Արջը. Վիլյամ Ֆոլքներ

Արջը. Վիլյամ Ֆոլքներ

911
Կիսվել
Սեմը գնաց: Նա ճամբարում չեր ապրում. վտակի մոտ քառորդ մղոն հեռավորության վրա մի հյուղակ էր կառուցել, ինչպես Ջոն Բեյքրինը, միայն ավելի մեծ ու պինդ, նաև գերաններից մսուրք էր շինել, որտեղ խոճկորի համար եգիպտացորեն էր հավաքում (ամեն տարի խոճկոր էր պահում): Հաջորդ առավոտյան, երբ նրանք արթնացան, Սեմն արդեն սպասում էր: Արդեն գտել էր քուռակին: Նախաճաշին էլ չսպասեցին: Հեռու չէր, ախոռից հինգ հարյուր յարդ էլ չկար. երեք ամսական քուռակն ընկած էր կողքի վրա, կոկորդը պատռված, իսկ փորոտիքն ու ազդրերից մեկը՝ մասամբ հոշոտված: Ընկած էր, բայց չէին գցել, այլ ասես խփել էին ու շպրտել. ճանկերի, մագիլների ոչ մի հետք, որտեղից հովազը կբռներ՝ կոկորդը գտնելիս: Տեսան խելագարված զամբիկի հետքերը, որը շրջաններ էր գործել, հետո սլացել այն նույն ծայրահեղ հուսահատությամբ, որով նախորդ օրը հարձակվել էր Սեմ Ֆադերսի վրա, տեսան սարսափալից փախուստի հետքերը, որը վրա էր պրծել այն ժամանակ, երբ առաջ էր եկել մի քանի քայլ ու փախել, և Գեներալ Քոմփսընն ասաց.
-Տեր Աստված, ա՜յ քեզ գազան: Սեմը նորից լուռ էր: Տղան նայում էր նրան, մինչ տղամարդիկ, չոքած, հետքեր էին չափում: Ինչ-որ բան կար Սեմի դեմքին, ոչ այն է՝ ցնծություն, որ այն է՝ ուրախություն կամ հույս: Տարիներ անց, երբ տղան տղամարդ դարձավ, նա հասկացավ Սեմի հայացքը, և որ Սեմը սկզբից ևեթ գիտեր, թե ինչ հետքեր էին դրանք, ով էր պատռել եղնիկի կոկորդը գարնանը և ով էր սպանել ձագին: Այդ առավոտ Սեմի դեմքին կանխատեսությունն էր: Եվ նա ուրախ էր՝ ինքն իրեն ասաց տղան: Սեմը ծեր էր, չուներ ոչ երեխաներ, ոչ հարազատ, չկար իր արյունը այս երկրի վրա, որպեսզի մեկին մի օր ինքը հանդիպեր: Եթե հանդիպեր անգամ, ոչ կարող էր հպվել, ոչ խոսել հետը, որովհետև ահա արդեն յոթանասուն տարի նա ընդամենը սևամորթ էր: Ամեն ինչ վերջացած էր հիմա, և նա ուրախ էր:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն