«Ես ջարդում եմ իմ ժամացույցը, որ հանգիստ մահանամ». Արայ Զարգարեան (էսսե)

«Ես ջարդում եմ իմ ժամացույցը, որ հանգիստ մահանամ». Արայ Զարգարեան (էսսե)

1402
Կիսվել
Մտքերի անկանոն տեղաշարժը մեզ հաճախ ստիպում է կուլ գնալ մեր ցանկություններին ու մտածել մի բանի մասին, որն իրականում գոյություն չունի: Իսկ ինչի՞ համար է ստեղծված երազը․ միգուցե դա կույրերին տրված շնորհ է, որ մեզանից շատերը գողացել են ու վայելում են այդ երևույթը: Մարդու համար կրկնակի տեսողությունը իր կեցության լիարժեքության փաստն է: Իմ գլխուղեղում մեքենայագրված միտքն ասում է, որ կյանք իրականում գոյություն չունի: Սա երազ է, և մենք իրականում քնած ենք։ Այս քնից կարթնանանք այն ժամանակ, երբ մահանանք: Երկու կյանք կա իրականում: Մի կյանքից անցումը դեպի մյուս կյանքը իրականացվում է մահվան միջոցով: Ժամանակավոր քնի ու հավիտենական երազի մեջ էական տարբերությունն այն է, որ երազում ժամանակ գոյություն չունի: Իրական կյանքում նույնպես ժամանակ գոյություն չունի: Ժամանակը հենց մարդն է, ով իր գոյությամբ գծում է անտեսանելի սահման իրականության ու չգոյության միջև: Եթե ջարդենք բոլոր ժամացույցները, ապա կյանքը կկանգնի, ու մենք կդատապարտվենք հավիտենականությանը: Եթե հավիտենականությունը լիներ լավ երևույթ,ապա ցավից ու տառապանքից մաշված մարդիկ կցանկանային թաղվել անտեսանելի հավիտենության մեջ: Աշխարհում ամենահիմար մարդը ժամացույց հնարողն է: Քրիստոնեական ուսմունքի մեջ հավիտենական կյանքին հասնելը համարվում է մարդու գլխավոր ձեռքբերումը: Մենք գերի ենք ժամանակին ու ինքներս մեզ: Իսկ եթե՞ վաղուց վերացել է ժամանակը, իսկ մենք չենք գիտակցում, որ պետք է արթնանալ քնից: Մարդիկ հավատում են Աստծուն: Իրականում Աստվա՞ծ ստեղծեց մարդուն, թե՞ մարդն է Աստծո հեղինակը: Վերջապես պետք է ունենանք հավատ ինչ-որ երևույթի նկատմամբ, իսկ հավատի հիմքը մի ուսմունք է, որտեղ իրականությունը բացակայում է, և գործում է միայն միտքը: Եթե կրոնների հիմքում ընկած լիներ ճշմարտությունը, ապա հավատը կլիներ անմահ ու աներևակայելի ուժեղ: Երկնքում երանի են տալիս միայն մեզ, քանի որ չենք տեսել, բայց հավատում ենք: Իսկ երկնքի հակառակ կողմում սիրում ու պաշտում են վրիժառու մարդասպաններին, քանի որ տեսանելի արյունը լվանում են տաք ու իրական արյունով: Ապրում ենք մի վանդակում, որտեղ ամենուր կրակ է ու ցավ, իսկ փոքր հանցանքի դեպքում պիտի այրվենք անվերջ վառվող կրակի մեջ: Մեր հավիտյան տանջանքը գրված է եղել դեռ շատ վաղուց: Այս ուսմունքների հիմքում մեզ խելոք պահելու գաղափարն է: Պիտի կառավարեն մեզ, հակառակ դեպքում կրակների մեջ այրվելու ենք: Երազն անվերջ է ու անբացատրելի: Պատերից կախված ժամացույցները շարունակում են կառավարել ժամանակը: Առեղծվածների այս աշխարհում հանելուկներն անսահման են, իսկ լաբիրինթոսում միայն սարդոստայն է: Գիշերային խավարի մեջ միայնակ ենք ու վախկոտ, քանի որ մեզ լքում է անգամ մեր սեփական ստվերը: Մտքերի անբացատրելի հոսք, ժամանակի մեջ քարացած երազ ու փախուստ․․․Եթե փախչեմ կյանքից ու ժամանակից շատ հեռու, միգուցե փրկվեմ այս տառապանքից: Քնեք հանգիստ ու խաղաղ, քնեք երկար ու խորը: Այս քնից կարթնանաք միայն այն ժամանակ, երբ երազն ավարտվի, և դուք մահանաք:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածըՀետաքրքիր դրվագներ Մոցարտի կյանքից
Հաջորդ հոդվածըԵղիշե Չարենցը և արդիականությունը․ Պարույր Սևակի զեկույցը
Արայ Զարգարեան ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 10-ին Եղվարդ քաղաքում:Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում,ապա 2008 ից մինչև 2012 թվականը Մխիթարեան կրթահամալիրում: Ծառայել է հայոց բանակում: Այժմ սովորում է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում: Ստեղծագործում է, գրում է պատմվածքներֈ Ունի տպագրված մի քանի գործեր: Կայքում զբաղվում է գրական հետաքննության բաժնի ղեկավարմամբ և գրական նորություններով: