«Մի օր ինձ էլ կասեն ուրվական». Արայ Զարգարեան (էսսե)

«Մի օր ինձ էլ կասեն ուրվական». Արայ Զարգարեան (էսսե)

771
Կիսվել
Քաղաքում հաճելի է քայլել ու մտածել․ երևի դա միակ զբաղմունքն է, որ հաճույքով եմ անում քայլքի ընթացում: Իրականում մեր մտքերն ու մտածմունքները շատ են, և դրանք չար երեխաների նման դուրս են ցատկում ու ակտիվանում այն ժամանակ, երբ մենք շարժման մեջ ենք։ Այդ ընթացքում սլանում է նաև մեր որդնած գլխուղեղը: Չարենցի տուն-թանգարանի դիմաց էի հասել, երբ ներքին անտեսանելի մի մարդ ինձ հրեց առաջ, որ շարժվեմ դեպի մանկական երկաթուղի: Այդ մութ ու շատերին վանող վայրն ինձ միշտ հետաքրքրել է իր խորհրդավորությամբ: Ցուրտն ու խրթխրթան ձյունը, որ լսելիս շատ ախորժելի էր թվում, ավելի էին տրամադրում ինձ: Ամեն հինգ քայլ դնելուց հետո բարձրահարկ շենքերի տանիքներից ինքնասպան լինող սառույցի ձայնն էր լսվում: Հարվածից առաջացած թմբկային ձայնը ունակ էր ուղեղի երակներ խարտելու: Ոտքերիս հավիտյան թվացող պայքարը այդ օրը նույնպես շարունակվում էր: Առողջ մրցակցության շնորհիվ է, որ ես շարունակում եմ տեղաշարժվել: Թունելի մուտքի մոտ էի, երբ ներսից դուրս եկավ մի սպիտակամազ մարդ՝ ուսին դրած փայտով լի մի պարկ: Նրա դեմքից երևում էր, որ թունելի մյուս կողմում մատակարարվում է անվճար վառելափայտ: Եթե նրա ականջին բարձր արտասանեի այս խոսքերը, ապա զարմանքից նա ձեռքից բաց կթողներ ընտանիքի համար նախատեսված ջերմության միակ աղբյուրը: Թունելի ներսում անիրական գնացքի ձայնն էր լսվում: Ամեն անգամ այդ թունելով քայլելիս իմ ներքին էներգիան բազմապատկվում է մի քանի անգամ: Վախենում եմ՝ լիալուսնի օրը հայտնվեմ այդտեղ: Ինչո՞ւ պատերի բոլոր գրառումների մեջ առկա է մահվան անտեսանելի ձեռքը: Հուսահատվածներն են այստեղ գալի՞ս, թե՞ ուշ գիշերին հոգիները փոխում են գրառումներն ու նկարների թեմատիկան: Բայց ժամանակին այստեղ չար մանուկներն են ուրախացել, ու երևի դա է պատճառը, որ մի քանի տարի հետո այս վայրը դարձավ լքված ու ամայի տեղամաս։ Մանկական չարությունը իրական քաոսի սկիզբն է: Քայլելու ընթացքում հետ շրջվեցի տեսնելու համար՝ մարդ կա իմ թիկունքում, թե ոչ: Սև ստվերի բացակայությունը որսալուց հետո ագռավային ճչոց հանեցի: Հաճելի է թունելի մեջ լսել սեփական ձայնդ, երբ ամենուր անդրշիրիմյան գրառումներ են ու նկարներ: Թունելի առաստաղից կախված ալիքաձև լույսը տեղ-տեղ անհետանում էր՝ իր տեղը զիջելով առաստաղից կաթացող ու կախված անբնական սառույցին: Լույսի ընդհատված շարժումը նման էր գերեզմանատան, որտեղ փոսերից մի քանիսը դեռ դատարկ էին մնացել: Կյանքի լուսը շատ մոտ էր, ու վերջապես կարող էի ներսից դուրս շպրտել ինքնախեղդ լինող օդը: Ծառերը գեղեցիկ էին ու մաքուր, քանի որ հրեշտակային ձյունն իր տեսանելի գույներով ձմեռայի գեղեցկություն էր փռել նրանց վրա: Միակ թերությունն այն է, որ չեմ հավատում հրեշտակների գոյությանը: Մնացել էին երկաթուղու կայարան տանող ձյունապատ աստիճանները, որոնք հաղթահարելուց հետո կտեսնեի ձյունածածկ երկաթյա գծերը: Հազիվ իջա մի քանի ոլորապտույտ աստիճաններ, երբ դիմացս հայտնվեց բարու ու չարի երանգներով թաթախված մի կատու, իսկ նրա թիկունքում երկու մարդ: Կատուն կանգնեց ոտքերիս դիմաց ու զարմացած դևի նման նայեց դեմքիս: Երբ հայացքս մի փոքր վեր բարձրացրի, տեսա մարդկանցից առաջինի սարսափազդու դեմքը: Նիհար ու ոսկրոտ մարմինը ծածկված էր խամրած կանաչ վերարկուով, իսկ սև երկար մազերի մեջ նշմարվում էր հրեշտակածեծ սպիտակ գույնը: Նրա տարօրինակ դեմքը ոչնչով չէր զիջում կատվի կենդանակերպ դեմքին: Երկրորդ կերպարն այդպես էլ առեղծվածային մնաց: Նրա գլուխը կախ էր, իսկ հաստ մարմինը ամուր մեխված էր ձյան բարակ շերտի մեջ: Նա ամբողջ էությամբ մտածում էր միայն իր քայլերի մասին, որոնք դժվարությամբ էր կատարում: Շրջանցեցի նրանց ու առաջ շարժվեցի: Միգուցե ճանապարհին Բուլգակովին նույնպես հանդիպեմ: Այս միտքն արտասանելուց հետո ետ շրջվեցի ու տեսա, թե ինչպես է ետ թեքվել ու ինձ նայում նիհար ուրվականը: Միգուցե միայն ես եմ իրենց տեսնում, իսկ ոսկրոտ ուրվականը, օգտվելով առիթից, ետ էր շրջվել ու դիտում էր ինձ: Նա հաստատ դժոխքում օգնության ձեռք կմեկնի: Իսկ ինչու մյուսի գլուխն այդպես էլ գետնին մնաց: Երևի Աստված արգելել է նրան մարդկանց աչքերի մեջ նայել, կամ էլ կատուն էր իր ճանկերով քերել ու հանել նրա աչքերը: Մտքեր ու զարմանք, որ ամբողջ ընթացքում չէին թողնում ինձ, որ կենտրոնանամ ու մտածեմ: Նրանք գողացան իմ ծրագրավորած միտքը: Ետդարձի ճանապարհին տեսա կատվին ու ինքնակամ ցանկություն հայտնեցի գրկել նրան: Երևի մահանալուց հետո մի օր էլ մեզ երեքիս ու կատվին տեսնեն այստեղ քայլելիս:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածը«Ենոքի աչքը». Գուրգեն Խանջյան
Հաջորդ հոդվածըԱշոտ Գաբրիելյան
Արայ Զարգարեան ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 10-ին Եղվարդ քաղաքում:Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում,ապա 2008 ից մինչև 2012 թվականը Մխիթարեան կրթահամալիրում: Ծառայել է հայոց բանակում: Այժմ սովորում է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում: Ստեղծագործում է, գրում է պատմվածքներֈ Ունի տպագրված մի քանի գործեր: Կայքում զբաղվում է գրական հետաքննության բաժնի ղեկավարմամբ և գրական նորություններով: