Հրանտ Մաթևոսյան. «Ծառերը» (հատված)

Հրանտ Մաթևոսյան. «Ծառերը» (հատված)

578
Կիսվել
Լա՛վը չես, խեղճ ես, լավը չես, զավա՛կս, որդիս, առաջնեկս, իմ հույսս, իմ թանկս, լա՛վը չես, մեջդ վրեժ չկա: Քո պապ ու իմ հեր Իշխանը արնագույն պուճուր մի ձի ուներ, էնքան պուճուր, որ բանակ չէին տարել ասում է, չարությունից պայթում էր՝ որ մի ձի իրենից առաջ էր ընկնում: Հևում էր, թոքերը շխկշխկում էին, քթերից կրակ էր թռչում — իր պուճուր տեղով տրաքում էր չարությունից: Քո պապի պահած շունն էլ պիտի էդպես լիներ, նրա զավակն էլ ու չափարի բանջարն էլ ու պատի օձն էլ պիտի էդպես լինեին: Դու լավը չես: Ինչ իմացողի հարցնում եմ՝ գովում ու ծիծաղում է — իբր թե լավն ես, խղճով ես, և էդ ծիծաղն իմ սրտին դանակ է դառնում, զավակս, զավակս: Իմ հեր ու քո պապ Իշխանը խելոք բաներ ոչ ասում էր, ոչ էլ մտածելու ժամանակ ուներ, նա գործի մարդ էր, գետինը նրա ոտի տակ վառվում էր- բայց մի անգամ կիսաբերան ասել է ուսի վրայով իմ մերացվին հացի փող շպրտելու պես, ու ես ասում եմ. մարդ չպիտի էնքան քաղցր լինի՝ որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի՝ որ թքեն: Քեզ կուլ են տվել ու գովում են, զավակս, քեզ կուլ են տալիս: Ասում ես խիղճ, բայց խիղճը գիտե՞ս երբ է գեղեցիկ — երբ գազանի մեջ է: Քոնը խիղճ չի, խեղճություն է: Ամբողջ Վանքերը Իշխանից աստծու չափ շնորհակալ էր գիտե՞ս ինչի համար — բոլորին կարող էր վնաս տալ: Կարո՛ղ էր: Նրա վտանգը ծովիանի՛, ծովիանի նման խաղում ու ցոլում էր Վանքերից Բորչալու ու Բորչալվից Ղազախ բոլորի վրա և ամեն րոպեի կայծակ կդառնար ու կտրաքեր ուզածդ խեղճուկրակի գլխին: Բոլորի համար նրա լավությունն էն էր՝ որ չէր տրաքում, թե չէ ուրիշ լավություն ոչ ոքի համար նա չի արել: Լավություն բոլորին քո պապ ու իմ պատրոն Ավետիքն է արել: Ուրիշի համար՝ մեղու, պատվաստ, կացնի կոթ, ուրիշի համար՝ սել, ամուսնացած եղբոր փոխարեն՝ բանակ, եղբոր բանտարկված տղայի համար՝ կառավարչի մոտ կոռի — նա աստծու լավությունն էր էս ամբողջ գյուղին, և գիտե՞ս ինչ էր ասել նրա Գիքոր փոքր ախպերը. «Էդ ո՜նց է Սարգսի համար կոռի գնաց, ինձ համար ձեռուոտն էդպես կապվել է՝ մի սել չի սարքում» (մի կաղնի կտրելու իրավունքի դիմաց անտառապահը Գիքորից մի եզանսել է ուզած եղել): Քո պապ ու իմ պատրոն Ավետիքի ճիշտ պատասխանը դա է, դու մի կարծիր, թե նրա վարքն ուրիշ պատասխան ունի: Շնորհակալություն ո՞վ էր ասում նրա ձիուն — ոչ մեկը: Բեռն իջեցնում ու քամակին ձեռաց ճիպտում էին — բեռը՝ իրենց, քրտնահոտը՝ տիրոջը — գնա՛: Խիղճ, խղճի վրա խիղճ, խղճի վրա խիղճ, ներսից խիղճ, դրսից խիղճ — դա խի՞ղճ է թե փալասե տիկնիկ, զավակս, զավակս, իմ հոգսս, իմ տանջանքս, իմ անհանգստությունս, իմ տառապանքս, իմ բեռս: Աղջիկ եք տեսնում՝ կանգնում նայում եք ու աչքներդ լցվում է, տղա եք տեսնում՝ բերաններդ բա՜ց նայում եք, հիվանդ գառան համար լաց եք լինում, սիրուն հորթի համար լաց եք լինում — ձեր փորում տղամարդու սի՞րտ է թե սազը ձեռին աշուղ: Քո պապ Ավետիքի քնա՜ծ, դանդա՜ղ, բա՜րի, էն էլ ես ինչ իմանամ բարի՞ թե վախկոտ չեղած մի պուտ արյունը էդ ո՜նց կարողացավ կտրել մերանի պես քո մեջ Իշխանի տված էն կատաղի վարար արյունը, անդադար, խաբեբա, շողոմքոր, համարձակ, անքուն, վրիժառու, զնգուն-զվարթ-ավազակ առնաուտի արյունը քո մեջ էդ ո՜նց կտրվեց Ավետիքի քնած մի պուտ արյունից: Թե՞ էդքան դուրեկան է ծնկներն օջախին դեմ անել, ժպտալով ննջել ու հուսալ ու հավատալ, թե աշխարհը բարի է: Էծը թուփ — գելը էծ: Է՞ծն ես թե թուփը, գե՞լն ես թե էծը , ո՞րն ես: Կա՛մ — կա՛մ: Չէ՜ մի. դուք սպասեք ձեր դրախտին՝ որ վանքի զանգերն իրիկվա մեջ զրնգան, իրիկվա մեջ վանքի աղբյուրը երգի, հոգնած իրիկվա միջով ձեզ բարձած բերեն, վերցնեն ձեր բեռը քրիստոսի իրիկվա մեջ և ուռչի՜ շնորհակալությունը բկների մեջ, խեղդի — «շնորհակալ եմ, ձի, Բորչալվից, է՜, մի ձմեռվա հաց բերիր երեխեքիս համար, պարտական ենք, ձի»:
Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի և մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես — հիշողության մեջ չես՝ հրե՜ն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել…

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն