Սյուզի Ավդալյան

Սյուզի Ավդալյան

657
Կիսվել
Կանգնել է օդը երկուսիս միջև.
Այնպես օտար ենք մեկմեկու տիրել,
Ես վախենում եմ վերհիշել անգամ, թե
Որոշել էինք մահ-սահման սիրել…
Կանգնել է օդը իմ ու քո միջև,
Մենք հիմար ու խենթ դեմ դիմաց կանգնած,
Դու ծխախոտդ վառում ես թեթև
Ու ծանր ձուլվում հայացքին իմ թաց…
Քո դեմքին ժպիտ, քո դեմքին բողոք
Ախ քո ձյուն-դեմքին արևս է կախվել,
Բայց չեմ մրսում ես, դողում եմ անհոգ.
Մայր հողս թողած` դեմքիդ եմ թաղվել…
Կանգնել է օդը երկուսիս միջև
Հիմք-հողն է փախչում ոտքերիս տակից,
Ի՞նչ է, մի՞թե ինձ չես ուզում զիջել
Խորտակող հպումն աչքերիդ-թախիծ….
Քո շուրթին մշուշ, քո շուրթին հին սպիդ,
Կուլ տված ծուխը կիսում ես հետս,
Ու արտաշնչում կարոտը սրտիդ,
Մեղմ փչում դեմքիս. թող զգամ ինձ հետ ես…
Ու բույրը քո ծուխ-ծխացող սրտի
Մի գիշերվա մեջ մազերիս թառած,
Խեղդաշունչ ձեռքով ինձ էլ կխեղդի.
Բայց կլուսանա գիշերը մահանց…
Ու կանցնեն բույրերն, ու հուշերն ամեն,
Կանցնենք սուս ու փուս մենք իրար կողքով,
Դու չես հանդգնի երեսիս նայել,
Ու թե խորտակվենք, կփարվենք շողքով…
Կկանգնի օդը երկուսիս միջև,
Ես լուռ կհիշեմ շուրթերդ մշուշ,
Դու չես մոռացել, որ փորձես հիշել
Ալիք վարսերիս ծփանքը քնքուշ…
Եվ կանգնած օդը, որ իմ ու քո միջև
Կանգնել է իբրև խորթության սահման,
Չենք խախտի երբեք, չենք փորձի դիպչել
Ես քո և դու իմ մատներին եռման…
 

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն