Հոգևոր հոր նախատոնական մաղթանքը

Հոգևոր հոր նախատոնական մաղթանքը

982
Կիսվել
«Ողջոյն ընդ քեզ, Նոր տարի, լիցի գալուստ քո բարի, եւ արգասինք լիածոց»:
Ղևոնդ Ալիշան
Սիրելի բարեպաշտ հայրենակիցներ, այսօր գալիք Ամանորի շեմին, աղոթաբույր շուրթերով, հուսառատ սրտով առ Բարձրյալն Աստված մեր ջերմագին ողջույնը, տիրաբաշխ օրհնությունն ու մեր սրտի աստվածատուր լույսն ենք բերում Ձեր հոգիներիև և աստվածակերտ ընտանեկան ձեր հարկերին…
Սուրբ Ծննդյան հոգենորոգ խորհրդի րնդաոաջ Նոր տարի է սկսվում, որը պատրաստվում ենք դիմավորել և նշել նոր բարի հույսերով, սպասումներով և մտահաղացումներով՝ մտքով ու աղոթքով լինելով նաև հեռվում գտնվող մեր սիրելիների հետ: Քանզի տարեմուտի այս սրտատրոփ պահին հարատև խնկաբույր աղոթքով ու բարի սպասումներով են համակվել և լցվել մեր հոգիները: Համախմբվել ենք՝ շատերս րնտանեկան ջերմ հարկից ներս՝ մեր սիրեցյալ մերձավոր հարազատների հետ, շատերս ազգանվեր ծառայության մեջ լինելով, հանուն հայրենյաց սահմանների նախանձախնդիր անսասանության և պաշտպանության և ոմանք էլ, որքան էլ ցավալի է հանգամանքների բերումով գտնվում են օտարության մեջ: Այսօր ազգովին դիմավորում ենք տարեմուտը՝ մեր լավատեսությունը և մտորումները կիսելով միմյանց հետ:
Թանկագին հայրենակիցներ. հույսեր և նպատակներ ունենք, որ խորհում ենք իրագործել 2016 թվականին: «Ամենայն ադթոքներով և աղաչանքներով ամեն ժամ աղոթեցեք հոգով. և նույնի մեջ տքնեցեք ամենայն ժուժկալությամբ և բոլոր սուրբերի և ինձ համար աղաչանքներով». (ԵՓԵՍ. Զ 18)
Իսկապես, մեր տեր Աստծուն առավել լսելի է մեր խնդրանքը, երբ մեր սրտագին աղոթքներր միավորված և շաղախված են խաղաղության, հանդուրժողականության և մեր մարդկանց մեջ բարի կամեցողության ոգով: Քանզի խաղաղության Աստծո ցանկությամբ և միմյանց հանդեպ բարի կամեցողությամբ է ծնունդ առնում հույսը նոր աշխարհի, որը մենք մարդկությունս այսօր էլ ձգտում ենք կառուցել և շենացնել: Ձգտում ենք արարել առավել կատարյալը, վերափոխել կյանքը դեպի առավել ապահովը, բարօրն ու բարեկեցիկը: Ջանում ենք կառուցել աշխարհ, որ լեցուն լինի մարդասիրությամբ, ազնվությամբ, արդարությամբ, մխիթարությամբ ու երջանկությամբ: Քանզի վստահ ենք, որ Տիրոջ օրհնությամբ են ընթանալու աստվածասեր գործերն ու ժամանակի հոլովույթում աստվածադիր րնթացքները: Հետնաբար Նոր տարին, որպես ժամանակի մի միավոր, նույնպես պիտի հիշվի և բնորոշվի մեր հողակերտ մարդկանցս կողմից արարված մնայուն և հիշարժան գործերով, ինչպես նաև արդեն պատմություն դարձած 2015 թվականով, որին արդեն պատրաստվում ենք ազգովին հրաժեշտ տալ և մեր ընտանեկան, ազգային կյանքի ծիրից ներս դիմավորել այդքան սպասված 2016 թվականը անթաքույց ուրախությամբ և ցնծությամբ:
Սիրելի քույրեր և եղբայրներ՝ տարեավարտի այս հուզիչ պահին գոհության աղոթք ենք առաքում դեպի երանավետ Երկինք, որ Բարձրյալ Տերը պարգևեց մեզ. մեր ընտանեկան կյանքը կառուցելու, խաղաղությամբ անպարտ դեպի ձեռքբերումներ ընթանալու, հնարավորություն շնորհեց ամենքիս՝ բարիք ստեղծելու, բարին գործելու և բարում մեջ հաստատվելու համար, յուրաքանչյուրիս մեկտեղված և համախմբված՝ իբրև հայոց ժողովուրդ, հետևաբար մեկ Առաքելական Սուրբ Եկեղեցի ընկալմամբ:
2015 թվականին ողջ ժողովրդով՝ բոլորով սրտիւ ապրեցինք մեր հզոր հայրենիքի ու մեր ժողովրդի միացյալ ու լուսավոր ծաղկուն գալիքի հանդեպ հավատով: Տիրոջ օգնությամբ և զորակցությամբ մեր առջև տիրող նեղությունների ու դժվարությունների առջև չտկարացանք, չվհատվեցինք ու չերկնչեցինք, մեծ ու փոքր փորձություններ հաղթահարեցինք, այլև բազմաթիվ ձեռքբերումներ ունեցանք և դեռ անշուշտ երկարատև ճանապարհ պետք է անցնենք դեպի մեր ժողովրդի ցանկալի և բաղձալի բարեկեցություն՝ հանուն մեր բոլոր հույսերի, համազգային սպասումների իրականացման համար: Ուստի պետք է ջերմեռանդ հավատքով առ փրկիչն մեր Քրիստոսի ջատագովությամբ, աննվազ ջանքերով անվարան ջանանք հոգալու շարունակական հոգևոր կարիքները և պետքերր մեր սիրասուն ժողովրդի և արթուն ու զորացյալ պահելով հավատքր մեր ազգի և հասարակության առօրյա կյանքում:
Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր Նոր տարի է սկիզբ առնում, «ուրեմն» ինչպես առաքյալն է ասում — «քննենք լավը և թե ինչ է Աստծո կամքը՝ բարին և հաճելին և կատարյալը» (Հռոմ 12:2) և քայլենք Տիրոջ կամքով, բարին ընտրելով, կատարյալին ձգտելով և վստահ լինենք, որ Աստված պիտի օրհնի մեր ջանքերը՝ ստեղծելու և առավել կառուցելու բարօր ու շեն դարձնելով մեր հայրենի երկիրը, մեր հայրերից ժառանգած աննահանջ խիզախությամբ և արիությամբ, ինչպես նաև կրթության նկատմամբ տածած անհագ ծարավով, ազգային մշակույթով պայծառ ազգ մնալու և հարատևելու մշտարթուն մտահոգությամբ:
Տարեմուտի խորախորհուրդ այս պահին տոնական ավանդական սեղանների շուրջ բոլորած աղոթք ենք բարձրացնում առ Բարձրյալն Աստված մեր ժողովրդի զավակաց համար: Աղոթում ենք հայոց բանակի քաջարի զինվորների ու սպաների համար, ովքեր այս պահին մեր երկրի սահմանների պաշտպանության դիրքերում են:
Բոլոր նրանց համար, ովքեր Նոր տարին դիմավորում են իրենց ծառայության մեջ: Աղոթում ենք լիառատ սիրով հիվանդների, նեղյալների ու կարիքավորների համար և հայցում ենք Բարձրյալի օրհնությունը, գութը, ամենաառատ շնորհն ու զորակցությունը մեր կյանքին և աղոթք բարբառելով մեր շուրթերից ասում ենք.
«Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:
֊Տէր ֊ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:
Ամենասուրբ Երրորդութիւն, տուր աշխարհիս խաղաղութիւն:
Եւ հիւանդաց բժշկութիւն, ննջեցելոց արքայութիւն:
Արի, Աստված, հարցն մերոց, որ ապաւէնդ ես նեղելոց:
Հաս յօգնութիւն ծառայից Քոց, լեր օգնական ազգիս Հայոց:
Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Յիսուս Փրկիչ մեզ ողորմեա:
Միջնորդութեամբ Սուրբ եւ Անմահ եւ Կենարար Պատարագիս:
Ընկալ Տէր եւ ողորմեա»:
(Պատարագ. Գանձատուն Աղօթից. Ս. Էջմիածին 2002թ.)
Սիրելի հավատավոր զավակներ, հայրական սիրով և օրհնությամբ շնորհավորում ենք Ձեզ Ամանորի և գալիք Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ և մաղթում ենք Ձեզ, որ խաղաղության անվրդով ծիրում հաստատուն և զորեղ լինի հավատը և անսպաո աղոթքը Ձեր սրտերում ինչպես Աստվածաշունչ մատյանն է մեզ ամենքիս պատգամում: «…ասում եմ ձեզ. ամէն ինչ, որ աղօթելով խնդրէք եւ հաւատաք, թէ կստանաք, կտրուի ձեզ: Եւ երբ աղօթքի կանգնէք, թէ մէկի դէմ մի բան ունէք, ներեցէ՛ք, որպեսզի ձեր Հայրն էլ, որ երկնքում է, ների ձեզ ձեր յանցանքները: Իսկ եթէ դուք չներէք, ձեր Հայրն էլ, որ երկնքում է, չի ների ձեզ ձեր յանցանքներր (Մարկ. ԺԱ 23-26): Օրհնեցէ՛ք ձեզ անիծողներին, աղօթեցէ՛ք ձեզ ներողների համար (Ղուկ. Զ 28): Արթո՛ւն կացէք այսուհետեւ, ամէն ժամ աղօթեցէ՛ք, որպեսզի կարողանաք զերծ մնալ այն ամէնից, որ լինելու է, եւ կանգնել մարդու Որդու առաջ (Ղուկ. ԻԱ 36): Ամենայն աղօթքներով եւ աղաչանքներով ամէն ժամ աղօթեցէ՛ք հոգով. Եւ նոյնի մեջ տքնեցէ՛ք ամենայն ժուժկալութեամբ եւ բոլոր սուրբերի եւ ինձ համար աղաչանքներով (Եփես. Զ 18): Յաճա՛խ կանգնեցէք աղօթքի՝ դրանում գոհութեամբ արթուն մնալով: Միաժամանակ աղօթեցէ՛ք եւ մեզ համար, որպէսզի Աստուած բացի մեր առաջ խօսքի դուռը՝ յայտնելու Քրիստոսի խորհուրդը (Կող. Դ 2-3): Արդ, ամէնից առաջ աղաչում եմ մատուցել աղօթքներ, խնդրուածքներ, պաղատանքներ, գոհութիւններ բոլոր մարդկանց համար, մանաւանդ՝ թագաւորների եւ բոլոր իշխանաւորների, որպէսզի խաղաղութեամբ եւ հանդարտութեամբ վարենք մեր կեանքը, ամենայն աստուածապաշտութեամբ եւ սրբութեամբ, քանզի ա՛յն է բարին եւ ընդունելին մեր Փրկչի՝ Աստուծոյ առաջ, որը կամենում է, որ բոլոր մարդիկ փրկուեն եւ հասնեն ճշմարտութեան գիտութեանը (Ա. Տիմ. Բ 1-4): Ուզում եմ, որ մարդիկ աղօթեն բոլոր տեղերում, սուրբ ձեռքեր բարձրացնեն դէպի վեր, առանց բարկութեան եւ երկմտութեան (Ա. Տիմ. Բ 8)». կամ ինչպես հավելում է Սուրբ Գիրքը «Ձեզանից մէկը վշտի մէ՞ջ է ընկել, թող աղօթի. Մէկը բերկրանքի՞ մեջ է, սաղմոս թող ասի. հիւա՞նդ է ձեզանից մեկը, թող կանչի Եկեղեցու երեցներին, եւ նրա վրայ թող աղօթեն, թող իւղով օծեն նրան Տիրոջ անունով: Եւ հաւատով արուած աղօթքը կփրկի հիվանդին, եւ Տէրը նրան ոտքի կկանգնեցնի: Եւ եթէ մեղք գործած լինի, այդ նրան պիտի ներուի: Ձեր մեղքերը միմեանց խոստովանեցէ՛ք եւ միմեանց համար աղօթեցէ՛ք, որպէսզի բժշկուէք. Քանզի արդարի աղօթքը խիստ զօրաւոր է օգնելու համար… (Յակ. Ե 13-18)»:
Եվ որպես տոնական խոսքի վերջաբան սիրելի՛ներս մաղթում եմ Ձեզ առողջություն, անամպ երկինք, արևշատություն և բարգավաճում:
Թո՛ղ Ձեր աստվածասեր բարի գործերը հաջողությամբ կյանքի կոչվեն ի սեր Աստծո, ի սեր մեր փառապանծ հինավուրց և նորօրյա հայրենիքի ու մեր Սուրբ Առաքելական Եկեղեցու անսասանության:
Թո՛ղ Տերը խաղաղության մեջ պահպանի աշխարհր և մեր հայրենին և պարգևի և շնորհի ամենքիս շնորհով, բարիքով և ուրախությամբ, լեցուն օրհնյալ տարի:
Շնորհավոր Նոր տարի:
Շնորհ, սեր եւ խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ Ձեզ եւ ընդ ամենեսեանդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից ամէն:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածը«Հայացքի լեզու». միմիկա
Հաջորդ հոդվածըՕրվա երգը․ Justin Bieber Duet with Mariah Carey - All I Want For Christmas Is You
Արայ Զարգարեան ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 10-ին Եղվարդ քաղաքում:Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում,ապա 2008 ից մինչև 2012 թվականը Մխիթարեան կրթահամալիրում: Ծառայել է հայոց բանակում: Այժմ սովորում է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում: Ստեղծագործում է, գրում է պատմվածքներֈ Ունի տպագրված մի քանի գործեր: Կայքում զբաղվում է գրական հետաքննության բաժնի ղեկավարմամբ և գրական նորություններով: