Մարիամ Պետրոսյան. «Տունը, որում…» (հատված)

Մարիամ Պետրոսյան. «Տունը, որում…» (հատված)

455
Կիսվել
Կարմիր վիշապի խոստովանությունը
-Դու վախենու՞մ ես ինձինց, Մակեդոնացի´, — և կանաչ աչքերը այրում են մինչև հոգուս խորքը: Ես կուչ եմ գալիս և համարյա բղավում.
–Հա´, հա´: Ես վախենում եմ, հետո՞: Իսկ դու չէի՞ր վախենա իմ փոխարեն:
-Եթե ես կարողանայի միաժամանակ հա´մ ես լինել, հա´մ դու, ես չէի վախենա: Դու էլ մի վախեցիր: Հավատա, ինձ քեզնից ոչինչ պետք չէ:
Նա ճիշտն էր ասում, իսկ ես չէի հավատում: Նա ինձ կամաց և աննկատ էր ընտելացնում, ես դա չէի հասկանում: Նա ստիպում էր կարդալ և իր հետ գրքերից խոսել, ստիպում էր երաժշտություն լսել և դրանից խոսել, ստիպում էր հիմար պատմվածքներ հորինել և պատմել իրեն: Սկզբում միայն իրեն, հետո մյուսներին: Նա քամեց իմ միջից վախը և ստիպեց հավատալ ինքս ինձ: Եվ ես երջանիկ էի և չէի վախենում նրա աչքերից: Ես ընդհանրապես ոչնչից չէի վախենում, բայց արգելքը հանված չէր, ես պետք է դրա մասին հիշեի: Բայց ես ինձ շատ լավ էի զգում, ես հալվել էի ջերմությունից, որը նա ինձ նվիրում էր բոլորի փոխարեն, ով ինձ մինչ այդ չէր տվել. նրանց ընդհանուր ջերմությունից, ջերմությունից, որ ստանում էի նրանցից և ետ վերադարձնում: Պետք էր հիշել, իսկ ես մոռացել էի:
Ձեռքերս իրենք իրենց էին դա անում. կամաց գողանում էին ուրիշի ցավը, ես տանում էի այն տաք ափերիս մեջ և լվանում լվացարանում: Այն հոսում էր խողովակներով, իսկ ես կանգնում էի դողդղացող ոտքերով և հոգնածություն ու դատարկություն զգում: Դա հրաշալի էր, և, ազնիվ խոսք, հրաշք չէր, հետևաբար ես չէի դրժում երդումս: Այդպես էի մտածում այն ժամանակ: Արևաբացի ոսկով ու մայրամուտի զայրույթով նոր աշխարհը կառուցվեց շուրջս, ես բոլորից շուտ արթնանում էի և բոբիկ դուրս վազում միջանցք, որ բաց չթողնեմ ամենալավ ժամը, ուղղակի վազեմ փոշու միջով, զգամ մարմինս, ոտքերս, որ վազել գիտեին: Ես կանգնում էի հազիվ տաք ցնցուղի տակ և երգում հին օրհներգեր ու երգեր, որ նոր էի սովորել` վախեցնելով խավարասերներին և ջրհեղեղներ անելով: Դա ես էի:
Մակեդոնացին` պեպեններով, սպիտակ և նիհար, Մակեդոնացին, որի մասին ոչ ոք ոչինչ չգիտեր, Մակեդոնացին, որ եղունգներն էր կրծում, Մակեդոնացին, որին պետք է կերակրել, Մակեդոնացին, որի դիմացի ատամները ցցված էին, որի տասնվեցը շուտով կլրանա, որն ունի ամբողջ աշխարհ և ութ ընկեր: Որը երջանիկ է: Իսկ ես նրանց համար ոչինչ չէի անում: Համարյա ոչինչ: Նրանք հրաշքների կարիքը ունեին, ինչպես թթվածնի, իսկ ես լռում էի և ապրում նրանց մեջ, ինչպես նրանցից մեկը: Եվ կուզեի իրոք ուղղակի նրանցից մեկը լինել:
Թարգմ.՝ Մարի Ռաֆյան

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն