակուլտետների հազարավոր  շրջանավարտներ ներծծվում են համահանրապետական «գաղջի» մեջ, աշխատում են միմիայն օլիգարխների ու քաղաքական դրածոների կազմակերպություններում՝ բանկերում, առևտրի կենտրոններում, հեռահաղորդակցման ընկերություններում (այդ էլ լավագույն դեպքում)։ Ու հետո հասկացա, որ մենք գրեթե չունենք դասախոսներ, կներեք ավելորդ ցինիզմի ու գռեհկաբանության  համար, բայց ունենք առավելապես «դասախոզեր»։ Տեսա, որ մեր երկրում չկա «կրեատիվ» միտք, ինքնավստահ դասախոսակազմ ու ուսանողություն։
Խնդիրն էլ, այո՛, ցավոք քաղաքական է։ Մենք արևմուտքի կողմից դիտարկվում ենք որպես ռուսահպատակ պետություն, ազգային դիմապատկերն կորցրած «կրեմլալեզ» ազգ և, ցավոք, իրականում այդպես էլ կա։ Մենք չկարողացանք մարսել այն եվրոպական արժեքները, որոնց մասին խոսում էր Վահան Տերյանը իր «Հայ գրականության գալիք օրը» հոդվածում։
Հովհաննես Եսայան

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն