Արայ Զարգարեան | Մայրամուտ լուսաբացի ժամանակ

Արայ Զարգարեան | Մայրամուտ լուսաբացի ժամանակ

743
Կիսվել
Հայելիներն ու հայրությունը նողկալի են ինձ համար, քանզի երկուսն էլ բազմապատկում ու տարածում են տիեզերքը: -Խ. Լ. Բորխես
«Իմ մայրն ինձ երբեք չի ասել. «Եթե դու զինվորական դառնաս, անպայման գեներալ դարձիր, եթե հոգևորական դառնաս, դարձիր եպիսկոպոս». Այդ իսկ պատճառով ես դարձա նկարիչ, դարձա Պիկասո»- Պ. Պիկասո
«Օրորոցային երգը, որը երգում է մայրը, մարդուն ուղեկցում է ամբողջ կյանքում` մինչև դագաղ»-Հենրի Բիչեր

 

Զանգակատունն ինքնակամ հանձնվեց: Բնության զայրույթը հասել էր իր գագաթնակետին: Չգիտես ինչու Նոյն ուշանում էր: Ձյան ներվային փաթիլները սկսեցին հարձակվել տաճարի գմբեթի վրա: Քամին ոռնալով սրբում, տանում էր մեղք կոչվող մոլուցքը: Տաճարի բակում դրված որբ օրորոցը լուռ դիտում էր, թե շուրջն ինչ է կատարվում: Օրորոցի մեջ դրված երեխան սկսեց իր արցունքալացը: Բնության ու երեխայի միջև ձայնային պայքար էր ընթանում: Երեխան գերազանցեց Աստծուն.նույնիսկ բնության կողմից անտեսված մնաց այդ փոքրիկը, քանի որ քամին չտարավ նրան իր հետ: Ժամերգության վերջին ալելույաները չկարողացան դուրս գալ գմբեթից և ստիպված մնացին ընտրյալի տանը: Ժամերգության ավարտից հետո քայլող Ջուղան դուրս փախավ տաճարից: Նրանցից շատերը թեթև լինելու պատճառով գնացին քամու հետ` անվերադարձ: Ժամերգության ընթացքում վանականներից շատերն աղոթում էին, որ դադարի քամին: Ձյան փաթիլները վախեցան տեսնել տղային: Տեսնելով, որ անիմաստ են թափվում այդ արցունքները, փոքրիկը լռեց:
Օրորոցը մեր առաջին դագաղն է, որտեղ անցկացրած անգիտակից տարիների համար մենք փոխհատուցում ենք մեր երկրորդ դագաղում: Երկրորդ օրորոցի մեջ զղջում չկա, քանի որ լացն այնտեղ բացակայում է, իսկ մեր փոխարեն մեր հարազատներն են փորձում զղջալ:
Արևի անդրանիկ շողերն անտեսվեցին փոքրիկի կողմից: Դրսում կանգնած էր մնացել միայն վարպետ Պողոսի ասեղնագործ խաչքարը: Խաչքարը ծանր քայլերով մոտեցավ օրորոցին, գրկեց տղային, նրա սրտին ասեղնագործեց իր խաչն ու անհայտացավ:
Գոյությունը ծնվում է անհայտությունից, եթե անհայտ ես, ուրեմն փորձում ես գտնել գոյության առաջին ծիլերը: Գոյատևման ժամանակ ոչ ոք չի ցանկանում նորից գնալ անհայտություն, քանի որ հարությունը հիմա արգելված է, բայց ամեն մի արգելված գործ քաղցր է ու ցանկալի, իսկ մեր ցանկություններն ավարտվում են այնտեղ, որտեղ արգելվում է քաղցը:
Լիալուսնի տակ ոռնացող շան աչքերը մարդկային ձուլվածք ունեին: Նա լուսնի մեջ փորձում էր հայտնաբերել անհայտ մնացած մեկին: Նրա փնտրտուքները միշտ անիմաստ էին ստացվում: Շան և մթության ընկերությունը անցանկալի էր շատերի համար: Շունը նույնպես հանդիպում էր ունեցել վարպետի հետ, դրա համար էլ նրա սրտից արյուն էր կաթում: Բոլոր շներն ասեղնագործ են:
Կայարանի քարե սալիկներն անհամաչափ էին դասավորված: Ամեն օր քայլելուց ստիպված էր կանգ առնել, որպեսզի ոտքերն ուղղի ու քայլի քարերի ճիշտ դասավորվածությամբ:
Շիկացած երկաթգիծն ամեն օր հարյուրավոր գնացքներ էր ընդունում ու ճանապարհում: Հավաքված ամբոխի խայտաբղետ ձայներն անընդունելի էին նրա ականջների կողմից, քանի որ, անհայտության ժամանակ նրա դիմաց ամբոխ չկար, կար միայն եզակի անհատականություն: Գնացքը ժամանեց. կայարանում սկսվեց իրարանցումը: Այդ խառնաշփոթի մեջ տղան նման էր ամայության մեջ կանգուն մնացած խաչքարի: Նա լուռ դիտում էր, թե շուրջն ինչ է կատարվում: Լայն բացված աչքերով զննում էր, թե ինչպես է շունչ քաշում կատաղած գնացքը: Գնացքի շնչառությունն անհամաչափ տոնով էր ընթանում: Մտքում փորձեց բառեր հորինել երաժշտության համար, բայց չկարողացավ, քանի որ մոռացել էր, թե ինչպես են մտքի մեջ մտածում: Տղայի կապույտ, գունաթափ աչքերի մեջ գոյությունը բնութագրող ոչինչ չկար: Ոսկրացած մարմինը թաքցնում էր հագուստի մեջ, իսկ անմազ գլխի վրա նշմարվում էին դուրս պրծած երակները: Նրա երակներում հավաքված արյունը շնչակտուր վազում էր, բայց մի օր ստիպված պիտի կանգներ, որ հանգստանար: Սա այն գնացքը չէր, որին փնտրում էր տղան: Ամեն օր կայարան ժամանող առաջին հյուրը հենց ինքն էր: Նրա ու գնացքների միջև մտերմություն չկար, տիրում էր կատարյալ անտարբերություն: Կայարանի քարե սալիկները մաշվել էին նրա քայլքից: Սառը քամին զննում էր ուղևորների դեմքերը:
Բոլորը նստած էին գնացքի մեջ, միայն նա էր դրսում կանգնած մնացել: Գնացքի սլացքի հետ տղայի աչքերը դուրս պրծան ու փախան: Ձեռքը տարավ գրպանն ու հանեց մի փոքրիկ թաշկինակ: Ասեղնագործ թաշկինակի կարմիր նախշերը կարոտից խամրել էին: Տղան մաքրեց ճակատից հոսող արյունն ու նորից դրեց գրպանը:
Թունելի խորքում հոսանքի լարերը կայծկլտալով փորձում էին ցույց տալ այդ անսահման տարածության սահմանները: Տղայի աչքերը թունելի խորքում էին մնացել, ուստի չկարողացան հետ վերադառնալ: Գնացքի հետևից վազում էր շունը, նրա երազանքները նույնպես հանգրվանել էին թունելում: Հանկարծ ոտնաձայներ լսվեցին: Գծերի վրա կանգնած կինը ուշադիր նայում էր տղայի դեմքին: Նրա նուրբ դիմագծերն արևի շողերից կարմրել էին: Կլորավուն դեմքի վրա հազիվ էին նշմարվում մոխրացած աչքերը: Ուշադիր նայեց տղային ու ձեռքը մեկնեց: Հարազատության նշաններ չկային այդ փտած աչքերի մեջ: Տղան մոտեցավ, ձեռքը մեկնեց, որ բարձրացնի գծերից վերև: Այդ պահին մռայլ թունելում լսվեց մահվան դղրդոցը: Կինը շատ հանգիստ էր, քանի որ կյանքում շատ էր տեսել այդպիսի դղրդոցներ: Կայարանում նորից թնդաց մարդկանց աղմուկը: Տղան ուշադիր զննում էր կնոջ դեմքը: Սպասում էր, որ ինչ-որ բառ պետք է դուրս փախնի նրա բերանից, բայց ապարդյուն: Կնոջ գլխաշորի տակից սկսեցին ցած նետվել ճերմակած մազերը: Գլխի երակներից մի քանիսը սկսեցին առաջ վազել: Գծերը ծածկվեցին սպիտակ գույնով: Հոգեհանգստի ձյուն էր տեղում: Գնացքը դուր եկավ թունելից:
,, Մամա’,, , -բղավեց տղան: Բղավոցի հետ մեկտեղ նրա աչքերի առաջ հայտնվեց մահը: Կինն անհայտացավ: Խորհրդավոր թունելում կյանքը նման էր մղձավանջային երազի: Այդ երազներն ունեին միայն չար ավարտ, բարության երազները թունելի հակառակ կողմում էին:
Բարձրացավ գնացք, նստեց լուսամուտի կողքի նստարանին: Օդը շատ ծանր էր: Ուղևորների աչքերից ծորում էր անգիտակից կյանքը: Դիմացի նստարանին բազմաթիվ գրություններ կային: Չգիտես ինչու նրան հետաքրքրեց հայհոյանքները: Սկսեց ուշադիր կարդալ:
Գնացքը փնչոցով առաջ շարժվեց: Երբ մտան թունել, տղայի ձեռքերը սկսեցին դողալ: Մտածում էր, որ գնացքի անիվների վրա դեռ փաթաթված են մնացել կնոջ մազերը և երևի դրանից է թունելում այդքան շատ կայծկլտոց: Գլուխը հենել էր լուսամուտին: Հաջորդ կայարանը գտնվում էր թունելի մեջ: Դեռ կայարան չհասած կանգնեց ու դիրքավորվեց դռան մոտ: Լուսամուտից ծորացող արյան կաթիլները սառած մնացին, մթության մեջ միայն լուսինն էր երևում: Այդ կայարանում միայն տղան իջավ: Ձեռքը տարավ գրպանն ու զգաց, որ թաշկինակն ամբողջովին թաց է: Քայլելուց ոտքի տակ փշրվում էին ջարդված ապակիների մնացորդները: Ամբողջ կյանքում փորձել էր պատկերացնել, թե ինչպիսի քաղցրություն ու ուժ կա մայրական համբույրի մեջ, բայց ամեն անգամ այդ պատկերացումներն ավարտվում էին դառնագին լացով, քանի որ ոչինչ չէր ստացվում. Նա իր մոր դեմքը շատ եկեղեցիներում էր փնտրել, բայց ոչ մի տեղ չէր գտել այդ եզակի սրբապատկերը: Արծիվը շարունակում էր իր փնտրտուքները երկնքում: Մայրը նրան սավառնող հոգի էր տվել: Միգուցե գծերի վրա կանգնած կինը իր մոր կորած ուրվականն էր, բայց ինչու չխոսեց իր հետ: Այդ կախարդական լռության մեջ լսվեց շան մեղեդային լուսնահաչը: ,,Երևի նա էլ է իր մորը փնտրում,, ,- մտածեց տղան:
Գերեզմանատանը անմարդկային հանդարտություն էր տիրում: Մեռելների հոգեկան հանգստությունը չափից շատ էր նշմարվում: Լուսնի լույսը համաչափ բաշխված էր շիրմաքարերի վրա: Մեռելներից մի քանիսը, լուսնի հետ հանդիպումից խուսափելու համար, հանգրվանել էին շիրմաքարի հակառակ կողմում: Սա մի տեղ էր, որտեղ բոլորը հավասար կարգավիճակում են գտնվում: Առաջին քարը, որին մոտեցավ տղան, շատ հին էր: Խամրած քարի վրա նշմարվում էր մահացած կնոջ դեմքը. հարազատ ոչինչ չկար այդ կնոջ դեմքի մեջ: Եկել էր գերեզմանատուն` փնտրելու իր մորը, եկել էր, որ գտնի իր կյանքի կորուստը: Կյանքում ամեն կորուստ չէ, որ կարող ես նորից հետ բերել: Նա շատ համառ էր ու վստահ, որ կյանքում համառ լինելը նրան կհասցնի իր նպատակների գագաթնակետին: Շիրմաքարերից մեկի վրա չկար մարդկային դեմք: Քարի վրա նստել էր սև կատուն: Կատվի կծկված մարմինը նման էր կենդանի տապանաքարի: Լուսինը վայր ընկավ երկնքից: Շունը դադարեցրեց երկարաձայն լացը: Կատուն ստվերի նման քարից քար էր ցատկում, երևի փնտրում էր իր իսկական տիրոջը: Մահվան ճիշտ ժամանակը հենց գիշերն է, քանի որ այդ ժամին մենք կատարյալ մենակ ենք լինում, մեզ լքում է անգամ մեր սեփական ստվերը: Տղայի աչքերի մեջ փորագրված էր կայարանում կանգնած կնոջ դեմքը: Վարպետը չուներ մրցակից. կինն ընդամենը խաբկանք էր արքային գահընկեց անելու համար: Տեսնես որտեղ էր մնացել իր երկաթյա օրորոցը: Երևի թաքնվել էր աղբակույտերից մեկի մեջ, որ նորից չվերադառնար նրա գիրկը, կամ էլ անձրևից ու քամուց տխրած ինչ-որ մեկի տան նկուղում լուռ օրորվում էր: Տղան սիրում էր մտածել ու երազել այն ամենի մասին, ինչը չկար ու բացակայում էր: Շատերի կարծիքով իմաստ չկար նրան ուղեղ տրամադրելու: Նրա ոտքերի տակ շարունակվում էին փշրվել կիսամեռ ապակիները: Գերեզմանատան խորքում նկատեց մի խաչքար: Դա միակ խաչքարն էր այս գերեզմանատանը: Ջուղան խորը շունչ քաշեց, նրանցից մի քանիսը կանգուն էին մնացել: Գնացքի պես կատաղած սլացքով շարժվեց դեպի խաչքարը: Մի քանի քայլ էր մնացել, որ հասներ, կանգ առավ: Վախից ոտքերը թուլացան ու ծնկի եկավ, խաչքարի մոտ. փոքրիկ հողաթմբի միջից դուրծ պրծած ձեռք կար: Անսովոր ձեռքի վրա երակները փքված կոբրայի նման սողում էին առաջ: Տղան վախեցավ երկրորդ անգամ ձեռք մեկնել անծանոթին: Խաչքարի ներքևի մասում ոչ մի գրություն չկար: Ճակատից հոսող արյան կաթիլները կտկտոցով վայր էին գլորվում ձեռքի ափի մեջ: Ձեռքն անշարժ մնաց, ոչ մի փոփոխություն տեղի չունեցավ: Տղայի դողացող բերանից դուրս չէր գալիս ,,մամա,, բառը: Միգուցե սա սխալմունք էր, և մարդկային բնազդը ճիշտ որոշում էր կայացրել այս անգամ: Այդ գրկախառնության ժամանակ սկսվեց լուսնահաչը: Տղան խրվեց հողի մեջ: Անցումը, երկրային անիրականությունից դեպի երկնային իրականություն, շատ արագ ստացվեց: Ամենուրեք Չարենցյան կատուներ էին: Սև չորքոտանի ստվերները սիրում են ապրել մարդկանցից հեռու.մարդ կոչվող անասունն անգամ կատուների համար էր տհաճ ու անցանկալի: Նրանք սիրում էին ապրել անկենդան մարդկանց հետ:
Մարդը ծնված օրվանից արդեն իսկ բավական ծեր է մահանալու համար: Աստվածային հրաշագործությունն անգամ անկարող է մարդուն դարձնել անկատար ու բարի: Շրջապատի կողմից անտեսված տղայի համար կյանքը վառվող երազ էր: Շարունակ փորձում էր գտնել այդ երազը: Նրա սիրտն ամբողջովին գտնվում էր Աստծո ձեռքերի մեջ: Տղան միակն էր աշխարհում, որ ուներ ասեղնագործ սիրտ: Արծիվը շարունակում էր սավառնել երկնքում: Պատահական չէր այն փաստը, որ մայրը նրան արծվի կոչում էր տվել:Ինչքան էլ տարօրինակ ու հաճելի էր երկնքում, մեկ է իր կյանքը կառուցված էր երկրի վրա: Անհնար է մեկ օրում երկինք բարձրացնել երկրի վրա կառուցված քարակերտ շինությունը: Նա հողեղեն էակ չէր, նա քարակերտ էակ է:
Կայարանում լույսը նոր էր բացվում: Վեր կացավ գծերի վրայից, թափ տվեց շորերն ու նայեց ժամացույցին: Սլաքները հակառակ ուղղությամբ էին պտտվում: Բնությունն ու բնաքանդ մարդիկ գժվել էին: Կայարանում ուղևորներ չկային: Թունելը մագնիսի նման ձգում էր դեպի իր կողմը: Նա հոգին լայն բացած սպասում էր իր հյուրերին: Տղան գրպանից հանեց թաշկինակն ու տեսավ, որ ամբողջովին ճերմակել է: Գլխի վրա բացակայում էին մազերը: Դանդաղ շարժվեց դեպի թունելը: Անտեսած ու մի կողմ շպրտած կյանք ունեցող մարդիկ միշտ հաստատուն քայլերով են առաջ շարժվում: Նրանք վստահ են, որ կհասնեն կյանքում գագաթնակետին: Թունելում օդ չկար: Ոտնաձայներ լսեց, ետ շրջվեց ու տեսավ շանը: Նա չէր հասել գնացքին ու իր հանգրվանը գտել էր թունելի մեջ: Ինչքան առաջ էր շարժվում, այնքան նկատելի էր դառնում թունելի խոնավությունը: Մարմնի մեջ սառը օդ մտավ, առանց այդ ոսկրոտ մարմնին հիվանդանալու համար բավական էր ցուրտ ու խոնավ տարածություն: ,,Տաք կհագնվես, տղաս’,, ,-ականջների մեջ զնգաց այդ նախադասությունը: Վստահ էր, որ աշխարհում երբևէ գոյություն ունեցած ամենամաքուր ու անարատ սերը մայրական սերն է:
Շան աչքերը պսպղում էին մթության մեջ: Կանգ առավ, երևի հոգնել էին ոտքերը, նստեց գծերի վրա, որ շունչ քաշի: Շունն իսկույն հետևեց տղային: Թունելում ինքնասպան լինող չղջիկներն այս անգամ ընտրել էին շատ հեշտ` կախաղանի տարբերակը: Նրանցից մի քանիսը պառկել էին գծերի վրա: Նրանք դեռ մանուկ հասակից սովոր էին դաժանությանը: Բարձր լարման լարերից մի քանիսը բոցկլտացին: Այդ լուսավորության մեջ նկատեց, որ թունելի խորքում իրենից առաջ մի մարդ կա քայլող: Ոտքի կանգնեց ու սկսեց քայլել ավելի արագ: Միգուցե դա հերթական խաբկանքն էր, թե` գծերի վրա կանգնած կինը, որը գնացքի տակ ընկավ: Տղայի մտքերը, արյան կարմիր գնդիկների պես, ներքև էին ծորում: Գլխում գրեթե ոչինչ չէր մնացել: Որոշ ժամանակ հետո դատարկության զոհը կդառնար: Թունելում քայլող մարդկային ստվերը դեմք չուներ: Նա նման էր անդեմ հոգևորականի: Աստվածաշունչը ձեռքերի մեջ ամուր սեղմած` մտքում աղոթում էր: Աստված նրանից խլել էր դիմագծերը: Նա նույնպես քամու զոհն էր դարձել: Նորից թունելը բոցկլտաց: Հետ նայեց ու տեսավ, որ շունն անհայտացել է: Նա մնացել էր հետևում` կույր վանականի հետ: Այս խաբուսիկ միջավայրը տղային ստիպեց ավելի արագ շարժվել: Ոտքերի տակ սատկած չղջիկներ կային: Մի քանիսին անզգուշության պատճառով տրորեց: Նրանց մեղսագործ մարմինները հայտնվել էին տղայի ոտքերի տակ: Սկսեց անձրև տեղալ: Այստեղ բնությունը նույնպես խորհրդավոր էր: Թունելից մահվան հոտ էր փչում: Կանգ առավ, ետ շրջվեց ու սրեց ականջները: Ձայներ լսվեցին` կայարանում մարդկանց իրարանցումն էր: Գնացքը ժամանել էր կայարան: Պառկեց գետնին, ուզում էր տեսնել կենդանի կմնա գնացքի տակ, թե ոչ: Այս դժվար պահին նա միայնակ էր մնացել: Շունն ու վանականը անտեսեցին տղային: Մի տեսակ դժողքի հոտ էր գալիս: Սկսեց շոշափել մարմինը, մտածում էր, թե մահացել է: Կարևորը սիրտն էր. շոշափեց ու տեսավ, որ տեղում է: Աղմուկը դադարեց: Ժողովունդը հարմար տեղավորվել էր գնացքի մեջ: Սկսեց ավելի արագ վազել: Մի տեսակ անսովոր ուժ հայտնվեց իր մեջ` մայրական ուժի նման, սակյան չգիտեր, թե դա ինչ ուժ է: Ձեռքերն ավելի արագ էր թափահարում, ուզում էր հասնել նրան: Այդ ցանկությունը ստիպում էր մոռանալ անցյալը ու ապրել ներկայով: Անզոր էր անել այդ ամենը, քանի որ իր կյանքում չկար անցյալ, ոչ էլ ներկա ու ապագա, կար միայն կոտրված, անիրական երազանք: Գնացքը տեղից պոկվեց: Մի քանի վայրկյան չանցած շունը շրջանցեց իրեն: Շան մոտ նույնպես տագնապ էր: Երբ կանգնած ես լինում մահվան դիմաց, այդ ժամանակ եսասիրությունը հասնում է իր աստվածային գագաթնակետին: Վանականը կուրության պատճառով հետևում էր մնացել: Նա զգում էր, որ անզոր է առաջ շարժվել, ուստի ծնկի եկավ ու սկսեց աղոթել: Այս մեռյալ տարածքում կյանքի համար պայքարը շարունակվում էր:
Մահը նոր թափ հավաքեց: Տեսավ, որ անզոր է հաղթել նրան, գրպանից հանեց թաշկինակն ու դրեց գլխին: Արյուն չկար, այնտեղ նույնպես տագնապ էր տիրում: Երևացին գնացքի լույսերը: Վանականն այդպես էլ չբարձրացրեց գլուխը:Նա Աստծո խոնարհ ծառայի նման երկրպագեց սատանային: Նրանց բախումից գծերը փշաքաղվեցին: Շունն անհայտացել էր թունելի խորքում: Նա արդեն հասել էր լուսնին: Երակները կանգ առան, հանգստի ժամը եկել էր: Գնացքի ազդանշանները միացան: Այդ ոռնոցի հետ մեկտեղ լսվեց շան լուսնահաչը: Նա գտավ իր երազը: Վանականի երգը չորացել էր իր պայթած ուղեղի մեջ: Հերթը տղայինն էր , նա էլ արձագանքեց: Տղայի ձայնը թնդած թունելի մեջ: Լսվեց անձրևի կաթիլների կտկտոցը: Տղան քայլերն ուղղեց դեպի տաճար: Աշնանային սառը քամին ցրտաշունչ ձմռան հույսեր էր տալիս: Տաճարի բակ մտնելուն պես, տեսավ իր ժանգոտ օրորոցը: Անտարբերությունից խամրած, լքված ճոճանակի նման օրորվում էր: Նա դեռ կենդանի էր: Բակում օրորոցից բացի ոչ մի կենդանի շունչ չկար: Զանգակատան զանգերը լուռ ճոճվում էին: Նրանց ղողանջը դարձել էր հուշ: Նրանք դեռ անցյալում էին մնացել: Սրտի մեջ անսովոր հրճվանք կար: Սպիտակ գլուխը ծածկվել էր նոսր դասավորված մազերով: Մոտեցավ տաճարի դռներին ու ներս մտավ: Դռները շատ ծանր էին, բայց նրա համար անհաղթահարելի ոչինչ չկար: Վանականները լուռ նստած աղոթում էին: Խաչակնքվեց ու սկսեց զննել տաճարը: Խորանի կենտրոնում ծնկաչոք մի կին էր աղոթում: Գլխաշորի վրայի կարմիր նախշերը ծանոթ էին նրան: Գրպանից հանեց թաշկինակն ու ապշեց` երկու տեղում էլ նույն կարմիր նախշերն էին: Արցունքներն սկսեցին ցած գլորվել: Կյանքն ավարտվում էր, իսկ իր զսպվածության պատճառով նա բավականին հետ էր մնացել կյանքից: Հոգևորականների սառը աղոթքը շարունակվում էր: Հանկարծ լսվեց զանգակատան զանգերի ղողանջը: Տաճարի բակում ճոճվող օրորոցը կանգ առավ: Կույր վանականը ետ շրջվեց, նայեց տղային ու սկսեց երգել ,,Մայր սուրբ,, շարականը: Նրա մոր դողացող ձեռքերից հանգիստ սահելով գետնին ընկավ Վարդարանը: Կինը ոտքի կանգնեց, վազեց դեպի տղան ու ամուր գրկեց:
Կույր վանականի երգը Աստվածային մաքրության ապացույցն էր: Դրսում լսվեց շան գիշերային լուսնահաչը: Վարպետ Պողոսը լուռ հեռացավ տաճարից: Ջուղան նորից վերակենդանացավ:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածըՍերը տարիք չի հարցնում․ (լուսանկարներ)
Հաջորդ հոդվածը6 անիծված նկարներ (լուսանկարներ)
Արայ Զարգարեան ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 10-ին Եղվարդ քաղաքում:Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում,ապա 2008 ից մինչև 2012 թվականը Մխիթարեան կրթահամալիրում: Ծառայել է հայոց բանակում: Այժմ սովորում է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում: Ստեղծագործում է, գրում է պատմվածքներֈ Ունի տպագրված մի քանի գործեր: Կայքում զբաղվում է գրական հետաքննության բաժնի ղեկավարմամբ և գրական նորություններով: