Երբ ԱԱԾ-ի արխիվները լյուստրացիայի ենթարկվեն

Երբ ԱԱԾ-ի արխիվները լյուստրացիայի ենթարկվեն

316
Կիսվել
Այդտեղ, այդ ներքնահարկում ահա, որի ուր լինելը, ինչպես ասացինք, ո՛չ մի մարդ չգիտե— ապրում է հսկայական մի սարդ, աներևույթ մի սարդ, սարդանման ուղեղ։ Եվ այդ սարդը ահա, սարդանման այդ ուղեղը, իր անհայտ տեղից, իր այդ անորոնելի բնակարանից պարզում է իր ճանկերը, այնտեղից սկսած՝ հյուսում է իր ոստայնը, կուռ, հյուսում է անողոք։ 
                Հատված Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպից
Բոլորովին իզուր չէ, որ որպես հոդվածի նախաբան ընտրեցինք XX դարի հայ գրականության անգերազանցելի հանճարներից մեկի գրչին պատկանող, հայ արձակ­ի հիմնաքար հանդիսացող այս վեպից մեջբերված մի հատված։ Ոչ միայն իզուր չէ, այլ  սովետական ԿԳԲ-ի գործելաոճին ու էությանը  ամենաիրական գնահատական տալու համար, որպես լավագույն օրինակ հենց կարող ենք ընդունել Եղիշե Չարենցի նկատմամբ իրականացված ֆիզիկական և մտավոր բռնությունները։ Բայց Չարենցի տրագիկ կյանքի մայրամուտը չէ, որ ցանկանում ենք քննության ենթարկել այս հոդվածում, այլ այն, թե ընդհանրապես պատմական ի՞նչ մոդիֆիկացիաների ենթարկվեց Նալբանդյան փողոցի վրա գտնվող «ԿԳԲ-ի շենք» անունը ստացած Ազգային անվտանգության ծառայությունը։ Ասենք, որ մեծ հաշվով ոչ մի։
Բայց 1937 թվականի «ԿԳԲ»-ին հասկանալու համար պետք է տեսնենք, թե ինչպես ձևավորվեց այդ կառույցը։ Այն ունի նախախորհրդային պատմություն։ Ռուսական հսկա կայսրության ներքին գործերը կարգավորելու ու ժողովրդական զանգվածներին մշտական վերահսկողության տակ պահելու համար հետզհետե սկսվեց ստեղծվել մի կառույց, որը հենց «մեծ սարդն» էր։ Այդ կառույցի աղյուսները ծպտյալ գործակալներն էին, որոնք էլ, 37-ին ակտիվանալով, միլիոնավոր բնակիչների պատուհասը դարձան։ Թերևս մեզնից յուրքանչյուրը իր նախնիներից լսած կլինեն կոմիկական պատմություններ աքսորների մասին, թե ինչպիսի մանր ու անհավանական պատճառաբանություններով մարդկանց աքսորում էին հազարավոր մղոններ հեռու կամ գնդակահարում էին շան պես։
Ինչպես վերը նշեցինք, Հայաստանի Հանրապետությունում մոտ հարյուր տարվա պատմություն ունեցող այս համակարգը փոփոխությունների չի ենթարկվել՝ նույն շենքն է, նույն արխիվները, նույն գործելաոճը։ Այսինքն, ժողովրդից թաքցնելով պատմական ճշմարտությունները, «ԿԳԲ»-ն ցանկացած պահի կարող է դառնալ բռնապետի ձեռքի «արբալետը», ինչպես այդ տեղի ունեցավ Ստալինյան բռնապետության ժամանակ։
Տարիներ առաջ Հայաստանյան մամուլն օրակարգ ներմուծեց Ազգային անվտանգության ծառայության արխիվների լյուստրացիայի խնդիրը, որը, ինչպես մնացած միլիոնավոր թեմաները, ավարտվեց «Կազերյոկի» սուրճի սեղանի շուրջ։
Բայց եկեք պատկերացնենք մի պահ, թե իրականում մեզ ի՞նչ կարող էր տալ արխիվների լյուստրացիան։ Մի՞թե կարող էինք իմանալ, թե ինչպե՞ս սպանվեցին Մյասնիկյանն ու Ա․Խանջյանը, ու՞մ հրամանով ու մատնությամբ խոշտանգվեցին, աքսորվեցին ու գնդակահարվեցին տասնյակ հայ մտավորականներ, այդ թվում Եղիշե Չարենցը, Ակսել Բակունցը, Գուրգեն Մահարին։ Կարո՞ղ ենք իմանալ, թե իրականում ում համար էին աշխատում ժողովրդականություն վայելող արվեստի ու քաղաքական բազմաթիվ գործիչներ։ Կարո՞ղ ենք իմանալ, թե ինչպես ու ում ղեկավարությամբ տեղի ունեցավ 1999 թվականի հոկետեմբերի 27-ի ոճրագործությունը։ Մի՞թե մի լուսավոր մարտյան օր կարող ենք իմանալ «մարտի մեկի» ճշմարտությունը։
Ու վերջում, տեսնես կհիասթափվի՞ ժողովուրդը, փաստացի կերպով կհամոզվի՞, որ իրենց ղեկավարող այրերի մեծամասնությունը, փողոցներում «արդարություն ու պահանջատիրություն» գոռացող ակտիվիստների հսկա հատվածը աշխատում են «մեծ սարդի» համար։
Հեղինակ՝ Հովհաննես Եսայան
 

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն