Վան Գոգի «Աստղային գիշեր»-ը. ժամանակի սղության և էականի արժևորման մասին

Վան Գոգի «Աստղային գիշեր»-ը. ժամանակի սղության և էականի արժևորման մասին

709
Կիսվել
Վան Գոգը այն նկարիչներից է, ում կտավները համաշխարհային ճանաչում են ձեռք բերել, քանի որ յուրաքանչյուրի մոտ ինքնատիպ զգացումներ են արթնացնում։ Նրա նկարչական հանճարը մեծ է և անկրկնելի։ Այսօր կխոսենք Վան Գոգի «Աստղային գիշեր» կտավի մասին։ Նախ նշենք, որ սա Վան Գոգի այն քիչ պատահող կտավներից է, որը նկարվել է ոչ թե նույն պահին տեսածի արտացոլմամբ, այլ նկարչի հիշողությունների վերարտադրությամբ։ Իսկ այդ հիշողությունները պահպանվել են Վինսենթի հիվանդանոցում բուժվելու տարիներին, երբ նրան թույլատրվել էր զբաղվել նկարչությամբ՝ բուժմանը նպաստելու համար։
Կտավում աստղային երկնքի տակ քնած է քաղաքը։ Սա կարծես թե հանգստության և հանդարտության պատկերումն է։ Սակայն այստեղ կա սահող, լողող ժամանակի վկայությունը, ինչը տեսանելի է գծերի ուղղվածության շնորհիվ։ Ամենքս էլ վախենում ենք ժամանակից, ավելի շուտ մեր ժամանակի ավարտից։ Այդ վախը գուցե ավելի շոշափելի է դառնում, երբ գտնվում ես հիվանդանոցում՝ այն վայրում, ուր ապրում են կյանքի ու բանականության համար պայքար մղողները։ Առաջին պլանում մենք տեսնում ենք վեր խոյացող սև կրակը, որը, բարձրանալով երկրի մակերևույթից, դեպի երկինք է խոյանում։ Գուցե սա սիմվոլ է մարդկային խավարի, որն ուղղված է երկինք՝ խավարելու հույսի ու լույսի աղբյուրը։ Սև կրակի առկայությունն այս «հանդարտ» կտավում կարծես բալանս է պահում հանգստի և տագնապի միջև։ Ամեն ինչ գոյություն ունի հավասարակշռության մեջ։ Երկրորդ պլանում իր օրվա ավարտն է վայելում գյուղը՝ նինջ մտնելով բնության գրկում։ Տեսարանում առանձնապես լավ երևում է եկեղեցին, որը անսասան հավատի սիմվոլն է։ Գուցե Աստծուն ավելի շատ ես սկսում հավատալ, երբ շուրջբոլորը այլևս ուրիշ հավատամք չի մնում, երբ վերանում է նյութականը, երբ չեն գործում քաղաքակրթության դաժան օրենքները։ Կտավը մտածելու տեղիք է տալիս, թե ինչն է կարևոր և էական։ Այն հիշեցում է, որ ժամանակը քիչ է, պետք է գիտակցել ամեն մի վայրկյանի արժեքը։

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն