Մարիշ Գրիգորյան. «Նրան»

Մարիշ Գրիգորյան. «Նրան»

487
Կիսվել
Նրան հիշում ես` աշուն էր, գուցե սովորական, բայց միևնույն ժամանակ այնքան արտասովոր աշուն: Ես գտա քեզ ու ներխուժեցի քո աշխարհ: Դուռը թակեցի ու մտա, անգամ հրավերի չսպասեցի: Արտևանունքներս առանց թարթելու նայեցի շուրջս, նկատեցի գեղեցիկը, դարձրի յուրօրինակ մի ստեղծագործություն ու սկսեցի բացահայտել ամեն օր, ամեն վայրկյան յուրովի: Նկատեցի ներսումդ փշրված բեկորները ու սկսեցի հավաքել, բայց այդպես էլ հավաքին չեկան: Նկատեցի մի փոքր տգեղություն, փորձեցի այն գեղեցկացնել. չէ՞ որ բոլոր ստեղծագործությունների ներսում էլ տգեղություն կա, որը գեղեցկանում է բարությամբ: Չգիտեմ` ստացվե՞ց, թե՞ չէ, բայց ես փորձեցի: Երևի հիշում ես` դեռ աշուն էր, երբ տեսա քեզ: Մի պահ նայեցի աչքերիդ, նկատեցի ծովությունդ ու հապշտապ հեռացա` ինձ հետ տանելով քեզնից մի մասնիկ: Սկսեցի ծովությանդ սահմանը գտնել, բայց չգտա. այն անսահման էր :Այնքան էի տարվել քեզ բացահայտելով, որ մոռացել էի ինձ ապահովագրել քեզնից: Քեզ արդեն դարձրել էի ինձնոտ, դու իմություն էիր, բայց «իմ»-ը չէիր: Դու թևավոր էիր ու կամա թե ակամա տալիս էիր թևեր: Առաջին անգամ թևավորվեցի ու սկսեցի թռչել, շնչել, բայցահայտեցի քեզ վերևից, բայց մոռացել էի կամ ուզում էի չհիշել, որ դու թև ես տալիս միայն հիվանդ դաշտերին: Գիտեի, որ թևերս կոտրվելու էին, բայց թռա, որ հենց դու կոտրես, որովհետև դու ուրիշ էիր, շատ ուրիշ… Ուզում եմ ասել այն, ինչը արտաբերում եմ մտքումս, սակայն չեմ կարողանում գրել, բառերը կորցրել են իրենց արտահայտչականությունը: Մի կերպ մտքերս ի մի եմ բերում ու զարմանում` ո՞նց հանկարծ ես քեզ գտա, մի՞թե իրական է սա: Չեմ կարողանում դեռ հավատալ, ուզում եմ` խոսես մի բան ասես, բայց դու շարունակ լռում ես:Մինչ ես բացահայտում էի քեզ, դու աշխարհս դարձրիր ավերակ, ու այն, մեղմ հոսելով, արցունք դարձավ: Բայց ես չդադարեցի քեզ պատկերել արևավառ գույներով. չէ՞ որ դու ի վերուստ այդպիսին էիր ու այդպիսին ես: Դու նման ես այն թռչունին, որը հաճախակի կանգնում է ուղեշի վրա, սպասում գուցե մի փրկանակի, ով կգա, ու սկսում դայլայլել, բայց այդ երգը վրիպտլուր է հասկացվում: Իմ դրական անվերջություն, բազմաբովանդակ ստեղծագոսւթյուն, որին բացահայտելու եմ շատ երկար: Թանկ, ում ձայնը բալասան է,  իսկ իմ օրերը` լուսավոր այնպես, որ ուզում ես դառնան երկար ու նոր` պարուրելով ամեն օր: Ասածս բառերը զգացածիս ու նկատածիս չնչին մասն են,իրականում դու ավելին ես գիշերային լուսատու: Ու հիմա, երբ կարծես թե վերջացրի, վախենում եմ ուղարկել, վախենում եմ փոստատարը ամոթով մնա……
Հեղինակ` Մարիշ Գրիգորյան

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն