Աբորտներն ու ազգային գեղեցիկ դիմագիծը․ Լուսի Քոչարյան

Աբորտներն ու ազգային գեղեցիկ դիմագիծը․ Լուսի Քոչարյան

1251
Կիսվել
Լուսանկարում՝ Լուսի Քոչարյանը
Վերջերս առողջապահության նախարարության մի ներկայացուցչի հետ բանավեճի ընթացքում նշեցի, որ ըստ իմ դիտարկման՝ շատ են առաջին հղիության ընդհատման ու աբորտների դեպքերը հատկապես մինչև  25տ. աղջիկների շրջանում: Միայն վերջին մեկ ամսում՝ 6 դեպք, ու դա միայն ինձ հասնող ինֆորմացիայով: Իսկ առաջին հղիության ընդհատումն, ինչպես հայտնի է, բացասաբար է ազդում հետո հղիանալու հավանականության վրա: Նա անասելի վրդովվեց ու ասաց. «Ընկերուհի՛, չկա նման բան: Դուք նման խոսքերով փչացնում եք մեր ազգային գեղեցիկ դիմագիծը»: Ըմմմ, ասածս այն է, որ միգուցե մեզ մոտ հայկական-ազգային-դիմագծացա՞վ է տիրում, որի տակ իրական, լուրջ խնդիրները չեն երևում:
Ինչու՞ են աղջիկներն ընդհատում հղիությունը: Եթե մի կողմ դնենք «ստիպված» և ցուցումներով դեպքերը, որպես մի լուրջ տարբերակ՝ մնում է անցանկալի հղիությունը: 1990-2000-ականների սերունդը մեկ քայլ առաջ է գնացել սեքսուալ մշակույթի շրջանակներում՝ սկսում ու վարում է սեռական կյանք: Բայց սեռական կյանքի հետևանքներից տեղեկացվածությունը կաղում է: Կա՞ն տեղեկանալու տարբերակներ: Կան՝ ծնողներ, հասակակիցների շրջանակ, դպրոց, համացանց… Ծնողները, որպես կանոն, ադեկվատ ու գրագետ ինֆորմացիայով չեն ապահովում երեխաներին ու դեռահասներին: Սեռօրգանների անունն ակտիվորեն տրվում է մինչև 2 տ. «ուտեմ էն էն էն …» ձևաչափով: Իսկ դրանց ֆունկցիաների, դրանց առողջությունը խնայելու մասին զրույցներն առհասարակ չեն էլ սկսվում: Մեղադրելու չէ. 1990-2000-ականների սերնդի ծնողներն ուղղակի ձևը չգիտեն.ոչ դպրոցում են ունեցել նման փորձ, ոչ էլ իրենց ծնողների հետ: Հասակակիցներից տեղեկանալը կցկտուր ինֆորմացիայի հայթհայթում է: Իսկ դպրոցն  այսօր փաստացիորեն զուրկ է սեռական դաստիարակություն առարկայից: Մնում է ահարկու համացանցը, որտեղից գրագետ ինֆորմացիա գտնելն այնքան էլ հեշտ չէ, բացի այդ՝ ժամանակատար է: Եվ այսպես, աղջիկները պատահաբար հղիանում են ու ստիպված ընդհատում, եթե պատրաստ չեն մայրանալու:
Իսկ ի՞նչ անեն, եթե պոտենցյալ հայրը բացարձակապես պատրաստ չէ հայր դառնալու կամ պատահական զուգընկեր է (կներեք, կարծես կրկին ու թեթևակի փչացրի դիմագիծը), եթե ունեն սովորելու, աշխատելու, ճամփորդելու, և ոչ մայրանալու ծրագրեր: Ի՞նչ անեն, եթե հոգեբանորեն ոչ մի կերպ պատրաստ չեն հղիություն, ծննդաբերության ու հետո հսկայածավալ ծնողական պատասխանատվության: Իսկ եթե ֆինանսական կողմին էլ անդրադառնամ, տեսարանն էլ ավելի կծանրանա: Այսքանի գիտակցումից կինը դիմում է դեղորայքային ընդհատման կամ աբորտի՝ կախված հղիության ժամկետներից: Ինչ-որ մեկը դժգո՞հ է այս պատկերից: Պետք էր նախապես մտածել՝ հղիանալուց առաջ:
Կա կարծիք, որ անցանկալի հղիությունից պաշտպանվելու մեթոդների պրոպագանդան կարող է ծնելիության նվազեցման բերել: Բայց առաջադեմ երկրների փորձը հակառակն է ցույց տալիս.որքան գրագետ ու բարձր է տեղեկացվածությունը, այնքան ցածր է աբորտների թիվն ու բարձր ծնելիությունը:
Գենդերային խտրականություն: Այո, Հայաստանում աղջիկները չեն ծնվում միայն նրա համար, որ աղջիկ են: Ու Հայաստանն այս առումով առաջատար դիրքերում է աշխարհում:  Սա մի հուժկու միտում է, որի դիմացն առնել չեն կարողանում և ոչ մի ծրագրով: Մի շրջան կար, երբ ըստ օրենքի՝ պտղի սեռն ասվում էր  22 շաբաթական ժամկետից ոչ շուտ, որպեսզի աբորտի իրավունքը չկիրառվեր մոր կողմից: Հետո պարզվեց, որ դա դեմ է մարդու իրավունքներին: Այժմ նոր ծրագիր է մտել ԱԺ քննարկման, ըստ որի աբորտից առաջ 3 օր ժամանակ է տրվելու ծնողներին մտածելու ու որոշումը վերանայելու համար: Սա կարող է և արդյունավետ լինել, եթե ձևական բնույթ չկրի ու զույգերի հետ այդ 3 օրում լավ հոգեբանական աշխատանք տարվի:
Եթե առաջին դեպքում առաջ են բերվում որոշակիորեն լուրջ պատճառներ հղիությունն ընդհատելու համար, ապա սեռով պայմանավորված աբորտը ոչ մի ձևով ու ոչ մի դեպքում ուղեղումս չի տեղավորվում: Ստացվում է, որ զույգն ունի բավականաչափ ֆինանսներ երեխային պահելու համար, հոգեբանորեն պատրաստ է ծնող դառնալու, զուգընկերները ոչ թե պատահական կրքի ֆոնին հանդիպած անձինք են, այլ իրար սիրող  ամուսիններ, և երեխան չի ծնվում… միայն այն պատճառով, որ աղջի՞կ է: Թող ներեն ինձ գենդերային աբորտների բոլոր սիրահարները, բայց աբորտի այս տեսակից անբարոյականության ցավալի հոտ է գալիս: Թե ովքեր պետք է աշխատեն նման բարդույթի հետ հասարակական մասշտաբով, դժվարանում եմ ենթադրել: Միգուցե մանկավարժ-հոգեբաններն ավագ դասարաններում, միգուցե սոց.աշխատակիցները երիտասարդ ընտանիքների հետ, միգուցե և սոցիալական գովազդներն ու ֆիլմերը:
Բայց սեռով պայմանավորված աբորտները վերջ չեն ունենա, մինչև մենթալիտետ չփոխվի:
Ի դեպ, մենթալիտետի մասին: Հիշողությանս մեջ դեռ թարմ են այն երկու իրական դեպքերը, երբ սոնոգրաֆիայի ընթացքում բժիշկն ասաց՝ սեռն աղջիկ է, հղի կինը սկսեց հոնգուր լաց լինել՝ ասելով. «Բա ես հիմա տանն ինչ եմ ասելու սկեսուրիս»: Եվ երբ մեկ այլ կնոջ ասացին, որ աղջիկ է, նրա ամուսնու դեմքը մթնեց,  ու հնչեցին «էդ ես էլի, հազիվ էլ աղջիկ բերես» բառերը: Այնուհետև հանեց դարդերի մխիթարանք ծխախոտատուփն ու թիկունքից շպրտեց. «Դրսում սպասում եմ»: Բժիշկ-սոնոգրաֆիստն ատամների արանքից ասաց ռուսերենով. «Ну что за обезьянство!»: Երևի բժիշկն էլ էր զգում այդ հոտը:
Առաջարկում եմ չթաքնվել ազգային դիմագծի տակ ու տեսնել իրական խնդիրները, որովհետև միայն խնդիրը սահմանելու դեպքում է հնարավոր լուծումների ուղղությամբ մտածել:
Հեղինակ՝ Լուսի Քոչարյան

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածը«Եթե լավ փտեմ, այդ զզվելի հոտով կգտնեն ինձ». Օրհան Փամուկ
Հաջորդ հոդվածըԼավագույն 10 հաջողված կոմեդիաները
Առաջին մասնագիտությամբ տնտեսագետ եմ, երկրորդով՚ լրագրող/հաղորդավար։ Ուսումնասիրում եմ հոգեբանություն։ Սիրում եմ Դոստոևսկի, Ֆրոյդ, Ռախմանինով։ Տեսակով էքստրովերտ եմ։ Մարդկանց գրեթե բոլոր խնդիրները կապում եմ ցածր ինքնագնահատականի հետ։ Երազում եմ մանկական հոգեբանության հանրամատչելի ձեռնարկ թողարկել։