«Եթե հայրիկ չունեմ,ուրեմն անիմաստ է ձմեռ պապին հավատալ». Արայ Զարգարեան (էսսե)

«Եթե հայրիկ չունեմ,ուրեմն անիմաստ է ձմեռ պապին հավատալ». Արայ Զարգարեան (էսսե)

1665
Կիսվել
Ձմեռ պապի գոյությունն ապացուցողների մեջ ամենամեծ դերակատարում ունեցողները հենց երեխաների ծնողներն են: Շատ երեխաների անգիտակից ու փոշոտ հիշողության մեջ թաղված է հենց հայրիկի դեմքը` պատված Ձմեռ պապի կեղծ, բայց պարզութան խորհրդանիշ հանդիսացող սպիտակ գույնի մեջ: Իսկ ի՞նչ են անում կամ մտածում այն երեխաները, ովքեր ծնված օրվանից կամ կյանքի ընթացքում ստիպված տեսնում են կեղծ մորուք ու վանող աչքեր: Երևի թե շատ հայրերի պատգամներից մեկն այն է, որ կյանքի ընթացքում խաղան Ձմեռ պապի հեքիաթային, բայց պատասխանատու կերպարը: Ամանորյա զանգերի կախարդական, բայց կեղծ թվացող հնչյունների մեջ թաքնված միֆը երկար տարիներ հետապնդում է հենց այն մանուկին, ում այտերից բացակայում է հայրական մաքուր ու իրական համբույրի տաք գոլորշին: Շատերի համար երկար սպասված զանգեր, իսկ գունաթափ դեմքով երեխաների համար միայնակ կատվի մռռոցի հետ ասոցացվող ձայներ են ամանորյա հնչյունները: Մի տեսակ տխրություն, որ ամեն տարի չսպասված մահվան պես այցելում է նրանց ու հեռանում գլխիկոր, բայց ժպտալով: Սակայն նրա այցելության ժամանակ միշտ նրանք տանը չեն լինում: Իսկ եթե կամակորություն անի ու որոշի, որ վաղն էլ պիտի գա, ապա այդ դեպքում անհնար է մտածել, թե ինչ կարելի է անել: Աղբարկղի մոտ ընկած դեղնավուն մորուքի մեջ անբացատրելի հարցականներ են վազվզում այս ու այն կողմ: Փողոցային շան համար նույնպես կեղծ ու գարշելի է թվում այդ իրի գոյությունը: Շունը նույնպես շրջանցեց ու մի կողմ փախավ: Փոքրիկ տղան վերցրեց մորուքն ու տուն քայլեց: «Միգուցե հայրիկը վերադառնա՞»,- մտածեց որբն ու ոտքով հարվածեց տան դռներին: Տան տոնական տրամադրությունը բարկացնող էր թվում տղային ու թատերական: -Մա՜մ,- գոռաց տղան ու տան կենտրոնում շպրտեց դեղնած մորուքը: Մայրական տառապած աչքերի մեջ անգիտակցությունն էր թավալվում: Մի քանի վայրկյան տևեց ապուշ լռություն, որը պիտի այդպես էլ լիներ ու դարձյալ շարունակվեց ամանորյա երազը: Զանգերի լացի ձայնը սկսեց լսվել: Երեխան ամուր բռնել էր մորուքից ու նայում էր առաստաղին: Ամեն դեպքում երկինք էր նայում: Մտքերի տարափը խեղդամահ էր անում տղային. «Եթե հորս չեմ տեսել, ապա էլ ի՞նչ իմաստ ունի հավատալ այդ տխմար էակի գոյությանը: Հայրս պատգամը կիսատ թողեց ու փախավ այս աշխարհից: Տեսնես գոնե ո՞ր կողմ փախավ: Իսկ եթե այս մորուքը նա՞ է ուղարկել ինձ հուշելու համար, որ նորից կվերադառնա: Բայց ես գիտեմ, որ այնտեղից չեն վերադառնում: Մաման հաստատ գիտի, թե հայրս որ կողմ փախավ: Բայց պիտի սպասենք, քանի որ հրաշքը դեռ չի ավարտվել»: Հանկարծ ամանորյա զանգերի ավարտի հետ մեկտեղ լսվեց աղմուկ: Ձայները տան դռների ետևից էր գալիս: Տղան ամուր սեղմեց մորուքն ու սեղանի մոտից ցատկեց դեպի տան դուռը: Մահվան ռեֆլեքսի նման վերջին ժպիտի պես դեմքին քարացավ սառած հայացք: Դուռը բացեց ու ձեռքերի միջից ցած ընկավ հոր գոյության մի կեղտոտ հուշ: Աղբամանի մոտ կանգնած շունն էր, երևի նա էլ էր հասկացել այդ մորուքի կարևորությունը:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածըBayrami. Արայ Զարգարեան
Հաջորդ հոդվածըՀեքիաթ. Վազգեն Գրիգորյան
Արայ Զարգարեան ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 10-ին Եղվարդ քաղաքում:Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում,ապա 2008 ից մինչև 2012 թվականը Մխիթարեան կրթահամալիրում: Ծառայել է հայոց բանակում: Այժմ սովորում է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում: Ստեղծագործում է, գրում է պատմվածքներֈ Ունի տպագրված մի քանի գործեր: Կայքում զբաղվում է գրական հետաքննության բաժնի ղեկավարմամբ և գրական նորություններով: