Աբեղյանի ու հետաբեղյանի քերականությունների (հետաբեղյանների) անհամաձայնությունը

Աբեղյանի ու հետաբեղյանի քերականությունների (հետաբեղյանների) անհամաձայնությունը

594
Կիսվել
Լուսանկարում՝ Մերուժան Հարությունյանը
Մերուժան Հարությունյան, 12-ը նոյեմբերի, 2015 թիվ, զեկույց`
ՀԳԱԱ Լեզվի ու Գրականության ինստիտուտների կազմակերպած
Մ. Աբեղյանի 150-ամյակին նվիրած գիտաժողովին
Երևանի Պետական համալսարանի Վիկտոր Համբարձումյանի անվան
Ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոն
Անցյալ դարի 30-ական թվերին Սովետում հայտարարվեց, որ կիբեռնետիկան, գենետիկան ու հարաբերականության տեսությունը կեղծ ու բուրժուական գիտություններ են, ու սրանք արգելվեցին Սովետի ողջ տարածքում, բայց հետո ռազմական կարիքներն ստիպեցին, որ այս բոլոր գիտությունների վարկը վերականգնվի: Այդ նույն տարիներին հայտարարվեց, որ Մանուկ Աբեղյանի քերականությունն (նաև գրականագիտությունը) «մախիստական է, ֆորմալիստական, մետաֆիզիկական, իդեալիստական ու բուրժուական՚ է, որ Աբեղյանը իդեալիստ Բերկլիի (իրենց գրածով` «Բերկլինի՚) հետևորդն է, ու որ իրենք «մերժում են Աբեղյանի քերականությունն (ու նաև գրականագիտությունը) ու պիտի ստեղծեն նոր, դասակարգային ու պրոլետարական քերականություն ու գրականագիտություն՚:
Ստեղծեցին, ու առ այսօր Աբեղյանի քերականությունը չի դասավանդվում, ու սրա վարկն առ այսօր չի վերականգնված: Սրա փոխարեն դասավանդվում են հետաբեղյանները:
Ես դիմում եմ մերբոլոր բանասերներին ու ասում եմ հետևյալը:
1. Մ. Աբեղյանն ասում է, թե հայերենի անորոշ դերբայը միմիայն գոյական է ու բայական ոչ մի ֆունկցիա չունի [2, էջ` 537-538, 541], այնինչ` հետաբեղյաններն ասում են, թե անորոշ դերբայն անդեմ բայ է ([5] , էջ՝ 44, 46, 59, 60):
2. Մ. Աբեղյանն ասում է, թե հայերենն անդեմ բայ կամ խոսք (նախադասություն) չունի [1, 2], հետաբեղյաններն ասում են, թե ունի ([5] , էջ՝ 44, 46, 59, 60):
3. Մ. Աբեղյանն ասում է, եթե բայ չկա, ուրեմն խոսք (նախադասություն) է´լ չկա [1, 2], հետաբեղյաններն ասում են, թե կա´ ([5] , էջ՝ 59, 60): Ու ըստ հետաբեղյանների, հնարավոր է, որ հայերենի ամե´ն մի բառն էլ, բառակապակցությո´ւնն էլ լինի խոսք (նախադասություն) ևն, ևն:
4. Աբեղյանն ասում է [1], թե ստորոգելը նշանակում է, որ բայն իր ու/կամ բառ-ստորոգյալի իմաստը, կամ էլ որևէ այլ մի բան (հատկանիշ ևն) վերագրում է (նաև` բառ-ենթակայի միջոցով) բայի դեմքին [2, էջ` 616], իսկ հետաբեղյաններն ասում են ([5] , էջ՝ 549), թե ստորոգելը «շարահյուսական կարգ է, որով նախադասության բովանդակությունը վերագրվում, հատկացվում է իրականությանը…՚ ևն:
5. Աբեղյանը հնչերանգային ստորոգման մասին ոչինչ չի ասում, որովհետև սա անհեթեթ է, քանի որ անորոշ դերբայը դեմք չունի [4], իսկ հետաբեղյաններն ասում են ([5] , էջ՝ 549]), թե «հնչերանգը ստորոգում է իրացնում՚:
6. Աբեղյանն ասում է, թե խոսքի (նախադասության) գլխավոր անդամը (խոսքի կենտրոնը) բայն է [1, էջ`362, 361], հետաբեղյաններն ասում են, թե նախադասության գլխավոր անդամները ենթական ու ստորոգյալն են [տես համապատասխան բառահոդվածները] ևն, ևն:
7. Աբեղյանն ասում է, թե ենթական բայի դեմքն է, կամ այդ բայի դեմքը լրացնող բառը (բառ-ենթական [2, էջ` 601-618]), իսկ հետաբեղյաններն ասում են, թե «ենթական նախադասության գլխավոր անդամներից մեկն է,…որին ստորոգումով վերագրվում է որևէ հատկանիշ..՚ ([5] , էջ՝ 198):
8. Աբեղյանն ասում է [1, 2], թե ստորոգյալը բայի դեմքին կամ բառ-ենթակային վերագրվող բայիմաստն է, ինչը կարող է լրանա բառ ստորոգյալով (պարզ կամ բաղադրյալ [582-607, 618-628]), իսկ հետաբեղյաններն ասում են ([5], էջ՝ 546), թե ստորոգյալը խոսքի գլխավոր երկու անդամից մեկն է:
9. Աբեղյանը հետաբեղյան քերականության իր քննադատությունն ամփոփում է մոտ երկու էջով: Այդ քննադատության մեջ Աբեղյանը բերում է թե´ այն օրերի հետաբեղյանի, թե´ դրանց այսօրվա ժառանգների իր հիմնական առարկությունները: Մինչև այսօր Աբեղյանի այդ առարկությունների գիտական պատասխանները չկան ([2, էջ` 637-638]: Մինչև այսօր էլ «յոլա են գնում՚ այն «արդարացումով՚, թե «Ակադեմիկոս Մ. Աբեղյանի աշխատության մեջ, բնականաբար, կան նաև վիճելի, ինչպես նաև հնացած որոշ կետեր՚, ուրիշ ոչինչ: Սա´ է թե հեղինակավոր բառարաններում, թե´ առանձին մենագրություններում Աբեղյանի քերականության մասին գրած «հեղինակավոր՚ կարծիքները:
10. Հետաբեղյանների սահմանումների մեծ մասը խախտում է դասական տրամաբանության տարրական պահանջները [տես [5-6]-ը, բայի, գոյականի և այլ հասկացությունների մասին ու [4]-ի քննադատությունը, ու նաև [3]-ի միջի նույն հարցերը]:
Այնինչ, արդի հայերենի մասին մեր նորօրյա հեղինակները կամ անծպտուն շրջանցում են այս հակասություններն ու Աբեղյանի քննադատությունը, կա´մ ասում են հետևյալը [1, էջ՝ VII].
«<Աբեղյանի> Աշխարհաբարի շարահյուսությունը՚ և «Հայոց լեզվի տեսությունը՚… տալիս են հայոց լեզվի ամբողջական ու ճշգրիտ (sic!) պատկերը և կազմում են ներդաշնակ ու սերտ միասնություն՚:
«…մեծատաղանդ գիտնականը խորագույնս (sic!) բացահայտել է հայոց լեզվի մեջ իրապես գոյություն ունեցող օրենքներն ու օրինաչափությունները՚:
«Ակադեմիկոս Մ. Աբեղյանի աշխատության մեջ, բնականաբար, կան նաև վիճելի, ինչպես նաև հնացած որոշ կետեր, բայց դրանք ԱՄԵՆԵՒԻՆ (sic!) չեն նսեմացնում (sic!) նրա գիտական ու ճանաչողական (sic!) բարձր արժեքը: <Աբեղյանի> «Հայոց լեզվի տեսությունը՚ եղել է և մնում է (sic!) իբրև հայոց լեզվի ուսումնասիրության մի լավագույն (sic!) ձեռնարկ ու ուղեցույց՚:
Բայց արդեն 82 տարի է, ինչ Աբեղյանի քերականական գրքերով երբևէ քերականություն չեն դասավանդել ո´չ մեր դպրոցներում, ոչ է´լ մեր որևէ բուհում չնայած այն հանգամանքին, որ Աբեղյանի «Հայոց լեզվի տեսությունը եղել է և մնում է իբրև հայոց լեզվի ուսումնասիրության մի լավագույն ձեռնարկ՚ [նույն տեղը]: Բացի սա, ՄԵՐ ԱՅՍՕՐՎԱ ՔԵՐԱԿԱՆՆԵՐԸ ԵՐԲԵՔ ՉԵՆ ԱՍՈՒՄ, ԹԵ ԱԲԵՂՅԱՆԻ ԱՍԱԾՆԵՐԻ Ի´ՆՉՆ Է ՀՆԱՑԵԼ ՈՒ ԻՆՉՈ´Ւ Է ՀՆԱՑԵԼ, ԿԱՄ ԻՆՉՈ´Ւ Է ՎԻՃԵԼԻ:
ԵՍ ՍՐԱՆՑ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ ԵՄ ԻՄ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ.
1. Այսքանից հետևում է, որ մեր այսօրվա արևելահայերենն ունի երկու քերականություն — մեկը` Մանուկ Աբեղյանի քերականությունը, մյուսը` հետաբեղյան քերականությունները, իսկ այս վերջինները, ըստ էության, բոլորն էլ նույնն են: Ես այս վերջինների´ն (հետաբեղյաններին) եմ ասում` «հետաբեղյան քերականություններ՚: Ըստ էության, սրանք իրենց ծնող ու հիմք ղարիբյան-սևակյան քերականություններից տարբերվում են միայն իրենց սխալաշատությամբ, ու նույն հասկացությունները տարբեր տերմիններով նշանակելով:
2. Այս երկու քերականությունը, Մանուկ Աբեղյանինն ու հետաբեղյանները (նաև ուրեմն, այսօրվանները), իրար ԲԱՑԱՐՁԱԿ ՀԱԿԱՍՈՒՄ ԵՆ, ՈՒ ԲԱՑԱՐՁԱԿ ԵՆ ԱՆՀԱՄԱՏԵՂ: Եթե սրանցից մեկը համարես ճիշտ, մյուսն ա´նպայման է սխալ, չնայած մեր այսօրվա քերականները պնդում են, թե «Ակադեմիկոս Մ. Աբեղյանի աշխատության մեջ, բնականաբար, կան նաև [ՄԻԱՅՆ ՈՒ ԸՆԴԱՄԵՆԸ] վիճելի, ինչպես նաև հնացած որոշ կետեր…՚:
3. Ուրեմն, այսօրվա հայերեն լեզվի քերականությունը ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՉԻ, որովհետև իր ասածների ՃԻՇՏ ՈՒ ՍԽԱԼԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՈՉ ՄԻ ԳԻՏԱԿԱՆ (ՄԱՐԴՈՒՑ ԱՆԿԱԽ, ՕԲՅԵԿՏԻՎ) ՉԱՓԱՆԻՇ ՉՈՒՆԻ: Սրա անառարկելի ապացույցն ա´յն հանգամանքն է, որ մեր այսօրվա հայ լեզվաբաններն ասում են, թե այսօրվա նույն արեվելահայերենի այս երկու իրար լրիվ հակասող քերականությունն էլ, թե´ Աբեղյանինը, թե´ հետաբեղյանը (Ղարիբյան-Սևակյանը), ճիշտ են:
4. Լեզվաբանություն կոչված գիտությունը ասում է, որ քերականությունը չեն հորինում «գիտունների՚ (այսինքն, ապաշնորհ թարգմանների ու գրողների) գրածներն արդարացնելու համար [2, էջ` 543]: ԹԵ ՈՐ ԿԱ ԼԵԶՈՒ, ՀԵՏՆ ԷԼ ԿԱ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ: Քերականությունը լեզվից նույն ձևով է անբաժան, ինչ որ զանգվածը կամ լիցքը էլեկտրոնից, կամ մարդու բնավորությունը` մարդուց: Քերականությունը լեզվի բնավորությունն է, իսկ բնավորությունը ոչ մեկը չի կարա փոխի, թեկուզ ակադեմիկոս լինի: (Հենց նոր գրեցի` չի կարա, որովհետև սա´ է մեր լեզվի բնավորությունը):
5. Տրամաբանական վերլուծությունը ցույց է տալիս, որ արդի հայերենի այսօրվա քերականության ամենագլխավոր սահմանումները (բայի, գոյականի ևն: Տես [5-6]-ը) չեն բավարարում գիտական սահմանումներին ներկայացվող հիմնական պահանջներին: ԱՅԴ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ ԿԱՄ ՇՐՋԵԼԻ (RECIPROCATIVE) ՉԵՆ, ԿԱՄ ԴՐԱՆՑ ՍՏՈՐՈԳՅԱԼԸ ՍԱՀՄԱՆԱԾ ՉԻ: ՈՒՐԵՄՆ, ԱՅԴ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ ԳԻՏԱԿԱՆ ՉԵՆ:
6. Մեր գրական ոճերը կենդանացնելու ու վերն ասած հակասություններից պրծնելու միակ ելքը Լեզվի Գլխավոր Օրենքը (ԼԳՕ-ն, [4]) ընդունելն ու սրա մեթոդներից օգտվելն է:
7. Արդեն 23 տարի է, ինչ մեր լեզվաբաններին մամուլով ու իմ գրքերում ([4], տես նաև այնտեղի հղումները) ասում եմ վերը շարադրածը, ու առաջարկում եմ, որ այս հարցերը քննարկվեն, բայց իրենք նույնիսկ մի տող հրապարակային պատասխան էլ չեն տվել: Լա´վ, ինձ չեն պատասխանում, թող չպատասխանեն, բայց մեր լեզվաբաններն ինչո՞ւ չեն պատասխանում Մանուկ Աբեղյանի 1936 թվի ա´յն հայտարարությանը, թե «… Արարատ Ղարիբյանի քերականության գրքի մի քանի երեսը թերթեցի, և գտա, որ դա գրել է մի քերականորեն տգետ մարդ՚ [2, էջ` 495. Տես նաև էջ` 656-657-ը]:
8. Իմ արած գրական, գրականագիտական ու լեզվաբանական հետազոտություններն արդեն կա´ն, հրապարակի վրա են, ու էլ արդեն անհնար է, որ մեր այսօրվա հայ լեզվաբաններն ու գրականագետները սրանք շրջանցեն: Թե՞ այսօրվա լեզվաբաններն իմ ասածներին ոչ մի առարկություն չունեն:
9. Աբեղյանն առաջին հետաբեղյան քերականության (ղարիբյան-սևակյան քերականության) իր քննադատությունն արել է Հայաստանի Լուսժողկոմատի 1936 թվի հրապարակային քննարկման ժամանակ, երբ ինքը ԵՐԵՔ ՕՐ ՇԱՐՈՒՆԱԿ, քննադատելով ջարդուփշուր է արել հետաբեղյանների քերականության առաջին տարբերակը, հենց Արարատ Ղարբյանի ու նաև այն օրերի մեր մնացած բոլոր առաջավոր մտավորականների ներկայությամբ (Աճառյանի և այլոց) ու երեք օր հետո, երբ Մանուկ Աբեղյանը վերջացրել է իր առարկությունները, ոչ ոք, (նաև Աճառյանը) ծպտուն անգամ չեն հանել [2, էջ` 656-657]: Բայց հաղթել են հետաբեղյանների հետևորդները: Հաղթել են մինչև այսօր:
10. Մի՞թե հնարավոր է, իմ շարադրած այս հակասությունները համարվեն ընդամենը վիճելի ու ոչ էական:
11. Մի՞թե պարզ չի, որ չգիտությունը, ինչքան էլ ժամանակ անցնի, երբեք էլ գիտություն չի դառնա: Աբեղյանի առարկությունները լույս տեսան միայն 1985 թվին:
12. Ենթադրենք, մեր այսօրվա լեզվաբանները մինչև 1985 թիվը չգիտեին, որ Աբեղյանն այս կարգի կտրուկ ու հզոր առարկություն (շա´տ մեղմ ասած) ունի այսօրվա հետաբեղյան քերականություններին: (Սրանք, նորից եմ ասում, իրենց էությամբ չեն տարբերվում ղարիբյան-Սեվակյան քերականությունից` տարբերությունը միայն սրանց ահավոր բառային աղմուկն ու անհեթեթությունների ավելացրած քանակն է: Բա հիմա՞:
Չէ՞ որ Աբեղյանի «Մի քանի քերականական հարցերի մասին» (Մ. Աբեղյան, Երկեր, Ը հատոր) գործը հրատարակվելուց հետո արդեն 31 տարի է անցել (սա էլ աբեղյանական մի ուրիշ հոբելյան է), ու մեր լեզվաբանները, զարմանալի միաբանությամբ, բառ անգամ չեն ասում ա´յն գիտնականին, ով արդի հայերենի գիտական տեսության հիմնադիրն է, ու ով իրենց քերականությունները համարում է «տգիտություն»: Այս անգամն է՞լ է լռությունը համաձայնություն:
13. Այսօր մենք հիրավի փառաբանում ենք Աբեղյանին, բայց ինտելեկտուալ ազնվության ու գիտական էթիկայի տեսանկյուններից մեր այսօրինակ փառաբանությունն ինչքա՞ն է ազնիվ ու անկեղծ ու տեղին, թե որ չենք հետևում Մանուկ Աբեղյանի քերականակությանն ու իր ստեղծած լեզվաբանական հետազոտության գիտական մեթոդին:
ԳՈՐԾԱԾԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԿԸ
1. Աբեղյան Մ. – Հայոց լեզվի տեսություն, Լույս հր., 1964, Երևան:
2. Աբեղյան Մ. – Երկեր, Ը հատոր, Մի քանի քերականական խնդիրների մասին, ՀՍՍՀ ԳԱ հր., 1985, Երևան:
3. Աճառյան Հր. – Լիակատար քերականություն հայոց լեզվի համեմատությամբ 562 լեզուների, հատ. 1-8, 1952-1967, Երևան:
4. Հարությունյան Մ. – Կոմիտասի և Աբեղյանի անձնական ու մեր ընդհանուր ողբերգությունը, Լուսաբաց հր., 2010, 2011, Երևան:
5. Պետրոսյան Հ. – Հայերենագիտական բառարան, Հայաստան, 1987, Երևան:
6. Պետրոսյան Հ. Զ., Գալստյան Ս. Ա., Ղարագյոզյան Թ. Ա. – Լեզվաբանական բառարան, ՀՍՍՀ ԳԱ հր., 1975, Երևան:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն