Դիստանցիոն ուսուցումը՝ կրթական տեխնոլոգիաների արդյունք

Դիստանցիոն ուսուցումը՝ կրթական տեխնոլոգիաների արդյունք

822
Կիսվել
Դիստանցիոն (հեռավար) ուսուցման գաղափարն այդքան էլ նոր չէ: 1840 թականին Միացյալ թագավորությունում Իսահակ Պիտմանը իր ուսանողներին սկսեց սղագրություն սովորեցնել փոստային նամակների միջոցով՝ այդպիսով դառնալով հեռավար ուսուցման առաջին դասընթացի հիմնադիրը:
Հեռավորության վրա կրթություն ստանալու գաղափարն առաջին անգամ ծագել է 1836թ., երբ Միացյալ թագավորությունում հիմնադրվեց Լոնդոնյան համալսարանը (University of London): Այդ ժամանակ հավատարմագրված ուսումնական հաստատությունների սովորողներին թույլատրվեց մասնակցել Լոնդոնյան համալսարանի կողմից անցկացվող քննություններին: 1858 թվականից սկսած այդ քննությունները դարձան հասանելի նաև ամբողջ աշխարհի համար՝ անկախ այն բանից, թե տվյալ թեկնածուն որտեղ և ինչ կերպ է կրթություն ստացել: Ահա այսպիսի ընթացքը հանգեցրեց նրան, որ բացվեցին մի շարք քոլեջներ, որոնք առաջարկում էին փոստային եղանակով ուսուցում՝ համալսարանական ծրագրին համապատասխան:
19-րդ դարի 70-ական թվականներից հեռավար ուսուցման ուղղությամբ աշխատանքներ տարվեցին նաև ԱՄՆ-ում: 1873թ. Աննա Էլիոտ Թիքնորը Ticknor’s society անվամբ ստեղծեց փոստային ուսուցում կանանց համար: 1874թ. փոստային եղանակով ուսուցում առաջարկեց Իլինոիս նահանգի համալսարանը, իսկ 1892թ. Ուիլիամ Հարփերը հիմադրեց հեռավար ուսուցման առաջին համալսարանական բաժանմունքը Չիկագոյի համալսարանում:
1911թ. հեռավար ուսուցման եղանակները սկսեցին օգտագործվել նաև Ավստրալիայում: 1914թ.-ից այստեղ տարրական դասարանների ծրագրով փոստային ուսուցման եղանակը սկսեց օգտագործվել այն երեխաների համար, ովքեր դպրոցներից բավական հեռու էին ապրում: Այս օրինակին հետևեցին նաև միջնակարգ դպրոցները և տեխնիկական ուսումնարանները:
1917թ. հեռավար ուսուցումը զարգացավ նաև Խորհրդային Միությունում, որտեղ առաջարկվում էին մի շարք դասընթացներ տարբեր մակարդակների համար:
Դպրոց հաճախելու հնարավորությունից զրկված երեխաների համար 1939թ. Ֆրանսիայում ստեղծվեց Հեռավար ուսուցման պետական կենտրոն, որը ներկայումս դարձել է դիստանցիոն ուսուցման խոշորագույն կենտրոնը Եվրոպայում:Ներկայացվող այս պատմությունից կարելի է հասկանալ դիստանցիոն ուսուցման բնորոշ գծերը: Այն նախատեսված է նախնական կրթությունից մինչև բարձրագույն կրթության իրականացման համար, ընդգրկում է տարիքային բոլոր խմբերը՝ սկսած երեխաներից մինչև մեծահասակները: Ուսուցման այս ձևում կիրառվում է ուսուցման մեթոդների լայն շրջանակ՝ նամակագրություն, տպագիր նյութերի օգտագործում, ռադիո և հեռուսատեսություն, ազատ քննություններ:
Այս նոր հազարամյակում, որտեղ մարդիկ կազմում են տեղեկատվական հասարակության մի մաս, դիստանցիոն ուսուցման նշանակությունն էլ ավելի է աճում՝ ցուցադրելով իր ճկունությունն ու բազմազանությունը:
Դիստանցիոն ուսուցումը կրթական գործընթացի կազմակերպումն է՝ ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառմամբ: Հեռավար ուսուցումը հանդես է գալիս որպես մի ամբողջական համակարգ, որն իր մեջ ներառում է դասընթացի ստեղծումը, ուսումնական գործընթացի կառավարումը, ընթացիկ և եզրափակիչ ստուգումների իրականացումը, խորհրդատվության տրամադրումն ու քննարկումների կազմակերպումը: Ընթացիկ և եզրափակիչ քննություններն անցկացվում են թեստերի միջոցով, իսկ թեստային հարցերը լինում են հետևյալ տեսակների՝
— Բազմակի ընտրություն
— Կարճ պատասխան (այո, ոչ)
— Ճիշտ է, սխալ է
— Թվային արժեք
— Հաշվողական
— Էսսե
— Ներդրված պատասխաններ
Դիստանցիոն ուսուցման եղանակները պայմանականորեն բաժանում են 3 «սերնդի»: Այս հասկացության առաջին օգտագործողներից են եղել Հարիսոնը (1985թ.) և Նիպպերը (1989թ.)՝ ցանկանալով բնութագրել հեռավար ուսուցման զարգացման աստիճանները: «Առաջին սերնդի» դիստանցիոն ուսուցման միջոցներից էին ձեռագիր և տպագիր նյութերը: Ձեռագրերն օգտագործվել են բավական երկար ժամանակ: Տպագրության ստեղծումից հետո հնարավոր դարձավ մատչելի գրքերի տպագրությունը: Սկսած 19-րդ դարի կեսերից, երբ երկաթուղային համակարգն ու պետական փոստային ծառայությունները զարգացան, հնարավոր դարձավ ուսումնական նյութերի ապահովումը այն սովորողների համար, ովքեր գտնվում էին ամենատարբեր վայրերում: Հանրությանը հասանելի այդ գրքերից բացի հրատարակվեցին նաև ուսումնաօժանդակ այլ նյութեր: 20-րդ դարի 20-ական թվականներին ռադիոյի հայտնաբերումը հիմք դարձավ ռադիոդասընթացների ստեղծմանը, որոնք հաճախ համալրվում էին տպագրական նյութերով և լսարանային պարապմունքներով:  50-ական թվականներին տեղի ունեցավ հեռուստատեսային դասընթացների զարգացումը, որոնք նույնպես զուգորդվում էին լսարանային պարապմունքներով և ժամանակ առ ժամանակ քննությունների հանձնմամբ:
1969թ. Մեծ Բրիտանիայում Բաց համալսարանի հիմնումը հիմք դրեց դիստանցիոն ուսուցման «երկրորդ սերնդի»: Այդ պահից սկսած հեռավար ուսուցման համակարգում սկսեց օգտագործվել ուսուցման մի համապարփակ համակարգ: Բաց համալսարանում մշակվեցին հեռավար ուսուցման համար նախատեսված բազմաթիվ ուսումնաօժանդակ նյութեր: Ուսանողներին նյութերը մատուցվում էին տպագրված կամ էլ հաղորդվում էին ռադիո և հեռուստատեսային  հաղորդումների միջոցով: Սովորողի և սովորեցնողի միջև կապը հաստատվում էր նամակագրության, խորհրդատվությունների կամ էլ առանձին վայրերում իրականացվող կարճ դասընթացների միջոցով: Այս մոդելն առանձնանում էր նախապատրաստական փուլում իր բարձր արժողությամբ, սակայն հիմնական նյութերի ստեղծումից և ծրագրերի մշակումից  հետո  այլևս շատ ծախսեր չէր պահանջում:
Դիստանցիոն ուսուցման «երրորդ սերունդը» հիմնվում է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների վրա՝ առաջարկելով երկկողմանի կապ ամենատարբեր ձևերով: Այդ կապը կարող է լինել ինչպես վիդեո և աուդիոկոնֆերանսների, այնպես էլ փոստային նամակների, համացանցի միջոցով: Այս տեխնոլոգիաները կարող են օգտագործվել ինչպես ի համալրում առաջին երկու «սերունդների», այնպես էլ ՝ առանձին: Երկու դեպքում էլ այն հեշտացնում է սովորող-սովորեցնող, սովորող-սովորող և սովորող-ուսումնական նյութ փոխներգործումը:
Դիստանցիոն ուսուցման ի հայտ գալը նպաստեց բարձրագույն կրթության տարածմանը: Միևնույն ժամանակ այն ազդեցություն գործեց աշխատուժի մասնագիտական որակների վրա. կարիերա ձևավորելու համար մարդիկ ձգտում են ստանալ նաև երկրորդ մասնագիտական կրթություն կամ բարելավել իրենց մասնագիտական հմտությունները: Ուստի, հեռավար ուսուցումը շատ լավ տարբերակ է նաև հենց այս մարդկանց համար:
Դիստանցիոն ուսուցումը բարձրագույն կրթության հնարավորություն տվեց մարդկանց ավելի լայն զանգվածների, ովքեր մեծ ցանկություն ունեն կրթություն ստանալու, սակայն չունեն հնարավորություն կամ ցանկություն՝ ժամանակ հատկացնելու ավանդական ուսուցմանը:
Ինչպես ուսուցման յուրաքանչյուր համակարգ, այնպես էլ դիստանցիոն ուսուցման համակարգն ունի իր դրական և բացասական կողմերը:
Հեռավար ուսուցման դրական կողմերն են՝
  • Բազմազանություն. ժամանակակից ծրագրերի և տեխնիկայի օգտագործումը  դիստանցիոն ուսուցումը դարձնում է ավելի արդյունավետ: Նոր տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս տեսական տեղեկատվությունը դարձնել ավելի պայծառ, մատչելի ու դինամիկ, կրթական գործընթացը կազմակերպել սովորողի և ուսուցման համակարգի ակտիվ փոխներգործությամբ:
  • Համացանցի զարգացումը, բարձր արագությամբ ինտերնետի հասանելիությունը, մուլտիմեդիայի, տեսագրությունների, ձայնագրությունների  օգտագործումը հեռավար ուսուցումն ամբողջացնում է և դարձնում ավելի հետաքրքիր:
  • Հասանելիություն ու անընդհատականություն. ուսուցման այս ձևը հնարավորություն է տալիս սովորել առանց տնից կամ աշխատավայրից բացակայելու: Սա ժամանակակից մասնագետին թույլ է տալիս համալրել իր գիտելիքներն ամբողջ կյանքի ընթացքում՝ առանց գործուղումների՝ ուսումը համադրելով հիմնական գործունեության հետ:
  • Հնարավորություն է տալիս սովորել աշխարհի ցանկածած կետից՝ միայն թե լինի համակարգիչ և համացանցի հնարավորություն:
  • Հեռավար ուսուցման ծախսերն ավելի քիչ են, քանի որ կրճատվում է ճանապարհածախսը, որոշ դեպքերում վերանում են կեցության համար նախատեսված լրացուցիչ ծախսերը, պակասում են դասընթացի պատրաստմանը հատկացվող ծախսերը:
  • Ազատություն և ճկունություն, որակյալ կրթության հնարավորություն. հնարավոր է տարբեր պետությունների համալսարաններից ընտրել մի քանի դասընթացներ և միևնույն ժամանակ կատարել համեմատություն: Ուստի, կրթության այս ձևը հնարավորություն է տալիս սովորելու լավագույն կրթական հաստատություններում և բարձր որակավորում ունեցող մասնագետների մոտ:
  • Ուսուցուման իրականացումը ցանկացած վայրում և ցանկացած ժամանակ հնարավորություն է տալիս սովորողներին պահպանել իրենց կյանքի ռիթմը, ինչպես նաև ընտրել ուսուցման ժամանակացույցը:
  • Հնարավոր է պահպանել սովորողի անձնական տվյալների (տարիք, սոցիալական դիրք, պաշտոն) գաղտնիությունը:
  • Հաշմանադամերի համար կրթություն ստանալն ավելի է հեշտանում:
  • Դիստանցիոն ուսուցման կիրառման դեպքում տվյալ ուսումնական հաստատությունը ունենում է արտասահմանցի սովորողներ, որոնց միջոցով ավելանում է սովորողների ընդհանուր թիվը:
  • Հեռավար ուսուցման համակարգն ավելի անհատական բնույթ ունի, ճկուն է: Սովորողն ինքը կարող է ընտրել ուսուցման տեմպը, որոշ բաժինների կարող է անդրադառնալ մի քանի անգամ կամ էլ բաց թողնել մի քանիսը: Բացի այդ, սովորողը տվյալ ուսումնական նյութն ուսումնասիրում է իր ուսումնառության ողջ ընթացքում, ոչ թե միայն տվյալ քննաշրջանի ժամանակ. դա ապահովում է գիտելիքների մնայունությունն ու կայունությունը: Նման համակարգը ստիպում է, որ ուսանողն ինքնուրույն շատ աշխատանքներ կատարի, ինչը նպաստում է նրա ինքնակրթության հմտությունների ձևավորմանն ու զարգացմանը:
  • Փորձը ցույց է տալիս, որ դիստանցիոն ուսուցմամբ սովորողը դառնում է ինքնուրույն, ճկուն և պատասխանատու:
  • Ուսուցման գործընթացի փաստաթղթավորման շնորհիվ սովորողի մոտ պահպանվում են ուսումնական նյութերը, սովորեցնողի հետ էլէկտրոնային նամակագրությունը: Վերջին փաստը հնարավորություն է տալիս նաև, որ սովորողներն ըստ անհրաժեշտության դիմեն դասախոսին:
  • Հեռավար ուսուցումը կրթության հնարավորություն է տալիս հանրության լայն շրջանակներին, ինչն էլ առաջացնում է հետաքրքրություն կրթության նկատմամբ:
  • Ուսուցման այս ձևի ներդրումը նվազեցնում է ուսանողների նյարդայնության աստիճանը ստուգարքների և քննությունների հանձնման ժամանակ:
Դիստանցիոն ուսուցման բացասական կողմերն են՝
  • Բացակայում է սովորողի և դասավանդողի միջև անմիջական, իրական շփումը, ինչը կարող է բացասական ազդեցություն թողնել սովորողի վրա, քանի որ չկա գիտելքների հուզական արտահայտում:
  • Պահանջվող անձնական համակարգչի և ինտերնետ կապի առկայությունը, չնայած ժամանակաշրջանին, խնդիր է որոշ բնակավայրերի համար:
  • Ուսումնական գործընթացում առաջադրված խնդիրների նկատմամբ պահանջներն ավելի խիստ են, իսկ ուսանողներին մոտիվացնելը՝ բարդ:
  • Մեկ այլ բարդ խնդիր է իրենից ներկայացնում սովորողի ինքնության հաստատումը գիտելիքները ստուգելու գործընթացում: Մեծամասամբ դա լուծվում է սովորողի մոտ տեսախցիկների առկայությամբ:
  • Երբ ապագա սովորողը որոշում է ընտրել ուսուցման այս ձևը, նա պետք է վստահ լինի իր ուժերի և կարողությունների վրա, քանի որ ուսուցման այս ձևը պահանջում է պահպանել կարգապահական խիստ կանոններ, իսկ ուսուցման արդյունքը հիմնված է սովորողի ինքնագիտակցության և ինքնուրույնության բարձր մակարդակի վրա:
  • Տեսական գիտելիքներին զուգահեռ յուրաքանչյուրին անհրաժեշտ են նաև գործնական գիտելիքներ, ինչն այս դեպքում բացակայում է:
  • Դիստանցիոն ուսուցման համակարգի ստեղծման համար սկզբնական շրջանում մեծ ծախսեր են անհրաժեշտ:
  • Մուլտիմեդիայով հագեցած ծրագիր ստեղծելու համար մասնագետներին անհրաժեշտ է նաև բավական երկար ժամանակ: Հաճախ այս խնդիրը լուծվում է, երբ օգտագործվում են պատրաստի վիդեո և աուդիոձայնագրություններ:
Ինչպես արդեն հասկացանք, ներկայումս հեռավար ուսուցումն իրականացվում է հիմնականում  համակարգչի և ինտերնետ կապի միջոցով: Ստեղծվում են նաև web-կայքեր, որոնք պահանջում են առանձնահատուկ ուշադրություն:
  • Խորհուրդ է տրվում կայքի էջերը ստեղծել սպիտակ գույնով, սև տառերով:
  • Պետք է օգտագործել ստանդարտ տառատեսակներ՝ Times New Roman, Arial, Sylfaen:
  • Հղումները պետք է լինեն մի տեսակի, օրինակ, մասնագիտական հղումները՝ կապույտ գույնով և ընդգծված:
  • Տեքստը պետք է լինի այնպես, որ սովորողը սկզբում հեշտ կարողանա աչքի անցկացնել այն, գտնել իր համար առաջնային հատվածները:
  • Յուրաքանչյուր էջում պետք է լինի բաժնի և տվյալ առարկայի անվանումը:
Հայաստանի Հանրապետությունում առկա, հեռակա և դրսեկության կրթության ձևերին զուգահեռ գործում է  նաև դիստանցիրոն ուսուցումը (ՀՀ օրենքը կրթության մասին, Գլուխ 2, Հոդված 12, Կետ 1 ), որի համար, ինչպես և մնացածի, գործում է միասնական պետական կրթական չափորոշիչը (ՀՀ օրենքը կրթության մասին, Գլուխ 2, Հոդված 12, Կետ 2 ): Հեռավար ձևով ուսուցում չթույլատրվող մասնագիտությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը (ՀՀ օրենքը բարձրագույն և հետբուհական կրթության մասին, Գլուխ 4, Հոդված 21, Կետ11):
Հայաստանում գործում է հեռաուսուցման լաբորատորիա, որը հիմադրվել է Երևանի պետական համալսարանում 2004թ.: Հիմնադրումը հնարավոր դարձավ Սոցիոլոգիայի ֆակուլտետի և Մեծ Բրիտանիայի Բաց համալսարանի առողջության և սոցիալական խնամքի ֆակուլտետի միջև բեղմնավոր և երկարատև համագործակցության շնորհիվ՝ Եվրամիության «Tempus» ծրագրի շրջանակներում: Իռլանդիայի սոցիալական աշխատողների ընկերակցությունը ևս իր մասնակցություն է ունեցել այս ծրագրի իրագործմանը:
 Կազմեց՝ Էլեն Չավուշյանը

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածըԾիպպի անունով աղջնակը Աֆրկայից
Հաջորդ հոդվածըՍևան. Վազգեն Գրիգորյան
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի՝ մասնագիտացված կրթության կազմակերպման ոլորտում: Սիրում է լավ երաժշտություն, անկեղծ շփում, ընթերացանություն: Կայքում զբաղվում է «Մշակույթի հետքերով» բաժնի ղեկավարմամբ: