«Ձմեռվա իրիկունը». Ալեքսանդր Պուշկին

«Ձմեռվա իրիկունը». Ալեքսանդր Պուշկին

711
Կիսվել
Հողմը մեգով երկինքն առնում,
Գալարում է բուքը ձյան,
Մին՝ մանկան պես լաց է լինում,
Մին՝ ոռնում է զերթ գազան.
Մին՝ վայրենի սուլում պես-պես,
Աղմըկում է տանիքում,
Մին՝ ուշացած ճամփորդ, ասես,
Լուսամուտն է նա թակում։
Մեր խըրճիթը աղքատ ու հին,
Ե՛վ մըթին է, և՛ տըխուր.
— Ի՞նչ ես նըստել պատի տակին,
Իմ պառավըս, էդպես լուռ։
Հոգնե՞լ ես դու փոթորիկի
Ոռնոցներից խելագար,
Թե՞ նիրհում ես քո իլիկի
Բըզզոցի տակ միալար։
Արի խըմենք, բարի ընկեր
Իմ սև, ջահել օրերի,
Խըմենք դարդից, բաժակըդ բե՛ր,
Սիրտներըս բաց կըլինի։
Երգի՛ր, ո՞նց էր ապրում խաղաղ
Հավքը ծովի էն ափին,
Երգի՛ր, ո՞նց էր աղջիկը վաղ
Ջուրը գնում մինչ արփին։
Հողմը մեգով երկինքն առնում,
Գալարում է բուքը ձյան,
Մին՝ մանկան պես լաց է լինում,
Մին՝ ոռնում է զերթ գազան։
— Արի խմենք, բարի ընկեր
Իմ սև՜, ջահել օրերի,
Խըմենք դարդից, բաժակըդ բեր,
Սիրտներըս բաց կըլինի։
Թարգմանությունը՝ Հովհաննես Թումանյանի

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածըՕրվա երգը․ Otherwise - Soldiers
Հաջորդ հոդվածը«Ցանկապատից այն կողմ» Արայ Զարգարեան
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի՝ մասնագիտացված կրթության կազմակերպման ոլորտում: Սիրում է լավ երաժշտություն, անկեղծ շփում, ընթերացանություն: Կայքում զբաղվում է «Մշակույթի հետքերով» բաժնի ղեկավարմամբ: