«Մեռյալ քաղաք» Արայ Զարգարեան

«Մեռյալ քաղաք» Արայ Զարգարեան

919
Կիսվել
Քրտինքի ու փոշու մեջ թաթախված մարմինս երկար ժամանակ անտարբեր էր եղել կեղտոտության հանդեպ:Մեքենայի ճանապարհն անորոշ էր, բայց նախօրոք կանխամտածված: Զինվորներից մի քանիսի աչքերը ծեփվում էին ու մնում ամուր կառչած ճանապարհի անորոշ վայրերում: Մեքենայի մեջ արգելվում էր ծխել, սակայն մահվան գնացողների համար սա կարող էր ծխի վերջին ամպը լինել, իսկ այդպիսի վճռին դեմ-հանդիման գնացողների առաջ բացվում են շատ օրենքների փակագծեր: Զենքս իմ մարմնի համեմատ շատ ծանր էր, և այդ հարցի շուրջ տարօրինակ մտածմունքները շարունակ տանջում էին: Մի քանի րոպե հետո ծխախոտի գարշելի մառախուղը պատեց մեքենայի մեծ բեռնախցիկը: Նստած էինք շարքերով՝ դեմ-դիմաց: Այնպիսի տպավորություն էր՝ կարծես դատապարտված ենք գնդակահարության: Իրենց մտքի խորքում բոլորն էլ գիտակցում էին, որ այդ ցինիկ միֆն իրականության առասպելից է դուրս ցատկել: Մենք բոլորս դատապարտված ենք մահվան, սակայն քչերի մահն է նախօրոք կանխամտածված լինում: Դարձյալ մտքերիս մի պահ սանձարձակության պատին գամեց ծանրաքարշ զենքս: Մեքենայի անիվներից բարձրացող փոշին ծխախոտի միակ մրցակիցն էր: Մրցակցությունը ամենուր իր հավիտենական դրոշակակիրն ունի: Բեռնախցիկից հազիվ էր ներս սողոսկում արևի սփրթնած ու մեզ բաժին հասած միակ ճառագայթը: Սոված էի: Ոտքերիս տակ նկատեցի հացի փոշոտ կտորտանքներ, սակայն սովամահ դեռ չէի եղել, ուստի հպարտության անհավատ զգացումը ստիպեց հրաժարվել հացի առաջ խոնարհվելուց: Համազգեստիս ձախ կողմի գրպանում Քրիստոսի դեմքով մետաղյա խաչն էր, իսկ խաչի ետևում քրտինի ու փոշու մեջ արժեզրկված 1000 դրամանոց թղթադրամ: Միգուցե ենթագիտակցորեն վստահ էի, որ պետք կգա: Ճանապարհի եզրին ընկած տեխնիկայի ու զինվորական համազգեստի գոյությունը հուշում էր, որ շուտով քաղաք ենք մտնելու: Մահասարսուռ պատերազմից հետո բոլորին էլ հետաքրքիր էր տեսնել քաղաքի անբուժելի վերքերի քանակը: Զինվորների ձայներից հասկացա, որ արդեն քաղաքում ենք, բայց ճանապերհի փոշին թույլ չէր տալիս բեռնախցիկից դուրս ինչ-որ բան տեսնել: Մի պահ մեքենան շատ կտրուկ արգելակեց ու բեռնախցիկի ետնամասում դրված արկղերից մի քանիսը թափվեցին մեզ վրա: Հասկացա, որ իջնելու ժամանակն է: Զենքս ամուր գրկեցի ու թռա բեռնախցիկից: Սահմանապահ զինվորները ակնհայտ տարբերվում էին բոլորից: Նրանց հոգնած ու մաշված մարմնից կախված դեմքը պատված էր մարդասպանի դիպուկ ու օրիգինալ սառնասրտությամբ: Մեզ տեսնելուն պես նրանք վազեցին ու ծխախոտ խնդրեցին: Զղջացի, որ չեմ ծխում, իսկ գրպանիս մեջ ընկած թղթադրամը կյանքում առաջին անգամ գիտակցեց, որ հարկավոր չէ ոչ-ոքի: Արժեզրկման շեմին կանգնած գումարը ծիծաղեց ու զարմացավ, որ իր համար այդ օրը շուտ եկավ:Նա հավատում էր, որ դեռ երկար է հպարտ ու վստահ մնալու: Ծխախոտի տուփերը վերցնելուց հետո անկուշտ անասունի նման սկսեցին ներս քաշել իրենց համար կյանքի միակ աղբյուրը: Տարբեր մարդկանց մոտ տարբեր են կյանքի գոյատևման իրերն ու առարկաները: Արդեն քսան տարուց ավելի է ինչ խաղաղության կեղծ դրոշակները շարունակում են ծածանվել:Դրոշակների կեղծավորությունը ոչնչով չի տարբերվում վանականների խաբկանքից: Մի քանի կարգադրություն ու հրաման լսելուց հետո սկսեցինք կամաց-կամաց ցրվել քանդված քաղաքով մեկ: Ինձ հետ եկածներից շատերին հետաքրքրում էր պատերազմի ավարտից հետո քաղաքի քաոսային տեսքն ու աննկարագրելի հիշողությունները: Անվտանգության կաննոններին հետևելով՝ պիտի վերցնեի զենք ու զրահաբաճկոն: Ամեն ինչ նետեցի մի կողմ ու անտառով խորացա ներս: Պատերազմը վաղուց ավարտվել էր, ուստի կարիք չկար զենք քարշ տալու: Քանդված տներն ու ահռելի շենքերը կառուցված էին սպիտակ գույնի քարով: Տարօրինակ, բայց խորհրդավոր տեսք ունեին տները: Ոտքերիս տակ ջարդվում էին պայթյուններից ու պատերազմից կիսամեռ մնացած ապակու կտորտանքները: Ետ նայեցի ու տեսա, որ ոչ-ոք ինձ չի հետապնդում: Նորից մտքերս տակնուվրա արեց բեռնախցիկում ոտքի տակ ընկած հացի մասին հիշողությունը: Հետաքրքրությունը հաղթեց որկրամոլության որդիներից մեկին՝ սովին: Քայլերս դնելուց պիտի շատ ուշադիր լինեի, քանի որ հողն ամբողջովին պատված էր կենդանի ականներով: Մի տեսակ կյանքի ճանապարհի էր նման այս անմարդկային ու անբնական թվացող արահետը: Նռան ծառերը արևի էներգիայից կարմրել էին: Պտուղներից մի քանիսն այնպես էին պայթել, որ հողն ամբողջովին պատված էր նռան գույնով: Ոտքերիս տակ ընկած պտուղը ճզմեցի ու անցա: Կյանքը նույնպես այսպես է վարվում արահետի վրա ընկածների հետ: Գետնի տակ փտած դիակներից մի քանիսը հագեցրին իրենց ծարավը: Հոգու պես թեթև, բայց խելագարի նման ծանր մի ստվեր ծառերի միջով լողաց: Ստվերի ձայնը ածելու նման կտրեց թմբկաթաղանթս:Մարմինս տարօրինակ կերպով թեթևացավ:Վստահ էր, որ անտեսանելի ստվերը սև գույն ունի: Ետ շրջվեցի ու տեսա, որ թիկունքիս հետևում անուշադրության մատնված ջրհորն անհանգիստ է: Ջրհորի ծայրին բուսնած խոտերն սկսեցին իրար գալ: Անմարդկային ճիչերը խելագարեցնում էին ինձ: Զգում էր, որ այս հատվածում միայնակ եմ, ու օգնություն կանչելն անիմաստ է:Այսպես իրենց զգում են թունելի ծայրին կանգնած անօգնական հոգիները: Իսկ եթե զենքս վերցրած լինեի՜, բայց այն շատ ծանր էր: Մի քանի քայլ էր մնացել, որ մոտենամ ջրհորին, բայց անտանելի հոտը սկսեց վանել ինձ: Վերջին քայլը դրեցի ու քիչ էր մնում հայտնվեի ջրհորի հատակին: Քանդված ջրհորի մեջ ընկած կնոջ դիակը սովից կծկվել էր ու շատ դժվար էր տարբերել նրա մարմնի գույնը հողի անփոփոխ էությունից:Կարմիր գլխաշորի մեջ գամված գլուխը թեքված էր դեպի հողը: Կնոջ ու հողի մտերմությունը սկսել էր արդեն: Ձայն տվեցի բարձր․ միգուցե նա դեռ կենդանի է, բայց տարիների անորոշությունը դեռ չի վճռել այս զոհերի հավիտենական ճակատագիրը: Չէ, սա հաստատ տեսիլք է: Եթե քարը վերցնեմ ու հարվածեմ նրան, ապա տեսիլքն իսկույն կանհետանա: Գետնից վերցրի մեծ ու փոշուց սևացած քարն ու հարվածեցի: Հարվածն իր ամբողջ հմայքով պայթեց կնոջ գանգին: Ագռավի սատանայական բղավոց արձակելով՝ կինը մահացավ: Հարվածից ցնցված մարմինը մեջքով գամվեց հողին։ Դեմքն ականի պայթյունից արնոտված էր, կարծես մեկը դանակով քանդակներ փորած լիներ կնոջ երեսին: Գլխաշորի մաշված կարմիրի տակից դուրս էր քամվում թարմ, բայց սառած արյունը: Ես սպանեցի իրական ու կենդանի կնոջը, ով մինչ ինձ հանդիպելը կենդանի էր: Ետ շրջվեցի ու ընկա գետնին: Վազելու ցանկությունը հաղթեց վախին:Ոտքի կանգնեցի ու փորձեցի գտնել եկածս ճանապարհը, բայց մտքերս ամբողջությամբ խառնվել էին իրար: Սոված էի: Տարօրինակ էր, որ հոգեկան ծանր վիճակի մեջ միակ պինդ ու հաստատուն ցանկությունը, որ գլխուղեղս վերարտադրեց, դա ուտելու ցանկությունն էր: Հազիվ էի հանգստացել քարկոծված կնոջ գանգի արյան սարսափից, երբ դիմացիս կիսքանդ տան մեջ լսեցի լացի ձայն: Տեսնե՜ս ամենատես Աստված տեսնում կամ լսում է այս ամենը: Ու ի՞նչ է նա մտածում, շատ հետաքրքիր է, երևի այս ամենի միակ մեղավոր համարում է իր իսկ ձեռքով ստեղծած սատսնային: Բայց մի՞թե իմաստ կա մեղադրելու կամ պայքարելու մեկի դեմ, ում գոյության միակ մեղվորը հենց Աստված է: Իսկ եթե աշխարհում ամեն ինչ տեղի է ունենում Աստծո կամքով, ապա սատանայի ու մարդու կողմից իրականացվող չարիքը պիտի արդարացված լինի: Սարդոստայնը շատ ամուր է ու անմահ, իսկ մենք՝ այդ լաբիրինթոսի մեջ խճճված ասուն կենդանիներս, մեր վերջին շունչը կշպրտենք հենց այդ ցանցից դուրս: Ծառերի տերևները արձագանքում էին խրամատների մոտ տեղի ունեցող կրակոցների ձայները: Լացի ձայնն ավելի ուժգնցավ: Ականջներս չէին կողմնորոշվում, թե որ ձայնից խլանան: Արագ տեղաշարժվող ոտքերս մի պահ կանգ առան: Ոտքերիս դիմաց, գետնի տակ կիսաթաղ նռնակին թեթև հպումը բավական էր ամբողջ ձայնով գոռալու համար: Մահը գնալով ավելի էր մոտենում ինձ: Հասա կիսամեռ տան մոտ: Լուսամուտների բացակայությունը ոչնչով չօգնեց, որ ներս նայեմ, քանի որ մթությունը այդ տան մեջ գերակշռող էր: Ներսից լսվում էր երեխայի հեկեկոց: Եթե ես էլ երեխա լինեի, ապա հիմա սովից լաց կլինեի: Բայց միայնության մեջ պետք է անկեղծ լինել ու չսպանել ոչ մի ներքին ցանկություն: Արևի լույսից մի փոքրիկ պատառիկ թեքվել էր դեպի տան ներքին պատը:Մեքենայի բեռնախցիկից կախված արևն էր: Հայացքս ներս նետեցի, սակայն ոչինչ չէր երևում: Ջրհորի մեջ թաղած վախն այստեղ էլ ծիլեր տվեց: Դողացող ձեռքս առաջ պարզեցի ու թեթև հպումով բացեցի փտած դուռը:Ներսում կեղծ հանգստություն կար: Մթության մեջ ակնհայտ երևում էր, որ տունը ունի միայն մեկ սենյակ: Սենյակի կենտրոնում ընկած շորերի կույտի մեջ ապրող երեխան սովամահ էր լինում: Ներքին վախն իսկույն հեռացավ: Փոքրիկ աղջնակին գրկեցի ու դուրս եկա: Առաջին անգամ էի տեսնում ոսկրացած ու կիսամեռ երեխայի: Սևացած մարմնի ոսկորներն անընդհատ դողում էին: Լացի ու ցածր ոռնոցի մեջ մի պահ լսեցի Ալլահ բառը: Այս փոքր երեխայի մեջ մահվանից առաջ հաստատուն էր մնացել միայն Ալլահի նկատմամբ քարացած հավատը: Տեսնես ո՞վ է ավելի բարի՝ մեր Աստվա՞ծը, թե՞ այս փոքրիկի Մեծ Ալլահը: Փոս ընկած աչքերի տակ երևում էր ապագայում փտող գանգը: Տեսնես ջրհորի հատակին ընկած կինը գնա՞ց դրախտ, թե՞ դժոխք: Իսկ եթե արյուն խմի, միգուցե ուշքի գա մինչև մարդկանց մոտ տեղափոխելը: Աղջնակը մահվան վերջին րոպեներն էր ապրում։ Նա վայրկյան առաջ մտածում էր մահանալու մասին: Հանկարծ մարմինն ամբողջությամբ կծկվեց, ու դիակն անշնչացավ: Տան ետևի մասում լսվեց ականի պայթյուն: Ճանապարհին ինձ հանդիպած ականը սպասում էր երեխային: Երևի նրա մահը նախկինում թաքնված է եղել հենց այս ականի մեջ: Մենք բոլորս, երկար սպասելով, մի օր չենք դիմանում և բռնկվում ենք: Ամենադժբախտ մարդը նա է, ով գիտակից դառնալու պահից սկսած ուզում է մեռնել ու սպասում է դրան երկար տարիներ: Այս երեխային նույնպես սպանեցի ես, քանի որ քարացած կենդանի դիակի նման կանգնած տեսնում էի նրա հոգեվարքը: Բայց ամեն ինչ արդեն վերջացած էր: Ինձ էր նշանակված նրա մահվան դիտորդը լինելու պաշտոնը: Որոշեցի թաղեմ երեխային ու հեռանամ, բայց անհնար էր քանդել հողի քարացած շերտը: Աղջնակին տարա տուն, դրեցի այն մասում, որտեղ որ տեսել էի նրան, ծածկեցի իր իսկ զգեստով ու դուրս եկա: Քայլելու ընթացքում մտքերս նույնպես տեղաշարժվում էին: Շարժվում էի ամայի ու լքված անապատի միակ արահետով: Տեսնես ո՞վքեր են անցել այս նեղ ճանապարհով: Սահմանապահ զինվորների կրակոցների ձայներն ավելի մոտիկից էին լսվում: Հաշվարկներս ցույց էին տալիս, որ անտառի վերջում գտնվում են դիրքապահներն ու փշալարե սահմանը: Երևում էր, որ այս հատվածը, որտեղով ես քայլում եմ ժամանակին շատ խիտ է բնակեցված եղել:Ավերիչ պատերազմից հետո նշմարվում էին կիսաքանդ տների մեծ քանակն ու այգիների փշրված ցանկապատերը: Այդ ցանկապատերից մեկի վրայով անցա ու ներս մտա տան բակ: Բակում դրված սեղանի շուրջ նստած ընտանիքը ճաշում էր: Մի՞թե պատերազմից հետո այս քաղաքում կա ընտանիք, որը շարունակում է գոյատևել ու ապրել անհոգ կյանքով:Վախն ու հուսահտությունը ստիպեցին, որ առաջ չգնամ: Ամուր գամվեցի հողին: Հայրը, մայրն ու նրանց դուստրը լուռ ճաշում էին: Այնպիսի տպավորություն էր, կարծես Ավետարանի վերջին ընթրիքն է, իսկ դավաճան Հուդան շարունակում էր լուռ խորհել: Լռությունը գնալով լարում էր անտանելի իրավիճակը: Դիմացիս փոքր շինության թիկունքում տեղավորվեցի ու սկսեցի շունչս պահած դիտել քարացած տեսարանը: Նյարդային լռության մեջ անհնար է երկար մնալ:Ուզում էի գնամ ու ճաշեմ իրենց հետ: Եթե բոլոր ձայները մի օր վերանան, ու մենք ապրենք լռության մեջ, ապա մեր ներսում թաքնված ներքին ձայն կոչվող ուրվականը հաստատ կխոսի: Հանկարծ կեղծ խաղաղության մեջ ծվարած լռությունը խախտվեց զենքի բթացնող կրակոցով ու ականի պայթյունով:Նռնականետի կողմից ուղարկված նռնակը պայթեց նրանց տան բակում: Երկինք բարձրացող փոշին շարունակ պտույտներ էր գործում: Ականի պայթյունից վիրավորված կինն ընկավ գետնին ու սկսեց ցավից գոռալ: Հայրը վերցրեց փոքրիկին ու վազեց ներս:Նրանք նույնպես վիրավորված էին: Քիչ անց ջարդեց պատուհանն ու դուրս ցատկեց, մոտեցավ կնոջը, համբուրեց ու փախավ: Զինվորների մի խումբ հայտնվեց բակի մեջտեղում։ Նրանք վերցրին կնոջ գոռացող մարմինը ու գցեցին տանից ոչ հեռու գտնվող ջրհորի մեջ ու հեռացան դեպի քաղաքի մյուս ծայրամասը: Գիտակցությունս կանգ առավ: Մտածելը դարձավ դժվար ու ծանր: Երկու ձեռքով ամուր սեղմեցի գլուխս ու սկսեցի վազել: Չէի տեսնում, թե որ կողմ եմ տեղաշարժվում: Այս մեռյալ քաղաքում միֆն ու իրականությունը սղոցում էին խելագար հոգիս: Ինչո՞ւ հեռացավ այս տղամարդը,մի՞թե վախն ու սարսափը ավելի մեծ համոզմունք ձեռ բերեցին, քան ընտանիքի հանդեպ սերը: Իսկ ո՞ւր փախավ նա, կենդանի՞ է հիմա, թե՞ մեռած: Ինչո՞ւ սպանեցի ջրհորի մեջ կիսաթաղ կնոջն ու թույլ տվեցի, որ մահանա տան մեջ շուչը փչող երեխան: Վայրկյաններն էի հաշվում, որ կամ մեռնեմ, կամ էլ հայտնվեմ այն մեքենայի մոտ, որտեղից որ եկել եմ այստեղ: Իսկ, միգուցե, այս ընտանիքի պատմության մասին տեղեկությունները միայն ես գիտեմ, և Աստված ուղարկել է ինձ, որ բացահայտեմ նրանց բոլորի դժոխային ճակատագրերը: Կանգնի՛ր, պետք է գտնել նրանց հորն ու իմանալ նրա ճակատագիրը նույնպես: Ներքին ուժը դրդում էր ինձ, որ շարժվեմ կրակոցների ուղղությամբ: Սովը արդեն անցել էր հետին պլան: Ծառերի նոսրությունը համոզում էր, որ շուտով կվերջանա անտառը, ու կհայտնվեմ խրամատների ու փշալարերի դիմաց: Տրամաբանությունս հերթական անգամ չդավաճանեց ինձ: Կյանքի ու խաղաղության կանաչ գույնը մի քանի վայրկայան հետո փոխարինվեց խրամատների գարշելի գույնով: Ինչո՞ւ են կենդանի մարդիկ թաքնվում մեռելների համար նախատեսված փոսերում:Մի՞թե ոչ ոք չի գիտակցում այդ չարիքը: Արևը իր ջերմությամբ վառում էր ամեն ինչ: Կենդանի էին մնացել միայն մարդիկ, ովքեր պայքարում էին, որ իրար ոչնչացնեն: Խրամատի մեջ տեղաշարժը բնական, բայց փոքր ինչ անսովար էր թվում: Խրամատն ավարտվում էր այն մասում, ուր գտնվում էր ժանգից ու փոշուց մուգ կարմրավուն երենգ ստացած փշալարը: Փշալարից այն կողմ պատերազմական գոտին էր, որ կռվի ավարտից հետո դարձել էր հոգեբանորեն գերլարված ամայի մի տարածք: Գիշերով այստեղ շրջում են քաղաքի մահացած հոգիները, պատերազմի արդյունքում ականից մասնատված կանայք ու սովից չորացած երեխաների ուրվականները: Ամեն գիշեր փշալարերը տերևների նման թրթռում են, իսկ ուրվականները ցանկանում են ճեղքել ու անցնել իրենց հարազատ բնակավայրերն ու փնտրել իրենց հարազատների արնաքամ մարմինները: Մութն ընկել էր արդեն, բայց շարունակում էի գամված մնալ փշալարերի դիմաց: Սևի ու սպիտակի մեջ ընկղմված անծանոթ հոգիները գալիս էին դանդաղ ու համաչափ քայլերով, գալիս-կանգնում էին իմ դիմաց, ուշադիր զննում դեմքս, արևից խանձված ձեռքերս: Այդ լուռ ամբոխի մեջ մի կին, երեխան գրկին, կանգնած քարացել էր արձանի երեկոյան ստվերի նման: Նա՞ էր ինձ որոնում, թե՞ ես պիտի անցնեի փշալարերից այն կողմ: Նա դանդաղ քայլերով մոտեցավ ինձ: Ջրհորի միջի կինն էր, տնակում մահացած երեխայի հետ: Նայեց դեմքիս ու անտարբեր ժպտաց: Ես լուր չունեի նրա համար: Տեսնես կարդարացնի՞ ինձ, որ սպանեցի իրեն, թե՞ սպասում է, որ ես էլ անցնեմ փշալարերից այն կողմ: Հիմա զինվորներն ինձ են փնտրում, իսկ նրա ամուսինը մի տեղ ծվարած սպասում է ինձ, որ հանգիստ մահանա: Իսկ քաղա՞քը․ նա նույնպես շատ ուրվականների է հանձնել ինձ, որ տեսնեմ նրանց մահն ու տառապանքը: Այսպես ամեն ինչ կիսատ թողնեմ ու գնա՞մ: Փշալարը շատ բարձր էր, բայց ներքևի մասում մոտ երեսուն սանտիմետր տեղ կար, որտեղից կարելի էր անցնել: Կնոջ գրկում գտնվող երեխան նայում էր անորոշ կետի: Հորն էր փնտրում փլատակների գիշերային ստվերների մեջ: Ծնկի եկա, որ անցնեմ փշալարի տակով: Գլուխս մի կերպ անցկացրի, բայց ծոծրակս դեմ առավ փշալարին: Զգում էի, թե ինչպես է արյունը հպվելով ժանգոտ փշին քերում մարմինս:Արյան լերդացած հոսքը ներծծվեց հողի մեջ:Մի կերպ անցա փշալարի տակով, կանգնեցի ու ձեռքս տարա պարանոցիս, որ մաքրեմ հողոտ արյունը: Այդ պահին աչքերիս առաջ չքացավ կինը իր երեխայի հետ մեկտեղ: Ուզում էի ետ շրջվել, որ հետ գամ, սակայն նույն վայրկյանին լսեցի փսփսոց: Հակառակորդ զինվորը մի քանի անհասկանալի բառեր արտասանելուց հետո զենքի ծայրով բարձրացրեց փշալարը, որ անցնեմ այսկողմ: Ես լուռ, առանց բառ արտասանելու ետ եկա: Մթության մեջ չքացավ զինվորականի ստվերը: Չքացա նաև ես՝ սովից ու հոգնածությունից ուժասպառ, կյանքի ու մահվան սովից, քաղաքի ինձ տրված տառապանքից, պատերազմի դառն ու անմարդկային հարվածից: Իրոք որ՝ քաղաքը մեռյալ քաղաք էր: Պատահական չէր, որ հոգիների գիշերային զբոսանքը ընթանում էր լուռ ու անխոս: Պատերազմը դրոշմել էր իր հավիտենական լռությունը:Լուռ էին բոլորը, խոսում էին միայն տարիներ շարունակ անխոս մնացած ականները, որոնք նույնպես սպասում էին իրենց դատավճռին:Մթությունն ու լույսը նույնպես քարացել էին:Նրանք մեկը մյուսին փոխարինում էին հանգիստ ու խաղաղ:Ավերակների մեջ սովամահ էին լինում անցյալի ստվերներն ու նրանց խելագար գերիները:Մթությունը դանդաղ կլանեց ամեն ինչ:Իր մեջ սպանեց նաև արդեն մահացած քաղաքը:Նա որոշեց երկրորդ անգամ ևս մահանալ:Սոված էի:
-Վերցրեք սրա դիակն ու տարեք մեքենայի բեռնախցիկ, հազար անգամ ասացի, որ զենք, զրահաբաճկոն ու սաղավարտ վերցնի:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն