Թե ինչպես Չարենցը սեր խոստովանեց….

Թե ինչպես Չարենցը սեր խոստովանեց….

1634
Կիսվել
Նստել էինք սեղանի շուրջը՝ մենք, հյուրերը: Չարենցը չկար: Չկար՝ չկար, Աստված իր հետ. մինչև առավոտ չէինք սպասելու: Դյադյա Միրզոն ոտքի կանգնեց, բարձրացրեց լիքը բաժակը:
— Տղաներ ու աղջիկներ, — սկսեց նա, — հայ թատրոնի ապագա դերասաններ ու դերասանուհիներ …
Էդ րոպեին էլ դուռը բացվեց, շեմքում երևաց Չարենցը:
Վարդան Միրզոյանը ցած դրեց բաժակը: Մենք, ուրախացած, տեղ բաց արինք Չարենցի համար:
— Ընկեր Չարենց, եկեք մեզ մոտ:
— Չարենց, արի նստիր կողքիս:
— Եղիշե, ինձ մոտ:
Չարենցը տեղից չշարժվելով, հայացքը դես ու դեն գցեց:
— Աղասի Ալայանը էստե՞ղ է:
Նոր գլխի ընկա, որ խմած էր: Հարբած չէր, բայց խմած էր: Կողքից էլ, սովորական ատրճանակի տեղ, մաուզեր էր կախված:
— Էստեղ եմ, Եղիշ, — անհամարձակ ձեն տվի ես:
Աչքը գցեց վրաս:
— Էստեղ ես, հա՞, — ասաց: — Շուտով չես լինի:
Սիրտս վատ բան գուշակեց:
Մարդիկ քարացած մեկ Չարենցին էին նայում, մեկ՝ ինձ. սև կատո՞ւ էր անցել ընկերների միջով:
— Դուրս եկ տեղիցդ ու առաջ արի, — էլի ասաց նա:
Ճարս ինչ. բարձրացա տեղիցս ու առաջ գնացի:
— Կանգնիր էդտեղ, — ասաց, ոչ, ի՜նչ «ասաց», հրամայեց, երբ երկու քայլի վրա էի իրենից:
Սիրտս վատ բան էր գուշակել, ճիշտ էր, բայց էն, ինչ տեղի ունեցավ, ո՜ւմ մտքով կանցներ:
— Արփիկին ես սիրում, հա՞, սուկին սին, — ձենը ավելի բարձրացնելով, գոռաց Չարենցը: — Խլե՞լ ես ուզում նրան: Ես հիմի քեզ սիրել ցույց կտամ, խլել ցույց կտամ:
Ասաց, ձեռքը դեպի մաուզերը տարավ, հանեց և՝ ուղիղ ճակտիս:
— Հիմի դու քոնը կստանաս:
Տղամարդիկ իրար անցան, աղջիկները ճչացին:
Ապրես դու, Օրի Բունիաթյան, առյուծի պես տեղից վեր ցատկեց, հասավ ետևից, բռնեց Չարենցի ձեռքը, ոլորեց, ու խլեց մաուզերը:
Կյանքս փրկված էր: Բայց, վա՜յ էն փրկվելուն՝ լեղիս ջուր էր կտրել. բերանումս էլ թուք չէր մնացել, որ չորանար:
Սենյակը կամաց-կամաց խաղաղվեց: Մի կերպ ես էլ ուշքի եկա:
— Եղիշ, հազիվ կարողացա կմկմալ, էդ ի՞նչ ես ասում, ամոթ չէ՞: Կարսում իրար ճանաչել ենք, ընկերներ եղել, հիմի էլ ընկերներ ենք: Կարսում աղ ու հաց ենք կերել: Հիմի էլ պիտի ուտենք: Բա ես էդպիսի նամարդություն կանե՞մ:
Չարենցը շփոթվեց, կախեց գլուխը. նրան էլ էր երևի հասել կատարվածի անհարմարությունն ու անտեղիությունը: Սակայն ոչ ես էի կարողանում տեղից շարժվել, ոչ նա: Մարդիկ էլ պապանձվել էին, ոչ ձեն, ոչ ծպտուն: Վախի՞ց: Չէ՛, վախը վաղուց էր անցել: Ամոթի՛ց:
Մեկ էլ մի ձեն հասավ ականջիս. մեկը տվեց նրա անունը.
— Եղի՛շ:
Արփիկն էր, Արփենիկ Աստվածատրյանը, որ թողել տեղը, եկել կանգնել էր Չարենցի առաջ:
— Եղի՛շ, — կրկնեց, — ինձ նայիր:
Վա՜յ էն նայելուն, որ Չարենցը նայեց նրան:
— Չէ, ոչ էդպես, — նկատեց Արփիկը: — Բարձրացրու գլուխդ: Մի քիչ էլ: Ա՛յ, էդպես: Թե չէ, գլուխ կախելը քեզ չի սազում: Դե հիմի լսիր: Ի՜նչ Աղասի, ի՜նչ բան: Էդ որտեղի՞ց հնարեցիր: Թող մարդիկ իմանան, թող աշխարհը իմանա. ես քեզ եմ սիրում: Միայն քեզ: Սպասում էի, թե ուր որ է, սեր կբացատրես ինձ. տեսնում էի, որ դու էլ իմ օրումն ես: Է՞ս էր քո սեր բացատրելը: Արյունո՞վ էիր ուզում շաղախել իմ ու քո սերը:
Անակնկալից երևի հիմի էլ Չարենցի լեղին էր ջուր կտրել, թուքն էլ՝ չորացել:
— Արփի՛կ, — իրեն կորցրած, մոռանալով որ շուրջը մարդիկ կան, շշնջաց նա, — ի՞նչ իմանայի, թե էդպիսի բան կա, թե… Արածս հենց դրա համար էր. տեսնելու՝ սիրո՞ւմ ես ինձ: Ախր, ես գժվում եմ քեզ համար: — Նորից գլուխը կախեց: — Ներիր, Արփիկ ջան:
Դարձավ դեպի ինձ:
— Դու էլ ներիր, Ալո ջան:
— Անաստված, — բամբ ձենով սենյակը լցրեց Օրի Բունիաթյանը, — մարդուն սպանել էր ուզում, հիմի կանգնել է, թե՝ ներիր: Լա՜վ է, հը՜մ:
Սենյակը լցվեց Չարենցի ծիծաղով:
— Ինչե՞ր ես դուրս տալիս, — բացականչեց նա: — ես ու մարդ սպանե՞լ: Էն էլ Աղասո՞ւն: Ու էդ մաուզերո՞վ: Օրի ջան, դրանով իսկի ծիտ չի սպանվի, ո՜ւր մնաց՝ մարդ:
Շշմելու հերթը Օրի Բունիաթյանին հասավ, կարծում էր՝ մարդու կյանք էր փրկել, իսկ դուրս է գալիս, որ … Չարենցին նայեց, ինձ, Արփիկին, մարդկանց, ձեռքին դեռ բռնած մաուզերին: Արագ բաց արեց նրա փակաղակը և ընկավ առաջին պատահած աթոռին:
— Ես քո հավատն եմ անիծել, հը՜մ, — հազիվ կարողացավ ասել նա:
Մաուզերը դատարկ էր. ոչ փամփուշտ, ոչ բան:
Աղբյուրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածըՍթիվեն Հոքինգի տիեզերքը
Հաջորդ հոդվածը«Մառախուղ». Արայ Զարգարեան
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի՝ մասնագիտացված կրթության կազմակերպման ոլորտում: Սիրում է լավ երաժշտություն, անկեղծ շփում, ընթերացանություն: Կայքում զբաղվում է «Մշակույթի հետքերով» բաժնի ղեկավարմամբ: