Մամուլն այսօր․ նոյեմբերի 10, երեքշաբթի

Մամուլն այսօր․ նոյեմբերի 10, երեքշաբթի

228
Կիսվել

Qayl.am-ն հայաստանյան մամուլի այսօրվա հրապարակումներից առանձնացրել է հետևյալները՝

Իշխանությունների միակ հույսն ու գոյության երաշխիքը ընտրակեղծիքներն են. «Ժողովուրդ»

Սահմանադրական ընտրություններ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի, որի օրակարգում բազմաթիվ հարցեր են ընդգրկված, սակայն դրանցից մեկն առավել քան կարևոր է. խոսքն այն օրենսդրական փաթեթի մասին է, որով փոփոխություններ են նախատեսվում ՀՀ ընտրական օրենսգրքում և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում:
Տեղեկացնենք, որ այս փոփոխությունները ուժի մեջ մտցնելուց հետո ՀՀ քաղաքացիներն իրավունք կունենան քվեարկել նույնականացման քարտերով: Ներկայումս միայն նույնականացման քարտ ունեցող քաղաքացիների թիվը երկու հարյուր հազարից մի փոքր պակաս է, սակայն մինչև դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նրանց թիվը շատ ավելի մեծ կլինի: Սակայն ողջ խնդիրն այն է, որ նույնականացման քարտերով քվեարկող մի քանի հազար ընտրողների միջոցով ՀՀ իշխանությունները կարող են կրկնակի քվեարկություն կազմակերպելով՝ իրենց ցանկալի արդյունքը ստանալ: Իհարկե, պատկերն այդքան անհույս չէր լինի, և հնարավոր չէր լինի իշխանություններին միանշանակ մեղադրել ընտրակեղծարար լինելու մեջ, եթե նրանք համաձայնեին ներդնել քվեարկած ընտրողների մատերը թանաքոտելու համակարգը:
Սակայն ՀՀ իշխանությունները համառորեն չեն ցանկանում թույլատրել, որ այդ գործիքը կիրառվի՝ այդ նպատակով բերելով անհեթեթ, իսկ առանձին դեպքերում՝ նույնիսկ հիմար պատճառաբանություններ ընտանեկան խանդի մասին: Արդյունքում, շատ հստակ պատկեր ենք ունենում. այս իշխանությունների միակ հույսն ու գոյության երաշխիքը ընտրակեղծիքներն են»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ անդրկուլիսյան նոր գործընթաց է ընթանում. նախաձեռնողը ՌԴ-ն է. «ՀԺ»

Լավրով-Նալբանդյան

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ անդրկուլիսյան նոր գործընթաց է ընթանում, որի հիմնական նախաձեռնողը Ռուսաստանի Դաշնությունն է: Խոսքը ԼՂ հարակից մի քանի շրջան Ադրբեջանին հանձնելու մասին Է։
Ըստ իշխանական շրջանակներից ստացած տեղեկությունների, Ռուսաստանը փորձում է Հայաստանին համոզել Ադրբեջանին հանձնել մի քանի շրջան, որի շնորհիվ հույս ունի, կկարողանա ստանալ Ադրբեջանի համաձայնությունը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հարցում։ Նույն աղբյուրները նշում են, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Հայաստան կատարած երեկվա այցի ընթացքում քննարկման հիմնական թեման հենց սա Է եղել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

ԲՀԿ-ում լուրջ տրանսֆորմացիա է տեղի ունենում. որոշել են անկյուն քշել լքողներին. «Հրապարակ»

ԲՀԿ

«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ում, հանրաքվեին ընդառաջ, տրանսֆորմացիա է տեղի ունենում: «Բարգավաճում» որոշել են ոչ միայն հետ չընդունել իրենց «անառակ զավակներին», այլև Սերժ Սարգսյանի հետ, որպես «кот, который гуляет сам по себе», հանդիպածներին անկյուն քշել՝ թույլ չտալով վերջիններիս հանրաքվեի ընթացքում մասնակցություն ունենալ հանձնաժողովների անդամների նշանակմանը, որպեսզի, ինչպես մեզ տեղեկացրին ԲՀԿ համակարգող խորհրդից, չասեն՝ «պարոն նախագահ, տեսեք-տեսեք՝ տեղամասերում մենք ինչ գործ ենք արել»։
Ընդ որում, խոսքը վերաբերում է այդ «աշխատանքներում» բազմահմուտ Մարտուն Գրիգորյանին, Սամվել Բալասանյանին, Բազմասեր Առաքելյանին, Մուշեղ Պետոյանին։ ԲՀԿ-ն «ոտից գլուխ» փոխում է հանձնաժողովի բոլոր անդամներին՝ իր մարդկանցով։
Էդքան լիցենզավորված մարդիկ ունե՞ք, հարցրինք համակարգողներին։ Պարզվում է՝ ոչ միայն ունեն, այլև ժամանակին «ամբողջական հեղափոխության» գնացող Գագիկ Ծառուկյանն իր կուսակիցներին ուղարկել է սովորելու ոչ միայն անվճար դասընթացներում, այլև անձամբ վճարովի դասընթացներ է կազմակերպել, իրավաբաններ հրավիրել, որպեսզի ապագայում վերջիններս կարողանան պահել ԲՀԿ քվեները տեղամասերում։ Ու այս պահին լիցենզավորվածների թիվը ԲՀԿ– ում հասնում է 15 հազարի։ Չմոռանանք նաև, որ հանձնաժողովի նախագահները վճարվելու են 100, անդամները՝ 50 հազար դրամ՝ այդ աշխատանքի համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն