«Զուգահեռ փողոցներ». Սլավիկ Ալավերդյան

«Զուգահեռ փողոցներ». Սլավիկ Ալավերդյան

696
Կիսվել
  Արևավառ ցերեկվան հաջորդող հովացող երեկո էր: Վաղարշակը մի կերպ իջավ լեփ-լեցուն ավտոբուսից և քայլեց դեպի մոտակա անցումը: Նախորդ կանգառում էլ կարող էր իջնել, բայց այլ իջնող չեղավ, իսկ ինքը չցանկացավ անհանգստացնել վարորդին: Լուսացույցը շարունակ երկնիշ թվեր էր ցուցադրում և շտապող մեքենաները անցնում էին մայթին շատ մոտ: Երկնիշներին հաջորդեցին միանիշները և Վաղարշակն սկսեց դանդաղ քայլել՝ անընդհատ նայելով շուրջը: Ինչպես միշտ աջից թեքվող առաջին մեքենան չզիջեց ճանապարհը: Չզիջեց նաև երկրորդը. երրորդն ավելի բարեկիրթ գտնվեց:
   Գնալով աղմուկը դադարում էր, մեքենաներ չէին երևում, ռեստորանների ամենօրյա խնջույքներից դեռ ժամեր կային: Սպորտժամանցային վայրերում անսովոր անդորր էր:
   Լայն փողոցը դատարկ էր:
*  *  *
 Առավոտյան տնից կանգառ ընկած այս ճանապարհահատվածն անցնելը, չնայած հանդիպակած ելնող արևին, հեշտ է. նախ նա շտապում է, երկրորդ՝ առավոտյան նա դեռ թարմ է լինում:
  Այլ է իրադրությունը երեկոյան: Դասերը, հանդիպումները, քաղաքում քայլելը քիչ է, երթուղայինում էլ կանգնում է, շոգում և կացարան հասնելու վերջին մի քանի հարյուր մետրը վեր է ածվում երկար տևող դանդաղ, ճոճվող քայլքի:
*  *  *
    Տարօրինակ ձայնը երևի առավոտյան էլ կար, բայց նա չէր լսել, քանի որ շտապել էր: Այժմ այն լավ լսվեց անաղմուկ փողոցում: Ձայնը լսվեց 2-3 վայրկյան: Նա կանգ առավ և նայեց շուրջը. ոչ մի մեքենա, ոչ մի շնչավոր՝ ո՛չ կենդանի, ո՛չ ասուն:
 Նրան թվաց, թե իրեն թվացել է և շարունակեց ճանապարհը:
*  *  *
  Նախորդ հոկտեմբերն էր, երբ առաջին անգամ անցավ այս փողոցով. մինչ այդ նախաձեռնություն չէր ցուցաբերել և օգտվել էր դրան զուգահեռ փողոցից, որը տնից կանգառ տանող ավելի երկար և միակը թվացող (ոչ միայն իրեն) ճանապարհն էր: Այն նույնպես խաղաղ է, բայց ավելի շարժաշատ: Օրվա տարբեր ժամերի շատ էր քայլել այս ընդարձակ մեկով, անգամ մի անգամ առավոտյան 6-ին: Հատկապես հիշում էր հունիսյան զբոսանքները և այն գարնանային օրերը, երբ ժամերով սոված կարդում էր Քնյութ Համսունի «Սովը», որ լավ ըմբռնի:
 Այս սեպտեմբերը իրադարձությունաշատ է, բայց սաստիկ շոգը նրա սրտում հունվարի կարոտ է արթնացնում. թեկուզ նախորդ սառնամանիքային հունվարի:
*  *  *
 Կացարանը, որտեղ Վաղարշակին բախտ էր վիճակվել բնակվել մոտ երկու տարի, քաղաքի ամենահանգիստ թաղամասերից մեկում էր. դրա վառ ապացույցը մոտակայքում գտնվող հիվանդանոցներն էին (որպես կանոն դրանք քաղաքի անաղմուկ հատվածներում են կառուցում) և այգին:
 Սկզբնական շրջանում նա փորձում էր ճանաչել իր թաղամասը և քաղաքը, օգտվում էր հատակագծերից, երբեմն անցորդներին էր հարցնում, բայց մի քանի ամիս անց նա բնիկներից (եթե անդպիսիք դեռ կան) ավելի լավ գիտեր քաղաքը:
*  *  *
    Երեկոյան փողոցում հնչած ձայնը նրա համար նորություն էր: Մոտ մեկ տարի հաճախակի էր անցել այս տեղանքով, բայց երբևէ նման ձայն չէր լսել: Կամ այն նոր էր սկսել հնչել, կամ էլ ոչ մի անգամ չէր անցել այդտեղով դրա հնչման պահին:
*  *  *
   2015 թ., հունվարյան մի կեսգիշեր:
Ծարավ աղբյուրի անվամբ կոչվող փողոցը ձյունապատ է: Բազմիցս է Վաղարշակն ուշ ժամերի անցել հարազատ դարձած փողոցով, բայց առաջին անգամն է, երբ այս ժամին այն ձյունապատ է: Երկար է մտածել փողոցի անվան մասին: Առաջին անգամ լսողին այն հաճախ ծիծաղ է պատճառում: Փողոցի՝ իրեն ծանոթ հատվածում մի ցայտաղբյուր կա, բայց լավ էլ վարար է: Տեղացիներից շատերին է հարցրել, բայց նրանք հիմնականում վերջին տարիներին են հաստատվել այստեղ և նույնպես չգիտեն աղբյուրի տեղը, եղել է այն երբևէ, թե ոչ: Պատկերացնելով քաղաքի ընդարձակման ուղղություն՝ երիտասարդը մտածում է, որ երբևէ չի քայլել փողոցի սկզբնական հատվածով: Մի գրքում թռուցիկ անդրադարձ է կարդում աղբյուրի մասին և իմանում, որ այն ձնհալքային ժամանակավոր աղբյուր է եղել:
*  *  *
 Փողոցում շատ խորհրդավոր է. ձյան խրխրթոց, աստղազարդ երկինք, հեքիաթային տրամադրություններ …
   Թեև նա պոեզիայի հետ սեր չունի, բայց այդ պահին սկսում է շշնջալ մի էքսպրոմտ, որն ամեն քայլի հետ գնալով երկարում է:
 Ձյունը, վերջերս շատ տպավորված Nightwish-ի “Imaginaerum”-ը (թե երգերը, թե ֆիլմը) և ամայի փողոցը նրան կտրել են իրականությունից: Հանկարծ հայտնվում է մի մեքենա և կանգնում իր ուղղությամբ: Նույն ձյունն ու ամայի փողոցը, և բոլորին վերջերս տեսած “Игла” ֆիլմը (որից մի հատված Виктор Цой-ի “Группа крови” երգի հայտնի տեսահոլովակն է), նրա մեջ արթնացնում են հետապնդման վախը և տանում դեպի կրակոց, հաշվեհարդար …
    Մեքենան մեկ րոպեի չափ համաքայլ ընթանում է, կանգ առնում, շրջվում և ապա անհետանում:
   Տուն մտնելուց անմիջապես հետո Վաղարշակը գրի է առնում էքսպրոմտը և հրապարակում կապույտ ճահիճում:
Էքսպրոմտ փողոցում
 
Դու զուլալ աղբյուր,
Որ իմը չես եղել երբեք,
Ծարավել ես արդեն վաղուց,
Բայց հիշում են շատերը դեռ քեզ:
Անունով է կոչվում քո
Փողոց՝ քչերին հայտնի,
Որն այս պահին
Լի է վտանգներով:
Անցել եմ ես բազում անգամ
Մայթերով այդ փողոցի,
Բայց հանգիստ է եղել այն
Իր հարևան այգու պես:
Սյունաշատ փողոցի լուսավոր այս մայթին
Կա մի փոքրիկ նստարան …
Նստարանին վրա այդ
, նստող չի լինում
Նոյեմբերից մինչև մարտ,
Երբեմն
էլ մինչև մայիս:
Աղմուկ հաճախ չի լինում, բայց
Երբեմն կարող է սյունն էլ աղմկել
Էլ չասեմ հարևան այգու ծառերի մասին …
Այժմ ձմեռ է, իսկական ձմեռ, թեև
Անցած տարի ավելի ցրտաշունչ էր:
Ձյունապատ է մայթը և սառցապատ տեղ-տեղ,
Մրսում եմ ես, բայց չեմ արագացնում քայլերս.
Վաղուց ես չեմ քայլել այսպես՝ գիշերվա այս ուշ ժամին …
Ճրթճրթում է, խրթխրթում կամ ճռճռում ձյունը ոտքերիս տակ,
Հեքիաթն է ուզում կլանել ինձ և 
հանկարծակի,
Ուզում եմ լսել Նայթվիշի Imaginaerum-ը (գուցե Երևակարիում),
Բայց այդ պահին անցնող մեքենան գրեթե կանգնում է իմ մոտ
Եվ սկսում է երթևեկել ինձ համաքայլ (գուցե համանիվ) …
Ակամա հիշում եմ ես Վիկտոր Ցոյին, «Ասեղը» ֆիլմը և կաթկթող «Խումբը արյան»,
Եվ անգամ “Советскому телевидению посвящается” գրառումը տիտրերից առաջ …
Արագացնում եմ քայլերս ես մի պահ, բայց կրկին հապաղում.
Ինչը կարող է լինել ավելի վատ, քան միայնակ փողոցի ցամաքած աղբյուրը …
Մեքենան է անհետանում,
Ես էլ ժպտում եմ ու անցնում …
 
2015 թ., հունվարի 14-ի, լույս 15-ի գիշեր …
*  *  *
 Ընկերներից մի քանիսը կարծիք են հայտնում: Քննադատում են, մատնանշում թերությունները, բայց չեն հասկանում, թե ինչ էր կատարվում նրա հետ այդ պահին: Նրանց համար սա լոկ մի ստեղծագործություն է, որպիսիք ամեն օր գրում են բյուրավոր մարդիկ:
 Լավ ընթերցող լինելու համար նրանց խանգառում է անտարբերությունը հեղինակի ապրումների նկատմամբ:
*  *  *
  Անցորդը հարմարվել է սյան աղմուկին: Այն լսվում է ամեն երեկո նրա մոտով անցնելիս: Գուցե պետք է անցնել մյուս մայթով. այնտեղ սյուների փոխարեն մարդիկ են աղմկում, երբեմն էլ նրանց ձեռքում գնտվող մետաղյա իրերը, իսկ գիշերները փողոցի տերը շներն են:
*  *  *
 Անաղմուկ փողոցը բարգավաճում է, մյուսը՝ գրեթե ոչ: Շուտով Վաղարշակը պիտի լքի այս քաղաքը:
 Ընկերներից մեկի հետ իջնում են փողոցով, հասնում խաչմերուկին և  շարունակում ճանապարհը նրա հետ հատվող ավելի ընդարձակ, բայց «մի քիչ օտար» փողոցով: Հաճախ է այստեղով անցել, երբ հարմար տրանսպորտ չլինելու պատճառով ստիպված է եղել ինչ-որ կերպ հասնել թաղամաս: Քայլքը զուգորդում են հետաքրքիր երկխոսություններով, ապագայի պլանների քննարկմամբ և այլն:
 Կամրջից լավ տեսարան է բացվում: Այստեղ արված լուսանկարը կարող է վերջինը լինել այս ժամանակաշրջանի համար:
   Հաջորդ օրն անցնում է ընկերներին հրաժեշտ տալով:
*  *  *
    2015 թ. հունիսի 14:
 Առավոտյան Վաղարշակը մեկնում է քաղաքից: Շոգը և ծարավը հիշեցնում են  Սենտ-Էքսյուպերիի «Մարդկանց երկիրը»:
   Իսկ սյունը կրկին աղմկում է:
17.07.-17.10.2015 թ.
Իջևան, Երևան, Մարտակերտ

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն