«Փանջունի փորձանք չպիտի ըլլար, այլ հեղափոխական գործիչ». Երվանդ Օտյան

«Փանջունի փորձանք չպիտի ըլլար, այլ հեղափոխական գործիչ». Երվանդ Օտյան

914
Կիսվել
Փանջունի շատ ուշ լեզու ելած է, բայց անգամ մը խոսիլ սկսելե ետքը, ա՛լ բերանը դյուրավ չէ գոցած։ Քանի կը մեծնար, այնքա՜ն կ’աճեր իր խոսելու կատաղությունը, այն աստիճան որ խե՜ղճ հայրը ստիպվեցավ բժիշկի դիմել այդ անսովոր երևույթին դարման մը գտնելու համար։ Բժիշկը քննեց տղան, լեզուն նայեցավ, կոկորդը նայեցավ, աչքերուն նայեցավ և վճռաբար ըսավ հորը.
Փանջունի1  — Ճար ու դարման չկա, այս տղան միշտ պիտի խոսի։
    — Բայց տանը մեջ ա՛լ դիմացվելիք բան չէ։
    — Բամպակ թխեցեք ականջնիդ, այս է միակ միջոցը,— պատասխանեց բժիշկը։
    Հակառակ իր խոսելու մարմաջին՝ փոքրիկն Փանջունի հաճախ սխալ կը գործածեր բառերը, բոլորովին աղավաղելով անոնց նշանակությունը։ Օր մը սեղանի մը վրա դրված արժեքավոր անոթ մը կ’առնե ու գետին նետելով ջարդ ու փշուր կ’ընե։
    Հայրը, իրիկունը գործեն վերադարձին, կը տեսնե եղածը և տղան կանչելով ու անոթին կտորտանքները ցույց տալով կը գոչե.
    — Ծո՛, ի՞նչ ես ըրեր անոթը։
    — Շինեցի, հայրի՛կ,— կը պատասխանե փոքրիկ Փանջունի միամիտ համոզումով մը։
    — Ծո ի՜նչ շինել, կոտրեր ես, շա՛ն զավակ։Փանջունի
    — Չէ՛, հայրիկ, շինեցի,— կը պնդե տղան։
    Ի զո՜ւր հայրը երկար– բարակ կը բացատրե թե՝ երբ առարկա մը գետին նետելով կտոր-կտոր կ’ընենք, այդ գործողությունը շինել բառով չի բացատրվիր այլ կոտրել։ Անկարելի եղավ բառագիտական այդ նրբությունը հասկցնել Փանջունիի, որ շարունակեց տանը մեջ գտնված գավաթները, պնակները, շիշերը կոտրտել և ամեն անգամ որ «Ի՞նչ կ’ընես կոր» ըսելով զինքը կը հանդիմանեին, անդրդվելի ու անխռով կը պատասխաներ.
    — Կը շինեմ կոր։
    Դպրոցին մեջ Փանջունի ընկերներուն հետ վիճելով ու ճառ խոսելով ժամանակ կ’անցըներ, իսկ դասերուն բնավ չէր հետևեր, չհավնելով կա՛մ դասատուին, կա՛մ դասագրքին, կա՛մ դասարանին և կամ տետրակին ու գրչի ծայրին։
    Օր մը թվաբանության խնդրի մը մասին վեճ ունեցավ իր դասընկերներեն մեկուն հետ։
    — Հինգ անգամ հինգ՝ քսանըհինգ կ’ընե,— կ’ըսեր ընկերը, որ ողջամիտ տղա մըն էր և որ հետո հարուստ վաշխառու մը եղավ։
    — Չէ՛,— կը համառեր Փանջունի,— հինգ անգամ հինգ՝ հիսուն կ’ընե։
    — Ո՛չ, քսանըհինգ կ’ընե։
    — Հիսուն կ’ընե։
    Մյուսը տեսնելով որ դժվար,— ի՜նչ կ’ըսեմ անկարելի,— է խոսք հասկցնել Փանջունիի և չուզելով անօգուտ կռիվի մը տեղի տալ, հաշտարար հոգիով մը պատասխանեց.
    — Լա՛վ, ես թո՛ղ այնպես գիտնամ թե՝ քսանըհինգ կ’ընե, դուն ալ այնպես գիտցիր թե՝ հիսուն կ’ընե, ու ա՛լ չխոսինք այդ մասին ու երթանք միատեղ գնդակ խաղանք։
    — Չ’ըլլար,— պնդեց Փանջունի,— պետք է որ նախ համոզվիս թե հինգ անգամ հինգ հիսուն կ’ընե։
 — Այդ անկարելի է։
   — Անպատճառ պետք է որ քեզ համոզեմ,— շարունակեց մեր հերոսը, հետզհետե բորբոքելով։
    — Երբեք չեմ կրնար համոզվիլ և դուն ալ երբեք չես կրնար ապացուցանել ըսածդ,— պատասխանեց ապագա վաշխառուն։
    — Չեմ կրնար ապացուցանե՜լ, չեմ կրնար ապացուցանե՜լ,— մռնչեց Փանջունի,— ա՛ռ քեզի համոզիչ ապացույց մը։
    Եվ գետնեն քար մը առնելով իջեցուց խոսակցին գլխուն։
    Գլուխը վիրավորվեցավ թեթևապես, բայց տղան կրկին համոզում չգոյացուց թե՝ հինգ անգամ հինգ կրնա հիսուն ընել, և լալով գնաց բողոքել վարժապետին։
    Վարժապետը իսկույն կանչեց Փանջունին և՝
    — Ինչո՞ւ ընկերոջդ գլուխը պատռեցի՞ր,— գոչեց ձայնով մը որով Եհովա ըսած էր Կայենին՝ «Ի՞նչ ըրիր քու եղբորդ»։
    — Զինքը համոզելու համար,— պատասխանեց ապագա պրոփականտիսթը հանդիսավորապես։
    Հայրը տեսնելով իր զավկին այս տարօրինակ ընթացքը, հաճախ ակռաները կճրտելով կը պոռար.
    — Փորձա՜նք պիտի ըլլաս, փորձա՜նք…
    Խեղճ մարդը կը սխալեր իր լավատեսությանը մեջ։ Փանջունի փորձանք չպիտի ըլլար, այլ հեղափոխական գործիչ։

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածըՄարկիզ դը Սադ. «Օձը»
Հաջորդ հոդվածըՀնգամյա աղջիկը ծնվել է ռոքի համար
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի՝ մասնագիտացված կրթության կազմակերպման ոլորտում: Սիրում է լավ երաժշտություն, անկեղծ շփում, ընթերացանություն: Կայքում զբաղվում է «Մշակույթի հետքերով» բաժնի ղեկավարմամբ: