Ժան-Պիեռ Ռոնե. «Քրիստոսի մերկությունը»

Ժան-Պիեռ Ռոնե. «Քրիստոսի մերկությունը»

451
Կիսվել
Հիսուսը երկու ձու է եփում իր համար: Նա սանրված չէ, սափրված չէ, ոտաբոբիկ է: Իր խաչը թողել է մի անկյունում: Հենց որ ազատ մի պահ է գտնում, նկարում է մանուկների, մանուկների, մանուկների: Երբեմն կարդում է թերթեր և ուսերը թոթվում: Այն, ինչ տարածում են իր մասին, իրեն նյարդայնացնում է, սաստկացնում իր տենդը:
Հիսուսը հանում է իր հեծանիվը. նա պիտի գնա ձուկ բաժանելու, մի ամբողջ հավերժություն է, որ ժամանակ չի ունեցել զանգահարելու իր մորը: Վերջին անգամ, որ տեսավ նրան, Գողգոթայում էր, իր մահվանից քիչ առաջ: Նա դժվար դարավերջեր ունի:
Հոգու ջրերի ու անտառների պահակը լինելով` նա գնում է, գնում համառորեն, անմեղության մեծ սիրահարը: Աղքատները հավաքվում են իր շուրջը, նա միշտ մի դեմք ունի պարտվածների համար: Խուսափում է տաճարներից որպես ժանտախտից, մի մեծ շրջադարձ է կատարում մի ժամադրության պատճառով, որ  ունի մի կույրի աչքերի մեջ: Անմիջապես նորից ձուլվում է ամբոխին, այնուհետև, ուղեկցելուց հետո հեղափոխականների, ովքեր տեղաշարժվում  են գիշերները, զգուշությամբ վերսկսում  է նկարել մանուկների, մանուկների այնքան պստիկ, որ  խոշորացույց է պետք կամ մոր սիրտ նրանց տեսնելու համար:
Ես ողջունում եմ նրան ցրվածորեն, քանզի նա բնավ չի արժևորում ցուցադրական բաները, քանզի կասկածում է, քանզի  իմ ընկերն է: Հրաժեշտ եմ տալիս, վերադառնում իմ կյանքին` այնքա՜ն ժամանակավոր, այնքա՜ն  կիսատ-պռատ, այնքա՜ն քաոսային, որ ճիշտն ասած, քիչ եմ հետաքրքրում դրանով:
Օրակարգ
Հոգին  պահել շարժման վիճակում,
Պահել այն բախումներից վեր
Աստծուն համարել սովորական գաղափար,
հենարան, հնարավորություն…
որպես բանաստեղծական տիեզերքի վայրի երկրամաս:
Պահել մանկությանդ  խոստումները
Դիմակայել փորձանքին
Չխնայել հակառակորդին
Թուլություններդ  պահել բռիդ մեջ
Չթողնել, որ տարվես հոսանքով
Լինել այն մարդկանց  հետ,
ովքեր վճռել են մարդուն պահել հարգալից դիրքում
Չթողնել, որ հեշտությունը գայթակղի քեզ
այն պատրվակով, թե միջակությունները դյուրությամբ են
հասնում բարձր  դիրքերի,
իսկ  լավագույնները չարչարանքով են ճանապարհ հարթում
Արժանի լինել  տղամարդու հաջող կերպարի մեջ լինելու արտոնությանը
Կամ, էլ ավելի հաջող  կերպարի`
կնոջ:
Թարգմ.՝ Գառնիկ Մելքոնյան

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն