«Ցանկապատից այն կողմ» Արայ Զարգարեան

«Ցանկապատից այն կողմ» Արայ Զարգարեան

865
Կիսվել
Մարդը մի բան է, որ պետք է հաղթահարվի: Դուք ի՞նչ եք արել նրան հաղթահարելու համար:
Ֆրիդրիխ Նիցշե
Մանկական առաջին ճիչերս արդեն իսկ հուսադրող են եղել ծնողներիս համար: Պատմում են, թե ինչպես հիվանդանոցի միջանցքում լսվեց ձայնս, ու հորս դեմքին հայտնվեց ծնողական քաղցր ու հարազատ ժպիտը: Բոլոր մանուկների լացի մեջ թաքնված է իրենց ծնողների ինքնատիպ ու յուրօրինակ ձգողական ժպիտը: Աշնանային ջերմ ու պայծառ օրն ավելի տաքացավ: Սկսեցի մեծանալ: Գրեթե բոլորի մանկությունը թաթախված է անգույն, բայց ջերմ երազով: Երևի Աստծո կողմից գծված գծագիր է այն, որ մանուկներից շատերը պիտի ունենան տխուր ու դժվար մանկություն, կամ էլ այդ ամենը, կյանքի կողմից թելադրված, հուշում է , որ ապագան ավելի ծանր ու դաժան է լինելու: Արտառոց ու բացառիկ մարդիկ են նրանք, ովքեր ունեցել են շատ ուրախ ու անհոգ մանկություն: Նրանց հետագայում բաժին է հասնում մառախլապատ ու տխուր ապագա: Իսկ մենք մեծանում ենք շատ արագ: Մեծ ու ինքնուրույն լինելու ձգտումն է ստիպում մեզ հասունանալ: Ինքնուրույն լինելը մանկական պայքար է, որին հասնում են նրանք, ովքեր ձեռք են բերում այդ պաշտոնը: Մանուկների մեջ սկզբնական չարությունը արտահայտվում է լացի ու ոռնոցի տեսքով, որն էլ հետագայում փոխարինվում է զանազան չարություններով, իսկ այն երեխաները, ովքեր չեն լացում պիտի որ բարի լինեն: Բարության համար պետք է ներքին մեծ ուժ, իսկ շատ ժամանակ ներքին ուժի ավելցուկն իր հետ բերում է չարության լաց:
Ջուր չունեինք ու օրակարգիս մեծ մասն անցնում էր արևոտ աղբյուրի դիմաց հերթ կանգնելով: Այդ օրերից սկսեցի ատել ու սիրել Արևին: Հետագայում կհիշեմ մանկությանս ամենատխուր արևածագերից մեկը: Տարիներ հետո պիտի գիտակցեի, որ նա լինելու է հավիտենական հարազատս: Շատ եմ սիրում նրան։ Երևի պատահական չէ այն փաստը, որ նախընտրեցի ծնվել ամենահաճելի արևի ժամանակ՝ աշնանը: Մի պահ պատկերացնենք, որ երեխաներն իրենք են նախընտրում, թե երբ ծնվեն, ապա այդ դեպքում աշխարհում կապրեին միայն երեխաների կողմից որբ մնացած մայրերը: Նախաճաշից հետո ինքնահաստատման փնտրտուքների մեջ էի: Հիշում եմ՝ մի անգամ որոշեցի կախվել, մտածում էի, թե իբր մեծ քաջագործություն եմ անելու, բացի այդ ցանկանում էի, որ շատ մարդիկ իմ հետևից լաց լինեն ու կարոտեն: Այդ ցանկությունը թաքնված է գրեթե բոլորի հոգու կեղտոտ սենյակներում: Երևի կարոտի ցանկությունն էր ինձ ստիպում անել դա, կամ էլ սատանան էր գրավել իմ մանկական հոգին: Այդ օրվանից հետո ես սկսեցի իմ մեջ զգալ սատանայի աներևույթ ներկայությունը: Վերցրի պարանն ու գնացի այգու անկյունում գտնվող ծիրանենու մոտ. այն ծիրանենու, որ ես ու հայրս էինք տնկել ժամանակին: Ցանկանում էի սիմվոլիկ վայրում ինքնասպան լինել, բայց հիասթափվեցի, քանի որ մեր տնկած ծառը չուներ բավականաչափ հաստություն ու մեծություն, որպեսզի հանցանքս կարողանամ իրականացնել: Պարանը գցեցի մեկ այլ ծառից ու այդ ժամանակ էր, որ տանից դուրս գալով՝ մայրս տեսավ ինձ: Երևի առաջին բանը, որ հիշեց նա՝ հիվանդանոցում իմ կենդանության ճիչն էր։ Նա այդ ժամանակ ուրախացավ, որ կենդանի եմ ծնվել, իսկ հիմա՞․․․ Հիմա կուրախանար միայն այն դեպքում, եթե կարողանար ավելի շուտ հասնել դեպքի վայր, քան ես կիրականացնեի սպանությունը իմ հանդեպ: Վայրկյաններ հետո հայտնվեց դիմացս ու լաց լինելով գրկեց ինձ: Մինչ այդ չգիտեի, թե ինչ է մայրական սերը ու ինչպիսի գերբնական տարրեր է պարունակում այն իր մեջ:
« Ներիր ինձ մայրիկ, ամբողջ կյանքում կզղջամ կատարածս հիմարության համար, միայն ցավում եմ, որ կատարածս գիտակից արարք էր»:
Անցնում էին օրեր, ամիսներ ու ժամանակ, բայց չէի վերագտնում ինձ այս հողագնդի վրա: Միգուցե հետ դառնամ հիվանդանոց ու միջանցքում լսեմ իմ ճիչն ու ուրախանամ ինքս ինձ վրա: Հավատամ ու ժպտամ, որ կյանքում անմոռանալի պահեր կան, որոնց վերադիտմանը երազով ենք սպասում, սակայն ժամանակի մեքենա դեռ չկա: Աչքը ու հիշողությունը աշխարհի միակ ու բնական ժամանակի մեքենանաներն են: Խոսքի միջոցով վերարտադրվող հուշը մեզ համար կարող է դառնալ անմոռանալի բումերանգ, որ, պտտվելով մեր շուրջը, ի վերջո բարձրանում է տիեզերք ՝ այստեղ մեր փտած մարմինները դիմավորելու համար: Փոխարենը դպրոցում պիտի լացեի մորս հետևից, քանի որ դպրոցի միջանցք դուրս գալով՝ չտեսա նրան ու տխրեցի: Առաջին անգամն էր, որ աչքերիս դիմաց հայտնվեց անորոշ մառախուղ, ու ստիպեց ինձ արտասվել: Մառախուղի կողմից առաջացած ստիպողական լացը բխում էր դեռ չձևաորված հոգուցս: Լացում էի արագ ու շնչակտուր, լացում էի այնպես, ինչպես տարիներ առաջ կենդանության արցունքներն էին դուրս հորդում: Նորածին երեխաների կենդանության միակ ապացույցը անկանոն լացն է: Մարդու անկեղծության արտաքին ապացույցը արցունքի պարզ ու մաքուր շիթն է: Մաման եկավ ու գրկեց ինձ: Մայրական ջերմությունը տաքացնում է ներքին սառը նկուղներն ու մութ սենյակները: Իմ Արևը շարունակում էր պտտվել իր մտածված ուղեգծով: Աշխարհում ամեն ինչ կանոնակարգված է ու ունի իր բնականոն ընթացքը: Միակ ըմբոստ չարիքը մարդն է, ով ամեն կերպ փորձում է դուրս գալ այդ կանխամտածված ու կանոնակարգված աշխարհից:
Տան դիմաց փռված այգին փոքր ինչ հողային էր, և այդ հողագույն բնության մեջ անընդհատ երևում էին մողեսներ: Ցանկություն առաջացավ պայքարել անպաշտպան սողունների դեմ: Նրանց սկսեցի շատ սիրոել, այդ իսկ պատճառով ցանկանում էի սատկացնել : Այդ ժամանակ էր, որ սկսեց ձևավորվել անհասկանալի սեր կենդանիների հանդեպ: Սիրում եմ օձերին, սակայն տեսնելու դեպքում անպայման պիտի ոչնչացնեմ: Այստեղ փոքր ինչ կապ ունեն նաև Քրիստոնեական ուսմունքի նախնական գիտելիքներն ու անգիտակից հավատը: Մանուկները հավատում են, սակայն այդպես էլ չեն գիտակցում, թե ինչին են հավատում: Ցանկություն առաջացավ խաչքար քանդակել, ու առանց վարանելու անցա գործի:Վերցրի մոխրագույն տուֆը, համապատասխան գործիքներ ու սկսեցի տանջամահ անել քարին: Մի քանի օր տևած բազմաչարչար աշխատանքից հետո ստացա իմ քանդակած առաջին խաչքարը: Այգու անկյունում դրեցի, ու ամեն երեկո մոմավառություն էի կազմակերպում: Մի քանի օր տևած ծիսակատարություններից հետո բռնվեցի: Մայրս տեսավ ու արգելեց, բացատրելով, որ չի կարելի: Բոլորի մանկության մեջ լավ տպավորված է այն, որ շատ բաներ չի կարելի: Մեծանալուց հետո ես գիտակցում, որ այն ինչ չի կարելի, իրականում խորհրդավոր է ու երկընտրանքային: Հասունանալով գերի ես դառնում այդ ամենին: Երանի մեկը լիներ, ով հասուն տարիքում նույնպես կասեր, որ որոշ բաներ չի կարելի: Մի քանի օր հետո արթնացա ու տեսա, որ հայրս իմ քանդակած խաչքարը օգտագործել է այգու ցանկապատը կառուցելիս: Խաչքարը դրված էր պատի ամենավերին մասում, ու, ամեն անգամ այդ մասով քայլելիս, աչքերիս վրա արցունքի կաթիլներ էին դողում, ցանկանում էի անկեղծանալ, բայց հոգիս հուսադրում էր, որ ամեն ինչ վերջացած չէ: Եղանակը ցրտում էր, ու սկսում էր տնային նստակյաց ժամանակաշրջան, որն ինձ համար անտանելի էր ու ձանձրալի: Ներքին չարությունն ու ինքնահաստատման մղումն ավելի էր գրգռում ինձ: Օրերն էի հաշվում. թե երբ պիտի գարուն գա, որ տեսնեմ մողեսներին: Զսպվածությունը մեծագույն չարիքների սկիզբն է: Հրաբուխի լավան նույնպես երկար ժամանակ համբերություն է ցուցաբերում, իսկ հետո….
Առաջին անգամ սպանության համը ճաշակեցի այդ ժամանակ: Մի տարօրինակ, բայց անմոռանալի համ, որ երկար տարիներ մահվան անտեսանելի ձեռքի նման հետապնդում է ինձ: Ձմռան դիվային քամին իր հետ մեր այգին էր շպրտել մի սև ու սատանայակերպ կատվի: Կատուների, կանանց ու սատանայի միջև կնքված դաշինքի մասին խոսում են միայն ժամացուցային փաստերը: Կատուների նկատմամբ ատելությունն ու սառնասրտությունը դաջվել էր ուղեղիս հասուն ծալքերում:Այդ օրը տանը միայնակ էի մնացել: Կատվասպանի համար միայնությունը կատարյալ մահ ստեղծելու համար ամենաիդեալական տարբերակն է: Ներքուստ տառապում էի սպանության դարավոր մոլուցքով: Ագռավակերպ մլավոցը կաթվածահար էր անում ինձ: Րոպեներն էի հաշվում, որ խոտ հավաքելու գործիքով արնաքամ անեմ աստվածավախ կենդանուն: Այգու պատին հենած գործիքը գրկեցի ու սողացի առաջ: Տեսնես Եվան ինչպե՞ս վախեցավ սատանայից: Ձյան ու քամու անցանկալի ներկայությունից կատուն կծկվել էր այգու անկյունում գտնվող քարերի արանքում: Կատուն սև էր, տեղ-տեղ սպիտակ ու դեղնավուն զոլերով, որոնք հետո պիտի թաթախվեին արյան արևագույն ներկով: Մոտենալուն պես սկսեցի ժպտալ ու հաճոյանալ: Այդ ձևով փորձում էի երկկողմանի խաղ խաղալ: Մի քանի վայրկյան շողոքորթելուց հետո գործիքը, շատ ուժգին հարված կատարելով, խրեցի կատվի կողոսկրերի մեջ: Դեմքս անբացատրելի կերպով ծամածռվեց․ երևի առաջին անգամ էի տեսնում, թե մահն ինչ տեսք ունի: Ադամը շուռ եկավ գերեզմանաթմբի մեջ: Կատուն, դիվային ձայն արձակելով, սկսեց անխնա թպրտալ: Արյան կանխամտածված շիթը այս ու այն կողմ էր ցատկում: Ֆիզիկական ցատկի բացակայության դեպքում արյան անմարդկային ոռնոցն էր գործում: Ծերության գույնով ներկված ձյունը իր մեջ ընդունեց մահվան անհասկանալի երանգ: Այդ ժամանակ գիտակցեցի, թե ծերությունից այն կողմ ով է կանգնած լինում: Մի քանի րոպե սպասելուց հետո կատվին ցած նետեցի գործիքի հետ միասին ու քայլեցի տուն: Ինձ շատ ուժեղ ու անպարտ էի զգում: Ներքին էներգիայի ավելցուկն այնքան շատ էր, որ պատրաստ էի նոր կատուների նույնպես հոշոտել: Մարդկային բնազդը գիտի ոչնչացնել ու ստորացնել: Ստորությունը նույնպես մարդկային արժեքների խմբին է դասվում: Մութն ընկնելուն պես գնացի անկենդան վայրն ու գործիքի վրա գտա սատկած կատվի անկուշտ դիակը: Սատկածին նետեցի տան պարիսպներից հեռու ու մաքրեցի ձյան վրայի անմեղ արյունը: Տարօրինակ է, որ մարդիկ անմեղ չեն լինում, իսկ կենդանիները միշտ անմեղ են, քանի որ նրանք անհոգի ու անգիտակից էակներ են, ուստի կարելի է նրանց թույլ տալ ամեն ինչ: Կենդանիների մեջ ամենակատարյալ ու գիտակից գազանները մարդիկ են, իսկ եթե Աստված մեզ այսպես է ստեղծել, ուրեմն պիտի արդարացվեն մեր գործած սատանայական հանցանքները:
Երկար տանջանքից հետո բացվեցին գարնանային տաք օրերը: Անկուշտ ու սոված գազանի նման դուրս եկա մայր բնություն: Տան բակից այն կողմ կար մեծ փոս, որ տարիներ առաջ փորել էին տուն կառուցելու նպատակով, բայց այդ գործն այդպես էլ անկատար էր մնաց: Անապատային փոսն ամբողջովին քարերով ու չորացած փշերով էր ողողված: Մի կերպ մտա փոսի մեջ ու սկսեցի փնտրել պետքական ինչ-որ իր:Առաջին իրը, որ ընկավ ձեռքիս մեջ տիկնիկի վառված գլուխն էր: Խաղալիք չունեի, այդ իսկ պատճառով ինձ համար դա եղավ ամենակարևոր իրը, որ առաջինը գտա այդ տեղից: Մի քանի ժամ էր, ինչ պեղումներ էի իրականացնում այդ չորացած վայրում ու հանկարծ նկատեցի մողեսների, որոնք գարնան արևի տակ իրենց առաջին հանգիստն էին անցկացնում:Վերցրի կավագույն քարի մի կտոր ու հարվածեցի, սակայն հարվածս շատ շեղ էր, ու մողեսներն իսկույն մտան իրենց բները: Երեկոյան ուշ տուն մտա, բայց մի տեսակ ուրախ էի ու աննկարագրելի վստահ: Այդ օրվանից հետո ամեն անգամ նախաճաշում էի, գնում-մտնում նպատակասլաց փոսնո ու փորձում մողեսներ որսալ: Շաբաթներ տևած պայքարն ապարդյուն էր անցնում, քանի որ այդպես էլ չէի կարողանում որսալ նրանցից որևէ մեկին:Ամառային արևն իր ամբողջ ուժով սպանում էր բոլորին, միայն ես չէի հանձնվում, քանի որ իմ առաջ նպատակ ունեի:Այդ ժամանակահատվածն էր ու մողեսների դեմ ներքին պայքարը, որ դարձրին ինձ նպատակասլաց ու համառ:Տեսնում էի, թե ինչպես է արևի տակ վառվում կապտավուն մողեսը: Էներգիայից շիկնած ու քարի գույն ստացած կենդանու մարմինն այնքան նուրբ էր, որ տեսանելի էր, թե ինչպես է սրտի աշկատանքի արդյունքում մաշկի տակից դուրս հարվածում մի փոքրիկ ուժ: Նայում էի հանգիստ ու զմայլված: Պատկերացնում էի, թե ինչպես եմ քարի մեկ հարվածով նրան տապալում գետնին ու բռնում արնագույն գլխից, նայում կիսամեռ աչքերի մեջ ու հպարտության ժպիտ արձակում: Երևի արժանի ենք, որ Աստված մեզ նրանցից ուժեղ է ստեղծել: Իսկ միգուցե մողեսներն ավելի խելացի են, քան մենք։ Իսկ այդ դեպքում մտավոր ուժն ավելի զորեղ է, քան ֆիզիկական ուժի՝ չարիք ծնող զորությունը: Մի պահ ինձ մոտ էլ ցանկություն առաջացավ՝ մողես լինեմ ու պայքարեմ այն մարդկանց դեմ, ովքեր ցանկանում էին սատկացնել ինձ: Տարիներ հետո պիտի հասկանայի, որ մեծանալով ու հասունանալով, ոչնչով չեմ զիջելու այս մողեսներին: Ներքին բախումից հետո կանգնում էի իրական աշխարհի քարերի վրա, ու հարվածում մողեսին: Նա, նորից խափս տալով, ինձ մոլորեցնում էր ու վազում, մտնում իր ամուր ու պաշտպանված խուցը: Սկսեցի մի շարք տակտիկական սխեմաներ մշակել նրանց որսալու համար, բայց ամեն ինչ անիմաստ ու անօգուտ էր անցնում: Նրանք շարունակ հաղթում էին ինձ, ու ամեն երեկո գլխիկոր ու հուսահատ վերադառնում էի տուն: Ամենահաճելի երազն քնած ժամանակ գույնզգույն մողեսներ որսալն էր :Լավ է, գոնե երազում էի երջանիկ ու հաղթանակած: Նպատակասլացության ու կյանքում առաջին հաղթանակին հասնելու բաղձանքն այնքան մեծ էր, որ սկսեցի ավելի մեծ սիրով նվիրվել գործիս:
Այդ ինքնատիպ ու յուրօրինակ օրվա սկիզբը խոստումնալից էր ու պատասխանատու կյանքիս հետագա գործունեության համար:
Առավոտյան սովորականի պես շուտ արթնացա, որ գնամ հարազատ դարձած վայրը: Փոսը գտնվում էր այգու ցանկապատից այն կողմ: Փոսի մի կողմը բաց էր, որի դիմացով էլ անցնում էր ճանապարհը: Տանից դեպի ապագա սպանդանոց մի քանի քայլ էր, սակայն այդ փոքր ճանապարհը չէր խանգարում, որ մտածեմ ապագա անելիքների մասին: Եղանակը փոքր-ինչ սառն էր, բայց արևն ուր որ է դուրս կգար իր օրորոցից: Պետք էր արագ ու վճռական գործել, քանի որ սառը եղանակին մողեսներն այդքան էլ արագ չեն վազում: Նրանց մկանների գերարագ աշխատանքի համար հարկավոր է արեգակնային լիառատ ջերմություն: Ներս ցատկեցի ու սկսեցի դիրքավորվել քարերի հետևում: Մողեսները սկսեցին դուրս գալ այն քարերի վրա, որտեղ արևն սկսում էր դանդաղ ինքնահաստատվել: Բնության երևույթները նույնպես ինքնահաստատման ու իշխանության կարիք ունեն: Նրանք ոչնչով չեն տարբերվում մարդ կոչվող արարածներից: Անխնա հարվածները տևեցին մի քանի րոպե: Կենդանիները նույնպես խաղում էին ինձ հետ: Նրանց հաճելի էր գտնվել կյանքի ու մահվան պայքարի մեջ: Հարվածներիցս մեկը ուժգին էր ու դիպուկ: Մոխրագույնի ու կավահողի գույն ստացած մողեսը փոշու ու արյան միախառնումից կերպարանափոխվեց: Հարվածն այնքան ուժեղ էր, որ մարմնի կողային մասից (պոչից մի քանի միլիմետր առաջ) դուրս էր կախվել ներքին օրգանների սպիտակ ու լորձապատ մի կույտ: Բռնեցի հոգեվարքի մեջ գտնվող մողեսի գլխից ու ուշադիր նայեցի փակվող աչքերի մեջ: Երկու մասի բաժանված լեզուն արդեն ատամների արանքում էր գտնվում: Նշանակում էր, որ արդեն սատկում է: Հիմա ու՞ր է սատկած կատվի հոգին, նա հիշո՞ւմ է ինձ, թե՞ արդեն հավիտյան ազատության մեջ մոռացել է անգամ իրեն սպանողին: Մողեսը հաստատ կհիշի ինձ, քանի որ նրա փակվող աչքերի մեջ մահացավ նաև իմ պատկերի իրական արտացոլանքը: Փոսից դուրս եկա ու նրան դրեցի մեր այգու պատի դիմաց լցված ավազի վրա ու մի պահ պատկերացրի, թե իբր նա կենդանի է և սկսեցի հեռվից քարերով նորից հարվածել: Այդպես պարապում էի դիպուկությունս կոփելու համար: Մինչև օրվա ավարտ երեք այդպիսի մողեսներ զոհվեցին հանուն իմ ոճրագործ նպատակի: Այդ օրվանից հետո ամեն ինչ սկսեց հաջող ընթանալ: Սատկացնում էի ամեն օր: Տարբեր գույնի ու չափի մողեսներ ստիպված էին կծել իրենց լեզուները: Ինչի՞ համար է անհրաժեշտ նրանց լեզուն, չէ որ չեն խոսում: Տարբեր ու տարօրինակ մտքեր այդ ընթացքում կրնկակոխ հետևում էին ինձ: Եկավ ժամանակ ու նրանք գիտակցեցին , որ այս խաղի արդյունքում որպես տուժող կողմ միայն իրենք են հանդես գալիս: Ներքին հպարտությունն ու հաղթանակի նկատմամբ վստահությունն այնքան մեծ էր, որ արդեն ես էի որոշում, թե որոնց սատկացնեմ, իսկ որոնց կենդանի թողնեմ: Սկսեցի տարբեր փորձարկումներ անել մողեսների հետ: Վիրավոր մողեսներին սկսեցի սպիրտ ներարկել, իսկ մի քանիսին դնում էի ապակյա տարայի մեջ ու թաղում: Որոշ ժամանակ հետո հանում էի հողի տակից, ու տեսնում, թե ինչպես են պահպանվել նրաց ոսկորները: Սակայն իմ ամենամեծ երազանքը ու նպաակը դեռ առջևում էր: Փոսում գտնվող մողեսների մեջ ամենամեծն ու ամենագեղեցիկը շարունակում էր պայքարն իմ դեմ: Դատապարտված կենդանին գլխի վրա կապույտ գունավորում ուներ, իսկ ամբողջ մարմինը կանաչով էր ծածկված:Երևում էր, որ նա անապատի ամենահին ու ուժեղ բնակիչներից է: Շաբաթներ շարունակ փորձում էի որսալ նրան, բայց ամեն ինչ անարդյանք էր անցնում: Նա ավելի ուժեղ էր քան ես: Սկսեցի մտածել այն մասին, որ մողեսներն իրականում խելացի լինելուց բացի նաև ուժեղ են մեզանից:
Ընտանիքիս անդամներն արդեն գիտեին իմ կատարած հանցանքների մասին։ Այդ ժամանակ քույրս ասաց ինձ, որ մողեսները Ձմեռ պապի հավատարիմ կենդանիներն են և իմ չարության մասին անպայման կհայտնեն նրան, ու այս տարի կզրկվեմ ամանորյա նվերից: Բոլոր երեխաների մանկության մեջ տարվա միակ ու լուսավոր օրը, որ անկեղծ երջանկություն ու հավատ է բերում կյանքի նկատմամբ՝ ամանորն է՝ իր երազային նվերներով: Սկսեցի շատ քիչ հաճախել իմ նպատակների իրականացման փոսը, քանի որ հավատում էի Ձմեռ պապի գոյությանը: Գնում էի միայն այն ժամանակ, երբ քույրս տանը չէր լինում: Շատ քիչ սլաքներ էին մնում իմ տրամադրության տակ, որ կարողանամ հասնել իմ բաղձալի երազանքին: Ամենահաճելի պահերը լինում էին գիշերները, երբ երազուս տեսնում էի, թե ինչպես եմ ձեռքերիս մեջ տանում մողեսի պարտված ու ջախջախված մարմինը: Երազների ու իրականության բախումը ինձ մոտ հոգեբանական վախ առաջացրեց: Վախենում էի՝ չկարողանամ սատկացնել նրան, կամ մեկ ուրիշը դա անի իմ փոխարեն, ու ես, պարտություն կրած զինվորի նման, հոըսահատ կվերադառնամ տուն: Մի հաճելի ու արևոտ օր արթնացա, որ գնամ այնտեղ: Հետաքրքիր էր, թե ինչու՞ պիտի այդ օրն արևոտ ու հաճելի լիներ: Տան մեջ քայլելու ընթացքում ականջս որսաց ինձ համար խոսակցության տհաճ բառեր: Լսեցի, թե ինչպես հայրս ասաց, որ այդ հողակտորը գնել են ու պատրաստվում են ցանկապատով փակել, որպեսզի ապագայում այնտեղ տուն կառուցեն: Մանկական հոգիս իսկույն տխրեց: Բայց տեսնելով անցյալն ու մտածելով ապագայի մասին, հիմա եմ հասկանում, որ հոգիս այդքան էլ մանկական չէր, քանի որ սովորաբար մանուկները զբաղվում են ավելի լավ գործերով քան ես: Իմ չարության պատճառներից մեկն այն էր, որ ես չունեի խաղալիքներ ու փորձում էի ինքս գտնել կյանքի իմ խաղալիքը: Մտածում էի, երբ մեծանամ ինչպե՞ս պիտի պատասխանեմ այն հարցին, թե ինչով եմ խաղացել: Իմանալով պատասխանիս հաջորդող արձագանքն երևի նախընտրեր լռել։
Տանից դուրս փախա ու վազեցի այգու անկյունը․ այն վայրը, որտեղ մի քանի տարի առաջ փորձել էի կախվել: Այնտեղ կարողանում էի բարձրանալ ծիրանի ծառր վրա ու տեսնել, թե այդ վայրում ինչ է կատարվում: Հուզմունքից չէի կարողանում տիրապետել ինձ, քանի որ այն, ինչ տեսա այդ տարիքում ամենադաժանն էր, որ կարող էր լինել ինձ համար: Անծանոթների մի խումբ աշխատում էր փակել փողոցի կողմից բաց մնացած տեղը, որտեղով կկարողանայի ներս մտնել այդ տարածք: Անկարող էի երկար դիտել այդ տեսարանը. իսկույն ցած իջա ծառից ու մաքրեցի արցունքոտ աչքերս: Ձեռքերիս վրայի փոշին,արցունքներիս հետ շփվելով, երեսս կեղտոտեց: Վստահ էի, որ փոշին մնացել էր փոսից վերցրած քարերից, քանի որ երեկ երեկոյան չէի լվացվել: Երբ հասա տան մոտ, հայրս ասաց, որ այլևս այն կողմ չգնամ: Լուռ գլխով արեցի ու անցա ներս: Այդ օրը հոգեբանորեն ծանր օր էր ինձ համար: Մտածում էի, որ մանկական երազանքս անկատար կմնա: Վախի ու հուսահատության մեջ փոշոտված հոգիս բառեր ու մտքեր չէր գտնում մտածելու համար: Տեսնես հիմա մողեսներնն ի՞նչ են անում այնտեղ: Երևի շատ են ուրախացել, քանի որ կարող են հանգիստ ապրել ու չմտածել մեռնելու մասին:Նույնիսկ մտածում էի, որ Ձմեռ պապն է այդ մարդկանց ուղարկել, որ կարողանան նրանց պաշտպանել ինձնից: Ուրեմն Ձմեռ պապն իմացել է իմ հանցանքների մասին, ու ես այլևս նվերներ չեմ ստանա նրա կողմից: Եվս մեկ մանկական հեքիաթ անցավ գրողի ծոցը:Արդեն անիմաստ էի համարում երեխա մնալը: Ցանկանում էի շուտ մեծանալ, որ մոռանամ մանկական անկատար մնացած երազանքներս: Կապույտ մողեսը այնտեղ ինձ է սպասում: Նա ամեն առավոտ արևի հետ արթնանում է ու պառկում կապտավուն քարի վրա, աչքերը լայն բացում ու սպասում, որ կգամ ու կհարվածեմ նրան քարով, որ կփորձեմ ոչնչացնել նրան այս աշխարհի երեսից, իսկ նրա համար աշխարը այդ անապատային ու չոր փոսն էր, որտեղ թաղվեցին իմ մանկական երազանքները: Ինձ համար աշխարհը նույնպես ավարտվում էր այնտեղ: Ինչո՞ւ է այս աշխարհում ամեն ինչ ավարտվում փոսերի մեջ: Դրանք պատահական վայրեր չեն, և ամեն ինչ նախօրոք կանխամտածված է: Դարձյալ հիշեցի ձմեռային այն ցուրտ օրն ու կատվի սառած դիակը: Երևի այս ամենը պատիժ է, որ սահմանված է միայն ինձ համար: Ճանապարհի կողմից փակվեց տարածքը: Հիմա անհնար էր անցնել այնտեղ, քանի որ փակ տարածքում մի քանի օր հետո հաստատվեց սև ու մեծ շունը: Այդ տարածքն ամբողջությամբ անհասանելի էր ինձ համար: Հիշեցի պատի մեջ քարացած խաչքարի գոյության մասին: Հիմա նա մեջքով է թեքված դեպի փոսը: Երևի ինձ հետ նա էլ է նեղացել: Հայրս տեղյակ էր ապագայից, և դրանից դրդված այդ դիրքով քարացրեց նրան: Արցունքներս շարունակում էին գլորվել ցած: Քարերից այն կողմ անիմաստ էր այլևս նայել, քանի որ վստահ էի, որ երազանքս կմնա անկատար: Ցանկապատից այն կողմ են թաղված իմ երազանքները, թաղված են փոսի մեջ ու այլևս դուրս չեն գա այնտեղից, քանի որ մանկությունս արդեն անցել է, իսկ կապույտ մողեսի մասին մնացել է միայն հուշ, որ հավիտյան կմնա այս տողերը կարդացողի հիշողության մեջ:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածը«Ձմեռվա իրիկունը». Ալեքսանդր Պուշկին
Հաջորդ հոդվածըԱֆրիկացի տղայի գրածն առաջադրվել էր որպես 2005թ․-ի լավագույն պատմվածք
Արայ Զարգարեան ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 10-ին Եղվարդ քաղաքում:Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում,ապա 2008 ից մինչև 2012 թվականը Մխիթարեան կրթահամալիրում: Ծառայել է հայոց բանակում: Այժմ սովորում է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում: Ստեղծագործում է, գրում է պատմվածքներֈ Ունի տպագրված մի քանի գործեր: Կայքում զբաղվում է գրական հետաքննության բաժնի ղեկավարմամբ և գրական նորություններով: