Հաղորդակցման միջանձնային մակարդակը և դրա կառավարման առանձնահատկութունները

Հաղորդակցման միջանձնային մակարդակը և դրա կառավարման առանձնահատկութունները

2252
Կիսվել
Վերացական գաղափարներ փոխանցելու ունակությունը մարդկության ամենակարևոր տարբերակիչ հատկություններից է: Հաղորդակցումը տեղեկատվության, դրա իմաստային նշանակության փոխանակման գործընթաց է երկու կամ ավելի անձանց միջև: Միջանձնային հաղորդակցման անխուսափելիությունն ու անհրաժեշտությունը բացատրվում է հենց մարդու լինելիության պայմանով. մարդը, լինելով հասարակական երևույթ, չի կարող գոյություն ունենալ առանց հաղորդակցման, քանի որ այն հանդիսանում է նրա կարևորագույն պահանջմունքներից մեկը:
Տարբերակվում են հաղորդակցման հետևյալ մակարդակները՝
  • Ներանձնային
  • Միջանձնային
  • Ներխմբային
  • Միջխմբային
  • Հանրային
Միջանձնային հաղորդակցումն ընկալվում է որպես հաղորդակիցների միջև միաժամանակյա փախազդեցության և միմյանց վրա ազդեցության գործընթաց: Այն բնորոշվում է մի շարք առանձնահատկություններով, որոնք առանձնացնում են իրեն հաղորդակցման այլ տեսակներից: Միջանձնային հաղորդակցումը կարող է իրականացվել տարբեր ձևերով: Միջանձնային հաղորդակցման իդեալական տարբերակ է համարվում երկու անձանց միջև ոչ ֆորմալ զրույցը: Հաղորդակցման այս տեսակին հատուկ են զրույցի նյութի հաճախակի փոփոխությունը, ակտիվությամբ պայմանավորված՝ մի կողմի գերկայությունը, իսկ մյուսի ենթակայությունը, նախորդ թեմային վերադառնալու հնարավորությունը, եզրափակիչ փուլի հասնելու անկարևորությունը, քանի որ զրույցը կարող է ընդհատվել հանգամանքների բերումով: Ֆորմալ իրավիճակների դեպքում, որպես կանոն, օգտագործվում են հաղորդակցման համընդհանուր նորմերը:
Միջանձնային հաղորդակցման արդյունավետությունը որոշվում է երկու հիմնական, սոցիալապես կարևոր գործառույթների ակտուալացմամբ՝ փոխազդեցություն և ազդեցություն: Մարդկանց միջև հաղորդակցումն իրականացվում է վերբալ և ոչ վերբալ մեթոդների օգնությամբ: Վերբալ հաղորդակցումն իրականացվում է բանավոր կամ գրավոր կերպով ինֆորմացիայի փոխանակման եղանակներով (երկխոսություն, ժողով, քննարկում, հրաման, ցուցում և այլն), իսկ ոչ վերբալը՝ մարմնի շարժումների, ժեստերի և խոսքի պարամետրերի (ինտոնացիա, տեմբր, խոսքի տեմպ, ձայնի բարձրություն և այլն): Հաղորդակցման հիմնական կարողությունները համարվում են նաև հաղորդակցման ապահովման հիմնական միջոցներ: Իր կարևորությամբ լսելու կարողությունը գտնվում է առաջին տեղում և զբաղեցնում է միջանձնային հարաբերությունների ժամանակի մինչև 45%-ը: Խոսելը զբաղեցնում է մոտավոր 30%-ը: Հաղորդակցման արդյունավետության բարձրացման համար մեծ ուշադրություն պետք է դարձնել խոսքի կուլտուրային: Այս գործում կարևոր դերակտարություն ունի կարդալը:
Հաղորդակցման գործընթացում շատ մեծ դերակատարություն ունի նաև մարդու տեսակը: Զրուցակցի տեսակի ժամանակին բացահայտումը թույլ է տալիս հարմարեցնել նախադասությունները և բանակցություններում լրացուցիչ հնարավություն ունենալ հաջողության հասնելու համար:
Փորձելով կառավարել միջանձնային հաղորդակցման գործընթացը պետք է հաշվի առնել այն, որ խոսքը պետք սկսել եզրակացությունից, այլ ոչ թե տարբեր փաստարկների միջոցով նրան տանել դեպի ցանկացած արդյունքը: Սա բացատրվում է նրանով, որ շատ հավանական է, որ զրուցակիցը չհասկանա միտքը, և չմտածի այն ուղղությամբ, որով որ պետք է մտածի անհրաժեշտ եզրակացությանը հասնելու համար: Բացի այդ, նա զրույցի ընթացքում կարող է մոռանալ փաստարկները: Իսկ եթե նա ի սկզբանե իմանա, թե խոսքն ինչին է վերաբերում և «ուր» պետք է գնալ, ապա այս դեպքում կստացվի ցանկալի արդյունքը:
Խոսքի ճիշտ ալգորիթմն այսպիսին է՝
  • Նախ եզրակացությունները,
  • Ապա փաստարկները, որոնք ապացուցում են եզրակացության ճշմարտացի լինելը
Կարևոր է իմանալ, որ խոսքի մեջ օգտագործվող շատ բառերը, նախաբանը, անկարևոր մանրուքները բարդացնում են ինֆորմացիայի ընկալումը: Մարդու գիտակցությունը սահմանափակ է իր ընկալմամբ, այդ իսկ պատճառով պետք է կարևորը հայտնել հնարավորինս հակիրճ և ընկալելի, առանց ավելորդությունների: Որքան կարճ և պարզ է հաղորդածը, այնքան ավելի հեշտ այն կհասականա զրուցակիցը:
Հաղորդակցման գործընթացում արդյունքի տեսանկյունից շատ կարևոր է նաև ինտոնացիան: Կարևոր է այն, թե ինչպես է ասված, այլ ոչ թե ինչ է ասված: Անգամ ամենաչեզոք խոսքը, եթե ասվում է թշնամական ինտոնացիայով, ընկալվում է որպես թշնամական խոսք: Մարդիկ իրենք իրենց ինտոնացիան այս կամ այն կերպ չեն ընկալում, քանի որ այն ձևավորվել է շատ վաղ և միայն դիմիացինի ոչ վերբալ հաղորդակցումից կամ այլոց կարծիքից կարող է հասկանալ իր ինտոնացիան ինչպիսին է: Կարևորվում է նաև ճիշտ խոսքերի ընտրությունը՝ կախված իրավիճակից: Եթե դիմացինը հուզված է, անհանգստացած, ապա պետք է ընտրել հնարավորինս չեզոք և «փափուկ» խոսքեր, որպեսզի խոսքերն այլ կերպ ընկելելու վտանգն անհետանա:
Այս կյանքում յուրաքանչյուր մարդ ունի իր այն «պահանջմունքները», որոնք դրսևորվում են հաղորդակցման ընթացքում. կան մարդիկ, ովքեր սիրում են խոսակցության ընթացքում համառոտ կերպով խոսել իրենց ձեռքբերումների մասին, կան մարդիկ, ովքեր սիրում են ցուցադրել իրենց ահռելի գիտելիքներն այս կամ այն ոլորտից: Կան նաև մարդիկ, ովքեր խոսակցության ընթացքում ցանկանում են պարբերաբար շեշտել իրենց կարգավիճակն ու ունեցած պաշտոնը: Սա հաճախ ոչ միայն նյարդայնացնում է զրուցակցին, այլ նաև բացահայտում է տվյալ անձի ունեցած այն թույլ կողմերը, որոնց օգնությամբ հետագայում կարելի է կառավարել նրան մանիպուլյացիաների միջոցով: Եթե յուրաքանչյուր անձ պետք է փորձի մաքսիմալ կերպով թաքցնել իր այս «պահանջմունքները», ապա դիմացինին կառավարելու համար նա պետք է նրան դրդրի դրանք բացահայտել: Նա դա կարող է անել ոչ միայն կեղծ հարցերի այլ միայն լսելու միջոցով: Կեղծ հարցերը շատ արագ են ակնհայտ դառնում: Իսկ այն անձը, ով դիմացինին թույլ է տալիս իր ներկայությամբ զգալ այնպես, ինչպես իրեն դուրս է գալիս, ստանում է նրա վստահությունը:
Եթե զրուցակիցը բավականին երկար ժամանակ հեռանում է զրույցի բուն նյութից, ապա մոտակա դադարի ժամանակ կարելի է նրան հարցի միջոցով ետ վերադարձնել դեպի զրույցի նախկին թեման: Եթե դա առաջացնի նրա վրդովմունքը, ապա զրուցակիցը կարող է պարզապես նշել, որ կարծել է թե նա ավարտել է:
Զրույցի ընթացքում, եթե դիմացինի պահվածքը դուր չի գալիս, կարևոր էայդ էմոցիաները թաքցնել: Դա կարելի է անել միայն մի կերպ. պետք է հստակ կանոն սահմանել, որ չի կարելի ափերից դուրս գալ և տրվել էմոցիաներին:
Զրուցակցի դրական արձագանքը ստանալու համար շատ կարևոր է ճիշտ հաղորդակցում և ճիշտ խոսք կառուցել: Դա իրականացնելու գործում կարևորվում է տրանսակցիոն վերլուծությունը: Տրանսակցիոն վերլուծությունը յուրահատուկ ուղղություն է ինչպես տեսական հոգեբանության, այնպես էլ հոգեթերապևտիկ պրակտիկայում: Տրանսակցիոն վերլուծությունը հոգեվերլուծական տեսություն է, ունի թե՛ անհատական, թե՛ խմբային տեխնիկաներ: Այս ուղղության հիմնադիր Է. Բեռնը կարևորում էր մարդու անգիտակցականը և մանկական տարիքը: Նրա կարծիքով մարդու հոգեկան կյանքը հիմնված է լարվածություն-լիցքաթափում-հավասարակշռություն սկզբունքի վրա: Մարդն անգիտակցորեն ձգտում է ներդաշնակության: Հիմնականում սա վերաբերում է ֆիզիկական վիճակներին, որոնք սակայն փոխանցվում են հոգեկան ոլորտ:
Տրանսակցիոն վերլուծության մեջ կա մի ուղղություն, որը կոչվում է կառուցվածքային վերլուծություն: Ըստ Բեռնի՝ մարդու անձը կազմված է երեք մասերից, ենթամասերից կամ էգո-վիճակներից`
  1. Երեխա էգո-վիճակ
  2. Ծնող էգո-վիճակ
  3. Մեծահասակ էգո-վիճակ
Ինչպես ավելի վաղ նշել ենք, հաղորդակցման գործընթացում շատ կարևոր է լսելու կարողությունը: Կա լսելու երեք տեխնիկա՝
  1. Առանց արձագանքի լսել. Միայն լսել և խրախուսել զրույցը
  2. Լսել որոշակի արձագանքով. Ստուգել զրուցակցի ասածը ճիշտ է հասկացվել, թե ոչ
  3. Ակտիվ լսել. Զրուցակցից ստանալ հետաքրքող տեղեկատվությունը:
Բացի զրուցակցին հասկանալուց շատ կարևոր է, որ զրուցակիցը արձագանքի միջոցով հասկանա, որ իրեն լսում են: Կարևոր է նաև այն, որ վերոնշյալ երեք տեխնիկաների օգտագործման ընթացքում զրուցակցին չպետք է ընդհատել, պետք է նրան թույլ տալ խոսքն ավարտել:
Ոչ ռեֆլեքսիվ լսելու ընթացքում պետք է՝
  • Հասկանալ տեքստը
  • Խրախուսել զրույցի հետագա ընթացքը
  • Հիշել ասվածը
Տեքստը հասկանալու համար պետք է կենտրոնացնել ուշադրությունը, քանի որ շատ հաճախ ասվածի շատ քիչ հատվածն է լսում զրուցակիցը:
Զրույցի հետագա ընթացքը կարելի է խրախուսել հետևյալ մեթոդներով՝
  • Հայացք
  • Միմիկա
  • Դիրք, մարմնի շարժումներ և ժեստիկուլյացիա
  • Զրուցակիցների միջև հեռավորություն, դրա փոփոխություն
Հաստատուն հայացքը հետաքրքրվածության նշան է, և կարող է խրախուսել զրուցակցին շարունակել խոսքը: Եթե դիմացինը նայում է հատակին, և չի նայում զրուցակցին, չի փորձում «բռնել» նրա հայացքը, ապա դա կարող է ընկալվել որպես անուշադրության նշան: Զրույցի սկզբում պետք է ստեղծել կարճաժամկետ վիզուալ կոնտակտ: Սակայն, վերջինս չարաշահել ևս պետք չի:
Կարևոր է նաև դեմքի արտահայտությունը, որը պետք է լինի դրական:
Դիրքը ևս շատ բան է ասում զրուցակցի և թեմայի նկատմամբ վերաբերմունքի մասին: Եթե հաղորդակիցը առաջանում է դեպի զրուցակիցը, ապա դա հետաքրքրվածության նշան է: Եթե զրույցի ընթացքւոմ նա թաքցնում է ձեռքերը, խաչում է դրանք, կամ պայուսակը դնում է ոտքերին, նա արգելք է ստեղծում իր և զրուցակցի միջև: Անկեղծ և շարունակական զրույցի համար կարևոր են բաց դիքերը:
Զրուցակիցների միջև կա որոշակի հեռավորություն, որը զրույցի ընթացքում կարող է փոխվել որոշակի նպատակներով:
Հաղորդակիցների միջև տարածություններն են՝
  • Ինտիմ տարածություն-մինչև 45 սմ: Սա մտերիմների տարածություն է: Երբ այլ մարդիկ մուտք են գործում այստեղ, մարդը սկսում է անհանսգտություն զգալ
  • Անձնական տարածություն-45-120 սմ: Այն շատ հարմար է ընկերական հանդիպումների և բանակցությունների համար
  • Սոցիալական տարածություն-1.2-3.5մ: Այս հեռավորության վրա մարդիկ անծանոթների հետ շփվելիս իրենց հանգիստ են զգում
  • Հանրային տարածություն-3.5-ից ավելի: Այս հեռավորության վրա են սովորաբար տեղի ունենում հաղորդակումներ մեծաքանակ մարդկանց հետ
Գիտակցաբար փոխելով հեռավորությունը, զրուցակիցը կարող է դիմացինին հասկացնել իրա տրամադրվածությունը: Սակայն, դա պետք է անել զգուշավոր և չափի մեջ, որպեսզի հակառակ ազդեցություն չունենա:
Այստեղ կարևոր է նաև հարմարությունը: Դեմ դիմաց նստելը խթանում է առճակատումը, իսկ միմյանց կողի նստելը՝ ոչ: Շրջանաձև նստելը հիմնականում հարամր է բանակցությունների, քննարկումների համար: Դպրոցականների նման շարքով նստելը պետք է այն դեպքում, երբ կարևոր է, որ մեկին լսեն, և միմյանց հետ զրույցի չբռնվեն:
Վստահության մթնոլորտ ստեղծելու համար զրույցի ժամանակ կարևոր է, որպեսզի միմյանց միջև չգտնվեն այլ իրեր: Նախ, առարկան թույլ չի տալիս ամբողջապես տեսնել ոչ վերբալ արձագանքները, և երկրորդ՝ զրուցակցի մոտ ստեղծում է պաշտպանվածության զգացողություն:
Ռեֆլեքսիվ լսելու մեթոդներն են՝
  • Ասվածի չընկալում
  • Կրկնություն
  • Ձևափոխություն
  • Ամփոփում
  • Պարզաբանում
Ակտիվ լսելն իրականացվում է հարցերի միջոցով: Այս ճանապարհով զրուցակցից կարելի է իմանակ հետաքրքրող ինֆորմացիան: Հարցերը բնույթով լինում են բաց և փակ: Փակ հարցերը ենթադրում են միանշանակ պատասխան: Դրանց շարունակական բնույթը կարող է անհանգստություն առաջացնել զրուցակցի մոտ:
Բաց հարցերը, հակառակը, նպաստում են հաղորդակցման շարունակմանը, և միանշանակ պատասխան չեն ակնկալում:
Հաղորդակցման ընթացքում պետք է օգտագործել նաև քննադատություն և հավանություն, սակայն երկուսն էլ պետք է լինեն կառուցողական:
Կառուցողական քննադատությունն ուղղված է դիմացինի վարքի փոփոխությանը:
Կառուցողական քննադատության կառուցվածքն է՝
  • Հակառակորդի գործողությունների նկարագրություն առանց որևէ գնահատականի, կամ գնահատելիս պետք է շեշել, որ դա պարազապես իր սուբյեկտիվ կարծիքն է
  • Պնդումների համար առաջ բերել փաստեր
  • Ներկայացնել առաջարկներ
  • Ցույց տալ դրական վերաբերմունք
Ցանկալի է, որ քննադատությունը չկատարվի այլ մարդկանց ներկայությամբ:
Կառուցողական հավանությունը կարևոր է հետևյալ տեսանկյուններից՝
  • Մոտիվացնում է մարդուն հետագա քայլերի համար, բարձրացնում է ինքնագնահատականը
  • Ամրացնում է հարաբերությունները
  • Երկու կողմերին տալիս է դրական էմոցիաներ
Կառուցողական հավանության կառուցվածքն է՝
  • Զրուցակցի գործողությունների նկարագրություն
  • Սեփական էմոցիաների նարագրություն
  • Դրական փաստարկում
  • Զրուցակցի արձագանքի լսում
  • Շնորհակալության հայտնում
Ոչ միայն արված քննադատությունը պետք է լինի կառուցողական, այլ նաև կարևոր է ուղղված քննադատությունը ևս ընունել կառուցողական կերպով:
Առաջին քայլ՝
  1. Թուլացնել մկանները: Մկանների լարվածության հետևանքով դանդաղում է արյան շրջանառությունը և ավելանում է անհանգստություն
  2. Ճնշման կարգավորում մի քանի խորը ներշնչան միջոցով
Երկրորդ քայլ՝
Պահանջի հստակեցում
Երրորդ քայլ՝
Փաստերի ընդունում
Չորրորդ քայլ՝
Լուծումների որոնում
Հաղորդակցման գործընթացի կառավարման համար շատ կարևոր է լինել ինքնավստահ: Լինել ինքնավստսահ նշանակում է անել այն, ինչ ճիշտ ես գտնում, առանց նայելու ուրիշի կարծիքին:
Հասարակության կողմից հավանության արժանանլու պահանջմունքը ամենաուժեղ պահանջմունքներից է: Դրանից ձերբազատվել անհնար է, սակայն կարելի է պայքարել դրա հետ:
Նախևառաջ կարևոր է, որպեսզի խոսքը կառուցված լինի ինքնավստահ: Կան որոշ արտահայտություններ, որոնք օգտագործելով արդեն մարդը դիմացինի աչքում չի կարող երևալ ինքնավստահ: Պետք է ուշադրություն դարձնել դրանց և օգտագործել համապատասխան այլ բառեր և արտահայտություններ:
Ինչպես գիտենք, հաղորդակցումն իրականանում է ոչ միայն բառերի միջոցով, այլ նաև ոչ խոսքային ճանապարհով՝ շարժումների, ժեստերի և պահվածքի միջոցով: Այդ տեսանկյունից շատ կարևոր է, որ ինքնավստահ խոսքից բացի պահվածքը ևս լինի ինքնավստահ:
Երբ քննադատում են պետք է քննադատությանը պատասխանել կոնկրետ հարցով, այլ ոչ թե հակափաստարկով, արդարանալու ցանկությամբ:
Երկրորդը ինքնաբացահայտումն է: Պետք է զրուցակիցն ուղիղ ձևով ասի այն, ինչ մտածում է: Եվ եթե կարիք կա, ապք պետք է հանգիստ ձևով կրկնի նույնը մի անի անգամ:
Պետք է քննադատությունը ընդունել առանց որևէ արդարացման կամ ներողության: Պետք էանտեսել յուրաքանչյուր հոգեբանական ճնշում:
Եվ, որ ամենակարևորն է, այս մեխանիզմներն օգտագերծելիս պետք է՝
  • Խոսել հանգիստ ձայնով
  • Խուսափել արդարացումներից
  • Խուսափել հնչածը վիճարկելուց
Ահա հաղորդակցման գործընթացի կառավարման առանձնահատկությունները և մեխանիզմները:
 Կազմեց՝ Արծվիկ Սարգսյանը

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածըHomo Ֆաբեր. Մաքս Ֆրիշ
Հաջորդ հոդվածըՀետաքրքիր դրվագներ Մոցարտի կյանքից
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի՝ մասնագիտացված կրթության կազմակերպման ոլորտում: Սիրում է լավ երաժշտություն, անկեղծ շփում, ընթերացանություն: Կայքում զբաղվում է «Մշակույթի հետքերով» բաժնի ղեկավարմամբ: