«Մարդուն հաճույք է պատճառում ապահովության մեջ գտնվելով վախ ապրելը». Հ. Սարիբեկյան

«Մարդուն հաճույք է պատճառում ապահովության մեջ գտնվելով վախ ապրելը». Հ. Սարիբեկյան

845
Կիսվել
Փետրվարի 17-ին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում կայացավ Գրական-երիտասարդական ակումբի և ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության կողմից կազմակերպված հանդիպումը արձակագիր, գրականագետ Հրաչյա Սարիբեկյանի հետ: Հանդիպման հիմնական թեման սարսափ ժանրի գրականությունն էր և Հ. Սարիբեկյանի «Ապուշների ուղևորությունը» գիրքը: Հ.Սարիբեկյանը նշեց, որ մինչ սարսափ գրականության մասին խոսելը, նախ պետք է հասկանալ ի՞նչ է վախը. «Այն մարդու հնագույն զգացողություններից է, որն առաջանում է անորոշությունից»: Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչու է մարդն ընթերցում սարսափի գրականություն, ինչու է մարդուն դուր գալիս այն: Հ. Սարիբեկյանի մեկնաբանությամբ մարդուն հաճույք է պատճառում ապահովության մեջ գտնվելով վախ ապրելը:
Սարսափ ժանրի որոշակի տարրեր հնարավոր է տեսնել դեռ վաղ շրջանի գրականության մեջ, սակայն այն որպես գրական ուղղություն ձևավորվել է 18-րդ դարում՝ գոթական կոչվող գրականության շրջանակում: Հետաքրքրական է այն փաստը, որ այս ուղղության մեջ հատկապես կանայք են փայլում: Հ. Սարիբեկյանը նշեց, որ սարսափի ժանրի գրականության մեջ պետք է անակնկալ լինի, դա է սարսափ առաջացնում, ոչ թե մռայլ տեսարանները. «Դռան ճռռոցը ավելի սարսափելի կարող է լինել, քան սպանությունը»:
Հանդիպման ընթացքում արձակագիրը ներկայացրեց նաև ճապոնական, չինական, ռուսական սարսափ գրականության բնորոշ գծերը: Իսկ մեր այն հարցին, թե արդյոք հայ գրականության մեջ կան այս ժանրի ստեղծագործություններ, Հ. Սարիբեկյանը նշեց, որ  առանձնապես չի հանդիպել, սակայն իրեն սարսափ է պատճառել Զորայր Խալափյանի «Սպիտակ մուկը» վիպակը:
Հանդիպման երկրորդ մասը վերաբերում էր «Ապուշների ուղևորությունը» վեպին, որը գրվել է 2008 թվականին ընդամենը ութ օրում: Հեղինակը նշեց, որ այս գիրքը այնքանով է յուրօրինակ, որ այդ ոճը այդքան էլ իրեն հատուկ չէ, կան որոշակի գռեհկաբանություններ, հայհոյանք, որը երբեք նախկինում չի կիրառվել իր  կողմից:
Գիրքը տպագրվել է «Անտարես» հրատարակչության կողմից և շուտով հասանելի կլինի ընթերցողներիս համար:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածըԳայանե Սիմոնյան. բանաստեղծություններ
Հաջորդ հոդվածըՄեծերը Հ. Թումանյանի մասին
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի՝ մասնագիտացված կրթության կազմակերպման ոլորտում: Սիրում է լավ երաժշտություն, անկեղծ շփում, ընթերացանություն: Կայքում զբաղվում է «Մշակույթի հետքերով» բաժնի ղեկավարմամբ: