Մարկիզ դը Սադ. «Օձը»

Մարկիզ դը Սադ. «Օձը»

881
Կիսվել
Բոլորն էին ճանաչում տիկին Ս-ին` Դիժոնի ամենաբարեհամբույր ու ամենագեղեցիկ կնոջը, ու բոլորն էին տեսել, թե ինչպես էր նա փաղաքշում ու ի տես ամենքի` իր մահճակալի վրա պահում սպիտակ մի օձ, որի մասին պատմելու ենք այստեղ:
-Այս կենդանին ամենալավ ընկերս է, որ ունեմ աշխարհում, ասում էր նա մի օր, մի օտարերկրացի կնոջ, ով եկել էր նրան տեսնելու և հետաքրքրված էր այն հոգածության դրդապատճառներով, որ այդ գեղեցիկ կինը տածում էր իր օձի հանդեպ :
-Մի անգամ, -շարունակեց նա, -ես կրքոտորեն սիրեցի մի սիրունատես երիտասարդի, որը ստիպված էր հեռանալ ինձնից ու գնալ դափնիներ քաղելու: Մեր կանոնավոր շփումներից անկախ, նա պահանջել էր, որ իր օրինակով, մի քանի պայմանավորված ժամերի, մենք երկուսս էլ առանձնանայինք մեկուսի վայրերում` մեր սիրազեղումներին տրվելու համար: Մի օր, երեկոյան ժամը հինգին, գալով փակվելու իմ պարտեզի ծայրին գտնվող ծաղկանոցում՝ նրա խոսքը պահելու համար, միանգամայն վստահ, որ այս տեսակ կենդանիները չէին կարող սողոսկել իմ պարտեզը, հանկարծ ոտքերիս տակ նկատեցի այս գեղեցիկ էակին, որին ինչպես տեսնում եք, շատ եմ կապված:
Ես ուզեցի փախչել, սակայն օձը մեկնվեց իմ առջև, կարծես ինձնից շնորհ էր խնդրում, ասես երդվում էր, որ ինքը շատ հեռու էր ինձ վնաս պատճառելու ցանկությունից :
Ես կանգ առա, նայեցի այդ կենդանուն. տեսնելով, որ հանգիստ եմ, նա մոտեցավ ու սկսեց գալարվել ոտքերիս տակ. ես չդիմացա ու ձեռքս պարզեցի նրան, ու նա գլուխը գեղանիորեն դրեց ձեռքիս վրա. ես վերցրի նրան, համարձակվեցի դնել ծնկներիս. նա կծկվեց ու թվաց, թե քնեց: Մի անհանգիստ խռովք ինձ պատեց…անկախ ինձնից` արցուքներ հոսեցին աչքերիցս` ողողելով նազենի կենդանուն…Ցավս զգալով`նա զարթնեց և սկսեց ուշադիր ինձ նայել…հետո տնքոց արձակեց…համարձակվեց բարձրանալ կրծքիս վրա…քսվեց կրծքիս…հետո, անշնչացած` վերստին ընկավ ցած…
-Օ՜, բարեգո՜ւթ Աստված,- բացականչեցի,- վե՛րջ, մեռա՛վ սիրեցյալս:
Ես լքեցի այդ սոսկալի վայրը`ինձ հետ տանելով օձին, որին ասես մի թաքուն զգացմունք էր ինձ կապում` անկախ ինձնից…անծանոթ մի ձայնի ճակատագրական զգուշացումները, որ դուք կմեկնաբանեք ինչպես կուզենաք, տիկին, բայց ութ օր անց, հանկարծ իմանում եմ, որ իմ սիրեցյալը սպանվել է, հենց այն նույն ժամին, երբ օձը հայտնվել էր ինձ: Ես այլևս չցանկացա բաժանվել այդ կենդանուց, ու նա ինձ կլքի միայն մահվանս ժամին:
Դրանից հետո, ես ամուսնացա, սակայն անվերապահ մի պայմանով, որ իմ օձից ինձ երբևէ չբաժանեն:
Եվ ավարտելով այդ խոսքերը` բարեհամբույր տիկինը վերցրեց օձն ու դրեց իր կրծքին, ուր նա սկսեց գեղեցիկ խաղիկներ անել, որպես մի սպանիել, այն կնոջ առաջ, ով լսում էր նրան:
Օ՜ Նախախնամություն, որք՜ան անբացատրելի են քո վճիռները, եթե իհարկե այս պատմությունը ճշմարիտ է, ինչպես որ ողջ բուրգունդյան գավառն է պնդում այդ մասին:
Թարգմանիչ՝ Գառնիկ Մելքոնյան

Աղբյուրը՝ Գրական կամուրջ

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն