Բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման համակարգը

Բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման համակարգը

319
Կիսվել
ՀՀ-ում պետական բարձրագույն ուսումնական հաստատությունները ունեն կամ Պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ), կամ հիմնադրամի կարգավիճակ: Բուհի իրավակազմակերպական կարգավիճակից անկախ ՝ կառավարումն իրականացվում է կոլեգիալ և միանձնյա սկզբունքների զուգակցմամբ: ՊՈԱԿ-ի դեպքում բուհի կոլեգիալ կառավարման բարձրագույն մարմինը բուհի խորհուրդն է, իսկ հիմնադրամի դեպքում՝ Հոգաբարձուների խորհուրդը: Հիմադրամի կարգավիճակը հնարավորություն է ընձեռում բուհերին  ավելի ճկուն ձեռնարկատիրական գործունեություն ծավալել, բազմազանեցնել ֆինանսական մուտքերը, ավելի արդյունավետ կազմակերպել գնումների գործընթացը և լուծել համալսարանի առջև ծառացած մի շարք այլ խնդիրներ: Բուհի կառավարման բարձրագույն մարմնի անդամներն են՝
25% — բուհի պրոֆեսորադսախոսական կազմի ներկայացուցիչները,
25% — ուսանողության ներկայացուցիչները,
25% — կառավարության ներկայացուցիչները,
25% — ԿԳՆ ներկայացուցիչները:
Պետք է նշել, որ ի տարբերություն բուհական ներկայացուցիչների, կառավարության և ԿԳՆ ներկայացուցիչնը նշանակվում են, համապատասխանաբար, վարչապետի և նախարարի կողմից: Բուհի կառավարման բարձրագույն մարմինը կազմակերպում և իրականացնում է ռեկտորի ընտրությունը, լսում է նրա ամենամյա հաշվետվությունը, հաստատում է բուհի ռազմավարական ծրագիրը և կանոնադրությունը, բյուջեն, հաստատում է կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու կամ լուծարելու վերաբերյալ Գիտական խորհրդի որոշումները:
Ռեկտորը (հիմնադրամի դեպքում՝ կառավարիչ ռեկտորը) բուհի գործադիր մարմինն է: Նա իրականացնում է բուհի ընթացիկ կառավարումը: Ռեկտորին կից գործում է ռեկտորատը, որը խորհրդակցական մարմին է: Ռեկտորը արձակում է հրամաններ ուսանողների ընդունելության, հեռացման, վերականգնման, կուրսից կուրս տեղափոխման վերաբերյալ, կնքում է աշխատանքային պայմանագրեր, նշանակում և աշխատանքից ազատում է բուհի պրոռեկտորներին, ամենամյա հաշվետվություն է ներկայացնում բուհի կառավարման բարձրագույն մարմնին:
Գիտական խորհուրդը կոլեգիալ մարմին է. այն կազմակերպում, պլանավորում և կառավարում է բուհի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեությունը: Գիտխորհրդի նախագահը բուհի ռեկտորն է: Գիտական խորհրդի կազմի մեջ մտնում են նաև պրոռեկտորները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, ուսանողական կազմի ներկայացուցիչները: Գիտական խորհուրդը քննարկում և հաստատում է կրթական ծրագրերը, դրանց վարձավճարները, շնորհում է գիտական կոչումներ, հաստատում է դեկանների, ամբիոնների վարիչների և պրոֆեսորադասախոսական կազմի ընտրությունների ընթացակարգերը և այլն:
Ահա այսպիսին է մեր բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման համակարգը:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածը«Մարսեցին». կինովերլուծություն
Հաջորդ հոդվածըԱմենակեղտոտ գիրքը. «Լոլիտա»
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի՝ մասնագիտացված կրթության կազմակերպման ոլորտում: Սիրում է լավ երաժշտություն, անկեղծ շփում, ընթերացանություն: Կայքում զբաղվում է «Մշակույթի հետքերով» բաժնի ղեկավարմամբ: