Հանդիպում Գևորգ Էմին-Տերյանի հետ

Հանդիպում Գևորգ Էմին-Տերյանի հետ

641
Կիսվել
Դեկտեմբերի 7-ին Գրական-երիտասարդական ակումբը և ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպել էին հանդիպում տերյանագետ, Վահան Տերյանի ծոռ Գևորգ Էմին-Տերյանի հետ, իսկ  քննարկման հիմնական թեման էր վերջինիս «Վահան Տերյան. անտիպ ու անհայտ էջեր» գիրքը: Հեղինակն իր ողջույնի խոսքում նշեց, որ ուսումնասիրողի համար շատ կարևոր է նմանատիպ հետադարձ կապի առկայությունը, քանի որ միայն գովեստի խոսքերը, բարձր գնահատականները որոշ դեպքերում նույնիսկ վիրավորական են. բանասիրության մեջ ամենակարևորն այն է, որ քննարկում լինի, որովհետև հումանիտար ոլորտում դոգմատիկ վերաբերմունք չի կարող լինել: Գևորգ Էմին-Տերյանը նաև նշեց, որ պետության, հասարակության դեմքը որոշում է բանասիրությունը:
Գևորգ Էմին-Տերյան«Վահան Տերյան. անտիպ ու անհայտ էջեր» գիրքը տպագրվել է 2014 թվականին՝ 2000 տպաքանակաով: Շապիկի նկարը հեղինակը գտել է արխիվից, որը, ըստ նրա, Տերյանին բնորոշող լավագույն նկարներից է: Գրքի ստեղծման վերաբերյալ Գևորգ Էմին-Տերյանը նշեց. «Իմ բախտը բերել է նրանով, որ ես մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ մանկությունից Տերյանը հետս է եղել.  ինչ-որ տարիքում դա երբեմն նյարդայնացնող ներկայություն էր: Ես գիտեի որոշ բաներ, որոնք միայն ընտանեկան հիշողությամբ էին փոխանցվել: Մյուս կողմից, պատճառներից մեկն այն էր, որ ես հասկացա՝ Տերյանը ճիշտ չի հրատարակված: Սրանք էին հիմնական դրդապատճառները»:
Գևորգ Էմին-ՏերյանՀնչեցին բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանների միջոցով մենք հնարավորություն ունեցանք տեսնելու մի նոր Տերյանի, որը  էապես տարբերվում է ստեղծված կարծրատիպից:
Շատերին անհայտ է նաև Տերյանի հետևյալ նախաձեռնությունը. 1915 թվականի վերջին, գալով Երևան, Տերյանը որբանոցի երեխաներին հանձնարարել է գրել, թե ինչ են տեսել գաղթի ճանապարհին, ինքնապաշտպանության կռիվներում, և 27 երեխա գրել է այդ ամենը: Առաջիկայում լույս կտեսնի նաև այս գիրքը:
Գևորգ Էմին-ՏերյանԱյն հարցին, թե ինչպիսի վիճակում է գտնվում տերյանագիտությունը ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում այսօր, Էմին-Տերյանը պատասխանեց. «Այն, ինչ ես սովորել եմ, սովորել եմ այս ֆակուլտետում. ինչ վիճակում որ է, ես էլ այդ վիճակում եմ»:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածըՆառա Վարդանյան. «Սրբիչը»
Հաջորդ հոդվածըՍարսափ ժանրի թոփ 5 ամենահաջողվաած գրքերը
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի՝ մասնագիտացված կրթության կազմակերպման ոլորտում: Սիրում է լավ երաժշտություն, անկեղծ շփում, ընթերացանություն: Կայքում զբաղվում է «Մշակույթի հետքերով» բաժնի ղեկավարմամբ: