Դանթե դելլի Ալիգիերի «Աստվածային կատակերգություն»

Դանթե դելլի Ալիգիերի «Աստվածային կատակերգություն»

868
Կիսվել
Իտալացի նշանավոր բանաստեղծ, գրող Դանթե դելլի Ալիգիերիի գլուխգործոց երկը, որը նաև համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկն է, «Աստվածային կատակերգությունն» է։ Նրա բացառիկությունը գնահատվել, գնահատվում և դեռ դարեր շարունակ կգնահատվի գալիք սերունդների կողմից։ Կ. Մարքսը այն համարել է «անմահ պոեմ»։ Հեղինակը գրքի շարադրանքը սկսել է 1308 թվականին և ավարտել մահից առաջ`1321 թվականին։ Սկզբում վերնագիրը եղել է «Կատակերգություն», բայց հետագայում ավելացրել են «աստվածային» մակդիրը։ Դրանով նկատի չեն ունեցել, որ գործողությունները կատարվում են երկնային ոլորտներում, այլ արտահայտել են գեղարվեստական վեհությունը`աստվածային գործ։ Պոեմը դժբախտ դեպքեր է նկարագրում, բայց վախճանը բարեբաստիկ է, դրա համար էլ Դանթեն այն պարզապես վերնագրել է «Կատակերգություն»։ Պոեմը բաղկացած է երեք մասից`«Դժոխք», «Քավարան», «Դրախտ»։ Սրանք իրենց հերթին բաժանվում են առանձին մասերի. «Դժոխքը» բաղկացած է ինը պարունակներից, «Քավարանը»` յոթ բոլորակներից, «Դրախտը»`երկնային ինը ոլորտներից։ Մասերից յուրաքանչյուրը բաղկացած է 33 երգից։ Նախերգանքի հետ միասին բոլորը 100 երգ է։ «Աստվածային կատակերգությունում» մշտական մասնակցող թվերն են 3 ,9 և 10։ Սրանց վրա դանթեագետները շատ են մտածել, միստիկական խորհուրդ են գտել, զանազան բացատրություններ տվել։ «Նոր կյանքում» Դանթեն այդ առթիվ խոսում է Պտղոմեոսի, արաբական, սիրիական, քրիստոնեական թվագրական հաշիվների մասին՝ մեկ աստղաբաշխական բացատրություն է տալիս, մեկ 9 թիվը կապում սուրբ երրորդության հետ. «Թիվ երեքը իննի արմատն է…. Եթե երեքն ընդունակ է ստեղծել ինը, իսկ հրաշքների ստեղծագործողը իրոք Երրորդությունն է, այսինքն`Հայր, Որդի, Սուրբ Ոգի`երեքը մեկի մեջ, ապա պետք է եզրակացնել, որ այդ տիկնոջը ուղեկցում է ինը թիվը, որպեսզի բոլորը հասկանան, որ նա ինքը ինն է, այսինքն`հրաշք, և որ այդ հրաշքի արմատը միայն հրաշագործ Երրորդությունն է»։
Դանթեի բացատրությունը ոչ մի գաղտնիք չի բացում։ Նորագույն հետազոտություններն ասում են, որ այդ թվերը չունեն ո՛չ միստիկական, ո՛չ որևէ այլ բովանդակություն։

Հեղինակ՝ Աննա Այվազյան

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն