Հ. Թումանյան. «Մուկիկի մահը»

Հ. Թումանյան. «Մուկիկի մահը»

732
Կիսվել
Ծիտիկն ու Մուկիկն ախպերացան։ Գետի
ափին բուն շինեցին, մտան մեջը։
Մի օր Ծիտը գնաց քուջուջ անելու, ետ
եկավ, տեսավ Մուկիկը մեռել է։ Ծնկանը
զարկեց.
— Վա՜յ, ախպեր ջան, վա՜յ…
Օխտը ճամփի մեջտեղ նստեց, հողը
փորեց, տվավ գլխին.
— Վա՜յ, ախպեր ջան, վա՜յ…
Ձենի վրա Լորիկն եկավ.
— Ծիտիկ-միտիկ, չալփետուրիկ,
Հողն ինչո՞ւ ես տալի գլխիդ։
— Թաո՜ւ, թաո՜ւ,— ասավ Ծիտը, —
Ես որ չտամ, ո՞վ տա հապա.
Մուկիկի պես ախպեր մեռավ,
Աշխարքն էսպես մնաց անտեր,
Ես որ հողը տամ իմ գլխին,
Մե՞ծ բան է…
— Ափսո՛ս, ափսո՛ս,— ասավ Լորը,—
Մուկիկի պես մարդը մեռավ,—
Ասավ, իրեն էնքան զարկեց,
Թևը կոտրեց, կախ արավ։

Ծառը ասավ.
— Լորիկ քուրիկ, ճըտճըտուրիկ,
Ինչո՞ւ ես մի թևըդ կոտրել։

— Բա ի՞նչ անեմ, որ չըկոտրեմ։
Մուկիկի պես մարդը մեռավ,
Աշխարքն էսպես մընաց անտեր.
Ծիտը գլխին հող է տալի,
Ես որ իմ մի թևը կոտրեմ՝
Մե՞ծ բան է…
— Ա՛խ-վա՛խ, ա՛խ-վա՛խ,— կանչեց ծառը,—
Մուկիկի պես մարդը մեռնի՞…
Գընաց եկավ, գընաց եկավ,
Իր ճյուղերը զարկեց իրար,
Ջարդեց, մընաց ճըղնակոտոր։

Քարերն ասին.
— Ծառիկ-մառիկ, կանաչ թառիկ,
Ճյուղերդ ինչո՞ւ վեր թափեցիր։
— Վա՜հ, ձեր տունը աստված շինի,

Մուկիկի պես մարդը մեռավ,
Աշխարքն էսպես մնաց անտեր.
Ծիտիկն էնտեղ հողը գըլխին,
Լորը իրեն թևը կոտրած,
Իմ ճյուղերը ես որ թափեմ՝
Մե՞ծ բան է…

— Հազար ափսո՛ս— քարերն ասին.
Մուկիկի պես մարդը մեռավ,
Ու գոռալեն, գըռգըռալեն
Գըլորվեցին սարերն ի վար,

Թափվեցին ցած— ջըրերի մեջ։

Ջըրերն ասին.
— Ի՞նչ պատահեց, ա՛յ գիժ քարեր,
Չէ՞ դուք ձեր տեղն անժաժ էիք,
Ի՞նչ եք էդպես ցած գըլորվում։

— Էլ ի՞նչ անժաժ. բա չե՞ք ասիլ,
Մուկիկի պես մարդը մեռավ,
Աշխարքն էսպես մընաց անտեր.
Ծիտիկն էնտեղ հողը գըլխին,
Լորիկն իրեն թևը կոտրած,
Ծառը մընաց ճըղնակոտոր,
Մենք մեր տեղից որ գըլորվենք՝
Մե՞ծ բան է…

— Վա՜շ-վի՛շ, վա՜շ-վի՛շ, ի՜նչ իմացանք,
Մուկիկի պես մարդն էլ մեռնի՞…

Ջըրերն ասին. խառնըվեցին,
Ու գընացին պըղտոր-մըղտոր։
Էն կողմերից տըմտըմբալով
Պառավն եկավ։ Էս որ տեսավ.
— Ա՜յ գըլգըլան ջըրեր,— ասավ,—
Դուք պարզ էիք միշտ ու մարմանդ,
Ինչո՞ւ էսօր պըղտորվեցիք։

— Վա՜յ քու տանը քանդվի, պառա՛վ,
Բա չե՞ս լըսել՝ ինչ է եղել.
Մուկիկի պես մարդը մեռավ,

Աշխարքն էսպես մընաց անտեր,
Ծիտը էնտեղ հողը գըլխին,
Լորը իրեն թևը կոտրած,
Ծառը եղավ ճըղնակոտոր,
Քարերը ցած գըլտոր-մըլտոր,
Մենք պղտորվենք՝ մե՞ծ բան է…

— Հողն իմ գլխին,— պառավն ասավ,—
Մուկիկի պես մարդը մեռնի՞…
Զարկեց իրեն ու ծըվատեց,
Երեսն արավ արյունլըվիկ,

Մազաքըձուձ՝ գյուղը վազեց։
Գյուղում ասին.
— Պառավ տատիկ, ի՞նչ պատահեց.
Ինչո՞ւ երեսդ արյունլըվիկ։
— Վա՜յ, քոռանամ, մի՛ խոսեցնեք։
Մուկիկի պես մարդը մեռավ,
Աշխարքն էսպես մընաց անտեր.
Ծիտը էնտեղ հողը գըլխին,
Լորը իրեն թևը կոտրած,
Ծառը եղած ճըղնակոտոր,
Քարերը ցած գըլտոր-մըլտոր,
Ես իմ երեսն արյունոտեմ՝
Մե՞ծ բան է…

— Ափսո՛ս, ափսո՛ս, հազար ափսոս,
Որ էն տեսակ մարդը մեռավ…

Ափսոսացին էն գյուղացիք,
Սև կապեցին, սուգ նստեցին.
— Վա՜յ, ո՞վ ասավ, ո՞վ ասավ…
— Հողագըլուխ Ծիտիկն ասավ,
Թևը կոտրած Լորիկն ասավ,
Ճըղնակոտոր Ծառիկն ասավ,
Գըլտոր-մըլտոր Քարիկն ասավ,
Պըղտոր-մըղտոր Ջըրիկն ասավ,
Մազաքըձուձ Պառվիկն ասավ,
Մեր Մուկիկը մեռե՜լ է…
Էլ ո՞վ մընաց էս աշխարքում,
Էլ ի՞նչ ապրենք էս աշխարքում…
Էսպես ասին
Ու միասին
Լացով, կոծով,
Ճիչ-գոռոցով
Հավաքվեցին ու գընացին,
Քարիցն ընկան, կոտորվեցին։

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն