«Սատկած կատվի մասին գիտակից հիշողություն». Արայ Զարգարեան (էսսե)

«Սատկած կատվի մասին գիտակից հիշողություն». Արայ Զարգարեան (էսսե)

2107
Կիսվել
Առաջին անգամ սպանության համը ճաշակեցի շատ փոքր տարիքում: Մի տարօրինակ, բայց անմոռանալի համ, որ երկար տարիներ մահվան անտեսանելի ձեռքի նման հետապնդում է ինձ: Ձմռան դիվային քամին իր հետ մեր այգին էր շպրտել մի սև ու սատանայակերպ կատվի: Կատուների, կանանց ու սատանայի միջև կնքված դաշինքի մասին խոսում են միայն ժամացուցային փաստերը: Կատուների նկատմամբ ատելությունն ու սառնասրտությունը դեռ մանկուց դաջվել էր ուղեղիս հասուն ծալքերում: Տանը մենակ էի մնացել: Կատվասպանի համար միայնությունը կատարյալ մահ ստեղծելու համար ամենաիդեալական տարբերակն է: Մի քանի ամիս առաջ էր լրացել տասներկու ամյակս, բայց ներքուստ տառապում էի սպանության դարավոր մոլուցքով: Ագռավակերպ մլավոցը կաթվածահար էր անում ինձ: Րոպեներն էի հաշվում, որ խոտ հավաքելու գործիքով արնաքամ անեմ աստվածավախ կենդանուն: Այգու պատին հենած գործիքը գրկեցի ու սողացի առաջ: Տեսնես Եվան ինչպե՞ս վախեցավ սատանայից: Ձյան ու քամու անցանկալի ներկայությունից կատուն կծկվել էր այգու անկյունում գտնվող քարերի արանքում: Կատուն սև էր, տեղ-տեղ սպիտակ ու դեղնավուն զոլերով, որոնք հետո պիտի թաթախվեին արյան արևագույն ներկով: Մոտենալուն պես սկսեցի ժպտալ ու հաճոյանալ: Այդ ձևով փորձում էի երկկողմանի խաղ խաղալ: Մի քանի վայրկյան շողոքորթելուց հետո գործիքը, շատ ուժգին հարված կատարելով, խրեցի կատվի կողոսկրերի մեջ: Դեմքս անբացատրելի կերպով ծամածռվեց․ երևի առաջին անգամ էի տեսնում, թե մահն ինչ տեսք ունի: Ադամը շուռ եկավ գերեզմանաթմբի մեջ: Կատուն,  դիվային ձայն արձակելով, սկսեց անխնա թպրտալ: Արյան կանխամտածված շիթը այս ու այն կողմ էր ցատկում: Ֆիզիկական ցատկի բացակայության դեպքում արյան անմարդկային ոռնոցն էր գործում: Ծերության գույնով ներկված ձյունը իր մեջ ընդունեց մահվան անհասկանալի երանգ: Այդ ժամանակ գիտակցեցի, թե ծերությունից այն կողմ ով է կանգնած լինում: Մի քանի րոպե սպասելուց հետո կատվին ցած նետեցի գործիքի հետ միասին ու քայլեցի տուն: Ինձ շատ ուժեղ ու անպարտ էի զգում: Ներքին էներգիայի ավելցուկն այնքան շատ էր, որ պատրաստ էի նոր կատուների նույնպես հոշոտել: Մարդկային բնազդը գիտի ոչնչացնել ու ստորացնել: Ստորությունը նույնպես մարդկային արժեքների խմբին է դասվում: Մութն ընկնելուն պես գնացի անկենդան վայրն ու գործիքի վրա գտա սատկած կատվի անկուշտ դիակը: Սատկածին նետեցի տան պարիսպներից հեռու ու մաքրեցի ձյան վրայի անմեղ արյունը: Տարօրինակ է, որ մարդիկ անմեղ չեն լինում, իսկ կենդանիները միշտ անմեղ են, քանի որ նրանք անհոգի ու անգիտակից էակներ են, ուստի կարելի է նրանց թույլ տալ ամեն ինչ: Կենդանիների մեջ ամենակատարյալ ու գիտակից գազանները մարդիկ են, իսկ եթե Աստված մեզ այսպես է ստեղծել, ուրեմն պիտի արդարացվեն մեր գործած սատանայական հանցանքները:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն